Ագուլիսցի հայտնի գերդաստաններ / Մարիետա ՄԱԿԱՐՅԱՆ

Ագուլիս
Գողթան գավառը, մեր պատմական հայրենիքից օտարված այդ չքնաղ տարածքը (այժմ` Ադրբեջանի Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջան), եղել է ոչ միայն գողթան երգիչների, այլև մեծն Կոմիտասի և աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի նախնիների պատմական հայրենիքը: Ուստի պարզ է, որ դարերի ու տասնամյակների հոլովույթում որտեղից և ինչպես է ձգվել ու հարատևել հայ երաժշտական-կատարողական արվեստի ժառանգական շղթան: Երաժիշտների գերդաստանները մի քանի տասնյակի են հասնում Գողթան գավառում: Իսկ կործանումից երեք ամիս առաջ քաղաք այցելած գնդապետ Հասկելի ներկայացուցիչ Քլարենս Աշերը այսպես է նկարագրել Ագուլիսը. «Եդեմական այգի` սանդղավանդ մրգաստաններով ու խաղողի այգիներով… կոկիկ տներով ու նրբաճաշակ մարդկանցով, որոնք պատիվ կբերեն ամեն մի քաղաքակիրթ հասարակության»: Քաղաքակրթության այդ հրաշք կղզին հոշոտվեց, անխնա ավերվեց, ու նրա բնակչության մեծ մասը սրի քաշվեց 1919 թ. դեկտեմբերի 25-28-ին, այժմյան Օրդուբադ քաղաքի ու նրա շրջակա գյուղերի ազերիների կողմից: Իսկ հրաշքով մազապուրծ եղածները ցրվեցին աշխարհով մեկ, սակայն երբեք չմոռացան հայրենի բնօրրանն ու կարոտը սրտներում` սերունդներին ավանդեցին տեր կանգնել մեր պատմական հողերին, մեր մշակութային արժեքներին…
Գողթան գավառի կենտրոն Ագուլիս գյուղաքաղաքից է սերում Հախնազարյանների համբավավոր տոհմը: Ագուլիսի կոտորածի հետևանքով Պարսկաստան գաղթած Հախնազարյան տոհմի շառավիղներից առավել հայտնին մանկավարժ, հասարակական գործիչ Հովհաննես Հախնազարյանն է (1900-1978 թթ., փիլ. ու պատմ. գիտ. դոկտոր): Հովհաննեսի որդին է հայտնի ճարտարապետ-հետազոտող Արմեն Հախնազարյանը, ում ջանքերով Գերմանիայում հիմնադրած RAA կազմակերպությունը մեծ աշխատանք է կատարել Արևմտյան Հայաստանի հուշարձանների ուսումնասիրության գործում, իսկ կյանքի վերջին շրջանում նա աշխատում էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնում: Ագուլիսի Հախնազարյան և Քալանթարյան տոհմից է սերում թիֆլիսահայ նշանավոր նկարչուհի Գայանե Խաչատրյանը: Մայրական կողմից Հախնազարյան տոհմից է սերում նաև միջազգային մրցույթների առաջին հայ դափնեկիրներից, ՀՀ ժող. արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրեֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանը (հայրական կողմից սերում է Գողթանի Տանակերտ գյուղի Հայրապետյան հայտնի տոհմից), նրա որդին նույնպես դաշնակահար է, բնակվում է Փարիզում: Նա երկար տարիներ եղել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնամուրային ֆակուլտետի դեկան, արժանացել է «Մովսես Խորենացի» և ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալին»:

Նարեկ
19-րդ դարի վերջերին Հախնազարյան տոհմի ներկայացուցիչները Ագուլիսի մեկ այլ նշանավոր տոհմի` Աբեյանների հետ առևտրական մեծ ընկերություններ էին հիմնել Մոսկվայում և մասնաճյուղեր ունեին Բաքվում, Աստրախանում, Երևանում (որտեղ Հախնազարյանների ընդարձակ տները գտնվում էին ներկայիս «Գլաձոր» համալսարանի տեղում), Աշխաբադում, Իրանի բազմաթիվ քաղաքներում, Մարսելում: Իրենց բարեգործություններով այս մեծահարուստ տոհմից հայտնի են եղել հատկապես Սարգիս և Հարություն Հախնազարյանները: Հայ մշակույթին, մանկավարժության և գիտության բնագավառում զգալի ծառայու­թյուններ են մատուցել Մարտիրոս և Հովհաննես Հախնազարյանները: Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Սերգեյ Քեչեկը և Յու. Հայրապետյանի մայրն ու Սուրեն Հախնազարյանի հայրը` քույր ու եղբայր են: Քեչեկի երկու որդիները ևս դաշնակահարներ են, բնակվում են Էստոնիայում և Բեյրութում:
Եվ, վերջապես, հանրաճանաչ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը՝ Հախնազարյան տոհմի շառավիղը, ծնվել է Երևանում: Նարեկի հայրը` ջութակահար Սուրեն Հախնազարյանը, երկար տարիներ հանդես է եկել Կոմիտասի անվան լարային քառյակի կազմում, մայրը` Գայանեն, կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Եղբայրներից Լևոնը նույնպես դաշնակահար է (ապրում է Գերմանիայում), Տիգրանը ՌԴ Կոմիի Հանրապետության օպերային թատրոնի գլխավեր դիրիժորն է: Սուրեն Հախնազարյանի հայրը` Հայրապետը (Նարեկի պապիկը), հորաքույրը` Հրաչուհին, ժամանակին ավարտել են կոնսերվատորիան, սակայն ստանալով նաև ինժեներական կրթություն, զբաղվել են երկրորդ մասնագիտությամբ: Հորեղբայրը` Արամ Հախնազարյանը, երկար տարիներ եղել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի ճանաչված դասախոս, նրա դուստրը` Ռիտա Հախնազարյանը, Արցախի կամերային նվագախմբում ալտահար է, իսկ որդին` Խաչատուր Ալմազյանը, Բելգիայում ղեկավարում է իր հիմնած «Almazians Obsessin» համույթը:
Տոհմիկ երաժիշտների ընտանիքում մեծացող Նարեկը նախնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտանոցում՝ պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի դասարանում: Այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ալ. Սելեզնյովի ղեկավարությամբ: Նարեկը Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտ է: Պրոֆեսորներ Սելեզնյովի և Լորենս Լեսսերի (Բոստոնի New Engiand Conservatory) ուսանող Նարեկն ընդգրկվել է Բոստոնի կոնսերվատորիայի հեղինակավոր Artist Diploma ստանալու ծրագրում: Նա միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է, Չայկովսկու անվան 14-րդ մրցույթում արժանացել է առաջին միցանակի, ոսկե մեդալի և երկու հատուկ պարգևների: Կորեայում Geongman միջազգային երիտասարդ կատարողների մրցույթում ստացել է առաջին մրցանակը: Իսկ 2007-ին, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում արժանացավ առաջին մրցանակին և ոսկե մեդալի: Նարեկ Հախնազարյանի կատարողական արվեստի մասին բազմիցս գրվել է համաշխարհային մամուլում: 25-ամյա երաժիշտին փայլուն ապագա են կանխատեսում, և նրա ամեն մի ելույթ` լինի դա հայրենիքում թե օտար բեմերում, մշտապես արժանանում է շատ ջերմ ընդունելության: Երիտասարդ թավջութակահարի համար իր բազմաթիվ մրցանակներից, մեդալներից առաջինը, ինչպես Նարեկն անկեղծացավ` ՀՀ նախագահի մրցանակն է: «Այդ մրցանակը պարտավորեցնող է, որ էլ ավելի նվիրումով աշխատեմ ու իմ երաժշտասեր հանդիսատեսին ներկայանամ»: Նարեկը աչքերը փակ է նվագում, սակայն ամբողջովին զգում է դահլիճի շունչը, ոգևորվում ու ունկնդիրներին նվիրում հրաշալի կատարում, արժանանում բրավո, բիս… բացականչությունների: Նա պատվով է կրում տոհմիկ երաժիշտների հինգերորդ սերունդը լինելու պատիվը:

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն փիլ. գիտ. թեկնածու Սարգիս Հայրապետյանին` «Տոհմաբանություն» աշխատությունից օգտվելու համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։