Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակի առիթով «Литературная газета»-ի առաջին համարը անդրադարձել է բանաստեղծին` «Պարույր Սևակի անլռելի զանգակատունը» խորագրով:
ՌԴ գրողների միության քարտուղար, գրող Ալբերտ Օհանյանը մի քանի նովելներով ներկայացնում է Պարույր Սևակ մարդուն և բանաստեղծին` անդրադարձ կատարելով նրա «Անլռելի զանգակատուն» պոեմին: Ըստ հեղինակի` պոեմը հայ ժողովրդի կյանքի հանրագիտարանն է` նվիրված հայ մեծ երգահան Կոմիտասի կյանքին ու ստեղծագործությանը` միաժամանակ ներկայացնելով Հայոց ցեղասպանության ողբերգությունը և այլ կարևոր իրադարձություններ, որոնք բացահայտվում են Կոմիտասի կերպարով:
Թերթի էջերում տեղ է գտել նաև «Դարը կիսվել է» բանաստեղծությունը՝ ականավոր ռուս գրող Ստանիսլավ Կունյաևի թարգմանությամբ:
«Литературная газета»-ի երկրորդ համարում տեղեկանում ենք, որ Ռուսաստանի գրողների միության Գրականագետների կենտրոնական տանը տեղի է ունեցել գրական երեկո` նվիրված ականավոր գրող, թարգմանիչ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին: Երեկոն կազմակերպվել է Գրողների միության միջազգային ընկերակցության, Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի քաղաքային կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ:
Պ. Սևակի հետ ընկերության, նրա ստեղծագործական ժառանգության մասին ելույթ են ունեցել «Наш современник» ամսագրի գլխավոր խմբագիր, ականավոր գրող և թարգմանիչ Ս. Կունյաևը, Ա. Օհանյանը, թարգմանիչ Վ. Միկուշևիչը, գորղ և նկարիչ Ռոբերտ Բաբլոյանը: Ընթերցվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի ուղերձը: