ԿՈՒՏՈՒԶՈՎՆ ՈՒ ՉԱՐՉԻՆ / ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ

Լևոն ՋավախյանԹե ոնց պատահեց` մի պատմվածք տպագրեցի «Լևոնի վերադարձը» վերնագրով: Դա աշխարհի ջրբաժանն էր: Երկիրը կիսվեց սևով և սպիտակով: Մի մասը խանդավառությամբ ճակատս էր համբուրում, իսկ մյուս մասն էլ ատելությամբ գալիս թքում էր համբուրած տեղը: Արա, ասի, որ էսենց բուռն արձագանքում են, կարողա՞ իսկականից լավ եմ գրել: Գնացի տուն` մեկ էլ կարդացի: Տեսա՝ լավ չեմ գրել, հանճարեղ եմ գրել… Ես՝ վերնիսաժյան խեղճ ու կրակ մի չարչի, ակամա դարձա հայրենյաց կռվախնձոր: Հիմա ի՞նչ անեմ, չգրե՞մ… Իմ տարիքում սովորաբար կա՛մ գրելը թարգում են, կա՛մ էլ՝ մեռնում… Ես ի՞նչ անեմ, որ իմ մուսան չափահասության տարիքի նոր է հասել: Ամեն դեպքում, քաղաքական զբոսանքները շարունակվում են: Մեկ ուրիշի համար դա կռիվ է, իսկ ինձ համար` պատմվածք… Խնձոր եմ, էլի, քաչալ գլխով… Ոչ սրանն եմ, ոչ էլ նրանը, մի կողմից կծում` մյուս կողմից համբուրում են… Ու էդ երկուսի արանքից ծորում է պատմվածքը… Փողոց դուրս գալիս ես կռիվ չեմ ման գալիս: Ես դրա հավեսը չունեմ: Կռիվն ինձ գտավ: Էդ օրը նա եկավ Սմբատ Վասպուրականի ոտով: Առուտուրս թողած, կայտառ, առույգ, դուրս էի եկել մատերիալ հավաքելու: Խաղ ասելով ֆռֆռում էի.
Մեծամեծ մարդիկ հեռու են կանգնած,
Աշխարհքը համբակներուն են թողած,
Ջիվանին էլ կաղ էշով քարավան մտած,
Բանաստեղծ է դարձել` խելքի աշեցեք…
Մին էլ ըհը` Սմբատը… Բողկի պես կաս- կարմիր կտրած… Սրանից էլ լավ կերպա՞ր…Նմանը չունեի: Տրադիցիոն հայրենասեր էր` Լևոնի երդվյալ նվիրյալը: Դա նրա միակ, թերևս անդավաճան սերն էր: Սիրտը նվիրել էր Լևոնին, ինքը մնացել ինֆարկտի տակ: Թևերն ընկած բերում էին հրապարակ, գոռալ տալիս` Լե-վոն…, Լե-վոն…, ապա նույն կերպ գրկած՝ ետ տանում, որ ուժ հավաքի մինչև վաղվա ղալմաղալը… Պայքարը տկարից առողջություն էր պահանջում: Ինքն էլ էր ուզում: Ու ղսմաթը ձեռից բաց չթողեց: Տասն օրը բավական եղավ սիրտը նորոգելու և առողջությունը վերստին կարկատելու համար: Այնուհետև ինքնուրույն էր գալիս Ազատության հրապարակ: Ինքնուրույն էլ գոռում էր` Լե-վոն…, Լե-վոն…
Քաղաքական զբոսանքները չէին դադարել: Սմբատը երևի էնտեղից էր գալիս: Վըրդովված էր: Ինձ տեսավ, ավելի շառագունեց: Ասաց.
– Էսենց էլ երկի՞ր… Հյուսիսային պողոտայում նստած էի: Մի պուզատի գնդապետ էկավ, ասաց՝ էստեղից հեռացեք… Ասի, պարոն գնդապետ, սիրտս վիրահատված ա, վատ եմ զգում… Ասաց, վեր կաց գնա, թե չէ ավելի ես վատ զգալու…
– Էլ ուրիշ նստելու տեղ չունեի՞ր,-ասի:
– Բա դու էլ ուրիշ գրելու բան չունեի՞ր,-հակադարձեց:
Կար-չկար «Լևոնի վերադարձը» սրտին կպել էր:
– Մինչ այժմ,- ասի,- գրել եմ ընենց, ոնց որ ժողովուրդն ա մտածում… Հիմի,-ասի,- ուզում եմ գրեմ ընենց, ոնց որ ես եմ մտածում… Չմտածե՞մ… Թե՞, հմի էլ ժողովրդական ցենզուրայով գնամ…
– Լևո՛ն,- ասաց,- որ քեզ չճանաչեի, կկարծեի՝ Սերժի մարդն ես, կամ էլ պետանվտանգության գործակալ…
– Խի՞,- ասի,- մի կարծիք էլ կա… Ասում են, էդ պատմվածքը գրելու համար տասը հազար դոլար եմ ստացել…
– Ի՞նչ իմանաս- անմեղ, ուսերը թոթովեց:
-Արա,- ասի,- ձեզ թվում ա` ես էնքան դիշովկա եմ, որ համ Սերժի մարդը լինեմ, համ պետանվտանգության, համ էլ տասը հազար դոլար ջեբս դնեմ ու գնամ վերնիսաժում միամիտ կանգնեմ, հա՞… Որ ձմեռը գլխիս ձյուն դնի, գարունը` կարկուտախառը շանթ ու որոտ, ամառը կծկծան շոգ, աշունը` նետահարող անձրև, մնացած օրերին էլ բամբասանքի տակ մնամ, ու ես երջանիկ լինեմ, հա՞…
– Լևո՛ն, լավ իմացի,- ասաց,- դու մահացու մեղքի մեջ ես… Գրողը պիտի ընդդիմադիր լինի, հասկացի, գրողը պիտի ընդդիմադիր լինի… Դու տաղանդավոր գրող ես, բայց անտաղանդ մտածող…
– Ավելի լավ ա,- ասի,- անտաղանդ մտածող լինեմ, քան տաղանդավոր խառնարկիչ…
– Լևո՛ն,- ասաց` ատամները կրճտացնելով,- մարտի մեկի գիշերը ես Ազատության հրապարակում էի: Էդ ծեծ ու ջարդը իմ աչքի առաջ ա եղել: Էս ձեռքերով եմ արյունլվա մարդկանց նասիլկի վրա դրել… Քիթ, բերան, ձեռ ու ոտ ջարդած` ահել ու ջահել, կին, երեխա… Արյունը ջրի նման գնում էր… Լևո՛ն, էդ արյունը քու վրա է… Նորից եմ ասում` էդ արյունը քու վրա է…,- կարճ մատները աչքերիս էին հասնում: Զարմանալի բան, միջնամատը ցուցամատից կարճ էր ու քթիս տակ տարօրինակ շարժվում էր,- Աչքովս տեսա, մի կնոջ գլխին մահակով էնպես էին խփել, որ գանգը բացվել էր: Այ, էս ձեռքերով,- էլի իր կարճ մատները մեջտեղ բերեց,- ուղեղը հավաքեցի, զգույշ տեղավորեցի գանգի մեջ… Հալալ ա էդ կնոջը, թափած ուղեղով էլ գոռում էր` Լե-վոն…, Լե-վոն… Էդ արյունը,- էլի մատները աչքս մտցրեց,- քու վրա է… Լևոն,- ասաց,- ես քեզ ներում եմ, բայց լավ իմացիր` Աստված քեզ չի ներելու,- ասում էր, կամ որ ավելի ճիշտ` անիծում էր…
Ես նրան ի՞նչ պատասխանեի… Ասեի՞, որ հեղափոխական ճանապարհով բերված ցանկացած ազատություն անազատություն է: Ասեի՞, որ հեղափոխությունները հասարակության զարգացման ճանապարհին վիհ են, որ հետո հարկ է լինում լցնելու մսով և արյունով… Ասեի՞, որ այլևս հեղափոխությունները հասարակության քաղաքակիրթ զարգացման ճանապարհ չեն… Ասեի՞, որ Աստծուն փոխարինող կուռքերով քաղաքացիական հասարակարգ չի ստեղծվում… Ասեի՞… Բայց նա ինձ կհասկանա՞ր…
Վատանալու հերթը արդեն իմ սրտինն էր… Ճաղավանդակն ընկած՝ անհանգիստ խփում էր… Նա՞ էր, թե՞ նա չէր… Առջևս ոնց որ Սմբատ Վասպուրականը չէր` Կուտուզովն էր… Նամանավանդ, ի նկատի ունենալով մասնակցությունը մարտական գործողություններին… Հա էլի, նա էր… Խոսքը որ նրանն էր… Մահվան մահճում չէր, ոտքի վրա էր, մի աչքն էլ կարծես թե կապած չէր, բայց նույն բանն էր ասում… 1813 թվականին էր, ապրիլի 16-ին, Լեհաստան, գյուղ Բունցլաու: Զորավարի մահվան մահճի առջև, ծնկաչոք, Ալեքսանդր Առաջինը ներողություն էր հայցում… Իսկ նա չէր արձագանքում: Ընդամենը ասում էր` Աստված քեզ ների… Իմ Կուտուզովը ավելի բարեգութ էր: Նա ինձ արդեն ներել էր: Բայց գործի մեծ մասն էլի Աստծուն էր թողել: Ես նրա համար ցար չէի: Իմ պատվից վեր էր թագավոր լինելը: Ես այն էի, ինչ կայի… Դա նրան լրիվ բավարարում էր:
Այդ գիշեր ես մղձավանջի մեջ էի: Ի՞նչ մահացու մեղքի մասին էր խոսում… Գրողը ընդդիմադիր պիտի լինի, գրողը ընդդիմադիր պիտի լինի…,- կրկնում էր: Չալարեցի, անկողնուցս վեր կացա, թերթեցի եկեղեցու հայրերի գրքերը: Գտա յոթ մահացու մեղքերը. սևով սպիտակի վրա նշած էր: 1.Հպարտությունը, 2.Նախանձությունը, 3.Բարկությունը, 4.Ծուլությունը, 5.Ագահությունը, 6.Որկրամոլությունը, 7.Բղջախոհությունը: Իմ մեղքը նրանց մեջ չկար: Համակարգիչս միացրեցի ու շարունակեցի փնտրտուքս: Պարզվում է, որ էս վերջերս Կաթոլիկ եկեղեցին դրա վրա ևս երեք մեղք է ավելացրել՝ 1.Կլոնավորումը, 2.Շրջակա միջավայրի աղտոտումը, 3.Թմրաբիզնեսը: Էնտեղ էլ չկար: «Սիրչ» արեցի` ինտերնետով մտա համաշխարհային հանրագիտարաններ… Չկար ու չկար… Բա ինչո՞ւ էր Սմբատը ասում` մահացու մեղքի մեջ եմ… Քունս հարամվեց: Տեղաշորիս մեջ տեղս չէի գտնում: Անկապ շուռումուռ էի գալիս: Գլխիս մեջ շարունակ թափված ուղեղով կնոջ կանչն էր.
– Լե-վոն…, Լե-վոն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։