Մարտի 19-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մամլո ասուլիս` կայանալիք Պոեզիայի միջազգային օրվա և Մանկական գրքի շաբաթի առիթով: Էդ. Միլիտոնյանը նշեց, որ Մարտի 21-ին` Պոեզիայի միջազգային օրը բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն, թանգարաններում և դպրոցներում կլինեն հանդիպումներ գրողների հետ, ինչպես նաև` բանաստեղծների ելույթներ տարբեր հարթակներում: Մասնավորապես, ընթերցողների հետ հանդիպումներ կունենան Ազգային գրադարանում` Վառլեն Ալեքսանյանը, Ավ. Իսահակյանի անվան գրադարանում` Ղուկաս Սիրունյանը, ՀԳՄ Մեծ դահլիճում` Գոհար Գալստյանը, Գագիկ Դավթյանը, Նորայր Գրիգորյանը, Հարություն Հովակիմյանը, Էդուարդ Հարենցը, Արտաշես Արամը` տարբեր սերնդի բանաստեղծներ, ինչը վկայում է, որ պոեզիայի համար տարիք գոյություն չունի: Կենտրոն թաղապետարանին կից գործող Պոեզիայի թատրոնը բանաստեղծների ստեղծագործությունների թատերականացված ներկայացումով հանդես կգա Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (մարտի 20-ին):
Գրական հանդիպումներ կանցկացվեն նաև Գյումրիի Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում:
Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց նաև Հովհ. Թումանյանի անվան գրական մրցանակ սահմանելու առաջարկության մասին, ինչը հավանություն է ստացել Լոռու մարզպետի կողմից և որը կտրվի Լոռու մարզի ստեղծագործողներին: Նա հույս հայտնեց, որ մյուս մարզերը ևս կհետևեն իրենց հանրաճանաչ գրող հայրենակիցների անվամբ մրցանակ սահմանելու այս օրինակին, որի նպատակը մարզերում գրական կյանքի աշխուժացումն է:
Պոեզիայի միջազգային օրը յուրօրինակ հիշատակման տուրք կլինի Հ. Սահյանին, ում 100-ամյակը կնշվի ապրիլի 14-ին:
Ինչպես նշեց ՀԳՄ նախագահը` տարբեր ընթերցողական լսարանների հետ ժամանակակից բանաստեղծների հանդիպումների նպատակը արդի բանաստեղծությունը ներկայացնելն է, որն ավելի բարդ խնդիր է` ընթերցողներին շատ քիչ հասանելի լինելու պատճառով: «Վախ ունեմ, որ այն, ինչ կատարվում է երաժշտական ասպարեզում, տեղի ունենա նաև պոեզիայի հետ, վեր բարձրանա աշուղականությունը, և պարզամիտ ոտանավորչիությունը մեր հասարակության գլխին դառնա պատիժ»,- ասաց նա և կոչ արեց աշխարհի ժամանակակից լավագույն բանաստեղծներին թարգմանաբար ներկայացնել և ճանաչել, որովհետև աշխարհի մշակութային դաշտը չիմանալու դեպքում չենք կարող ըստ արժանվույն գնահատել մեր բանաստեղծներին: «Աշխարհի գեղարվեստական մտածողությունը պիտի ճանաչենք և մեր ժամանակակից գրականությունը ընկալենք այդ համատեքստում»,- ընդգծեց նա:
Էդ. Միլիտոնյանն անդրադարձավ Մանկական գրքի շաբաթին, որը կանցկացվի մարտի 27-ից ապրիլի 3-ը: Նա նշեց, որ 13 տարի շարունակ Շաբաթի բացումը տեղի է ունեցել ՀՀ մարզերից մեկում, իսկ փակումը` Խնկո-Ապոր անվան գրադարանում: Այս տարի բացումը կլինի Տավուշի մարզում` Իջևանում, հանդիպումներ կլինեն նաև Դիլիջանում: 2013 թ. մանկական գրքի մրցանակը կհանձնվի Ռուբեն Մարուխյանին: Վերջինս մարտի 27-ին ՀԳՄ Մեծ դահլիճում կհանդիպի ուսուցիչների և աշակերտների հետ: Հագեցած ծրագիր է պատրաստել Խնկո-Ապոր գրադարանը, կլինեն մանկական նոր գրքերի շնորհանդեսներ, ինչպես նաև կնշվեն Հովհ. Թումանյանի, Հ. Սահյանի, Հ. Շիրազի հոբելյանները: Մանկագիրների հետ հանդիպումներ կլինեն Երևանի և մարզերի դպրոցներում: «Գրական թերթ»-ը իր էջերը կտրամադրի ժամանակակից մանկական գրականությանը, ինչն իր դրական ազդեցությունն է թողնում մանկական գրականության տարածման գործում:
ՀԳՄ նախագահը շեշտեց, որ տարեկան 25-30 մանկական գեղարվեստական գիրք է տպագրվում, իսկ պետական պատվերի և աջակցության ծրագրերում` 40-50 մանկապատանեկան գիրք` ճանաչողական, երաժշտական, գիտական, թարգմանական բնույթի, ինչպես նաև նոր ստեղծագործություններ, վերատպություններ, այնուամենայնիվ օրվա հիմնական մտահոգությունը մանկապատանեկան գրականության դաշտում երիտասարդ հեղինակների բացակայությունն է: Մանկագիրները հիմնականում ավագ տարիքի գրողներ են: Արժևորելով մեր օրերում ստեղծվող մանկապատանեկան գրականությունը՝ Էդ. Միլիտոնյանն ընդգծեց. «Այսօր էլ կան լավ գործեր, որ պիտի թարգմանվեն, տարածվեն, մեր լավագույն գրողների լավագույն ստեղծագործությունները պիտի գնահատենք ու դպրոցական ծրագրերում կարողանանք ներկայացնել, հատկապես տարրական դասարաններում»: