Վերնագրի հասցեատերը հասարակությունն է, ավելի ստույգ` քաղաքացիական ակտիվ շերտը, որն այսօր գործուն, իսկ վաղն առավել պիտի մասնակցի պետության կայացմանը (այդ կայացումը, կարծում եմ, անընդհատական գործընթաց է, և միշտ էլ արվելիք գործ կգտնվի): Քանի դեռ պետության պատասխանատվությունն իր վրա վերցրած իշխանախումբը չի արտահայտում բնակչության մեծամասնության կամքը (ես ինձ չեմ հակասում. ձայների մեծամասնությունը «խփած» լինելով, այսօր միայն «ԴԵՄ»-ի դեպքում նրանք 80%-ի դիմադրությունն ունեն), այդ նույն մեծամասնությունը պիտի փորձի իր ձայնը լսելի դարձնել: Եվ հուսադրող օրինակներ արդեն կան: Բայց հիմա ուզում եմ խոսել «երկակի ստանդարտի» մասին:
Քեսաբը հայաթափվեց… Հերթական անգամ ապրեցինք կորստի ու ցավի կսկիծը: Որերորդ անգամ դառնացանք աշխարհի անարդարության դեմ: Օգնության ու սատարումի խոսքեր, դրամահավաք, կոչեր… Այդպես էլ պիտի լիներ: Բայց գնալ-կռվելու, առավել ևս ռազմական կոնֆլիկտի մեջ Հայաստան պետության ներքաշվելու առաջարկ-պահանջները, գոնե իմ կողմից, ոչ միայն լուրջ չընդունվեցին, այլև քմծիծաղ առաջացրին: Չգիտեմ ինչու, համոզված եմ, որ մարտնչելու տենդով համակվածների ձայնը լսում եմ վիրտուալ աշխարհից, որոնք այդտեղ էլ կմնան, բայց երբ նույն համակարգչի առջև նստող ու քոմենթներ գրողը պետությանն է հրահրում խառնվելու օտար խաղերին… Չշարունակեմ, լուրջ չէ: Սիրիայում պատերազմ է, պատերազմում փլավ չեն բաժանում, ինչպես այդ նույն փլավը չէին բաժանում Արցախյան ազատամարտի տարիներին, երբ մարտերում մեր տղաներն էին զոհվում, իսկ մենք հացի հերթերում ու խավարի մեջ էինք ապրում: Երբ Քյարքին հայացրինք, բայց կորցրինք Նյուվադին… Պատերազմում չկա փլավ, բայց կա կամք, որն այս դեպքում լուրն էր, թե` «Քեսաբցիներն այսօր ունեն մեկ նպատակ և երազանք` վերադառնալ իրենց թալանված օջախներ և զրոյից սկսել պատմական բնակավայրի շենացումը…»:
Խոնարհվում եմ քեսաբցի արյունակիցներիս կամքի առջև, որովհետև հարգում եմ ՀՈՂԻՆ ու ՏԱՆԸ հավատարիմ տեսակին: Իսկ մեզ` մեր երկրում ապրողներիս, ուզում եմ հարցնել. ե՞րբ ենք ծառս լինելու, ընդդիմանալու, ոտքի ելնելու ու պայքարելու Հայաստանը հայաթափողների դեմ:
Հ.Գ.
Հոդվածս ավարտում էի, երբ տեղեկացա, որ ՍԴ-ն որոշում է կայացրել կասեցնել Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին օրենքի գործողությունը: Ուրեմն, երիցս հրատապ է Հայաստանը իր քաղաքացուն վերադարձնելու կենսական պահանջը:
Այդ ընդվզումը, այդ ոտքի կանգնելու եւ պայքարելու կամքը դրսեւորողը հայ մտաւորականը պիտի ըլլայ, հայ գրողը, գրական մամուլը։ Միշտ այդպէս եղած է, այդպէս ալ պիտի ըլլայ ասկէ ետք։ Ե՞րբը՝ դո՛ւք որոշեցէք, սիրելի Կարինէ եւ ընկերներ։ Վրէժ-Արմէն