2010 թվականին Մաշտոցի պողոտայով անցնելիս հանդիպեցի բանաստեղծ Սարգիս Կարեյանին, ով ինձ տվեց 2009-ին լույս տեսած բանաստեղծական իր երկու ժողովածուները: Եվ քանի որ նվեր ստացած գիրքն անմիջապես կարդալու սովորություն ունեմ, ընթերցեցի երկու գրքերն էլ` «Բալենին ժպտա գինդերով» և «Դրախտից վերցրած ժամանակ»: Տպավորությունս այն էր, որ բանաստեղծը գրում է ազատ ոտանավորով և, ինչ-որ առումով, հետևորդն է ֆրանսիացի սյուրռեալիստ բանաստեղծների, որոնց գուցե կարդացել է “ԼվՏրՑՐՈվվՈÿ սՌՑպՐՈՑցՐՈ” հանդեսում կամ թերևս ծանոթ է նրանց մի մասին՝ հայերեն թարգմանություններով: Ուզում եմ մեջ բերել ֆրանսերենից իմ թարգմանությամբ Ժակ Պրեվեռի «Քեզ համար, իմ սեր» բանաստեղծությունից մի հատված` գրված 1946 թվականին.
Ես գնացի թռչնաշուկա// Եվ գնեցի թռչուններ.//Քեզ համար, //Ի՛մ սեր://Ես գնացի ծաղիկների շուկա//Եվ գնեցի ծաղիկներ//Քեզ համար, //Ի՛մ սեր://…Եվ հետո գնացի ստրուկների շուկա//Եվ քեզ որոնեցի.//Բայց քեզ չգտա,//Ի՛մ սեր:
Ասեմ, որ Թռչունների և Ծաղիկների շուկաները Փարիզի նշանավոր վայրերից են և գտնվում են Սիտե կղզու վրա:
Ամեն մի բանաստեղծություն այնժամ միայն արժեքավոր է, եթե համակում է ընթերցողին, և նրա ասելիքը կրթված ընթերցողի սրտի ու մտքի հետ խոսում է: Պետք է խոստովանեմ, որ Սարգիս Կարեյանի բանաստեղծությունների մեծագույն մասը հենց այդ ներգործման հատկանիշն ունի: Ժողովածուներում մեր այսօրվա կյանքն է՝ իր մեծ ու փոքր խնդիրներով: Սակայն անգամ արցախյան խնդիրը գերիրապաշտական գունավորմամբ է: Արցախի հերոսական ոգին ներկայանում է որպես արծվաբույն.
Ես տեսա, հեռվում, այստեղ դրած//արծվի բույն ես,//բնի մեջ դրած ձուն՝//մեր բռունցքները…
Հայը, Հայաստանը ժամանակ առ ժամանակ երևում են նրա բանաստեղծություններում, և այդ դիտարկումը կատարվում է այսօրվա աշխարհաքաղաքական տեսադաշտի վրա. «Աշխարհի վաղվա տեսակին միայն վայ թե հայի տեսակը դիմանա»:
Բանաստեղծությունների մի մեծ շարք նվիրված է որոշակի անձերի` հայ և ոչ հայ: «Առատ հունձ» խիստ սեղմ խոհը ձոնել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանին, ով կարծես վկան է եղել Արցախի բոլոր եկեղեցիների ու վանքերի կառուցմանը և գիտի ամեն քարի տեղը, միաժամանակ նրա արթուն պահապանն է: Բանաստեղծություններ են նվիրված Նապոլեոնին, Գարսիա Լորկային, Էյնշտեյնին, նկարիչ Մինասին, Պարույր Սևակին, Սլավիկ Չիլոյանին, Հրանտ Մաթևոսյանին: Պարույր Սևակի՝ հայ անցյալին անսահման նվիրումը բանաստեղծը ձևակերպում է.
Շուրթերդ թռչնի տոտիկներ են,//իջնում են միայն խաչքարերին,// ուրիշ վայրէջք չկա…
Կամ Մինաս արվեստագետի մեծությունը համարվում է տիեզերական.
Դագաղդ մեր մոլորակը//պիտի տանի մի ուրիշ,//մաքուր համաստեղություն…
Գերիրապաշտական ձևերով են ներկայացված նաև Հրանտ Մաթևոսյանի «գիրը», լուսանկարը, շիրիմը:
Փակն այստեղ է,//այնտեղ բաց է,//բաց կապույտ երկինք՝ հին լեռների վրա,// բաց կանաչ դաշտ և թևավոր Ալխո…
Այսերկրային ու անդրաշխարհային կյանքերն այնքան կապված են միմյանց, որ Սարգիս Կարեյանը հարազատների շաղկապված լինելը տեսնում է նաև մահվանից հետո: «Ծնողներիս շիրմի առաջ» հիանալի քերթվածում հայրական տան բոլոր բնակիչները նորից հավաքվում են աստղազարդ երկնքում, ուր մայրը ընտանեկան ջերմ հավաքի սեղանի սփռոցն է գցում:
Մեղուն, զատիկը, չղջիկը, վագրը, մուկը, մրջյունը, գորտը, ձուկը, թիթեռը և կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներ մետաֆորային բնութագրմամբ հայտնվում են Սարգիս Կարեյանի քերթվածներում:
Սարգիս Կարեյանի բանաստեղծությունները, որոնք մեծ մասամբ գրված են 1980-90-ականներին, առաջադրում են հրատապ էկոլոգիական խնդիրներ: Բանաստեղծը սրտնեղում է, որ Երևանը բետոնապատվում է, իսկ Կիրովականը՝ ներկայիս Վանաձորը, թունավորվում է գործարանային ծխով: Նրա համար երկիր դրախտավայր է հայ գյուղը, ծաղկած այգին, որն անձրևից հետո, արևի ճառագայթների տակ եդեմական բույր ունի: «Ո՛վ քաղաքաբնակ այրեր, տիկնա՛յք փափկասուն» քերթվածում քաղաքային կյանքը հակադրված է կանաչապատ գյուղի չքնաղ հրաշքին:
Բանաստեղծական երկու ժողովածուներում էլ խաչվում են Հայաստանի հեթանոսական ու քրիստոնեական ժամանակները՝ ամեն մեկը հային հատուկ իր գծերով, պատմական կարևոր նկարագրերով: Այդ քերթվածներից պարզ է դառնում՝ «որևէ հայ, ով իր երկրի պատմական անցյալի նկատմամբ անտարբեր չէ, ծանոթ է գողթան երգերին, դրանք նրան ուղեկցում են մշտապես, առավել ևս եթե հայը բանաստեղծ է, և նրա երևակայությունը բոցածին Վահագնի հետ է, շիկափոկ պարանով գեղաչյա Սաթենիկին առևանգող արքայի և Նավասարդի շքեղաշուք առավոտը ավաղաբար վերհիշող Արտաշեսի հետ: «Նեոքրիստոնեություն» քերթվածը ամեն մի հայի մեջ ուզում է արթնացնել ճշմարիտ քրիստոնյայի խիղճը, որի առաջին նախապայմանը սեփական անձի ինքնախարանումն է ու աշխարհիկ մեղքերից ձերբազատումը:
Ս. Կարեյանն ունի նաև սիրո երգեր, որոնք նույնպես սյուրռեալիզմի տիրույթում են: Այդ երգերը հանդիպման, կարոտի, բաժանման վախի զգացումներով են շաղախված: Որքան գեղեցիկ է ասված.
Դու այնքան նուրբ ես, որ բառերը կոպիտ են քեզ համար,// մի՛ խոսիր, լռիր.//չէ ՛, խոսի՛ր, բառերը նրբանուն…
Շրջելով Հայաստանի տարբեր վայրերում` Դիլիջանում, Գորիսում, Դարբասում և այլուր, բանաստեղծը հոգում լսում է Կոմիտասի երգը, որը կարծես տատի կանչող ձայնն է:
Ինչպես շատերը, այնպես էլ Սարգիս Կարեյանը զգում է, այն էլ միշտ, ոչ միայն իր անցած հարազատներին, այլև հայերի նախնիներին, որոնք ձուլվել են հայրենի բնությանը` դարձել ժայռ, լեռ, սովորական քար: Նա հաճախ է զրուցում քարի, լեռան, սարի հետ: Այդ զրույցներից մեկը Մասիս սարի հետ է, որտեղից իջել է լեգենդ դարձած Նոյը, որի լանջերին մնացել են պատանի Աբովյանի և նրա ուսուցիչ Պարրոտի ոտնահետքերը, և սարն իր գեղեցկությամբ հայի հպարտությունն ու միաժամանակ ցավն է, որովհետև սահմանից այն կողմ է հայտնվել, չնայած մշտապես թվում է մեզնից մի քայլ է հեռու ընդամենը:
Շատ ուշագրավ է, որ կան ազգեր, երկրներ իրարից բաժանող սահմաններ, մինչդեռ Սև ծովում լողացող ձուկը սահման չի ճանաչում. նա ազատ է տարբեր երկրներ լողալու համար:
Եվ, ի վերջո, որպես ազգային բանաստեղծ, Կարեյանը իր հայրենիքի մասին ասում է.
Հայաստան աշխարհ, Հայաստան անուն,-//ես՝ մի ճառագայթ, դու՝ ճամփա անհուն:
Թե ուր է գնալու բանաստեղծի պոեզիան Հայաստանի հարատևող անհուն ճանապարհով, կասի ժամանակը` բոլոր ժամանակների մեծագույն քննադատը:
Ոչինչ չասող շարադրություն: Թվում է, թե գրախոսողը դպրոցի աշակերտուհի է, ով ներկայացնում է գրքի թեմաները: