ՄԵՐ «ՀԱՅՐ ՄԵՐԸ» / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Դստրիկս առաջին բանաստեղծությունը, որ անգիր արեց` «Հայաստան ասելիս»-ն էր: Արտասանում էր աղոթքի նման, աչքերը լցվում էին, ու լցվում էին ունկնդիրների աչքերը:
Համո Սահյանն արդեն ծանր հիվանդ էր, չեմ հիշում ինչ առիթով, այցելեցի (կադրերը կան` հեռատեսիլով մինչև հիմա մեկ-մեկ ցուցադրում են): Ասաց.
– Ժամանակին եթե հասկանայինք, թե Թումանյանն ինչ է արել մեր ժողովրդի համար, չէինք համարձակվի ձեռքներս գրիչ առնել:
Ես չասացի. «Մենք հասկանում ենք, թե դու ինչ ես անում մեր ժողովրդի համար, բայց էլի համարձակվում, գրիչ ենք առնում ձեռքներս»:
Ինչ ասեի, ինքն ինձնից լավ գիտեր մեր հավերժության խորհուրդը:
Վկայությո՞ւն: Թոռնուհիս գրել-կարդալ չգիտեր, բայց մորից լսելով սովորել, արտասանում էր ու մինչև հիմա էլ արտասանում է «Հայաստան ասելիս»-ը:
Արտասանում է «Հայր մեր»-ի նման…
Բանաստեղծի հավերժության ավելի պերճախոս առհավատչյա կարո՞ղ է լինել:
Բանաստեղծի` ասել է թե իրեն ծնող Ժողովրդի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։