Սամվել ԿՈՍՅԱՆ

Սամվել-Կոսյան***
Պայքարը անցյալի հետ ի վերջո ավարտվեց
իմ պարտությամբ, ու ինձ չհաջողվեց
իմ թևերի, ոտքերի, բառերի ու հոգու վրայից
կտրել նրա պարտադրանքի թելերը…
Ու չեմ պայքարում,
ինձ թույլ չի տրված պայքարել,
պայքարի իմ ամեն քայլը
անկում է, երբ անցյալը ձգում է պարանը,
ես չեմ կարող առաջինը լինել,
պարանը ցավեցնում է,
հոգիս պղպջակների է վերածվում,
և ամեն ընդվզում վերջանում է նույն պատկերով`
պարաններից մեկը փաթաթվում է պարանոցիս կամ
ժանգոտ մեխերը ափերիս միջով
քարանում են բետոնի մեջ… Թող ոչ մեկը չպարծենա,
որ իր ներկան ինքնուրույն է իր անցյալից,
կանխորոշված է ամեն ինչ,
խաղադրույքները դրված են,
և եթե թշվառությունն է քո շահելու թիվը,
հնարավոր չէ փոխել ոչինչ, և քո սերը,
հարյուրավոր թևեր էլ պատվաստեն,
չի կարողանալու թռչել…

Բայց սա չէ աշխարհի կործանումը,
աշխարհը տեղյակ էլ չէ իմ անցյալից…

***
ԳՈՎԱԶԴ. Վաճառվում են անցյալ
ժամանակի հատվածներ
50 տոկոս զեղչով…
1915-23 թվականները սպառվել են…
Գնորդները հայեր են եղել,
Որոնք հետո բողոքել են,
Որ իրենց բոլոր երազները սկսել են արյունել,
Նրանց բարձերը առավոտյան արյունոտ են եղել…
Նույն թվականները գնել են նաև թուրքերը…
Մեկնաբանություններն ավելորդ են,
բայց փաստը հետաքրքիր է,
Թուրքերը այդ թվականները փորձել են թաղել
Իրենց երազանքների քարերի տակ, ու
քարերը ճաքել են,
և ճաքերից արյունը հոսել է ու լճացել
նրանց աչքերի մեջ, ու թուրքերը բողոքել են
որ արյունը հնարավոր չէ
մաքրել ու, ամենասարսափելին,
արյունը խոսում է գիշերները,
խոսում է առավոտները,
խոսում է քնած թե արթմնի…

Իսկապես հետաքրքիր փաստ է, ու երևի դրանից է,
Որ երկինքը ավելի է սևացել սակավարյունությունից…

ԳՈՎԱԶԴ. Թուրքերը պատրաստ են
այդ թվականները
մի քանի անգամ ավելի թանկ գնել
բոլոր հայերից…

***
Կյանքը շատ փողոցներ է,
Ինչքան մարդ-այնքան էլ փողոց, որ տարբեր են
իրենց լայնությամբ ու երկարությամբ,
իրենց լուսավորությամբ ու ճարտարապետությամբ,
ճակատագրի հետ կնքված իրենց պայմանագրերով,
իրենց առօրյա տեղեկատվությամբ ու, ամենակարևորը,
թե որ կողմ են նայում – Հյուսի՞ս, թե՞ Հարավ,
Արևե՞լք, թե՞ Արևմուտք,
Քամիները որ ուղղությամբ են փչում,
և թե ինչքան ագրեսիվ են ստվերները,
հատկապես` կիրակիները ու կեսօրին…
Ինչքանով են դրանք մարդաշատ,
չարերն են շատ, թե բարիները,
որ թռչուններն են նախընտրում
տանիքների տակ իրենց բունը հյուսել,
և որտեղ են ագռավները սիրում կռռալ…

Եվ, այդուհանդերձ,
Բոլոր այս փողոցները նույն ընդհանրությունն ունեն,
Բոլորով կարելի է առաջ գնալ,
բայց ոչ մեկով հնարավոր չէ վերադառնալ…

***
Բոլոր թեմաները սպառված են,
բառերը հալածված են
քաղաքական շողոքորթություններից,
կեղծիքի մեջ են
թռչունները տաքացնում իրենց ձվերը,
և ծնվողները,
հայտնի չէ` ով են և ումից…
Ամեն ինչ փակ է ու մութ,
երևացողն էլ
թափանցիկ է ու թոքախտավոր,
գունատ, անհրապույր
ներբանի պես տրորված ու փոշոտ,
որովհետև
երևացողը սահմանն է, և, ընդհանրապես,
սահման է գիշերը, առավոտը,
երազի շարունակությունը աչքերի մեջ,
սահման են պատվիրանները, ամբիոնները,
հարենասիրությունը, բարոյականությունը,
ժողովրդավարությունը, իզմերը,
կատակլիզմները… Նաև կյանքի սերը,
սիրո ստվերը,
խոստովանությունների խոնավությունը,
պատիժները, մեղանչումները,
խոստումներն ու դավաճանությունները…
…………………………………………………………….
…………………………………………………………….
Տիրոջն ինչպե՞ս է հաջողվում,
միայնակ հսկել այսքան սահմանները…

***
Փոքրիկ թռչունը չի նեղվում, որ փոքրիկ է,
որովհետև թռչուն է, չնայած չես իմանա`
ինչպիսին կլիներ, եթե քիչ մեծ լիներ…

Փոքրիկ սերը չի նեղվում, որ փոքրիկ է,
որովհետև փոքրիկ մարմնի մեջ է ծնվել,
ու հնարավոր է, որ մեծ մարմնի մեջ
կորչեր ու անհետանար…

Ամեն ինչ փոքրիկից է սկսվում,
միայն թե մեծը
դժվարանում է դա հասկանալ…

ԷՔՍԿՈՒՍԻԱ ԵՐԿԻՆՔ

Ժողովրդավարության նոր ակցիա`
Մարդու իրավունքների 50 տոկոսանոց զեղչեր,
Էքսկուրսիա երկինք, հասկացել են վերջապես`
առանց երկնքի թոքախտավոր է մարդու իրավունքը…
Էքսկուրսիայի մասնակիցները
Ընդամենը տեղեկանք են ներկայացրել,
Որ ապրում են, որ մեռած չեն, որովհետև
Հիմա ապրողների մեջ մեռածներն ավելի շատ են…

Երկնքում զարմանալի
անակնկալներ են նրանց սպասվում,
Հանդիպումներ նշանավոր մարդկանց
Ու նաև մարդասպանների,
թագավորների, խարդախների,
Աճպարարների ու գյուղացիների հոգիների հետ,
Կարելի է հարցեր տալ, օրինակ, ինչու երկնքում
Հոգիներն օրինապահ են, երբ ներքևում
Չար են կամ բարի, մարդասեր ու մարդատյաց, և ինչու
Ներքևում մեռածն էլ է ուզում ապրել, համոզված,
Որ ժողովրդավարությունից առաջ է
Տերն այդ իրավունքը տվել…

Ամենահետաքրքիրը հրեշտակների
մենաստանը կլինի,
Յուրաքանչյուրը կարող է իր պահապան
հրեշտակին փնտրել,
Համտեսել ամպի խոնավությունը ու թաց աչքերով
Հրեշտակներին բողոքել իրենց
անուրախ ու դժվար կյանքից,
Չիմանալով, որ հրեշտակները
դժվարություններ չեն սիրում,
Մանավանդ` պահապան հրեշտակները,
քանի որ ապրողը ապրում է,
Մեռնողը էլի մեռնում է` հրեշտակներին զրկելով
Կոչումներից ու հավելավճարներից…

Ներքևում էլ սպասելու են երկինք մեկնածներին…
Որոնցից ոչ մի լուր ու ոչ մի ձայն…
Անընդհատ անձրև է գալիս,
Դժվարացնելով գովազդի հսկա վահանակը կարդալ.
Որին գրված է մեծ տառերով.
«Երկինք համբարձվել ցանկացողները
Կարող են համբարձվել ապառիկ,
Առանց կանխավճարի և զրո տոկոսադրույքով…»:

ԾԱՌԻՆ ՆԱՅԵԼԻՍ

Ծառին նայելիս փայտահատը մտածում է,
որ այսօր էլ գործ ունի անելու,
հյուսնը պատկերացնում է դուռ և լուսամուտ,
պահարան, սեղան, աթոռ ու մտովի նստում է
իր սարքած աթոռին, մի քիչ զգուշորեն,
որ չկոտրվի հանկարծ ու չարչարանքն իզուր չանցնի:
Դագաղագործը արդեն շարում է դագաղները
Մեծից փոքր ու թանկից էժան, չնայած համոզված է,
Որ մահվան չափն ու գինը նույնն է`
Մեռնողը հարուստ է, աղքատ, կին է թե տղամարդ:
Շինարարը հասցնում է բողոքել,
Որ էլի տախտակները քիչ են,
Կարծես հնարավոր չէր ավելի մեծ ծառ ընտրել`
Այսօրվա գործը վաղվան չթողնելու համար:
Ջութակագործը միանգամից է որոշում,
Ով է նվագելու նոր ջութակի վրա, իսկ հնարավոր է,
Որ թավջութակի չափերը նույնպես վերցնի, կարևորը,
Որ երաժշտությունը չմեռնի հենց լարերի վրա…
Վերջապես հայտնվում է նկարիչը և նկարում է ծառը,
սաղարթների մեջ թաքնված թռչուններով
և այնքան բնական, որ լսվում է թռչունների երգը…
Ու լավ է, որ նկարիչը ծառը նկարում է ինչպես որ կա,
Այլապես ոչ ոք չէր իմանա՝ խոսքն ինչի մասին է,
և չէր իմանա ինչ է բանաստեղծությունը…

***
Անելանելի վիճակը բնության մեջ երևում է
Ջրհեղեղի պատկերով… Բոլոր մարմինները
Պիտի տապան դառնան, բայց կեղտոտ են
Նոյի առասպելի ապակիները ու ներսը չի երևում,
Իսկ գաղափարի համար ոչ
մեկը չի ուզում իր սերը զոհել…
Հետաքրքիր շարունակությունը կոտրած ճյուղն է,
Եվ գուցե հենց նույն ճյուղի միջով է
Նոյի շնչառությունը ժամանակի գետը լցվում,
կամ գուցե ճյուղն ինքը ժամանակն է,
Որ ավելի մեծ ժամանակից է պոկվել,
Կախվել է երկնքից,
որ Նոյի աղավնին իր վրա հանգստանա,
Քանի որ ոչ մեկը չգիտի՝ ժամանակի քանի սերունդ է
Ջրհեղեղից անցել… Եվ չգիտի` իրականում
որտե՞ղ են ժամանակներն
իրենց մահկանացուն կնքում,
Պարզապես անտանելի է, որ մինչև հիմա էլ
ջրհեղեղների ցեխաջրերը
առասպելների մեջ են լճանում ու նեխում…

***
Հոգնեցրել է նահանջի մերկությունը-մաշկի պես
տրամադրությանդ վրա` թուլացնելով բառերը
ընկճախտի շնչառության մեջ: Վերջ, ես
դուրս եմ գալիս ապրելու մայրուղի` նկուղի
խոնավությունը թողնելով փիլիսոփայությանը, վստահ,
որ մահը կյանքի մեջ է, իսկ մահվան մեջ կյանք չկա…

***
Գինու կարմիրի միջով դեպի գայթակղության միջուկը,
ճերմակ անկողինը՝ պարտեզի մեջ
բացված ճերմակ ծաղիկ,
շարունակիր ճամփորդությունը, եթե ծաղկի վրա
իջած թիթեռի գույնը դեղին է – եթե ինքդ էլ
սովորել ես թռչել` գերազանցելով
ժամացույցի սլաքների
արագությունը, և ներսդ հրավառություն է, որի լույսը
սիրո պատկերն ավելի է մոտեցնում քո աչքերին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։