Գյուղի իսկական անունը Շենվան է: Բռոշկա են ասում: Բռոշկա գյուղը Քարագլուխ սարի դոշին է: Քարագլուխ սարը գարնանը կանաչ է, ամռանը` վարդագույն, աշնանը` դեղին, ձմռանը՝ սպիտակ: Բռոշկան կարմիր տուֆից կառուցված, երկհարկանի տներով, ուղիղ փողոցներով գյուղ է: Ձմռան մի գիշեր, երբ լուսինը դառնա տասնհինգ օրական, կպատմեմ Բռոշկա գյուղի հիմնադրման պատմությունը, որում անուրանալի դեր է խաղացել մեր գերդաստանի ամենատարեց, ամենահարգարժան, ամենախելացի, ամենասիրելի, ամենագործունյա կանանցից մեկը՝ Վարդանուշը, ում Վարդո են ասում: Ով ահա երեք ամիս քսանչորս օր է` թախտին պառկած չի կարողանում հոգին տալ՝ տանջվում ա:
Վարդոն Քարագլուխ սարի քարերի մեջ լոբու վեց բոստան ունի: Նրա աճեցրած լոբու նման համով լոբի աշխարհում չես գտնի: Տասը տարի առաջ ճապոնիայի Յոկահամո քաղաքի մի գործարար Վարդոյի լոբուց կերել, համը բերանն ա մնացել, ուզեցել ա պայմանագիր կնքի Վարդոյի հետ, մի քանի տոննա տանի Ճապոնիա, իր ժողովրդին ոչ միայն համեղ, այլև աղիքային հինգ-վեց հիվանդություն բուժող լոբով կերակրի: Վարդոն չի համաձայնվել, ասել ա՝ ճապոնացին քարից փափուկ ինչ ընկնում ա ատամի տակ` ծամում ա, լոբին թող մնա` իմ հայ ժողովուրդն ուտի, առողջանա: Ու հիմա ազգային մտածողություն ունեցող, մեր մեծ գերդաստանի պատմությունն իր մեջ ամբարած Վարդոն ուղիղ երեք ամիս քսանչորս օր պառկել ա թախտին, գոռալով ասում ա.
– Արազի ափին աճած, Արազի ջրով ջրված ձմերուկ եմ ուզում… Ձմերուկ բերե՛ք, մի դիլիմ ուտեմ, գնամ էն աշխարհ, հանգստանա՛մ…
Վարդոյի վեց տղաներն ու հինգ աղջիկները՝ իրենց զավակների, հարսների, փեսաների, խնամիների, թոռների, ծոռների հետ շրջապատել են իրենց մորը, տատին, տատի տատին ու աշխարհի չորս ծեգերից, տասից ավելի ձմերուկ են բերել, կտրել-շարել են Վարդոյի չորսբոլորը:
– Ձեր բերած ձմերուկները ձմերուկի տնազ են… Ես Արազի ափին աճած, Արազի ջրով ջրված ձմերուկ եմ ուզում…
– Արևիդ մեռնեմ, մայրիկ ջան, հիմա ապրիլ ամիսն ա, պառվի ուլերն ա, Հայաստանում էս ամսին ձմերուկ չի լինում:
– Ես տեղը գիտեմ, մարդ ուղարկեք, թող գնա Արազի ափի Գետամեջ գյուղ: Էդ գյուղում ապրում ա մեր երկրացի Թադևոս Թոնդորակեցին, որին Թաթամին են ասում: Գնացեք, ասեք՝ Թաթամի, Վարդոն ձմերուկ ա ուզում:
– Վահրիճ, դու Թոնդորակեցի Թադևոսին ճանաչո՞ւմ ես:
– Հազար ինն հարյուր քառասունհինգ թվականի մայիսի 25-ին Վարդոյի հետ գնացել էինք Արազի ափ: Փշալարերը պիտի քանդեինք ու գնայինք մեր տներ: Չերչիլն ու Տրումենը խանգարեցին:
– Ի՞նչ ես ջուր առել բերանդ ու նստել, գնա, Թադևոսին տես, մառանում ձմերուկ պահած կլինի, բեր, մերդ ուտի, մարդավարի հոգին տա…
– Թող Ռուբենը գնա, էս տարի հասունության ատեստատ ա ստանալու: Ռուբե՛ն, Ռուբե՛ն…
– Հրամմե, պապ:
– Ռուբեն, Վարդոյի սիրտը…
– Գիտե՛մ…
– Հենց հիմա նստի երթուղային տաքսի, գնա Երևան, Երևանում կնստես Արազի ափի Գետամեջ գյուղ գնացող երթուղայինը, կհասնես Գետամեջ, կհարցնես Թադևոս Թոնդորակեցու տունը…
– Գիտեմ:
– Շատ զարգացած սերունդ ա մեծանում: Վազի: Թադևոսին կասես` ում թոռն ես:
– Գիտե՛մ:
– Խելացի մարդուն խոսքը մի անգամ են ասում, էշին են երկու անգամ ասում: Կոլոմբոսի ձվի պատմությունը գիտե՞ս:
– Չգիտե՛մ:
– Քեզ հասունության ատեստատ տվողի հերն անիծեմ: Վազի: Առանց ձմերուկի չգաս:
…Մայրս դրամ խցկեց գրպանս, լավաշի մեջ խաշած ձու, թարխուն փաթաթեց, դրեց կանաչ տոպրակի մեջ ու ասաց.
– Թաթամին լավ մարդ ա, քեզ ոնց որ պետքն ա կընդունի ու ճանապարհ կդնի…
Ես խցկվեցի Երևան գնացող երթուղայինը, Երևանում խցկվեցի Գետամեջ գնացողը: Էդտեղ բախտս բերեց: Երթուղային տաքսիի մեջ իմ կողքին նստեց աշխարհի ամենագեղեցիկ ոտքեր ունեցող մի աղջիկ, ում աչքերն էլ շատ գեղեցիկ էին, ու շատ տխուր ժպիտ ուներ: Ես նրան, իհարկե, հետը ծանոթանալու համար, հարցրեցի.
– Քույրիկ, էս երթուղային տաքսին ո՞ւր է գնում:
Նա տխուր ժպտաց ու ասաց.
– Նստել ես, չգիտես ո՞ւր ես գնում:
Ասացի՝ գիտեմ: Ասաց՝ ձմերուկի ես գնում: Ասացի՝ ո՞նց իմացար: Ասաց՝ Թաթամին մեր հարևանն ա: Հարցրեցի՝ անունդ ի՞նչ ա: Ասաց՝ Անուշ: Հարցրեցի՝ որտեղի՞ց ես գալիս: Ասաց՝ Երևանից: Գնացել էի, ընդունվեմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախապատրաստական դասընթացների դերասանական բաժին: Չընդունեցին:
– Ինչո՞ւ,- հարցրեցի:
– Շեկ մազերով, կապույտ աչքերով մի պրոֆեսոր ասաց. «Ասա՝ քարին քամին ասաց բարև»: Ես ասացի՝ քարին քամին ասաց բարև: «Աղջիկ ջան, ոչ թե՝ թարին թամին, այլ՝ քարին քամին ասաց բարև: Գնա, երբ ք-ին ք կասես, էն ժամանակ էլ կգաս»: Անտեր ք-ն ապագաս Արազը գցեց:
Ես Անուշին ասացի, որ նա իմ հանդիպած ամենահրապուրիչ աղջիկն է, որ նա անպայման կհաղթահարի բոլոր դժվարություններն ու կդառնա աշխարհահռչակ դերասանուհի, ինչպես Գալյա Նովենցն ա, որին Անուշը շատ ա սիրում…
– Էսպես ուղիղ կգնաս,- երբ երթուղային տաքսիից իջանք, ասաց Անուշն ու ցույց տվեց Թադևոս Թոնդորակեցու բոստանը: Ես դժվարությամբ բաժանվեցի Անուշից, ինձ հետ տանելով նրա տխուր, շատ տխուր ու անուշ ժպիտը, և ուզեցի, որ նա ք-ին, ք ասի, թ-ին` թ ու ընդունվի թատերական ինստիտուտ…
– Հե՛յ, հե՛յ, հե՛յ, քեռի Թադևոս,- Արազի ափին փռված, մինչև վերջ, մարգ-մարգ խնամված բոստանի եզրին կանգնած՝ բղավեցի ես:
– Այ տղա, կարո՞ղ ա Ձենով Օհանի ցեղից ես: Ձենդ գնաց-հասավ Դիարբեքիր,- կանաչ մարգի միջից գլուխը դուրս հանելով ասաց ունքերը, բեղ-մորուքը ճեպ-ճերմակ մի մարդ ու մոտեցավ ինձ:
– Ես Բռոշկա գյուղից եմ: Վարդոն երեք ամիս քսանչորս օր ա` պառկել ա թախտին, հոգին չի տալիս, ասում ա` գնացեք Արազի ջրով ջրված, Արազի ափին աճած ձմերուկ բերեք, մի դիլիմ ուտեմ, նոր հոգիս տամ: Քեռի, մի ձմերուկ տուր, տանեմ, Վարդոն ուտի: Մենք էլ մեղք ենք…
– Ձեր ցեղում քեզ նման քանի՞ խելոք մարդ կա:
– Շա՛տ: Պրոշյան Եգորը Մոսկվայում մաթեմատիկայի ակադեմիկոս ա: Մորքուրի տղա Վալոդը փարիզներում դոկտոր ա, Համբարձումը մեր գյուղի ֆիզիկոսն ա: Սերգո հորեղբայրը պրոֆեսոր ա: Սաքո Բունյաթովիչը Ղազախստանի ակադեմիայի ակադեմիկոս ա, Պավել Գերասիմովիչը՝ Լոս-Անջելոսի համալսարանի պրոֆեսոր…
– Էս ո՞ր ամիսն ա ու ամսի քանի՞սն ա:
– Պառվի ուլերի չորրորդ օրն ա, քեռի Թադևոս:
– Ապրես: Գնա, օգոստոսին կգաս:
– Օգոստոսին Վարդոյի փոխարեն մենք կմեռնենք: Առավոտից իրիկուն գոռում ա Արազի ափին աճած, Արազի ջրով ջրված ձմերուկ եմ ուզում…
– Նախ, ձմերուկ չէ, այլ չմեռուկ: Ձմերուկի հայկական անունը չմեռուկ ա: Իմ պապի, պապի հոր անունն էլ Թադևոս էր: Ալաշկերտի դաշտում չմեռուկի բոստան ուներ: Էդ չմեռուկի բոստանում աճած չմեռուկի կորիզը Նոյ նահապետի տապանի միջից էր գտել ու ցանել իր բոստանում: Էդ չմեռուկը աճել-աճել, Արածանին անցել, Մասիս սարի արևմտյան լանջով բարձրացել-բարձրացել` հասել ա մինչև Մասիսի ձյուներին: Էդ տարի պապիս պապի հերը իմանում ա, որ Արարատյան դաշտում, Տայեցի կաթողիկոսի ձեռամբ, Զվարթնոց անունով տաճար են կառուցում: Ամռանը Արարատյան դաշտի կիզիչ արևից քարագործ վարպետները, ճարտարապետները, շինարարները, հացփոր աշխատողները թուլանում են, ու գործը առաջ չի գնում: Պապիս պապի հոր հերը՝ Թադևոսը, չորս սռնիանոց սայլ ա սարքում, Արածանիի ջրով ջրած չմեռուկ ա բարձում, բերում հասցնում ա Զվարթնոց: Կեսօրին պապիս պապի հոր հերը՝ Թադևոսը, չմեռուկները դիլիմ-դիլիմ ա անում, շարում ա արևին: Չմեռուկները սառում են: Զվարթնոցի շինարարները՝ վարպետ ու աշակերտ, քարագործ ու ճարտարապետ ուտում են էդ չմեռուկները: Ոչ միայն ծարավներն ա անցնում, այլև ուժով ու եռանդով են լցվում ու ավելի լավ են սկսում աշխատել:
– Քեռի Թադևոս, էդ պատմությունը պապիդ պապի հոր հերն ա քեզ պատմե՞լ:
– Զվարթնոցի պատին ա գրված: Ֆրանսիացի մի ճանապարհորդ էդ պատի վրա գրվածը արտագրել ա իր ծոցատետրի մեջ:
– Ասել են` առանց ձմերուկ չգաս: Հիմա ես գնամ, ի՞նչ ասեմ:
– Համբերողը շահում ա, վռազողը՝ պարտվում: Մտնեմ քարանձավ, էնտեղ անցած բերքից, դեղի համար մի քանի հատ չմեռուկ պահել եմ:
Ելավ, գնաց-գնաց, մոտեցավ ձմերուկի դաշտի ծայրին գտնվող մի բլրակի: Բլրակի դոշին նեղ դուռ կար: Էդ նեղ դռնով ներս մտավ ու կորավ: Օրը մայրամուտ էր թեքվում: Ես մտածում էի` ո՞նց եմ տուն հասնելու, բայց դեռ միտքս չավարտած, բլրակի դոշի նեղ դռնից քեռի Թադևոսը դուրս եկավ՝ թփից նոր քաղած մի մեծ ձմերուկ գրկած: Ես ուրախությունից ծափ տվի:
– Էս ինչ հրաշք չմեռուկ ա, քեռի,- բղավեցի, ու ձայնս զնգաց իրիկնամուտի լռության մեջ:
– Առ՛, թռի՛: Վարդոյին շատ բարև կանես: Հա, չմոռանամ, չմեռուկը գրկած կտանես… Գնաս բարով:
Ես չմերուկը առա ու մի շնչով հասա գյուղամեջ, նստեցի Երևան մեկնող երթուղայինը: Երևանում նստեցի Բռոշկա մեկնողը: Արևամուտին հասա տուն:
Վարդոն, մեծ սենյակի թախտին պառկած, շատ անուշ տնքում էր: Նրա չորսբոլորը նստած էին վեց տղաներն ու հինգ աղջիկները՝ իրենց տղաների, աղջիկների, հարսների, փեսաների, թոռների, ծոռների, խնամիների հետ, ու թանկագին մոր հետ շնչում, արտաշնչում էին…
– Չմեռուկը բերեցի՛,- գոռացի ես:
Բոլորը միանգամից շունչները պահած նայեցին ինձ այնպես, ինչպես հավատացյալներն են նայում Փրկչի հայտնությանը:
– Հայի Աստված, փառքդ շա՛տ… Տո՛ւր, տո՛ւր կտրեմ մի դիլիմ, տամ` մայրս ուտի հանգստանա: Մամ ջան, բոյիդ մեռնեմ, Արազի ափին աճած, Արազի ջրով ջրված ձմերուկը Ռուբենը բերել ա,- ասաց Վարդոյի մեծ տղան՝ Անուշավանը, որ աստղագիտության դոկտոր ա, ձմերուկն իմ գրկից վերցրեց, դրեց մեծ սեղանի կենտրոնում, մեծ դանակով դիլիմ-դիլիմ արեց: Տունը ձմերուկի անուշ բույրով լցվեց:
– Տվեք, մի դիլիմ տվեք, մաման ուտի` սիրտը հովանա…
Վարդոյի փոքր աղջիկը՝ Շողերը, մի ձեռքով բարձրացրեց Վարդոյի գլուխը, մյուսով մի դիլիմ ձմերուկը մոտեցրեց Վարդոյի բերանին:
– Մամ ջան, Վարդո ջան, իմ քաղցրիկ, իմ անուշիկ մայրիկ ջան, Արազի ափին աճած, Արազի ջրով ջրված ձմերուկը Թաթամին ուղարկել ա, որ ուտես, առողջանաս…
Վարդոն մայրամուտի արևի պես ժպտաց ու մտավ վերմակի տակ:
Բոլորը խորը, շատ խորը հառաչեցին…
– Մաման քնեց, շատ հանգիստ քնեց… Մամ ջան, պապային կբարևես…
Վարդոյի վերմակի տակից ծիծղուն մի աստղիկ դուրս եկավ, պտտվեց մեծ սենյակով մեկ, պատուհանից դուրս ելավ ու գնաց, գնա՛ց, գնա՛ց խառնվեց երկնքի աստղերին:
Վարդոյի վեց տղաներն ու հինգ աղջիկները՝ իրենց տղաների, աղջիկների, հարսների, փեսաների, խնամիների, քավորների, թոռների, ծոռների հետ ա՛խ քաշեցին ու լաց եղան: Միայն ծոռ Վարդանուշիկն ա, ում Վարդո են ասում և ում երեք տարին նոր ա լրացել, բարձրացել էր ճկված աթոռին ու բարձրաձայն արտասանում էր.
– Մեկ, երկու, երեք, մի ձմերուկ բերեք, չորս, հինգ, վեց, ընկավ կոտրվեց…