2013 թ. սեպտեմբերի 30-ից դեկտեմբերի 20-ը Մոսկվայում անցկացվում էր գեղարվեստական թարգմանությունների խոշոր մրցույթ՝ «Музыка перевода V», որին մասնակցում էին պոեզիայի և փոքր արձակի ռուսերեն թարգմանություններ 39 լեզուներից: Մրցույթի ներկայացված 1610 թարգմանական աշխատանքից 60 առավել հաջողված թարգմանությունները բնագիր-բանաստեղծությունների հետ տպագրվել են ժողովածուում:
Մրցույթի հաղթողների թվում է ժամանակակից հայ պոեզիայի թարգմանիչ Գուրգեն Բարենցը: Նրան հանձնվել է «Музыка перевода V» մրցույթի հաղթողի դիպլոմ՝ ժամանակակից բանաստեղծ Ներսես Աթաբեկյանի բանաստեղծական շարքի թարգմանության համար:
Գուրգեն Բարենցը ռուսալեզու հայ բանաստեղծ և թարգմանիչ է, նա քառասուն տարուց ավելի թարգմանում և տարածում է հայ գրականությունը՝ առավելապես ժամանակակից պոեզիան: Նրա թարգմանությունների շնորհիվ ռուսալեզու ընթերցողը ծանոթացել է ամերիկահայ բանաստեղծ Փիթըր Բալաքյանի, պարսիկ բանաստեղծներ Շամս Լանգարուդիի և Վահե Արմենի, ինչպես նաև Արմեն Շեկոյանի, Արտեմ Հարությունյանի, Հենրիկ Էդոյանի, Ղուկաս Սիրունյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Թաթուլ Բոլորչյանի, Արևշատ Ավագյանի, Վառլեն Ալեքսանյանի, Վահագն Մուղնեցյանի, Լիպարիտ Սարգսյանի, Սամվել Կոսյանի, Էդվարդ Հախվերդյանի, Թադևոս Տոնոյանի, Նաիրա Համբարձումյանի և այլոց ստեղծագործություններին: