ԾՈՒՌ ՀԱՅԵԼՈՒ ԷՖԵԿՏԸ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Սամվել-Կոսյան

Ռուս-վրացական հարաբերությունները գնալով ավելի անկանխատեսելի են դառնում, նմանվելով լաբիրինթոսի, որի մեջ հայտնվելով՝ համարյա անիրականալի է թվում դուրս գալը: Վերջերս Ռուսաստանի արտգործնախարարը կրկին հայտարարեց, թե Մոսկվան հուսով է, որ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերու­թյունների վերականգնման հարցը կվերադառնա Մոսկվայի և Թբիլիսիի միջև երկխոսության օրակարգ: «Մենք կողմ ենք հարաբերությունների զարգացմանը, մենք լսեցինք, գնահատեցինք վրացական նոր ղեկավարության մոտեցումները: Եվ կարծում եմ, որ մեր փոխգործակցության գործնական զարգացումը` առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար, արվեստի, գիտության ոլորտներում, շարունակվում է»,- ընդ­գծեց արտգործնախարարը, որին ի պատասխան, Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկաձեն առաջ քաշեց վրացական կողմի նախապայմանը, համաձայն որի. «Վրաստանի համար Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը ցանկալի է, բայց դա ենթադրում է 2 բան. առաջինը` երկրի ապաշրջափակում և երկրորդ` անկախության չեղյալ հայտարարում: Հետևաբար, եթե այս նախապայմանները կատարվեն, մենք մեծ հաճույքով կվերականգնենք դիվանագիտական հարաբերությունները»: Մոսկվան արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների բարելավմանը չի գնա Աբխազիային ու Հարավային Օսիային դավաճանելու գնով: Եվ ի հաստատումն դրա, փշալարեր է անցկացնում Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանով: Թվում է՝ միմյանց նման կողմնորոշումներն իմանալով, կողմերը պիտի հրաժարվեն բառային աճպարարություններից և առավել պատասխանատու լինեն իրենց արտահայտությունների մեջ, սակայն այս դեպքում անպատասխանատվությունը կարծես նույնպես դիվանագիտական բառապաշարից է, ինչի օրինակը Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելա­շվիլու խոստումն է, որ Թբիլիսիի կողմից Ռուսաստանի նկատմամբ ագրեսիա չի լինի… Գերերևակայություն պիտի ունենալ, պատկերացնելու Վրաստանի ագրեսիան Ռուսաստանի նկատմամբ: Համենայնդեպս, ռուս-վրացական պատերազմն էլ թույլ չի տալիս վրացական ագրեսիայի սարսափը պատկերացնել: Եվ քաղաքական նման ֆոնի առկայությամբ կողմերը չեն զլանում բարձրաձայնել երկու երկրների հարաբերությունները ջերմացնելու մասին՝ անպայմանորեն ենթատեքստում տարբեր նպատակներ հետապնդելով: Ըստ Փանջիկաձեի. «Եվրաատլանտյան ինտեգրումը մեր արտաքին քաղաքականության անկյունաքարն է, որը վրաց ժողովրդի ընտրությունն է և, միաժամանակ, հաստատված է մեր ինքնությամբ: Եվրոպական ընտրությանը հավատարիմ մնալով` Վրաստանի կառավարությունը հանդես է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ»: Բոլորին է հայտնի Ռուսաստանի վերաբերմունքը նախկին խորհրդային հանրապետությունների՝ Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին: Եվ զարմանալի է, որ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Ռուսաստանը, իմանալով Վրաստանի եվրոպական նկրտումները, համագործակցության առաջարկություններ է անում համարյա բոլոր ոլորտներում, երբ Ուկրաինայի և Հայաստանի պարագայում նույնը հնարավոր չէր համարում, ինչն էլ, հավանաբար, թույլ է տալիս Վրաստանի նախագահին եզրակացնելու, որ «Ռուսաստանը Վրաստանում չի գործի այնպես, ինչպես գործում է Ուկրաինայում: Ելնելով նախկին փորձից` մենք հաշվարկում ենք ռիսկերը: Եվ քիչ հավանականություն կա, որ մեզ վրա ինչ-որ կերպ կներգործեն: Սակայն ծայրահեղ խմբերի ակտիվացումը, մասնավորապես` եվրոպական ընտրության դեմ, հնարավոր է»: Թերևս պիտի համաձայնել Վրաստանի նախագահի հետ, որ Ռուսաստանի համար Վրաստանն իսկապես էլ Ուկրաինա չէ: Միաժամանակ ենթադրելի է, որ Ռուսաստանն ամեն անգամ Վրաստանին ներկայանալու է նոր սցենարով, երբ բարեկամական ու ժպտերես դիմակների տակ գլխավոր դերակատարները սադրանքներն են լինելու… Արդեն այժմ Վրաստանի արտգործնախարարը նշում է, որ տնտեսական և մշակութային միջոցառումների վերականգնմանը զուգահեռ, Ռուսաստանն անօրինական գործողություններ է իրականացնում: Սակայն, ըստ երևույթին, քաղաքականության մեջ կարևորը բլեֆն ու ծուռ հայելու էֆեկտն է, որպեսզի այնքան էլ պարզ չլինի՝ ով ով է և ինչն ինչի համար է, որից հետո կարելի է նույնիսկ գոտկատեղից ներքև էլ հարվածել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.