ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԴԵՄՔԵՐ… ԴԵՊՔԵՐ… / ՆԱՆԵ

ՆԱնեԼարվել պետք չէ, շատ հեշտ խնդիր է առաջարկածս: Անգամ կարող եք մի քիչ հանգստանալ այս խճճված ներկայի բազում, անթիվ անհայտներով և անլուծելի խնդիրներից: Եվ այսպես.
Խնդիր. երկու մարդկանցից առաջինն ունի հազար դրամ, երկրորդը` զրո դրամ: Նրանք պետք է հինգ հարյուր դրամի մթերք գնեն խանութից: Հայտնվում է մի բարերար և բացում դրամապանակը… Այդ մարդկանցից ո՞ւմ պետք է նա դրամ տա:
Դե, իհարկե, խնդիրը մի քիչ պարզեցված է, և առաջին մարդն իրականում ունի ոչ թե հազար, այլ… չէ, վախենամ ձեր ականջները չդիմանան աստղաբաշխական թվերի մեծությանը: Երկրորդ մարդը ոչ միայն գումար չունի, այլև անհաշիվ վարկեր ու պարտքեր է կուտակել: Իսկ բարեգործը հենց այնպես չի տալու գումարը, այլ երկրորդի հասանելիքի մի չնչին մասն է վճարելու: Ամեն դեպքում, խնդիրը դրանից չի փոխվում, պատասխանը` նույնպես… Եվ, թվում է, բոլորը` առաջին դասարանցուց մինչև զառամ ծերունին, Հայաստանից մինչև հեռավոր Աֆրիկայի ամենախուլ ջունգլիներում ապրողները, նույնը կասեն` թվաբանական գիտելիքների պաշարի՞ց ելնելով, թե՞ լոկ տրամաբանությամբ. դա էական չէ:
Բայց ստիպված եմ ձեզ հիասթափեցնել. պատասխանը ճիշտ չէ: Հաշվի չի առնվել մի փաստ, որ մաթեմատիկան էլ իր տեղում չի դոփում և «զարգանում է»` այս խելագար ռիթմով առաջ սլացող դարից ետ չընկնելու համար:
Եվ, ահավասիկ, մեր Ազգային ժողովում այս խնդրի լրիվ այլ լուծում են գտել. կարևորը` թարմ, աննախադեպ, ցնցող, ադրենալինի հարուստ պաշարով, ամենաթևավոր երևակայությանն անգամ անհասանելի, և, որպես նորամուծություն, այն կարելի է անգամ մրցանակաբաշխության ներկայացնել:
Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու, արտագաղթը կանգնեցնելու, աղքատությունը նվազեցնելու համար… այդ` ամեն օր լրջորեն գլուխ գլխի հավաքվողները, նույնքան լրջորեն էլ ամեն օր բացակայողները, մտածեցին, մտածեցին, «տքնեցին, հոգնեցին» և, ի վերջո, գտան պահի «ամենախելամիտ» լուծումը. պետք է բարձրացնել ԱԺ պատգամավորների և, ընդհանրապես, բոլոր պաշտոնյաների աշխատավարձերը: (Միայն չասեք՝ «Էդ ե՜րբ էր…»: Հարցը ժամկետը չէ. ընդամենը պարկեշտության մասին է խոսքը): Այսինքն` չքավորների չեղած գումարների հաշվին ավելի բարելավել արդե՛ն ճոխության մեջ ապրողների վիճակը: Հաճույքով «կծափահարեի» անամոթության և անբարոյականության այս գագաթը նվաճողներին, բայց ԱԺ նախագահը նման արարքն արդեն որակել է «ոչ կոռեկտ»` հանցագործությանը հավասար այդ առաջ քաշված և համառորեն իր ուղին հարթող առաջարկն անվանելով ընդամենը «կարծիքի իրավո՜ւնք»… Տեր իմ Աստված, ինչպես եմ հոգնել զարմանալուց, պիտակներ փնտրելուց նման դեպքերի և նմանների համար:
Իհարկե, իմ խոնարհումն այն քչերին, ովքեր փորձեցին ընդդիմանալ այդ, այդ… առաջարկին, բառը դուք գտեք, իմ բոլոր գտածները մեղմ թվացին… Նրանք քիչ են, որովհետև քչերի շնորհիվ են հայտնվել, այն քչերի, ովքեր շուկան չբարձրացրին մինչև հայրենյաց գործերի գաղտնախորհուրդ խորանը և ոչ էլ իջեցրին շուկայի ոտնատակ թոհուբոհը: Որոնց համար «ընտրակաշառք» ասվածը ամենամեծ վիրավորանքից էլ մեծ թվաց: Այդ քչերի շնորհիվ է, որ վերևներում երբեմն մեր դարդ ու ցավն էլ ներկա են ստանում: Բայց… միայն այդքանը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև միշտ էլ վերջնական վճռի իրավունքը նրանցն է` մեծամասնությանը. այդ փափկության և շքեղության մեջ սուզված, ինքնաբավ ժպիտներից ճաքած, օր օրի կյանքի հաճույքների նորանոր նրբերանգներ հայտնաբերող և այդ ամենի դիմաց դարերով պահվածն ու փայփայածը, հայրենիքի ներկան ու գալիքը, ժողովրդի արյուն-քրտինքը հանգիստ խղճով հանձնողներին, որոնց երբեք չես համոզի, որ… ախր… Էհ, ինչ ասեմ…
Աշխատավարձերը բարձրացնել, որպեսզի ավելի լա՜վ «աշխատեն»: Եվ ոչինչ, որ երկրի սահմանների ամրություն դարձած, բայց արդեն երկրից հեռանալու վճռով քնող ու արթնացող այն մի քանի վերջին ընտանիքներից ու շեներից, սոված մանուկների բերանից են կտրում: Ու վաղուց արդեն Հայոց սեղանին իջնող մի բռունցք են հիշեցնում. «Փախեք, հեռացեք, ավելի արագ, ավելի անվերադարձ»:
Ազգային ժողով մտնելը ենթադրում է ծառայություն երկրին և ժողովրդին, բայց ինչ-որ հասկանալի-անհասկանալի պատճառներով ստացվում է լրիվ հակառակը: Պատգամավոր դարձողն` այնտեղ մուտք գործելուց հետո, անմիջապես մոռանում է երկիր և ժողովուրդ հասկացությունները, եթե, իհարկե, դրանք մինչ այդ եղել են իր բառացանկում: Սեփականաշնորհվում են «զոռբայություն, ամենաթողություն, ամենակարողություն, էլիտա, բիզնես, թալան և փող, փող… և դարձյալ փող» գաղափարներն ու ձգտումները:
Դրանցից մի մասին նրանք տեր են դառնում միանգամից (եթե, իհարկե, մինչ այդ չեն ունեցել)` այսօրվա մեր երկրի պաշտոնյայի օրենքով չամրագրված, բայց ուռճացող և ուռճացած արտոնությունների շնորհիվ, մնացածը դարձյալ չգրված կանոնների հունով է ընթանում. կարճ ժամանակահատվածում հյուսվում են էլիտար բարեկամային-խնամիական-ընկերային կապերն ու հարաբերությունները` ավելի հեշտացնելով օլիգարխ-ճակատագրի հեքիաթային ընթացքը: Ու վերջ… ստանում ենք մի կողմում ազգային պատգամավորի ապազգային տխուր պատկերը, մյուս կողմում` իշխանավորների հետ համատեղ նրանց «տեղը տեղին աշխատանքի» շնորհիվ աղքատացած, անելք ու կյանքին անհարիր գոյության դատապարտված ժողովրդի ու արտագաղթի ահռելի թափից երկիր բառի իմաստն արդեն քիչ առ քիչ կորցնող հայրենիքի մղձվանջը…
Իսկ ճիշտ կլիներ, որ երկիր պահողները ապրեին իրենց իսկ ստեղծած պայմաններում միայն, ստանային նվազագույն աշխատավարձը, քաղցեին ու մրսեին բոլորի կողքին ու բոլորի պես, որպեսզի վերջապես հասկանային նրանց վիճակը և թեկուզ սեփական կյանքն ու ապրուստը շտկելու համար կարգավորեին նաև մնացյալինը: Ավելի լավ, որ այդ ժամանակ քչերը, հատուկենտները կկամենային հայտնվել այնտեղ… Մեզ հենց այդքանն է պետք ու հենց նրա՛նք: Այդպես մենք, ի վերջո, կհասկանայինք, թե ինչ ասել է «արդար, թափանցիկ ընտրություն»:
Կանգ առ, ճամպրուկներին ընկերացած ու այլևս աշխարհի ճամփաներին նժդեհ դարձած կամ դարձող հայ: Նրանք մտածո՜ւմ են քո վիճակի մասին, և այսուհետև դու մի փոքր էլ պետք է փող քամես քո դատարկ ու ծակ գրպանից, որպեսզի այդ «մեծարգոներն» ավելի լավ «աշխատեն» քեզ համար: Քե՞զ համար… Իհարկե, ոչ: Որովհետև այն ձայնը, որն այսօր այդ վերևներում պետք է հնչեր, դու վաճառել ես, իսկ նրանք` գնել: Պարզ, շուկայական առևտուր է` իր բոլոր կանոններով, և ձեր մեջ այլևս պարտք ու պահանջ չի կարող լինել:
Բարի եղիր ապրել այդ հի՞նգ, թե՞ տասը հազար դրամով, որովհետև մեղավորը նախ և առաջ դու ես: Հենց դրա համար էլ պարտավոր ես կանգ առնել ու մնալ` այս երկրի առաջ քո մեծ մեղքը քավելու համար:
Չգիտեմ ինչպես… մտածել է պետք… Դու էլ մտածիր, բայց ոչ երկար:
Մենք այդքան ժամանակ չունենք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։