(Ընթերցելով Սվետլանա Ղուլյանի «Բանաձոր» գիրքը)
Արցախի հինավուրց պատմական բնակավայրերից մեկի՝ Բանազուր-Բանաձորի մասին պատշաճ մակարդակով գիրքը բոլոր առումներով ուշադրության արժանի աշխատություն է: Նշեմ, որ սա ինձ ծանոթ արդեն 3-րդ հուշագրությունն է հարավարցախյան գյուղերի մասին (Գ. Աթայան, «Տող բերդաքաղաքի պատմություն»-ը և Հ. Աբրահամյանի «Քերթ»-ը): Հեղինակը մանկավարժ, արվեստագետ, բանաստեղծուհի Սվետլանա Ղուլյանն (Ղուլունց) է, ում հաջողվել է դժվարագույն պայմաններում (գյուղը բռնագաղթեցվել է 1991թ.) հավաքել հսկայական ծավալի նյութ: Ծանոթանում ենք դեռ չհրապարակված, նույնիսկ չբացահայտված արխիվային փաստաթղթերի: Հեղինակին հաջողվել է ընթերցողի սեղանին դնել իրապես մի ամփոփ աշխատություն: Նա ներկայացրել է գյուղի և Դիզակի տարածաշրջանի պատմությունն ու բնությունը, աշխարհագրությունը, հարուստ ու ինքնատիպ մշակույթը, բնական ու պատմական հուշարձանները, ազգագրությունը (ազգագրագետի համար անգնահատելի նյութ, որ շարադրված է մասնագետի հմտությամբ ու լայն մտահորիզոնով), արհեստ-արվեստները, սովորույթները (ամենայն մանրամասնությամբ), կենցաղը, ժողովրդական խաղերը, որոնք մեզ են հասել հեթանոսական ժամանակներից, մեծ հմտությամբ հավաքված են պատմական հիշատակարանները՝ գրչագիր մատյաններից, արխիվներից, անտիպ ու հրատարակված սկզբնաղբյուրներից, սոցիալ-տնտեսական իրավիճակը պատմական տարբեր ժամանակահատվածներում, նշանավոր մարդկանց, արցախյան գոյամարտի հասարակ մարտիկին և աշխատավորին: Ընդ որում, շարադրանքի կենտրոնում հասարակ մարդն է, մեր հայրերն ու պապերը՝ ոչ ամենակարող, բայց հողի տիրոջ իմաստությամբ, ներողամիտ, զերծ կուսակցական նեղմտությունից: Գրքի բոլոր բաժինները հիմնված են համապատասխան լուսանկարներով, քարտեզներով, արխիվային սկզբնաղբյուրների պատճեններով: Մեկընդմեջ դրված հեղինակի չափածո գործերը լրացնում են աշխատության հուզական լիցքը: («Բոլոր հայրերին», «Իմ Հայաստան», «Օջախ»…):
Արցախի պատմության ու մշակույթի ականավոր մասնագետ Շահեն Մկրտչյանը աշխատությունը բանաձևել է այսպես. «Արցախյան գյուղի հանրագիտարան է, Բանաձորի համար՝ բառարան»:
Աշխատությունը համարում եմ ասք, հանրագիտարանային բնույթի մի կուռ ուսումնասիրություն իր ոճով ու փիլիսոփայությամբ: Մեջբերեմ.
«Լեզուն ազգի հայելին է, ազգը՝ լավը դարերով սերնդե սերունդ փոխանցած մշակույթ: Մշակույթը ընտանիքն է, ընտանիքը՝ ազգի հոգին: Հոգին ուժ է, ուժը՝ հաղթանակ, հաղթանակը՝ տարածություն: Իսկ տարածությունն ու ժամանակն անբաժանելի են: Այդ երկու հավերժության կողքին բառարմատն է՝ քո լեզուն, քո մայրենին, ապուպապենականը, որը պահվել ու փոխանցվել է արյան, կյանքի գնով: Խոսում ես քո լեզվով, ազգդ, գյուղդ կանգուն է: Չես խոսում, վերջը մոտալուտ է, անխուսափելի: Այսօր խոսում են իմ լեզվով, իմ բարբառով: Նշանակում է` դեռ կանք, կանգուն ենք, հարատևելու ենք»: Ուշադրության արժանի մի այլ մեջբերում հավատի մասին. «Հոգու ազատության ամենաբարձր դրսևորման՝ հավատքի նկատմամբ դեռ ոչ ոքի չի հաջողվել բռնանալ: Հավատավոր մարդու առաջ կարող են փլել, վառել, ավերել իր հավատքի տունը, բայց այնտեղ՝ հոգու խորքում, նա կառուցում է նորը, ավելի ամուրը և ավելի ճոխը: Հավատն է մարդուն ուժ տվել հաղթելու և հարատևելու համար (այլ բան է հավատի չափի նշաձողը. չափից ավելի հավատը մարդուն դարձնում է վախկոտ ու պարտվող): Ամենաօրհասական պահին անգամ նա վառել է մոմը, աղոթք մրմնջացել, շրջել խաչն ու մտել մարտադաշտ»:
Ս. Ղուլունցը իր բազմաբնույթ աշխատությունը ներկայացրել է պատկերավոր, հետաքրքիր , այն ընթերցվում է մեկ շնչով: Բերված են և այն ելակետային լուծումները, որ ունի տարածաշրջանը. զարգանալու մեծ հնարավորություն՝ հենվելով երեք առաջատար ճյուղերի՝ խաղողագործություն (գյուղի գինին ուներ պիտակ՝ «Բանազուր»), թութ, կտավհատ (ձեթը արտահանում էին հարևան երկրներ), բացահայտման վրա, դրանք հակադրելով վնասաբեր բնագավառներին:
Ս. Ղուլունցի աշխատությունը յուրօրինակ ապտակ է հարևաններին, որոնք անամոթաբար լղոզում են փաստերը և յուրացնում արցախահայերի մշակույթն ու պատմությունը: Աշխատությունը գրավիչ ու տպավորիչ է լեզվական առումով: Այն շարադրված է կարճ, գրագետ, համեմված կամ վերջակետված միայն մեկ բառով կամ ժողովրդական ասացվածքով: Գրքի գեղարվեստական ձևավորումն ու շապիկի նկարը՝ Դիզափայտի վեհ գեղանկարը, նույնպես հեղինակինն է: Չափազանց տպավորիչ է «Գոյամարտ» բաժինը՝ փաստերի ու գեղարվեստականի նուրբ ու ներդաշնակ համադրությամբ (ի դեպ՝ պատրաստի սցենարներ ֆիլմերի համար): Աշխատությունը մատնանշում է նաև Արցախի հիմնահարցի թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական և թե՛ տնտեսական լուծման յուրահատուկ ելք: (Տես` «Կրախտինո-Ջեբրայիլի հայերը» հատվածը): «Ոչ միայն հացիվ». այս անանց խրատը չպիտի թողնի մոռանալ, որ անհնար ու անիմաստ է լիարժեք ապրել լոկ նյութականով ու առօրյա կենցաղով: Իսկ մնացյալ ամեն ինչ, որ հոգևոր աշխարհն է, ամփոփվում է «սեր» անսպառ բառով, որի բաղադրիչներից է սերը թե՛ քո մեծերի, թե՛ առ քո մեծ և փոքր Հայրենիքը, քո երկիրը և քո ծննդավայրը: Այսօր բանաձորցին կարող է հպարտությամբ ասել, որ իր մեծ սերն իր հինավուրց Բանազուրի նկատմամբ արդեն հայտնի է աշխարհին՝ շարադրված-նյութականացված՝ շնորհիվ Սվետլանա Ղուլյանի նորահայտ գրքի: Ընդօրինակման արժանի աշխատություն է: Այն լուրջ ներդրում է արդի հայագիտության մեջ: