ԵՎՐՈՊԱ – ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՔՑԱՆԻ ՄԵՋ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Սամվել-ԿոսյանՀունվարի 26-ին Դնեպրոպետրովսկի մարզի Բերեզնովատովկա գյուղում, Կիևի բախումների առաջին զոհ Սերգեյ Նիգոյանի հուղարկավորու­թյանը ծաղիկներ դնելու համար հերթ են կանգնել, մարդկանց ու ավտոմեքենաների շարքը հասել է մինչև 1կմ-ի: Համագյուղացիները, ովքեր այդ ճակատագրական օրն այցելել են Նիգոյաններին, հիշում են, որ Սերգեյի մայրն առանց մի բառ ասելու հասկացել է ամեն ինչ: Լաց չի եղել, այլ լուռ ասել է. «Սերյոժան մահացել է հանուն Ուկրաինայի…»:
Մայդանում պայքարը շարունակվում է, կան զոհեր, հարյուրավոր վիրավորներ ու ձերբակալվածներ, հարձակումներ պետական հաստատությունների վրա, նյութական զգալի վնասներ են արձանագրված, և, այդուհանդերձ, առայժմ դժվար է գուշակել՝ հանուն ո՛ր Ուկրաինայի համար է պայքարը: Փորձագետներն ու քաղաքագետներն ահազանգում են Ուկրաինայի hնարավոր մասնատման մասին՝ հաշվի առնելով հարավարևելյան, արևմտյան և Ղրիմի հատվածների միջև տարաձայնությունները: Անգամ Ուկրաինայի զինված ուժերն են երկրի գերագույն գլխավոր հրամանատարին կոչ արել՝ գործող օրենսդրության շրջանակներում, անհետաձգելի միջոցներ ձեռնարկել երկրում իրավիճակի կայունացման և հասարակական համաձայնության հասնելու համար, ահազանգելով, որ հակադրության հետագա սրումը սպառնալիք է երկրի տարածքային ամբողջականությանը: Սակայն չափից շատ ուժեր են խառնված իրադարձություններին, չափից ավելի քաղաքական ու սոցիալական հետաքրքրություններ ու շահեր են խաչաձևված Եվրոմայդանում, որպեսզի հնարավոր լինի ճգնաժամի արագ լուծումներ գտնել և իշխանություն-ընդդիմություն երկխոսությունից դրական տեղաշարժ ակնկալել: Ըստ Ղրիմի ինքնավար մարզի նախարարների խորհրդի նախագահ Անատոլի Մոգիլևի՝ ուկրաինական ծայրահեղական խմբավորումները նախապես պլանավորել էին Կիևում ընթացող սադրիչ գործողությունները: «Կիևում ռազմականացված խմբավորումների բառապաշար է կիրառվում: Որպեսզի նման խմբավորումներ ստեղծվեն, մարդկանց հետ պետք է նախնական աշխատանքներ տանել, այն էլ ոչ թե օրերի, այլ ամիսների ընթացքում: Այնտեղ կան մարդիկ, ովքեր հատուկ պատրաստված են զանգվածային անկարգությունների համար: Ես տեսնում եմ ՆԱՏՕ-ական համազգեստով որոշակի անձանց, ովքեր կառավարում են մարդկանց»,- նշել է նա: Թերևս այս հանգամանքը նկատի ունենալով է ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել, որ «արևմտյան, այդ թվում՝ եվրոպացի դիվանագետները, որոշ նախարարներ աչքի են ընկել Մայդանում իրենց հայտարարություններով, երբ այնտեղ գերակայում էին ԵՄ-ի դրոշներն ու եվրաինտեգրման կոչերը: Իսկ հիմա վտանգավոր է արևմտյան դիվանագետների համար Մայդան մտնել, դրոշներն այլ են՝ սև և կարմիր, իրավիճակը հիմա բոլորովին այլ է»: Անշուշտ, ռուսական կողմի դիրքորոշումը հակոտնյա է Եվրամիության կողմնորոշմանը, սակայն անառարկելի է, որ ընդվզման առաջին օրերի սցենարը այլ շարունակություն է ստացել: Երկրի նախագահ Յանուկովիչը հետագա անցանկալի զարգացումները կանխարգելելու, իրավիճակը մեղմելու համար պաշտոնանկ է արել վարչապետին, ընդդիմության լիդերներին առաջարկել է ստանձնել կառավարման ղեկը, միաժամանակ չեղյալ է հայտարարել հունվարի 16-ին Ռադայի կողմից ընդունված դիկտատորական օրենքները, խոստացել է ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: Նախագահը ակնարկել է նաև խորհրդարանական և նախագահական նոր ընտրությունների հնարավորության մասին, սակայն ճգնաժամը շարունակում է օրակարգային մնալ: Խորհրդարանական ընդդիմադիր «Բատկիվշինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք ստանձնել պատասխանատվությունը երկրի ճակատագրի համար, սակայն ոչ այն պայմաններում, որում գտնվում ենք: Ես լավ գիտակցում եմ, թե ինչ է այժմ տեղի ունենում Ուկրաինայում: Երկիրը սնանկության շեմին է: Վերջին 3.5 տարիների ընթացքում նրանք (գործող ղեկավարները) թալանել են երկիրը: Նրանք երկիրը քաոսի են հասցրել և հենց այդ պատճառով էլ ցանկանում են փախչել պատասխանատվությունից»: Նման պայմաններում, նույնիսկ արմատական իշխանափոխության դեպքում, դժվար է Եվրոպայի ու Ռուսաստանի աքցանի մեջ հայտնված երկրի ճակատագիրը կանխորոշել: Ճաք է տվել, գուցե և փոշիացել է ամենակարևորը՝ ազգային միասնության գաղափարը: Այս պահին ուրվագծված չեն անգամ երկրի տարբեր հատվածների կողմնորոշումները համադրելու մոտեցումները: Ռուսաստան, թե՞ Եվրամիություն, կողմնակիցներից յուրաքանչյուրը շարունակում է իր ճշմարտությունը պաշտպանել և վերմակն իր կողմը ձգել: Մյուս կողմից էլ՝ ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ Ռուսաստանը չեն ուզում հրաժարվել և չեն հրաժարվելու այդ տարածաշրջանում իրենց շահերը հաստատելու և դրա համար պայքարելու գայթակղությունից, ինչը թուլացնելու փոխարեն ավելի է ձգում հակամարտության պտուտակները: Մայդանը շարունակում է մարտադաշտ հիշեցնել, և այս իրավիճակում, իսկապես, անորոշ է, թե հանուն ո՛ր Ուկրաինայի համար է պայքարը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։