Արդեն երրորդ տարին է, ինչ ընթերցողի սեղանին է ֆրանսերեն-հայերեն մի բառարան, որի կարիքն ու անհրաժեշտությունը զգացվել է մշտապես: Դա առաջին ժամանակակից արևելահայերեն, ծավալուն երկլեզվյան բառարանն է, որ թարգմանիչներին և առհասարակ ֆրանսերենով զբաղվողներին զգալի չափով ազատում է թարգմանական այլ բառարաններից օգտվելու ծանր աշխատանքից: Բավական է ասել, որ ֆրանսերեն այս կամ այն դժվարիմաց բառի հայերեն համարժեքը ունենալու համար ստիպված ենք եղել ֆրանսերեն-ռուսերեն բառարաններում որոնել անհրաժեշտ բառի ռուսերեն թարգմանությունը, ապա ռուսերեն-հայերեն բառարանների օգնությամբ այն վերաթարգմանել հայերեն: Դժվար չէ պատկերացնել թե նման միջնորդությունից որքան նրբերանգներ կարող է կորցնել բառիմաստը:
Անշուշտ, բառարանագրական հարուստ ժառանգություն ունի հայ ժողովուրդը: Մեր մատենագիտությանը հայտնի են բազմաթիվ և բազմաբնույթ ձեռագիր բառարաններ, որոնք ստեղծվել են սկսած 5-րդ դարից և ողջ միջնադարի ընթացքում, մինչև տպագիր բառարանների ի հայտ գալը:
Ֆրանսերեն-հայերեն երկլեզվյան տպագիր բառարանները, որ լույս են տեսել նախ Վենետիկում, ապա Պոլսում, Զմյուռնիայում և այլուր երկու հարյուր, հարյուր հիսուն, հարյուր տարի առաջ, ստեղծվել են ժամանակի նշանավոր հայկաբանների, լեզվաբանների, մի քանի լեզուների հմուտ գիտակ բանասերների անձնվեր աշխատանքով:
Թեև այդ բառարանները գրաբար և արևմտահայերեն են, որոշ իմաստով հնացած և լայն օգտագործման տեսակետից անմատչելի` արևելահայերեն մտածողությամբ կրթվածներիս համար, սակայն այսօր էլ դրանք մնում են որպես մեծագույն արժեքներ և իսկական գանձարան բառագետների, բառարանագրությամբ զբաղվողների և մասնագետ թարգմանիչների համար:
Ինչևէ, այսօր չափազանց կարևոր էր ունենալ ժամանակի պահանջները բավարարող նոր բառարան, որից կարողանային օգտվել ֆրանսերեն լեզվով բոլոր հետաքրքրվողները:
Խնդրո առարկա ֆրանսերեն-հայերեն բառարանը (40 հազար բառահոդվածներով) կազմված է գիտական լուրջ մակարդակով, երկու լեզուների բառապաշարների հարուստ օգտագործմամբ, և հնարավորինս ընդգրկում է մշակույթի, գիտության, տեխնիկայի տարբեր բնագավառներին վերաբերող նորաբանություններ, նորաստեղծ բառեր ու մասնագիտական տերմիններ:
Ներկա բառարանի մեծ արժանիքը բառացանկերի բազմազանությունն է, յուրաքանչյուր բառահոդվածում ներկայացվող ֆրանսերեն բառի և հայերեն համարժեքի իմաստային նրբերանգների համադրումը:
Հաճախ ամբողջ սյունակ կամ սյունակներ զբաղեցնող բառահոդվածներում տրվում է բազմիմաստ բառերի ամենատարբեր գործածության հնարավորությունները` լայնորեն կիրառվող համանունների, կապակցությունների փոխաբերությունների միջոցով:
Որպես օրինակ վերցնենք FAIRE բայը. 1) անել, ստեղծել, որ բազմաթիվ դարձվածքներում ձեռք է բերում տարբեր իմաստներ` արտադրել, պատճառել, կարգավորել, ձևակերպել, հաղորդել, մաքրել, դասավորել, հավաքել և այլն, այսպես քառասուն-հիսուն բառահոդվածներ:
Բառարանում ներկայացված գրեթե բոլոր բառահոդվածները մշակվել են մանրակրկիտ կերպով և աչքի են ընկնում կյանքի, կենցաղի, բնության բազմազան ոլորտների ընդգրկմամբ, ծով, կենդանաբանություն, բժշկություն, ճարտարապետություն, տեխնիկա, առևտուր և այլ՝ իրենց ուղղակի և փոխաբերական իմաստներով, ընթերցողին ընձեռելով հարուստ ճանաչողական նյութ:
Կցանկանայի միայն նշել, որ երկլեզվյան բառարաններում ըստ ընդունված կարգի բառահոդվածները դասավորվում են նախ ժամանակակից իմաստով: Ներկա բառարանում հանդիպում են բառեր, որոնք ունենալով առաջնային իմաստ, հայտնվում են վերջին պլանում:
Այսպես, CONCEPTION-ը ըստ ֆրանսիական արդի բացատրական բառարանների (օրինակ MICRO ROBERT) նշանակում է 1. հասկացություն, ձևավորում, մտքի գործունեություն, դատողություն, մտահղացում և այլն և միայն երկրորդական իմաստով` բեղմնավորում, հղի:
Մեր բառարանում CONCEPTION-ը նախ բեղմնավորում, հղիացում է նշանակում, իսկ հիմնական նշանակությունը` ընկալում, ըմբռնում, միտք, հայեցակարգ և այլն, դարձել է փոխաբերական:
ESPRIT բառը MICRO ROBERT-ը ներկայացնում է նախ որպես միտք, մտածողություն և բերում է մտքին, դատողությանը առնչվող բազմաթիվ օրինակներ, այնուհետև, վերջին պլանում` ոգի, ուրվական, մեր այս ֆրանսերեն-հայերեն բառարանում ESPRIT-ն նախ ընկալվում է որպես ոգի, ուրվական, հետո միայն միտք, դատողություն և այլն: «ծՏՉօռ ՒՐՈվՓցջՍՏ-ՐցրրՍՌռ» (Վ.Գ. Գակ, Կ. Ա. Գանշինա) բառարանում նույնպես ESPRIT-ն ներկայացվում է նախ որպես միտք, բանականություն, գիտակցություն, տաղանդ և այլն, վերջում` ոգի, ուրվական:
PEINTURE – գեղանկարչություն, նկարչություն բառը ներկայացվել է նախ ներկ, ներկել երկրորդական իմաստով:
Ցավոք, բառարանում առկա են բառացանկերի չարդարացված կուտակումներ:
Այսպես, BRUIT – աղմուկ, ձայն, շաչյուն, թնդյուն, շռինդ, դղրդոց, հռնդյուն, շառաչյուն, զնգոց, զրնգոց, բախյուն, թխկոց, թխկթխկոց, չխկոց, շրխկոց, ճայթյուն, ճարճատյուն:
Բանն այն է, որ բառերի կեսից ավելին նույն իմաստն ունեն, իսկ բառահոդվածները, որ պիտի կազմվեին հիշյալ բառերով, կազմվել են միայն աղմուկով – աղմկել, անաղմուկ, ոչնչից շատ աղմուկ, աղմուկ բարձրացնել:
Առանձին վերանայման կարիք ունեն համառոտագրությունների նշումները:
Հաճախ կազմախոսությանը, կենսաբանությանը վերաբերող բառերը տրվում են բժշկ. (բժշկություն) նշումով. Քներակ (carotide), դաստակ (carpe), ուղիղ աղիք (rectum), առաջնային վերջույթ (membre anterieure), օրգան և այլն, և այլն, առաջացնելով շփոթություն:
Ճիշտ չէ նաև, որ կրոնին վերաբերող բոլոր բառերն ու արտահայտությունները, ասենք Ահեղ դատաստան (le jugement dernier), խաչ (croix), Սուրբ հոգի (SAINT – ESPRIT), հայտնություն (apocalypse) և այլն տրված են եկեղ. (եկեղեցական) նշումով:
Ի դեպ, apocalypse-ը ներկայացված է թերի (Հայտնություն, Գիրք հայտնության, Աշխարհի վերջ):
«Հայտնություն» գրքի հեղինակը` Հովհաննես ավետարանիչը չի գործածել «աշխարհի վերջ» արտահայտությունը: Նման բան չի ասվում նաև Հայկազյան բառարանում (…Apocalypsis, revelatio Գիրք հայտնության Հովհաննու և նույնիսկ տեսիլն նորա):
Իսկ «Աշխարհի վերջ» արտահայտությունը մեր օրերում գործածվում է միայն փոխաբերական իմաստով:
Թերի է նաև MONTMORENSY-ի միայն կեռասի տեսակ (թթու և կարճակոթ) բացատրությունը: MONTMORENSY-ին հայտնի տեղանուն է, որ պետք է անպայման նշվեր, և բացի կեռաս լինելուց այն նաև ժանյակի տեսակ է:
Բառարանում առկա փոխառյալ բառերի նկատմամբ մոտեցումը, կարծում եմ, վերանայման կարիք ունի: Փոխառությունների դեպքում պետք է անհրաժեշտաբար դրվի դրանց ծագումը և բացատրությունը, այլապես ստացվում է ոչինչ չասող պատկեր, ինչպես օրինակ
a priori – ածական – ապրիորի, ապրիորիական, ապրիորիկ դերբայ – ապրիորի, ապրիորի դատողություն
aprioriste – ապրիորիստ
apriorisme – ապրիորիզմ:
Մեկ այլ դեպքում փորձ է արվել թարգմանել փոխառյալ OLIGARCHIE բառը – օլիգարխիա, խմբիշխանություն, սակավապետություն:
Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» սակավապետություն նշանակում է սակավապետ լինել, սակավապետ – քիչ պետքեր, պահանջներ ունեցող, քչով բավարարվող:
Իսկ խմբիշխանություն բառաստեղծումը պարզեցման կարիք ունի: Մի խոսքով, նշված բառերը, կարծում եմ, չեն կարող օլիգարխ-ի համարժեքը լինել: Ճիշտ կլիներ, ինչպես ընդունված է փոխառությունների դեպքում, եթե տրվեր բառի ծագումը և նախնական բացատրությունը:
Չնայած նշված ու չնշված այլ մանր-մունր թերություններին, երբեմն նաև փոքրիկ վրիպումներին, ոչ մի կերպ չի նվազում այս շատ օգտակար բառարանի արժեքը, բառարան, որ ստեղծվել է մեծածավալ, դժվարին, լուրջ գիտելիքներ պահանջող աշխատանքով:
Հայտնի բան է, որ ոչ մի նորաստեղծ գործ միանգամից կատարյալ չի լինում: Ուրիշ երկրներ երկու-երեք տարին մեկ վերահրատարակում են իրենց բառարանները, դրանք համալրելով ժամանակակից գիտությունների առաջադրած նորաբանություններով, միաժամանակ շտկելով նկատված թերությունները:
Մեր այս բառարանը առայժմ միակն է: Արժանին մատուցելով կազմողներին, հեղինակներին (Ա. Մուրադյան, Ս. Խաչատրյան) և հրատարակչին (Փրինթինֆո), հուսանք, որ այն կվերահրատարակվի և կներկայանա առավել անթերի տեսքով:
Բախտաւորներէն եմ, որ գրեթէ հրատարակութեան օրէն ունեցայ ու յաճախ կը գործածեմ իրապէս շատ սպասուած այս բառարանը, իսկ սոյն յօդուածը առիթ մը կ՚ընծայէ շնորհաւորելու անոր անխոնջ հեղինակները, երկրորդելով յօդուածագրին կատարած գնահատանքը։
Կ՚ուզեմ սակայն համաձայն չըլլալ իր հետ սակաւապետութիւն բառին առնչութեամբ, որ արեւմտահայերէնի մէջ գործածուող բառն է օլիգարխիա ռտարամուտ եւ անբարեհունչ բառին տեղ։
Ընդհակառակն, պիտի ուզէի, որ նման այլ օտարամուտ բառերն ալ դուրս դրուէին բառարանէն, կամ նուազագոյնը բոլորն ալ եթէ պիտի յիշուէին իսկ, ամեն պարագայի դրուէին երկրորդ գծի վրայ, հայերէն բառէն ետք, որպէս օտարաբանութի՛ւն։ Օրինակ արեւմտահայերէնը ալերգիայի փոխարէն ունի դիւրազգայնութիւնը, իսկ Գրիգորեաններու անգլերէն-հայերէն նոյնպէս գնահատելի բառարանը կու տայ այլախտ բառը։
Փափագելի է, որ մեր բառարանագիրները օգտուին թէ՛ արեւմտահայերէնի հարուստ բառապաշարէն եւ թէ խորհրդակցին իրարու հետ երբ օտար լեզուներէ հայերէն բառարաններ կը պատրաստեն, որպէսզի նոյն թարգմանութիւնները ըլլան բոլորին մօտ, թէկուզ մէկէ աւելի տարբերակներով։
Վրէժ-Արմէն Արթինեան