«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ», ԹԻՎ 43 …ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ / Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Վազգեն ԳաբրիելյանԱմեն ուրբաթ առավոտ, երբ տանից դուրս եմ գալիս, կինս չի մոռանում հիշեցնել.
– Չմոռանաս` այսօր «Գրական թերթի» օր է:
Սովորություն է: Թերևս անհրաժեշտություն, եթե գրական մի ընտանիքի (միության) անդամ ես ու նաև գործ ունես բանասեր ուսանողների հետ: Բայց բոլո՛րը չասեմ՝ շատե՞րն են գրականագետ դասախոսներից և բանասեր դարձող ուսանողներից կարդում գրական մամուլ, թեկուզ միայն «Գրական թերթը»: Իսկ գրողների՞ց, հենց նրանցից, ովքեր Գրողների միության անդամ են կամ որ այնպես համառորեն ուզում են դառնալ միու­թյան անդամ: Քանի՞սն են բաժանորդ այդ միության պաշտոնական թերթին կամ հաճա՞խ են ընթերցում այն: Իսկ միայն միության անդամների թիվը չորս հարյուրից ավելի է: Ուզում եմ հասկանալ նրանցից ոմանց պատճառաբանությունը.
– Մեջը կարդալու բան չկա…
– Բայց չէ՞ որ,- ասում եմ նրանց,- այնտեղ քո միու­թյան մեջ տեղի ունեցող գրական միջոցառումների, գրական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների, նոր լույս տեսած գրքերի մասին տեղեկատվություն կա, քո միության անդամ, հենց քո ընկերների բանաստեղծական նոր շարքը, պատմվածքը, գրքերի մասին գրախոսականը, գրականագիտական, քննադատական հոդված, թատերախոսական, բանավեճ…
Հիշեցնում եմ թերթի որոշակի թիվը: Չի կարդացել: Մյուսը` չի կարդացել: Իր շարքը, իր պատմվածքը, իր հոդվածը, իհարկե, կուզեր տպագրված տեսնել այնտեղ: Այդ համարը (թերևս մի քանի օրինակ) կգներ, կբաժաներ ծանոթներին: Իսկ ընկերները, ում չի ասի, այդպես էլ չեն կարդա իր գրածը, ինչպես ինքը` մյուսներինը:
Այս մասին բանավոր հաճախ եմ ասել: Բայց ահա այսօր որոշեցի գրել: Առիթը «Գրական թերթի» այս թիվն էր` 43 (20 դեկտեմբերի 2013 թ.):
Մտորումների, ինքս ինձ հետ խոսելու ու նաև հեղինակների, ու նաև ուրիշների հետ, առիթ է, մանավանդ դեկտեմբերյան նախավերջին համարն է և ակամա տարեմուտի խոհեր է ծնում:
Թերթի այս համարը, բարեբախտաբար, հավելված էլ ունի: Վերջին շրջանում խմբագրին հաջողվել է հավելվածներով ավելի շատ և բազմաբնույթ նյութերով հարստացնել թերթի համարները: Եվ ահա այս համարը: Թերթելն իսկ մտորումների առիթ է տալիս: Ծանոթ և սիրելի անուններ կան: Կարդում եմ հենց միայն նյութերի հեղինակների անունները և ակամա ուզում եմ ընդդիմախոսել ոչ գրական ու մերձգրական այն անձանց, ովքեր առանց կարդալու ժամանակակից գրողներին, նետում են` մենք էսօր գրող ունե՞նք որ, ավելի «գիտակները»՝ ո՞ւր են էսօր մեր Չարենցը, Սևակը: Ավելորդ է անգամ նրանց բացատրելը, որ մեծերը չեն կրկնվում, չեն կրկնվում նաև նրանց ծնող ժամանակները, և որ նրանք նաև մեր ժամանակակիցներն են, որովհետև, հենց Սևակի խոսքերով`
Ուշ-ուշ են գալիս, բայց ո՛չ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին
Եվ ժամանակից առաջ են ընկնում…
Եվ ինչո՞վ ժամանակակից չեն նրանք: Կամ Համո Սահյանը, Վահագն Դավթյանը, Հրանտ Մաթևոսյանը, Աղասի Այվազյանը (վկա` նրանց գործերի վերջին հրատարակությունները, նրանց նվիրված ընթերցումները):
Իսկ նրանց «բացակա» ներկայության կողքին երեկ, այսօր ու վաղը կա շարունակող սերունդը (ավագ, միջին ու կրտսեր տարիքի), որ լցնում է գրական մթնոլորտը` իր ուժերին համարժեք ձայներով ու գույներով. երբեմն` հնչեղ ու հաճելի, հետևաբար տպավորիչ ու ներշնչող, երբեմն` պարզապես ընդունելի, երբեմն էլ թեև գեղեցիկ ու պաճուճված, բայց փուչ, երբեմն էլ ճոռոմ ու խրթին, երբեմն էլ, ավա՜ղ (ինչ կարող ես անել` գրամոլ անտաղանդը բոլոր ժամանակներում էլ կենսունակ է), պարզունակ շարադրանքներով` գեղարվեստի հետ կապ չունեցող: Ընթերցողը, եթե նա մեկ օրվա ընթերցող չէ, առանց քննադատի օգնության էլ կարող է զանազանել լավն ու վատը, բայց քննադատները զանգվածային լրատվամիջոցներով պիտի ուղղորդեն ընթերցողին: Ցավոք, ո՛չ քննադատներն են ակտիվ, ո՛չ էլ ԶԼՄ-ներն են շահագրգիռ գրականությանը տեղ ու եթեր տրամա­դրելու: Բայց Գրողների միության դեմ արտահայտվողներին` խնդրեմ, երբ ուզում եք, միայն թե սկանդալ լինի:
Կարելի էր, չէ՞, մի քիչ էլ գրականությունը գովազդել, ընթերցողին ներշնչել սիրել ու կարդալ այն: Մինչդեռ ԶԼՄ-ները կարծես ավելի շատ հակված են դեպի հակագովազդը: Հիշենք թեկուզ մեկ օրինակ՝ Գրողների միու­թյան վերջին համագումարի լուսաբանությունը:
Արտահերթ համագումար էր` մեկ հարցով: Անժամանակ մեզանից հեռացավ Լևոն Անանյանը, և պիտի ընտրվեր նոր նախագահ: Առաջադրված երեք թեկնածուներ իրենց ծրագրերով արդեն հանդես էին եկել «Գրական թերթում», դահլիճում առաջադրվեց ևս երկու անուն: Յուրաքանչյուրին տրվեց իր ծրագիրը ներկայացնելու հավասար ժամանակ, յուրաքանչյուրի թեկնածությունը պաշտպանող երկու անձի ելույթ: Յուրաքանչյուրը քվեարկությունը անցկացնող հանձնաժողովում առաջարկեց իր երկու թեկնածուներին: Բայց ահա մի «գրող» (մի քիչ էլ գինովցած, չասեմ` հարբած) առաջ է գալիս և խանգարում համագումարի ընթացքը: Նրան իր տեղը նստեցնել հնարավոր չէ: Գրողները պահանջում են լռեցնել: Չի հաջողվում, ստիպված մի երկու հոգի նրան ուզում են դուրս տանել: Չի հաջողվում: Եվս երկուսը իրենց ռեպլիկներով սատարում են խանգարողին: Եվ ահա բոլոր հեռուստալրագրողները, օպերատորները վրա են պրծնում տարբեր կողմերից, վերից, վարից նկարահանում են (սենսա՜ցիա), իսկ երեկոյան (և հաջորդ օրերին կրկնելով) հեռուստահաղորդավարները ցնծությամբ իրար ձայնակցում են` ահա՛, տեսե՛ք, սրա՛նք են մեր այսօրվա գրողները, սա՜ է մեր գրողների մակարդակը: Իսկ նրանցից որևէ մեկը իր թղթակցից ու օպերատորից հետաքրքրվե՞ց, թե ո՛վ էր այդ «գրողը», որ մի երկուսի դրդմամբ խանգարում էր համագումարի աշխատանքը, Գրողների միության հետ որևէ կապ ունի՞, ի՞նչ է գրել` քանի տարի առաջ կամ ինչպիսի՞ն էր դահլիճի վերաբերմունքը խանգարող ընդամենը մի քանի հոգու նկատմամբ: Չէ՞ որ թղթակիցներն այնտեղ էին ու նաև տեսան, նկարահանեցին նաև քվեարկությունը, որ անցավ խաղաղ, հանգիստ, ինչպես իրենք են սիրում ասել` ազատ և թափանցիկ (պարզ է` նաև անկաշառ): Ու բոլոր թեկնածուների կողմից կազմված հանձնաժողովը արձանագրեց, որ ոչ մի խախտում չի եղել, եղել է արդար ընտրություն ու հաշվարկ: Բայց այս մասին լռեցին և՛ թղթակիցները, և՛ հաղորդավարները: Բայց կարելի էր, չէ՞, ցանկության դեպքում, խոսել նաև այդ մասին: Բայց` ո՛չ մի խոսք: Եվ գովազդի փոխարեն եղավ հակագովազդ:
Իսկ գրականություն, այսօր, իհարկե, ունենք: Այսօրը` մեկ կամ երկու տարի չէ: Այսօրը` վերջին երկուսուկես տասնամյակն է, անկախության շրջանը, ուր կողք կողքի ստեղծագործում են 1960-80-ականներին գրական ասպարեզ եկած և անկախության շրջանի սերնդի գրողները, նաև երիտասարդներ, դեռ առաջին գրքերով, որ հետաքրքիր փորձեր են անում:
Բայց վերադառնամ «Գրական թերթի» գրասեղանիս դրված համարին: Ծանոթ և հայտնի անուններ, գրականություն (պատմվածքներ, բանաստեղծություններ), զրույց գրականության և գրական իրադարձությունների մասին: Ահա, առաջին էջում լուսանկարն է սիրելի Մուշեղ Գալշոյանի, ով արդեն 33 տարի մեզ հետ չէ, ու եթե չլիներ դժբախտ պատահարը, այսօր նա կարող էր լինել մեր կողքին: Եվ բանաստեղծ Ղուկաս Սիրունյանի տպավորություններն են Մուշեղի 80-ամյակի (ավա՜ղ հիշատակի) տոնակատարության մասին, որ դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել Թալինի Կաթնաղբյուր գյուղում. կաթնաղբյուրցիների ու հարևան գյուղերից եկած մեծ ու պզտիկի, Երևանից գնացած գրողների այցելու­թյունը Մուշեղի շիրիմին` «ծնկահաս ձյան միջով բացած արահետով», ապա գյուղի մշակույթի անասելի ցուրտ, բայց լեփ-լեցուն դահլիճում մեծարանքի խոսքեր իրենց մեծ հայրենակցի մասին: Շնորհակալություն Ղուկաս Սիրունյանին` այս առիթով Մուշեղի մասին իր խոհագրության, Մուշեղի ու նրա գրականության ոգին ու նպատակը խորապես զգալու, նրա ու նրա ստեղծագործության բնութագրության համար, թե` «շիտակից շիտակ էր, և շիտակությունն էր նրա աստվածը»: Եվ հուշի համար` «տեսա նրա հրացայտ կապույտ աչքերը, նմանը չունեցող ծիծաղը, լռությունն ու պայթյունը»: Կրկին կենդանացավ Մուշեղը իմ հայացքի առաջ…
«Գարուն» ամսագրի բաժնի վարիչն էր: Մի հոդված առաջարկեցի, ոգևորվեց, պատրաստեց տպագրության, ներկայացրեց խմբագրին` Վարդգես Պետրոսյանին: Հոդվածը «Գրական թերթում» լույս տեսած «Սասնա ծռերի» մշակման մի մեծ հատվածի, էպոսի չափածո մշակման մի շատ անհաջող փորձի մասին էր: Մուշեղի խորհրդով հոդվածը ստորագրել տվի նաև համալսարանի՝ բանահյուսության մի երկու մասնագետի: Հոդվածում օրինակներով հաստատվում էր, որ էպոսի այդպիսի մշակումը սրբապղծություն է, էպոսի ոգու և հայոց լեզվի աղավաղում, վախ է հայտնել, թե հեղինակը կարող է ոգևորվել և այդպես «մշակել» ամբողջ էպոսը: Հոդվածը «Գարունը» չտպագրեց: Խմբագիրը Մուշեղին ասել էր` Սաղաթելի հետ («Գրական թերթի» խմբագիրն էր) ջենտլմենական պայմանավորվածություն ունենք` իր թերթում տպագրված նյութերի մասին ես բացասական նյութ չեմ տպագրելու և ոչ էլ ինքը` «Գարունի»: Թող Սաղաթելը հենց ինքը տպագրի:
Իմ տագնապը տեղին էր: Մի քանի տարի հետո, երբ Մուշեղն աշխատում էր Հայպետհրատում որպես գեղարվեստական բաժնի վարիչ, մի օր ասաց. «Գույժը պիտի հայտնեմ` էպոսը ամբողջովին «մշակված», ներկայացվել է բաժին, տալիս եմ ներքին գրախոսության, այնպես պիտի գրես, որ հիմք ունենամ մերժելու»: Գրախոսությունը «այդպես» գրվեց, և «մշակումը» այդպես էլ լույս չտեսավ: Գրական խոտանի դեմ Մուշեղը պայքարել գիտեր: Սասունցու զավակը «Սասնա ծռեր» էպոսի աղավաղումը ո՞նց պիտի հանդուրժեր: Սասունցու զավակ ասացի ու հանկարծ հասկացա, թե Մուշեղի ու սասունցիների հիմնած Կաթնաղբյուր գյուղի մարդկանց մասին ուջանցի Ղուկաս Սիրունյանի այս պարզ լրատվությունը ինչու էր վերածվել խոհուն էսսեի, սիրառատ խոհագրության: Ու հասկացա Մուշեղ և Ղուկաս սասունցիների հոգեկան կապը, ակունքների, արմատների, հայի տեսակի նույնականությունը: Ոչ զարմանալի զուգադիպությամբ, ահա, գրասեղանիս է նաև Ղուկաս Սիրունյանի վերջերս լույս տեսած բանաստեղծական նոր գիրքը` «Իմ թվերը» խորագրով: Ժողովածու չեմ ասում, թեև երեք շարքերով, առանձին բանաստեղծությունների մի հավաքածու է: Գիրք է այն` քնարական ու քնարաէպիկական փոքրիկ պատումներով ամբողջացած, ինքնատիպ մի կառույց և «Իմ թվերի» տակ իր ու մեր պատմությունն է, իր ու մեր անցյալը, ներկայի տագնապները` լավատեսության, հավատի բանաստեղծական ընկալումով:
Ահա, իմ կարծիքով, ևս մի նոր գիրք, որ կարող է հաստատել, ի ցույց թերահավատների, թե այսօր լավ պոեզիա ունենք:
Թերթի առաջին էջում նաև Հրաչյա Բեյլերյանի երկու բանաստեղծությունն է, կարծես որպես գույժ, որ հորձանք է տալիս երկրորդ ու երրորդ էջերում, ուր Գրողների միության կողմից մահախոսականն է շնորհալի բանաստեղծ ու թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանի մասին և ընկերների հրաժեշտի վշտաբեկ, սրտառուչ գնահատանքի խոսքերը Բեյլերյանի գրական վաստակի, «բանաստեղծական ու թարգմանական անկրկնելի տաղանդի մասին», նրան նվիրված բանաստեղծությունները: Իսկ ընկերները հայտնի անուններ են, ինքնատիպ բանաստեղծներ` Հրաչյա Սարուխանը, Հակոբ Մովսեսը, Հրաչյա Թամրազյանը, Շանթ Մկրտչյանը: (Պոեզիա սիրողներին ու կարդացողներին հարկ չկա ներկայացնելու նրանց, իսկ «այսօր պոեզիա ունե՞նք» թերահավատ չկարդացողներին հիշեցնում եմ նաև նրանց անունները):
2013-ի տարեվերջն է, ու ևս մի կորուստ մեր գրական ընտանիքից: Այս էլ որերորդը: Զարմանքի ու ափսոսանքի զգացումին զուգահեռվում է տրտունջ-բողոքը` ի՞նչ ես անում, Աստված… Գրողն էլ մահկանացու է, անշուշտ, բայց ե՞րբ, ո՞ր տարիքում, ի՞նչ մահով: Ափսոսում ես բոլորին, անգամ տարեցներին, բայց… ո՞վ հնարեց այս քաղցկեղը: Գրողների, արվեստագետների երկնահաս «ջարդի» տարի էր այս 1913-ը: Հավատա՞մ, թե 13-ը մոգական ու չար թիվ է. Հովհաննես Գրիգորյան, Վրեժ Իսրայելյան, Վահան Վարդանյան, Վաչե Եփրեմյան, Լևոն Անանյան, Ազատ Գասպարյան. չեմ ուզում հաշվել… հուշատախտակ չէ, ցավ է, ափսոսանք է, բողոք է… ախր, ստեղծագործական բեղուն կյանքեր ընդհատվեցին:
(Որպես հետգրություն դեկտեմբերին գրված այս մտորումների` այսօր` հունվարի 10-ին, ավելացնեմ. հրաժեշտ տվեցինք նաև Լևոն Խեչոյանին: Գիտեինք, որ ծանր հիվանդ է, բուժվում է Գերմանիայում, այստեղ, գիտեինք, բայց ուզում էինք հավատալ, որ կբուժվի: Երբեմն այդպես էլ է լինում, չէ՞: Չեղավ: Արդի հայ արձակը ահավոր ծանր կորուստ կրեց: 1914-ի սկիզբն է` կորուստներ նաև արվեստի նշանավոր դեմքերի: 1913-ը դեռ շարունակվո՞ւմ է, դեռ հի՞ն տարին է: Գուցե հենց հունվարի 14-ից հաշվենք 1914-ը և հուսանք, որ այն այսքան անողոք չի լինի):
Մահը և կյանքը կողք կողքի են, մեկ վայրկյանի հեռավորությամբ, իսկ թերթի էջերում մահախոսականի ու ապրող գրողի հոդվածի միջև` ընդամենը բաժանող մի թավ գիծ: Ահա բանաստեղծ ու դրամատուրգ Սամվել Կոսյանի` քաղաքական մեկնաբանի վերլուծականն է` իրեն մշտապես տրամադրված սյունակը: Գրող-հրապարակախոսի իր սթափ հայացքով նա արձագանքում է շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձություններին, թերևս «Գրական թերթի» ընթերցողների համար, նրանց, ովքեր գուցե ուրիշ թերթեր չեն կարդում, բայց և նրանց համար, ովքեր ուզում են հատկապես գրողի մեկնաբանությունը լսել և ոչ թե քաղաքական կամ կուսակցական գործիչների: Գրողի խոսքն են ուզում լսել:
Երբեմն, ոչ քիչ անգամ, լսել եմ մեղադրանք գրողների հասցեին, թե նրանք ակտիվորեն չեն արձագանքում Հանրապետության քաղաքական-տնտեսական կյանքում կատարվող անարդարություններին, թե ինչու նրանք ընդդիմության շարքերում չեն: Ինչ-որ տեղ սա թյուր պատկերացում է գրողի դերի մասին: Գրողի տեղը հրապարակը չէ: Գրողի դերը հրապարակում գտնվող ու նաև չգտնվող մարդկանց հոգեբանության գեղարվեստական կերպավորումն է, և տեղը` գրական մամուլը: Գրողը կյանքն է պատկերում իր բոլոր կողմերով` քննադատելով կյանքի բոլոր արատները` քաղաքական, հասարակական ու զուտ ներանձնական, մարդկային: Գրողը հրապարակախոս է նաև, բայց գեղարվեստի սահմաններում: Հիշենք Ռուբեն Հովսեփյանի, Նորայր Ադալյանի, Գուրգեն Խանջյանի վեպերը, դրամատիկական ստեղծագործությունները, որոնք տևականորեն բեմադրվում են մեր թատրոններում, Սուսաննա Հարությունյանի, Ալիս Հովհաննիսյանի, Բակուրի, Դավիթ Սարգսյանի, Արամ Պաչյանի և շատերի գործերը, որ մեր ժամանակն են պատկերում, և այդ ամբողջի մեջ կգտնենք մեր կյանքի արատների շատ ավելի քննադատություն, քան հնչում է մամուլում: Գրողը քաղաքական, կուսակցական գզվռտուքների «հրապարակախոսը» չպետք է լինի այն մակարդակով, որ այսօր ծավալվում է կուսակցական մամուլում ու սոցցանցերում: Հասարակությանը հուզող, տագնապեցնող հարցերի, երկրի առջև ծառացած խնդիրների նկատմամբ գրողը չի կարող անտարբեր մնալ, չի կարող չարձագանքել գեղարվեստական ստեղծագործությունների մեջ` երբեմն չափից ավելի շատ հակվելով դեպի հրապարակախոսություն` ի վնաս գեղարվեստականության: Երկու դեպքում էլ, թերևս, մերժելի չէ մոտեցումը, երկուսի համար էլ ընթերցողի տեսակը կա: Բայց կա նաև զուտ հրապարակախոսությունը (ելույթ, հոդված), որին քիչ էջեր չէ, որ հատկացնում է «Գրական թերթը»: Արդեն հիշել եմ Սամվել Կոսյանի «Գրողի քաղաքական ամբիոնի» մշտական սյունակաշարը: Թերթի առաջին էջում հաճախ տպագրվող խմբագրի «Դիտանկյուն» սյունակաշարի կողքին տարբեր հեղինակների (Ն. Ադալյան, Ֆ. Բախչինյան, Հրաչօ, Լ. Մութաֆյան, Նանե, Վ. Ալեքսանյան և ուրիշներ) հրապարակախոսական նյութերն են` արձագանքը այդ օրերին (և ոչ միայն) մեր հասարակությանը հուզող, զայրացնող իրողությունների ու իրադարձությունների:
Մեր հասարակության մեջ գրողի դերը երևի շատ ավելի է կարևորելի, որովհետև խաթարված բարքերի, գլխիվայր շրջված արժեքների վերլուծությունը, դիտարկումը երևի թե արվեստագետ մտավորականի խոհուն մտքի կարիք ունի: «Մեր տակառի լուծույթը դեռևս պղտոր է»,- ասում է մեր արձակի այսօրվա լավագույն ներկայացուցիչներից մեկը` Ռուբեն Հովսեփյանը, այն հարցազրույցում, որ նրա հետ վարել է Սերգեյ Մուրադյանը (հարցազրույցը նույնպես տպագրված է «Գրական թերթի» այս համարում): Զրույցի նյութը այսօր մեր կյանքում գրողի և մտավորականի դերի խնդիրը լինելով` ակամա խարսխվում է գրողի անցած ճանապարհի, խոհերի, կենսափորձի հուշումների վրա, քննարկում է կյանքի և գրականության հարաբերության խնդիրը: Հովսեփյանը արդի գրականության ավագ սերնդի ներկայացուցիչներից է, 1960-70-ականների հայտնի սերնդի` Աղասի Այվազյանի, Մուշեղ Գալշոյանի, Հրանտ Մաթևոսյանի, Պերճ Զեյթունցյանի, Զորայր Խալափյանի, Հովհաննես Մելքոնյանի, Նորայր Ադալյանի, և իր տարիքի ծանրակշիռ վաստակը, բարեբախտաբար, այսօր էլ հարստացնում է նոր էջերով:
«Այսօր մենք լավ գրակություն ունե՞նք» հռետորական հարցադրմանը իմ ևս մի հարց-պատասխանը` իսկ Հովսեփյանի «Ծիրանի ծառերի տակ» վեպը կարդացե՞լ եք: Հենց մեր ժամանակի, անկախության տարիների մեր կյանքի, խառնակ ժամանակների վիպական պատմությունը: Իրապես գեղարվեստական պատում` տեսանելի ու ենթատեքստային հարցադրումներով, որ ճշմարիտ գրողի` երկրի տիրոջ, մտահոգ քաղաքացու ներկայությունն է հուշում:
Այս ոչ մեծ հարցազրույցը, որ ոչ միայն իր գրականության ստեղծման անկեղծ ու խոհուն մեկնաբանություն-բացատրությունն է, այլև գրականության ընդհանրապես, որ գրողի կենսագրության շուրջն է հյուսվում, նրա տեսածի ու վերապրածի, նրա ժամանակի թելադրանքն է, ավելին` անցյալ ժամանակների` որ իր ժողովրդի հիշողությունն է ու արյան միջոցով թե ուսումնասիրությամբ դառնում է իրենը: Ռուբենի այս հարցա­զրույցը հաստատապես կարող է ուսանելի լինել գրական նոր սերնդի համար: Ճշմարիտ է Հովսեփյանը` ասելով, թե «երկար ժամանակ, մինչև այսօր էլ ես չեմ ազատագրվել իմ մանկության տպավորություններից»: Դրանցով է ձևավորվում գրողը, հետագա տպավորությունները, կենսափորձը լոկ հարստացնում են նրան: Իսկ այսօրվա ձևախեղված չափանիշները, կեղծ արժեքների տարփողումը, անշուշտ, վրդովեցնում են Հովսեփյանին, բայց տարիների իր կենսափորձի հուշումով նա խաղաղաբար հավատացնում է զրուցակցին, թե` «Առայժմ պղտոր է մեր տակառի պարունակությունը»: Առայժմ: Պատկերավոր համեմատությունն իրենն է. «Մեր տակառի լուծույթը դեռևս պղտոր է: Առերևույթ մի շերեփ անվերջ խառնում է տակառի պարունակությունը և անորոշ ժամանակով երկարաձգում նստվածքի առաջացման ու ջրի զտման, զուլալման բնական ընթացքը: Եվ քանի դեռ խառնվում է լուծույթը, այո, «մեր ժամանակի հերոս» կարող են կոչվել բոլոր նրանք, ովքեր իրականում հակահերոս են, լավագույն դեպքում` ժամանակավոր հերոս: Ժամանակավոր, որովհետև լողալով պղտորության երեսին` առայժմ իրենք են նկատելի: Մամուլը նրանց է տեսնում, ռադիոն, հեռուստատեսությունը, համացանցը` նույնպես, արտաքնապես տեղեկատվական, քարոզչական այս հզոր մեքենան չի զլանում վազվզել փրփուրների ետևից…»:
Այո՛, սիրելի՛ Ռուբեն, այսօր ամեն ինչ դարձել է շոու: Որտեղի՞ց էլ գտան բառը: Ավելին` «բիզնես-շոու»: Այսօր ամեն մեկը ուզում է բիզնես անել: Առնող-ծախողները` (հիշեցի սպեկուլյանտների նկատմամբ մեր հին վերաբերմունքը) հասկացանք: Իսկ արվեստո՞ւմ… Ով երաժշտական գործիքների աղմուկի մեջ ձայներ է արձակում կամ միայն բերանն է բացուխուփ անում, անշուշտ թռվռալով կամ ակրոբատիկ շարժումներով, հաջորդ օրը զանգվածային լրատվամիջոցներով, նրա «յուրայինների» ջանքերով փառաբանվում է, հռչակվում «աստղ»:
Եվ այնքա՜ն շատ են այդ «աստղերը»: Երկնքում էլ աստղեր չեն մնացել, բոլորն իջել են բեմահարթակներ, հրավիրվում են զանազան ակումբներ («քլաբներ»), ծափահարվում, մեծարվում, և այդ ամբողջն ամեն օր եթերից մեզ նայել են պարտադրում, սկավառակներով ու ալբոմներով բազմատիրաժ են դարձնում ձևավորողի ջանքերով սարքված մի երգ, որի անմիտ, անհամ, պարզունակ տեքստը բանաստեղծական շնորհից զուրկ իր ընկերն է գրել, երաժշտությունը` իր ընկերուհին, կամ նրանք, որ «աստղին» ուղեծիր են հանում: Դեռ ավելին` հարկավոր է նրա դեմքը մշտապես հեռուստադիտողի հայացքի առաջ պահել: Նկարահանում են նրան կամ կինոսերիալներով մի քանի անգամ հանդես եկած մի «դերասանի», իր տանը, պտտեցնում տան բոլոր անկյուններով, մեկ-մեկ ցուցադրում, թե ինչ իրեր կան ննջասենյակում, զգեստապահարանում, անգամ լողասենյակում: Տնից տուն են շրջում, էստաֆետով, այսօրվա հյուրընկալը վաղը մեկ ուրիշի հյուրն է: Նվերներ են հանձնում, առևտրի են գնում, համեղ կերակուրներ պատրաստում (տեսե՜ք, այս շնորհքն էլ ունի), և այսպես ժամեր է վատնում հեռուստաալիքը, հասկանալի է` ինչ գումարներով հարստանալով, իսկ «աստղը» մի անգամ էլ է շողարձակում երկնակամար-եթերում` հաստատելով իր տեղը շոու-բիզնեսում: Զավեշտ է: Այնքան հաճախ են նրանց էկրանից «խոթում» հանդիսատեսի աչքը, ինչպես հավերժ կրկնվող մյուս գովազդները, որ եթե անգամ չես ուզում նայել, ակամա դաջվում է հայացքիդ մեջ, չուզելով անգամ` վարժվում ես, դառնում է ծանոթ դեմք: Զավեշտ է. «Արդյոք ովքեր են» հաղորդման մեջ ինչ-որ մի Ջուսի, մի Շպռոտի նկարից ճանաչողները քառակի ավելի են, քան, պատկերացնո՞ւմ եք, Մեսրոպ Մաշտոցին, Վիլյամ Սարոյանին, Վիկտոր Համբարձումյանին: Անձամբ եմ դիտել այդ խայտառակությունը:
Զուր վատնած այդ ժամերից կարելի էր, չէ՞, մի քիչ էլ հատկացնել գրականությանը, այսօրվա ապրող գրողներին, լսել նրանց խոսքը, խոսքեր նրանց մասին, նրանց բանաստեղծությունները, նրանց գործերի էկրանավորումներ, որ հաստատապես ավելի շատ բան կարող են տալ դիտողներին, ովքեր նաև դեմքով կճանաչեին մեր գրողներին: Գրողի խոսքը, գրական հաղորդումը, հեռուստաթատրոնը, որ դարձյալ գրողի խոսք է, կարծում եմ, այդպես է եղել, հասարակության գեղագիտական ու մտավոր զարգացման, երկրի ճակատագրով մտահոգ, իր հողը, իր տունը սիրող քաղաքացու դաստիարակության կարևոր միջոց է եղել ու կարող է լինել նաև այսօր, լինել նաև «մեր տակառի պղտոր պարունակության» զուլալման մի միջոց:
Կան, չէ՞, մարդիկ այս երկրում, ովքեր սիրում են իրենց հողը, հայրենիքը, ստեղծում են իրական բարիքներ, արվեստի գործեր, զբաղվում են գիտությամբ, ծառայում են մարդկանց իրենց մեծ ու փոքր գործերով, դրական լիցքեր են հաղորդում շրջապատին, ահա, նրանք` իրենց խոսքով, նրանց կերպարները գրական ստեղծագործություններում, ֆիլմաշարերում պիտի հաճախադեպ դառնան հեռուստաեթերում, որովհետև ավելի տպավորիչը, ազդեցիկը, փոխանցվողը խոսքն է, խոսքի ուժը: Ասված է` ինչ որ եղավ, եղավ խոսքով, սկզբում բանն էր` խոսքը: Թող լույս լինի, ասաց, և եղավ: Միայն թե այդ խոսքը հավատ ներշնչի: Արդի հայ արձակում քիչ չեն այդպիսի հերոսները, հեռուստաէկրանում նրանց հաճախադեպ երևումը չափազանց կարևոր է, մենք պիտի տեսնենք նրանց, լցվենք նրանցով, սիրենք նրանց: Դրական ճնշումով է բացասականը ակամա տեղի տալու: Ողջունելի են «Առաջին ալիքով» վերջին շրջանում ցուցադրված հայ դասական պոեզիային նվիրված «Հայադարան» հաղորդաշարը, «Մեր գյուղը» և «Շտապ օգնություն 3D» ֆիլմաշարերը, որոնք սիրով ընդունեց հեռուստադիտողը:
«Գրական թերթի» այս համարի հավելվածում անվանի արձակագիր Նորայր Ադալյանի պատմվածքն է` «Ինչպես չգրել պատմվածք» վերնագրով: Հեռավոր ուսանողական տարիների իմ դասընկերոջը պիտի ասեմ. «Սիրելի Նորայր, որքան էլ դու «ջանացել» ես, բայց քեզ չի հաջողվել պատմվածք… չգրել»: Դա իսկական և վարպետորեն հյուսված պատմվածք է, որովհետև ստեղծվել է չափազանց հետաքրքիր ու կենդանի մի կերպար, որ գրող է ու չի ուզում պատմվածք գրել, և չուզենալու պատճառը այն կյանքն է, որի մեջ է ինքը: Կյանքն է իրենից դուրս, որ դիտում է ութերորդ հարկի իր բնակարանի խուլ փակված պատուհանից, իր անձնական կյանքն է` կնոջ նկատմամբ ունեցած կասկածա­մտությունը, սերը, խանդը: Անանուն հերոս, որ իր մասին ասում է` «մարդ եմ և վերջ»: Մարդ է` ներամփոփ, «անձայն ինքն իր հետ խոսող», ում խոսքը, սակայն, սրամիտ մի հնարանքով (պատմվածքի վերջին տողերը) հեղինակը հասցրել է ընթերցողին:
Այս պատմվածքը կրկին վկայում է, որ Ադալյանը տիրապետում է պատմվածք գրելու տեխնիկային, ունի խաղացկուն ոճ` հումորիկ երանգավորումով, նուրբ դիտողականություն, ասելիք ունի, որովհետև կյանքը տեսնում է իր բազմազանության մեջ, այնպես, ինչպես իր ամբողջ գրականության` պատմվածքների, վեպերի, դրամատիկական գործերի մեջ, որոնք գտել են իրենց ընթերցողին: Որախ եմ, որ այսօր էլ չի դանդաղում Ադալյանի ստեղծագործական ռիթմը:
Թերթի այս համարում շարունակվում է խմբա­գրության` նյութերի ժանրային բազմազանության սկզբունքը` արձակ, պոեզիա, հրապարակախոսություն, գրական քննադատության խնդիրներ, տեղեկատվություն և այլն: Պոեզիային հատկացված է ամբողջ երկու էջ (հավելվածի շնորհիվ) Յուրի Սահակյանի, Լևոն Բլբուլյանի, Մանասեի և Անուշ Վարդանյանի բանաստեղծություններն են, իրարից զանազանվող, որոշակի տրամադրությամբ ու ասելիքով, որ մտորելու առիթ են տալիս:
Կրկին ինձ ուրախացրեց իմ վաղեմի ընկերը՝ Հրաչյա Մաթևոսյանը` Հրաչօն, որ առողջական ծանր վիճակում անգամ նրա միտքը այսքան պայծառ է, որ սուր քննադատական իր հոդվածն անգամ վերնագրում է «Հոգսը խեղդելու, երկիրը պահելու կորովը պահենք» և երկիրը երկիր պահող մարդկանց նկատմամբ այսքան սեր ունի ու հավատ (քանի՜-քանիսին է դարձրել իր ակնարկների հերոսը): Ուրախացրեց մեր օրերի դրական հերոսների մասին իր էսսե-դիմանկարներից ևս մեկով, որ գովք է հայոց բառ ու բանին, բանաստեղծությանն ու այն հնչեցնողներից մեկին` ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանին: Հաճելի է կրկին տեսնել դերասանուհու ժպտացող պատկերը` վերապրելու համար նրա հրաշալի ձայնը, որ հնչեցնում է Չարենցի «Տաղարանը», հայոց բանաստեղծությունը, որ նրա շուրթերին իսկապես ծաղկում էր: Ժենյան, կարծում եմ, մեր գրական ընտանիքի հավասար անդամներից է, ինչպես այնքան ժողովրդական Ազատ Գասպարյանը, ում անունը վերը հիշատակեցի այս տարի մեզանից հեռացած գրողների անունների կողքին:
Չեմ կարող չկարևորել թերթի այս համարում գրականագետ-քննադատ Պետրոս Դեմիրճյանի «Ազգային միասնականացման ժամանակը» հոդվածը, որ շատ կարևոր խնդիր է առաջադրում` մեր ազգային գրականության, մշակույթի միասնականացման խնդիրը: Հետադարձ հայացքով հիշատակելով 19-րդ դարի դարակեսից սկսված, համիդյան բռնությունների շրջանում դադարող, ապա ստեպ-ստեպ ուժեղացող կապերը արևելահայ և արևմտահայ գործիչների միջև (հատկապես քննելով Պոլսի գրողների ջանքերով 1911 թ. տպագրված «Շիրվանզատե և իր գործը» ուսումնասիրությունների ժողովածուն), ապա Սփյուռքի և Հայաստանի գրողների ջանքերը` թռուցիկ անդրադարձով, Դեմիրճյանն առաջադրում է իր ցանկություն-ասելիքը, թե հենց այսօր, «երբ վերջապես ունենք անկախ պետականություն, սեփական հող, թվում է, ամենահարմար ժամանակն է իրական կյանքի կոչելու… միասնական հայ գրականության ու մշակույթի» ստեղծման ցանկությունը: Կարևոր ցանկություն, կարևոր խնդրի առաջադրում: Կարծում եմ, այս հոդվածը կունենա շարունակություն, ուր կմանրամասնվեն այսօրվա նախադրյալները, նաև խանգարիչ հանգամանքները, կառաջադրվեն նպատակի ուղիները, որ դեռևս խորհրդահայ գրողների համագումարում 1946 թ. (սփյուռքահայ պատվիրակների ներկայությամբ) բանաձևեց Ավ. Իսահակյանը` «Մեկ ազգ մեկ գրականություն է»: Իսկապես, ի՞նչն է խանգարում միասնացմանը. Հայրենիքը անկախ է, չկա «սովետական» խանգարիչը, չկա կուսակցական (դաշնակ-կոմունիստ) թշնամական հակամարտությունը, դաշնակցությունը և բոլոր կուսակցությունները ազատ գործում են Հայաստանում, այցելությունների ոչ մի արգելք չկա, գրողը ազատ է, կարող է գրել ինչպես և ինչ ուզում է, սփյուռքահայ գրողը տպագրում է իր գրքերը երկրում, սփյուռքահայ գրողը Հայաստանի գրողների միության անդամ է:
«Գրական թերթի» այս համարը (և ոչ միայն այս) բազում խոհեր է ծնում, բայց ծավալվել հնարավոր չէ: Այս անունների կողքին կան շատ ուրիշ անուններ թերթի ուրիշ համարներում: Նաև գրական պարբերականներում: Բազում գրքեր են տպագրվում` թույլ, միջակ նաև լավ: Կարդալու գրականություն կա: Ու պարտադիր չէ, որ բոլոր ընթերցողները հավանեն ամեն ինչ (ընթերցողի ենթակայական վերաբերմունքի, ճաշակի, զարգացածության գործոններն էլ չմոռանանք), կարևոր է, որ ընթերցողը կարող է այդ գրականության մեջ գտնել իրեն հուզող ոչ քիչ հարցերի պատասխաններ: Միայն թե հարկավոր է կարդալ: Բայց գրողն էլ, թերևս, պիտի ընդունի, որ «ընթերցող» արտահայտությունը այսօր մի քիչ հնացել է, նախկին զանգվածային ընթերցողն այսօր չկա, շատերն էլ պարզապես «դիտող» են` կառչած հեռուստաէկրանին կամ համակարգչին, գրքերից ավելի ուրիշ հետաքրքրություններ էլ ունեն, պարզապես ժամանակ չունեն կարդալու: Բայց գրողը, միևնույն է, պիտի ստեղծի, թեկուզ սակավաթիվ ընթերցողի համար, պիտի գրի, այսօր գրեթե առանց վարձատրության, որովհետև չի կարող չգրել (խոսքը ճշմարիտ, կոչումով գրողի մասին է), պիտի պարպվի իր ներսի լիցքերից, ուրիշներին հաղորդակից դարձնի իր խոհերին: Առանց շահի «ինչո՞ւ կգրեք, մի՛ գրեք» ինքն իրեն ուղղած հարցին Հակոբ Մնձուրին պատասխանում էր. «Ատ չենք կրնար ընել: Մեր շուրջը, մեր տեսածները, աշխարհը, դուրսը, դեպքերը, մարդիկ, մեզ կը լեցնեն: Չենք կրնար միայն դիտել: Պիտի պարպվինք: Պիտի ըսենք: Ի՞նչ է գրականությունը ամենեն վերջը, մեկ բառով: Ըսել է, ինքզինքը գրել է»:
Գրողը պարպվում է, և ընթերցողը հաստատապես լցվում է, հարստանում է հոգեպես, մտավոր պաշարով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։