20-րդ դարի հայ գրականության լեգենդ,- այսպես եմ բնորոշում Սիլվա Կապուտիկյանին, ով մեր իրականության մեջ մնաց իր համարձակ ու հախուռն հայրենասիրությամբ, «Հայոց լեզու» բանաստեղծության խորհուրդը սերունդներին պատգամելու՝ միա՛յն կապուտիկյանական զգաստությամբ, բնատուր տաղանդով, քնքուշ ու հաճախ պարտադրող հոգեցունց տողերով, հայուհու աննահանջ կերպարով ու հպարտությամբ: Ահա հենց այս անկորուստ զգացումով էլ հունվարի 20-ին` բանաստեղծուհու ծննդյան օրը, Հայոց մեծերի պանթեոնում հավաքվել էին նրա պոեզիայի երկրպագուները, գրչակից ընկերները, իր անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, լրագրողներ, ասմունքողներ… Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բարձր գնահատելով բանաստեղծուհու գրական վաստակն ու հասարակական լայն գործունեությունը, խոնարհումի խոսքերով ու հպարտությամբ խոսեց նրա գրական ժառանգության և Կապուտիկյանի նկատմամբ ժողովրդի մեծ սիրո մասին: Միլիտոնյանը մատնանշեց, որ բանաստեղծուհու 95-ամյակն է, և տարին պետք է կոչել Կապուտիկյանական:
Հուզիչ էր բանաստեղծուհու մտերիմ բարեկամ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի խոսքը: «Կապուտիկյանը միայն բանաստեղծ չէր. նա մեծ քաղաքացի էր, իր ժողովրդի նվիրյալ զավակը: Արցախյան ազատագրական պայքարի օրերին, չխնայելով ո՛չ առողջություն, ո՛չ ժամանակ, զբաղված էր իր ժողովրդին մտահոգող հրատապ խնդիրներով: Մոսկվայում, այդ նպատակով կազմակերպված հանդիպման ժամանակ, նա քաջաբար ընդդիմացավ Գորբաչովին՝ մանրամասնորեն ներկայացնելով ազատության ու անկախության համար պայքարի ելած ժողովրդի խնդիրներն ու պահանջները: Բանաստեղծուհու տունը միշտ էլ կանչում էր մտավորականներին, նրա կողքին մարդիկ հանգիստ էին, ինքնավստահ: Կապուտիկյանի ճանաչումն ու վաստակը հոգևոր վահան էր, և շատերն էին ուզում հանդիպել նրա հետ, լսել նրա մոգական ձայնը: Չնայած հառաչանքն անպակաս էր նրա մտահոգության խորքերում, սակայն նրանից հեռանում էինք ավելի զորեղացած: Եվ կարծիքը, որ հայտնեցի, այդ տարիներին ստացած տպավորության արդյունքն է: Այո՛, բանաստեղծուհին գրականության զինվոր էր, հայրենիքի զինվոր ու սփյուռքագետ: Հովհաննես Թումանյանից հետո երկրորդն էր, որ արժանացավ Ամենայն Հայոց կոչմանը: Միայն ազգի բացառիկ նվիրյալը կարող էր հասնել ժողովրդի կողմից տրված նման բարձր ու անհասանելի գնահատականի:
Բանաստեղծուհու մասին հուշեր պատմեց նրա տուն-թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաճյանը, ինչից հետո պանթեոնը ողողվեց կապուտիկյանական պոեզիայի գույներով: Ասմունքում էին նաև երեխաները: Այնուհետև տոնական տրամադրությունը տեղափոխվեց Ավ. Իսահակյանի անվան գրադարան, ուր ջերմ շուքով նշվեց բանաստեղծուհու 95-ամյակը: Կապուտիկյանը դարձյալ ներկաների հետ էր` իր տեքստերով գրված երգերով, բանաստեղծություններով ու հռետորական պատգամներով:
Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի ու Սիլվա Կապուտիկյան հիմնադրամի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանի մեծարանքի խոսքերից հետո ավարտվեց Կապուտիկյանական տարվա առաջին օրը, իսկ ես այս փոքրիկ խոսքով, որպես փոքրիկ բացիկ ու մեկնակետ, բացեցի տարվա առաջին էջը:
Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ