ՀԵՆԱԿՆԵՐ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻՑ / Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նորայր ԳրիգորյանՔո ձեռքը բռնեցին
Մանկան պես,
Երբ հոգեբուժարանում
Խոսում էին տիեզերքի
Գաղտնիքների մասին:
Երբ գեղեցկության սրահում
Զառամյալ պառավը
վաճառում էր մազերը,
Ու գնորդն արդեն համոզվել էր,
Որ պառավի
մազերը
համապատասխանում են
Իրենց հայտարարած
բոլոր չափանիշներին:
Երբ բարեգթությունը հայտնվել էր
Բոլոր շենքերի առաջին հարկերում`
Դեղատան տեսքով:
Երբ քրջի բազարի
Այդ օրվա ողջ եկամուտը կազմել էր
2005 դրամ, որն իրավունք էր վերապահում
Ֆինանսների նախարարին
Արդեն վստահորեն խոսելու
13 տոկոս տնտեսական աճից:
Երբ դատարկ էին Արցախ մեկնող գազելներն,
Ու լիքն էին օդանավակայանի սրահները:
Երբ ՌԴ-ում գործերի մեջ
Անհաջողության մատնված Պողոսը
Մի կերպ տոմսի փող մուրալով`
Վերադարձել էր հայրենիք,
Ու հեռուստաալիքները
Հանգիստ չէին տալիս խեղճ Պողոսին.
Քիչ էր մնում նրան հռչակեին
Ներգաղթի արքա:
Երբ սեփականաշնորհման նախարարն
Ապրում էր վարձով,
Լուսավորության նախարարն՝ անլույս,
Ֆինանսների նախարարը վաղ առավոտյան
Կարտոֆիլ վաճառող հարևան քյավառցուց
Պարտքով փող էր խնդրում,
Իսկ փոխքաղաքապետը
Դալմայի այգիների իսկական տերերի հետ
Եղանը ձեռքին` ներխուժում
Կառավարության շենք:
Քո ձեռքը բռնեցին
Մանկան պես
Եվ տարան-նստեցրին
Եվրոխորհրդի նիստերի դահլիճի
Ամենաշքեղ նստարանին:
Իսկ գյուղական դպրոցում
Դեռահաս աղջնակը սառը նստարանին
Նայում էր ուսուցչուհու պատառոտված կոշիկներին
Եվ որոշում կայացնում.
Բանասիրական ֆակուլտետ
Չընդունվելու դեպքում էլ
Դառնալ արձակագիր:
Քանի՛-քանի նորավեպ կգրի,
Եթե քրքրված վերարկուն
Չկպչի ու մնա
Սովետից ժառանգած
Դպրոցական նստարանին:
Սակայն օպտիմալացման գաղափարը
Մեկընդմիշտ ցրեց աղջնակի միտքը.
Նա հիշեց, որ տնտեսված գումարներով
Իր դասասենյակը կջեռուցի,
Եվ իրենց դասարանի ավագը
Գիշերները երազում կտեսնի
Իր վառվռուն այտերը:
Իսկ դեղատներում Սեր էին վաճառում,
Ինչքան ուզես, զարդարված,
Զարդատուփերով, գրեթե անվճար:
Այն արտադրվել էր Լաչինի
Մարդասիրական միջանցքում
Եվ կարող էր հրաշքներ գործել.
Միանգամից աճեցնել
Պառավի կտրված մազերը,
Թափուր դարձնել հոգեբուժարանները,
Փոխքաղաքապետին գրկախառնել
Դալմայի այգու ծերունազարդ շինականին:
Դեռահաս աղջնակը կարող էր գրել
Միայն լավատեսական պատմվածքներ:
Բաց են թողնում քո ձեռքը,
Մարդասիրական ինչ-որ կազմակերպություն
Փողոցներն ու մայթերը լցրել է հենակներով,
Վերցրու մի զույգ, հարյուր զույգ,
Քայլիր մի տարի, հարյուր տարի,
Ինքդ քեզ, չէ՞ որ հենակները փայտից են
Եվ դեռ բուրում են նոր կտրված եղևնու
Թարմ բույրով:

One thought on “ՀԵՆԱԿՆԵՐ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻՑ / Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

  1. Այս և այլ հեղինակների երևի թվում է, թե ոչնչով աչքի չընկնող գրվածքը բանաստեղծություն կդառնա, եթե տողատված ներկայացվի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։