Լույս է տեսել Սամվել Բեգլարյանի բանաստեղծությունների փոքրիկ գրքույկը` գեղեցիկ մի ընտրանի` «Կյանքն անտառ է մի հին» խոսուն վերնագրով:
Բեգլարյանի արձակի հուզալից ու գեղեցիկ էջերի կողքին, թվում է, իր ուրույն տեղը դժվարությամբ պիտի նվաճի չափածոյի այս գեղեցիկ բույլը, բայց ընթերցելով մի քանի տպավորիչ պատկեր` հայտնաբերում ես, որ այն շարունակությունն է պատմվածքներում թրթռացող տաքուկ, քնքուշ մտերմության ու ջերմ հույզերի: Պարզապես այստեղ ասելիքը ստանում է չափածոյին բնորոշ սեղմություն, կոնկրետություն, հեղինակը դառնում է ընթերցողի հոգու թարգմանը, սիրառատ զգացմունքների պատկերահանը:
Բանաստեղծություն գրելը հույզերի պոռթկում է, ու մերօրյա բանաստեղծական հեղեղի մեջ դժվար է գտնել հոգուդ լարերին համահունչ տողեր: Գեղարվեստի առաջ մեղանչում կլինի, եթե ասենք, որ գրքույկի բոլոր բանաստեղծությունները կատարյալ գործեր են, բայց եթե գտնում ես փնտրածդ նույնիսկ մի քանի տողը, ուրեմն բանաստեղծը հասել է իր նպատակին, անտես թելերով կամրջել հոգիդ իր զգայական աշխարհի հետ: Տողերում հուզառատ երանգներ են ծիածանվում, զգացմունքների հորդաբուխ ժայթքում կա: Բանաստեղծն առաջնորդում է քեզ իր հոգու սրբագույն տաճարն ու բացում վարագուրած խորանները, որոնք խոսուն վերնագրեր ունեն` Երկիրս, Արմատս, Խոհերս, Սերս:
Արցախյան պատերազմի մասնակից հեղինակի համար հայրենասիրությունը հավատամք է ու ապրելու կերպ: «Երկիրս» խորանը բանաստեղծի նախաստեղծ անցյալի ոգեկոչումն է: Ներշնչանքի աղբյուրը հայրենի բնաշխարհի հպարտ գեղեցկությունն է: Հայաշունչ ակրոստիքոսներով շնչավորվում են հայրենի խորհրդանիշ մասունքները` Արարատը, Արաքսը` խտացնելով անցյալի փառքերն ու ապագայի երազանքները: Հայաստանի հող ու թփի, լեռ ու ջրի պաշտամունքը հարատևման անբեկանելի խտացում ունի իր մեջ: Արդեն հուշ դարձած արցախյան հերոսամարտի ողբերգությունների անանց վիշտը մխում է ապրողների հոգում, սպասումն ու ցավը միահյուսվում են` դառնալով հավերժող քանդակներ: Պատերազմի սպանիչ ձեռքն ավերում է գարունը, սերը, ծավալվում է կորուստների ցավի պատմությունը («Պատերազմ»), հյուսվում է մահահոտ արհավիրքի դատապարտումն ու խեղված հոգիների ահավոր տառապանքը («Շուշի»).
Մահարձաններ են կանգնած ամենուր` //Որպես աղոթքի մոմեր պատմության…
Նրբորեն հյուսված բանաստեղծական մի տող մեխվում է հիշողությանդ մեջ` հայի հավատ: Մեսրոպատառ այբուբենն է դառնում երկրի հավերժական երթի մշտագո վկան: Բանաստեղծը հավատում է Հայաստան աշխարհի հարատևմանը.
Աննման, անհատնում կարոտներ,//Տուն կանչող, տուն բերող ճամփաներ,//Իր որդոցն սպասող հույս դռներ,//Երկիր իմ, երկիր իմ Հայաստան:
«Արմատս» խորանում անցյալի հիշատակների մեջ զուլալվում է մանկության օրերի տեսիլն ու ցավոտ կարոտը, գեղեցիկ համաձույլի մեջ բեկբեկվում են խոժոռ ժայռերի համբերությունը, տապալվող կաղնու արցունքները, հին օրերի ու ոգեկոչված նախնիների վերհուշը: Հուզառատ ապրումների միջոցով բանաստեղծը հայտնաբերում է սեփական գոյի ծննդաբանությունը: «Խոհերս» շարքը զրույց է ինքն իր հետ: Հոգու մեջ ծփացող քնքուշ մեղեդին ելևէջում է օրերի խենթացնող վազքի ու առօրյա վայրիվերումների մեջ.
Այս երազները` փխրուն ու ամուր,//Իմ խենթ ու ցնորք ջահելությունն են://Այս երազները հառաչանքներս են//Մեզանից առաջ գնացածների//Չասված բառերի…
Բանաստեղծի «հեթանոս» որոնումներում արևի պաշտամունք ու անանց կարոտ կա, տառապանքի ու բերկրանքի դաշնությունից ծնված երազանքի թրթռուն մոտիվ.
Փակի՛ր աչքերդ, փակի՛ր, //Տե՛ս, ինչպես է երազը ճախրում://Հավատա՛ չծնված լույսին,//Հավատա՛ քո վերջին հույսին…
Կյանքի անցողիկ շրջապտույտում նա քննում է տառապանքն ու բերկրանքը, արևափոշու մեջ խենթորեն ճառագող մանկությունը, ցնորալից ջահելությունը, արյան կանչն ու հավերժի ձգտումը.
Այս երազները իմ մանկությունն են,//Որ դասարանից կավիճ թռցրել//Ճամփի մեջտեղում Արև նկարել // Արևափոշում խենթ խաղացել են:
Սահյանական շաղոտ մանկության ու մոլորված երազների նմանությունը կա Բեգլարյանի արևաբույր տողերում: Մանկության արահետների ծանոթ հետագիծը նրան տանում է կանչող հեռաստաններ, ուր խառնվում են անցյալն ու ներկան, սպասումը ձգվում է դեպի հավերժություն.
Սպասում ենք//Մի չխաբված ճշմարտության,//Մի անաղարտ սուրբ կարոտի…
Երջանկության փշրանքները հոգուն դաշնություն են բերում.
Երջանիկ լինել//Երկար փնտրածից`//Մի քիչ գտածով,//Շատ սպասածից`// Քիչ ստացածով…
Կյանքի մշտավազք հոլովույթում հաճախ նժարվում են կորուստն ու սպասումը: Բառախաղը խտացնում է ապրումը.
Սպասում ենք վաղուց ի վեր//Ու չենք գտնում սպասածին,//Կամ թե գտնում ու կորցնոււմ ենք,//Բայց և դարձյալ սպասում ենք//Հենց քիչ առաջ կորցրածին…
Տերյանական թախծոտ գույների դրոշմը կա «Աշուն» բանաստեղծության մեջ, ուր տրտմությունն ամենուր գորշություն է վրձնում.
Պաղ անձրևն ինձ հետ է նորեն,//Երազը դառնում է պատմություն,//Հավքերը չվեցին մեկեն,//Երազը չդարձավ իսկություն:
Ս. Բեգլարյանը հեքիաթայինի պաշտամունք ունի` կապույտ երազի, ծիածանի ութերորդ գույնի, անհնարին ճշմարտության ու հրաշքների.
Եվ կգա կապույտ երազի օրը,//Երբ լույսը կունենա ութերորդ գույնը` //Այն լուսագույնը, որի փայլի տակ//Ճշմարտությունը հեքիաթ չի թվա…
Բանաստեղծը կերտում է հետաքրքիր զուգահեռներ ու վերարծարծում խոր փիլիսոփայություն.
Կյանքն անտառ է մի հին,//Ու ես անտառում մի ծառ.//Ու մի օր կացինը ուսին//Կգա մահը ցանցառ…//…Ես ինչպե՞ս, ինչպե՞ս ընկնեմ գետնին,//Որ չկոտրեմ և ոչ մի ծառ…
Նա երազում է մահն ընդունել տոնածառ դարձող եղևնու նման, փայլի ու բերկրանքի մեջ` խինդ պարգևելով մարդկանց:
Ինչպես արձակում, չափածոյում էլ Բեգլարյանը բառաշինարար է (լուսագույն փայլ, մամռագանգուր մազեր, ամպագոռ ձայն, մոմալույս աչքեր, վետվետող ստվեր, լուսնաքայլ երազ) ու պատկերահան:
Բանաստեղծական հույզերի ցոլքը շատ գրավիչ է «Սերս» շարքում: Երազի թևերով բանաստեղծը որոնում է իր մեջ միահյուսված նա-ին: Այստեղ բանաստեղծ Բեգլարյանն իր գեղարվեստական մտածողությամբ ու ասելիքի խորությամբ համարժեքվում է արձակագիր Բեգլարյանին, ու պատմվածքների նախորդ ժողովածուների գրավիչ պատկերները չափածոյին բնորոշ նուրբ սեղմությամբ դառնում են հոգու հուզաթաթախ ժայթքումներ: Բանաստեղծի համար սերը ապրելու կերպ է, կյանքի հենարան: Սիրո, ցավի, տառապանքի ու սպասման ուրույն խտացում է «Թառամում են ծաղիկները» տպավորիչ բանաստեղծությունը, որով և բացվում է շարքը: Տող առ տող ահագնանում են տխրաթախիծ լիցքերը: Յուրօրինակ աստիճանավորումով բնութագրվում են սպասումը, կարոտը, տանջանքը, աղոթքը, սերը: Տրամադրությունները նմանվում են ելևէջող երաժշտության.
Քո վետվետող ստվերի մեջ// Իմ ստվերն է հալչում-կորչում…
Ներդաշնակորեն հյուսվում է մաքուր զգացումների անխառն մեղեդին.
Մամռագանգուր քո մազերից//Անձրևի հետ թելիկ-թելիկ,//Քո զղջումն է ծորում հիմա…
Ծավալվող երգի հնչյունները դառնում են հոգու թարգմանություն.
Իմ մատների ջերմությունը//Խճճվում է քո վարսերին,//Քո շուրթերի կասկածները//Դողդողում են իմ շուրթերին…
Սիրո տաճարում հրաշք գույները նոր աշխարհ են բացում.
Կարմիր-կանաչ ծիածանը//Շալ է դարձել քո ուսերին://Կարմիր-կանաչ այս հեքիաթը,//Որ հյուսեցի ստվերներից,//Ե՛վ քո, և՛ իմ տառապանքից.//Իրական է լույսի նման:
Զգացմունքների հորդացող ալեբախումների մեջ կերտվում է ծովի խորհրդանիշը, որը մերթ սեր է, մերթ կարոտ, մերթ մրմուռ ու խնկահոտ հիշողություն.
Ծովը սկսվում է կնոջ աչքերից.//Ծովը սեր է…//…Եվ գիտեմ` ջրի կաթիլներն աղի//Բառեր են դառնում աչքերիս մեջ…//Իսկ ճայերը թռչող հույսեր են…
Փակում ես գրքույկը, և Բեգլարյանի բանաստեղծական աշխարհի հուզառատ տրոփյունից ու գեղարվեստական բազմագույն հյուսվածքից հոգուդ մեջ մնում է լուսավոր մի հետագիծ, տաք քնքշություն ու նուրբ գեղեցկության կանչող արտացոլք: