ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ՍԿԻԶԲԸ
Մեծ մայրս հեքիաթն առաջինը պատմեց:
Պապենական խնձորի այգում՝
հենց սեղանի տակ՝ բոլորից թաքուն,
նա ինձ գինի տվեց՝
արևից գժված սալորի մաճառ,
որ առաջնեկ թոռն իր մեկեն զորանա…
Մայրս քարտեզին ցույց տվեց
ունեցած ու կորցրած երկիրն իմ,
խոսեց գաղթից ու գաղթականից:
Իբրև ուսուցիչն իմ տվեց բառն
ու պատվիրեց չմոռանալ
եռագլուխ մայրենին հայոց,
որ թևածում է աշխարհեաշխարհ…
Հայրս կոփեց, կազդուրեց անձս,
տվեց ինձ անկոտրում ոգի,
վարժեցրեց չայրվել կրակում,
լողալ տարածուն ջրերում,
փայլեցրեց միտքն իմ հար ծառայության՝
երկրին իմ, ազգին հինավուրց՝
փառաբանելու ազատն Հայաստան…
Մնացածն իմն է,
իբրև այր,
հայր որդոց,
կամ նախնի իմոց…
ԿՐԿԻՆ ՔԵԶ ՀԱՄԱՐ
Օ՜, մայր լեզու, հույժ տիրական իմ բարբառ,
նետված անհոգ ընչաքաղցին` օտարահաճ ու կծծի,
Այսօր արդեն կուլ ես գնում
հանապազօրյա հացին…
Շահարկում են ու դրոշմում ստվերներդ լաթերին,
Ասես երբեք չես էլ եղել պերճանք ու զարդ դարերի:
Սակայն չէ՞ որ հունդերը քո, հնագույնդ լեզվամայր,
ծնունդ տվին ու փայլեցրին
թոթովանքը բյուր ազգաց:
Ալբիոնի անհաշտ ոգին ծունկի եկավ քո առաջ
ու պատգամեց պոետներին`
քեզնով հյուսել ասքն Աստծո …
Այժմ որդիք քո մոլորյալ ծաղր են դրել անունիդ,
Մերկ ու անօգ քո մարմընին
դաջել վերքեր անգիտակ…
Դու՛ գոյության զենք ես, նաև`
սպեղանի ու փարոս,
հույսն ու լույսը շեփորելու դու միջոց ես առհավետ,
Դու՛ մեր ճիչը առաջին, դու վին,
քնար, լույս մատյան:
Քո նորաթուխ որդոց խոսքում չես որոտում, արկավոր,
իմաստնությամբ պատուհասում
թշնամիներիդ բոլոր,
իբրև հովիկ` չես շնկշնկում մեր իղձերին ալևոր…
Որպես հնչյուն իմաստնության,
մեր սրտերում վառվիր վառ,
կաց խոհերում, խինդ ու ողբում,
երազներում անկատար,
ու փողփողա դրոշի պես,
հնչիր օրհներգ արևի…
Ու թե բախտի նավը կրկին քո որդոցը հալածյալ,
ափ կհանի բյուր ծովերից ու լեռներից օն-անդին,
Թող որ մնաս նրանց հոգում ու երգերում հավիտյան…
Վ Ե Ր Ա Դ Ա Ր Ձ
Ես երբևէ ստիպված եմ վերադառնալ…
Ետ: Դեպի տուն:
Հայրենական օջախի մոտ:
Ի. Բրոդսկի
Հայրական տանն եմ. լուռ է, շնչազուրկ:
Դիվահար եմ դեռ երեսս բռնած ոստայնից սարդի:
Հենց ծնողներիս նկարի առաջ, խորշոմների մեջ
ճակատս ծաղկեց
պղպջակներով սառը
քրտինքի…
Թմբուկի զա՞րկ է… թե՞ ռիթմն է հուշեղ`
Դեռ արձագանքում լուռ անկյուններից…
Հորդանը շրջվել, արցունք է թափում
վարպետաց ջանքին` խաս-տուֆ քարերի:
ներսի պաստառին բորբոսը պարարտ
փթթում է` ծպպան ծորք ու սղալով…
Հերվա խիստ հարկի կահույք, կարասիք,
փոշու շղարշով դեմքները ծածկել,
փայլքով ծիկրակում լուտանք են թափում
անառակ որդուն… Օ, տիվ, ժամանակ…
…Իսկ պատշգամբում չված մանկության
ագռավը` արդեն հարյուր տարեկան,
հայացքս հատեց դարչնակապտավուն
նետի սլացքով ու հոգիս կտցին`
իջավ կտուրին հարևանի տան,
ուր ապրում է դեռ սերն իմ առաջին…
* * *
Արդեն ուշ- ուշ եմ ես այցի գնում
կանանց իմ ընկեր, շփվում բառերին:
Միևնույնն է` պարանը երկու ծայր ունի.
մեկը` նուրբ ու փխրուն` վայրէջք,
մյուսը` խրոխտ ու ցցուն` վերելք…
Եվ այդ ծայրատն է կարծեմ,
որ վաղը` նստուքը քամուն տված
ապագան տեսած այս հռետորին
փայփայելու է` վերելքներ փնտրող
կնամեծար ասուլիսներում պոետների…
ՆԱ ԵՏ ԿԳԱ՞
Այս զով, հեշտանքներով զեղուն այգում
նորեկ զույգն է կտուց կտցի ճնճղախոսում,
որպես Տիրոջ պարգև հար ցանկալի,
բանահյուսում սերն իր անկրկնելի…
Թախիծ` հեռու մի կայարան,
ապրում` անեզրական,
(Մի ժամանակ մերն էին`
արահետներ ու նստարան):
Շուրթը շուրթին սերն էր հրճվում հոգեպարար,
մենք հանց մեղուն՝ հավաքում էինք սիրո նեկտար…
Բույր ու համից տրոփում է աշխարհն արար,
Իսկ ես արդեն հանդիսական: Հարց եմ տալիս,
Թե ո՞ւր գնաց, սերն իմ վերջին, նա ետ կգա՞…
Ախ, անանց էին համբույրները նրա…
ԻՆՉՊԵՍ ԹԻԹԵՌ
Տես, հերթական օրը ծնվեց` ինչպես թիթեռ,
(Տեսնես ո՞վ էր նրան սաղմնավորել…):
Արեգակի լույս ցոլքերով կթևածի օրն այս նորեկ`
հողին, ջրին, տիեզերքի անհաս ակունքներին…
Օրերի մեջ օրն այս կապրի` ինչպես թիթեռ,
(տեսնես հիմա ո՞վ է ընկել նրա ետև…),
կթևածի երփնածիծաղ հեռուներում եզերքների,
կմիանա՞ նենգ ու դավին,
թե՞ կշողա դրոշներին հաղթանակի…
…Ու կմեռնի օրն այս շքեղ` ինչպես թիթեռ,
(տեսնես` ո՞վ կզրկի կյանքից նրան…),
ու կնետեն մարմինը հույլ խարույկներին հորիզոնի,
ուր այրվեցին ու հուշ դարձան մեր օրերը`
մեկիկ-մեկիկ…
ԵՐԿՐԱԹՈՂԻՆ
Ինչպես պապս Մշո դաշտում,
ինչ-որ ձայն եմ լսում հեռվից:
«Լսի՛ր, որդիս, ավաղ, շուտով կդադարեմ ես էլ…»:
Սրտիս մոտիկ, աչքերիս մերձ
սրսփում է ինչ-որ պատկեր,
հոգուս ցավն է արևի հետ պտղավորվել…
Ականջդ բե՛ր…
Այ, այս որդիս… տնատեղ է, մի հողաթումբ,
ցից շիրմաքար,
դեռ չհողած` չի վարանում ծիլ ու
ծաղիկ չորս կողմը տալ…
Իսկ այս մեկը` նախնիներից պապս է, որ կա…
Ու ասում է.
«Ես պտուղն եմ տոհմածառիդ,
որ երկիրը պիտի պահի…»:
* * *
Դար:
Արդեն քսանմեկը՝
Քրիստոսից հետո -очко:
Եվս հարյուր տարի,
որ սագի պես նետեց արդեն
տասնյակ ու չորս փետուր:
Իմաստության ծովերը
Ճահճահոտ են բուրում անհույս,
քամիներն են սուրում հիշատակի:
Ձայնակցում են անթաղ նայադները ծովից,
Որ պարմանու գիրգ ծնկներին թևաբախեց
հնում արյան գնով գրված գիրքը քահանայի…
Իսկ ընդերքից հոգեզմայլ ցիր տաղերի
տերը անվերջ փափագում է հայացքն ընթերցողի:
Այս կողմերում կարծեմ անցավ կյանքը մեղավորի:
ՄԻԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ջնարակապատ լեռներ տիրական,
արեգնաճառագ լույս ու ջերմություն:
Սյուն ու խոյակի զարդ-համադրությամբ՝
հավատքի տունն է գմբեթանկ կանգուն…
Լանջերի սյուքը սրինգի մորմոք՝
քամու խոյանքի երկունք կանխակալ:
Լազուրում ճախրող թափառուն հայացք,
հոգիդ մխրճվող ճերմակ աղավնի…
Ամենատվիչ եզերք ինքնակա
ի վերուստ տրված խոնջանքին հլու
հընթացս անղեկ ու մոլորական,
անեզրության մեջ գալարքով գնդի…
Մի հատիկաչափ, առավել նվազ,
բջիջն այն ունակ, հուշազարդելով
պահը շուրջանակ, Անհայտի լիցքով
շրշաց թև առած, ցնծաց ղողանջեց…