ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ / ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Վառլեն-ԱլեքսանյանԱսում են` այս քաղաքում աճում է
լուտանքների ծառը,
ու հիմա բերքն առատ է, քան երբևէ,
ասում են` շուկան լեցուն է այդ աննման,
հրապուրիչ, բայց անգույն ու անհամ
պտուղներով,
ու թե մեկը ուզում է գնել
թունավոր-աներևույթ հունդերն այդ,
կշեռքի նժարները ճկռում են,
ծախողին պատում է հրճվանքի քամին,
և օդն է շիկանում ամենուր:

Ասում են` այդ ծառը արմատներ չունի
և չունի ցողուն, տերև ու գույն,
ու նաև այդ անհամ պտուղները
ամեն գիշեր կախում են օդում,
ու իբր պոկողի մատներից
աներանգ, անգույն հեղուկ է ծորում,
ասում են` շատերը ամռանը
լուտանքի ավելցուկից առատորեն
չիր են սարքում`
ձմռանը բերաններում թրջելու համար:

Ասում են՝ լուտանքների այդ անտես ծառը
ջրում են մի անվանի պոետ,
համոզված ու նվիրյալ մի փրկիչ,
օրենքով մի և անօրեն ուրիշ մի գող,
մի քահանա ու էլի կասկածելի
ինչ-որ մարդիկ,
ասում են` գարնան հեղեղատները,
քամիներն ու այլ տարերքներն ահարկու
լուտանքի բառերը նետելու են երկինք,
արձագանքը հասցնելու են խորքը ծովերի:

Ասում են` այդ ծառը մշտադալար է,
ասում են` այդ ծառը կտրել չի լինի…

ԴԱՏԱՐԿ ԽԱՂ

Ահա և մենք`
քաղցր, հյութեղ, խաբուսիկ բառերի
սիրահար
մարգարեներս, առաքյալներս ու
հրեշտակներս,
հանուն մեր իսկ պայծառ ապագայի
այդ քաղցր, հյութեղ, խաբուսիկ բառերով
մեր հորինած կարգախոսները,
ձեզ համոզելու ակնկալիքով,
անարյուն կրքով շարունակ
կրկնող փրկիչներս:

Վերջապես գթացեք մեզ,
տվեք մեզ այն,
ինչ այս էլ ահա քանի դար
ծնկաչոք, հոտնկայս, փորսող
կամ կռացած`
փոխնիփոխ լացն ու խնդությունն
աչքներիս, խնդրում ենք,
իսկ մենք փոխարենը խոստանում ենք
սովորեցնել ձեզ մոռանալու
պարզ գաղտնիքը:

Գոնե դուք գթացեք մեզ,
փերիներ, ջրահարսներ,
սիրենաներ ու ամազոնուհիներ,
տեսեք` ինչ եռանդով ենք գովերգում
ձեր արժանիքները,
այսքան ջանքերից հետո ժայռերը, հավանաբար, կհալվեին,
ծովերը ափերից դուրս կգային,
և երկինքը, միգուցե, անձրևն աչքերին,
հեկեկար:

Գուցե դո՞ւք, իգիթներ ու ջիգիթներ,
ջենտլմեններ, սինյորներ, պարոնայք,
ի վերջո լսեք պաղատագին մեր ձայնը
ու նվիրեք մեզ մեր վաղեմի երազանքը`
քաղցր, նվիրական, բաղձալի,
իսկ մենք փոխարենը խոստանում ենք
ձեզ երբեք չարթնացնել խաբուսիկ քնից:

Մի՞թե մենք շատ բան ենք խնդրում`
ընդամենը ձեր կամքն ու ոգին,
ձեր կյանքը տվեք մեզ ընծա,
ձեր երկիրը տվեք մեզ, ձեր սերը,
ձեր բառն ու ձոնը նվիրեք,
փոխարենը ձեր մահը միշտ ձերն է,
իսկ մեզ մնում է ընդամենը
այս խաղը դատարկ…

ՄՐՑԱՎԱԶՔ

– Մե՛նք,- ասացին սևերն
ու բաղձալի նպատակին հասնելու համար
կուռ շարքերով նետվեցին առաջ.
նրանց ձեռքին կար երեք քար`
երկուսը հակառակորդների,
մեկը, եթե հարկ լինի,
մեղքը դիմացինների վրա բարդելու
նպատակով,
յուրայինների վրա շպրտելու համար:

– Մե՛նք,- ասացին կարմիրներն
ու վահանափակ եղան`
թշնամուց պաշտպանվելու պատրանք
ստեղծելով.
գիշերը կարկուտ տեղաց,
առավոտյան` անձրև,
կեսօրից հետո փոթորիկը ցրեց նրանց
բոլոր հույսերը,
և նրանք կարկտահար, թրջված,
մրսած ու դատարկաձեռն տուն դարձան:

– Մե՛նք,- միաբերան գոռացին կապույտներն ու երկնագույնները,
գլուխ գլխի հավաքվեցին
ու սկսեցին ինչ-որ անհասկանալի
շշուկներ արձակել.
խորհրդավոր այդ խաղը
չհրապուրեց ոչ ոքի,
նրանք, գութ հայցելու նպատակով,
սկսեցին ծանր հառաչել,
իմանալով բանի էությունը`
ունկնդիրները փռթկալով հեռացան,
իսկ նրանք հուսախաբ`
մի քանի օր շարունակ
տրտնջում էին բախտից:

– Միայն մե՛նք,- ասացին
դեղիններն ու կանաչները,
մենք հիմա միասին ենք,
քանի որ բոլորից լավ քողարկվել գիտենք,
քանի որ երդվում ենք թե՛ սուրբ
և թե՛ սուտ գրքերի վրա,
քանի որ մոմեր ենք վառում
թե՛ մատուռներում և թե՛ մառաններում:-
Սակայն նրանք էլ երեք օր ապարդյուն
սպասելուց հետո
արևի տակ գունաթափվեցին,
խունացան ու դիմագծերը
լիովին կորցրին:

Սպիտակները սակայն լուռ էին.
նրանք հասկանում էին իրենց արժեքը,
և քանի որ ամենքի հայացքները
նրանց էին ուղղված,
ու քանի որ նրանք բոլորին ճանաչում էին
մեկ առ մեկ,
ու քանի որ բոլորի աչքերում
կոկորդիլոսի արցունքներ կային,
ու քանի որ անցյալի փորձը
նրանց թույլ էր տալիս,
հայցվորներին արձագանքեցին
երեք մատի համադրությամբ:

Նրանք հայտարարեցին, որ սպասում են
Փոքր Մհերին,
որ մի քանի օր առաջ տեղեկացրել էր,
թե Ագռավաքարից արդեն դուրս է եկել
ու գալիս է ճերմակ նժույգի մազը
կրակին տալու…

ՍԿԶԲՈՒՆՔ

Պատմության ճեղքվածքները
նորոգելու համար
վարպետներ կանչեցին,
բոլոր հիմքերը լցրեցին
ժամանակակից շաղախով,
բոլոր պատերը հարմարեցրին
տիրող ոգու տառին,
սվաղեցին բոլոր անցքերը,
ձևավորեցին նոր ճաշակի համաձայն,
շատրվաններ արարեցին,
այգիներ ու վարդաստաններ տնկեցին,
խնջույքներ սարքեցին
ու պատվիրեցին չկասկածել
այդ կատարյալ հորինվածքին,
սակայն վարկածի պատերը
նորից ճաք տվեցին,
քանի որ հիմքերի ու
պատերի արանքներից
անսպասելիորեն հայտնվեցին
հանիրավի մերժված կամ
մոռացված հերոսները,
իրադարձությունների մասնակիցներն
ու ականատեսները
և, մեղմ ասած,
ջրեցին նորակերտ պատմության
սվաղը դեռևս թաց պատերը…

Նրանք նաև խոստացան,
որ, սկզբունքի համաձայն,
հարկ եղած պահերին միշտ էլ գալու են`
կամայական նորոգումները
կանխելու համար…

ՀՐԱԺԵՇՏԻ ԱՅՑ

Ների՛ր, սիրելի՛ս,
այս գիշեր երկար տվեցի-առա`
բաղդատելով լավ ու վատ օրերը,
ոչ մեկն էր ավել,
ոչ մեկը պակաս –
թե մի օր մի տեղ փակ դուռ բացեցի,
մեկ ուրիշն իսկույն գոցվեց իմ դիմաց:

Շատերը իրենց սիրեցյալներին
երկնքից աստղեր խոստացան բերել,
խոստումները սոսկ բառեր մնացին –
ես լուսատտիկ ցանկացա տալ քեզ,
որը, ի վերջո, մոմ դարձավ սակայն,
իսկ թե դիպվածն ինձ կանթեղ պարգևեր,
չէի զլանա քեզ ընծա բերել:

Ների՛ր, սիրելի՛ս,
գիտեմ, կա տարիք,
երբ անցած կյանքի էջերն ես թերթում,
ու թե վայրկյանը բարենպաստ է,
հիշում ես նաև պայծառ օրերը,
իսկ թե ծանր է ընթացքը մտքիդ,
ապա մեր կյանքը դժոխք է, կասես:

Իմ վերջին այցը երկար չի տևի,
ու դուռն իմ առջև էլ չես բացելու,
պարզապես կգամ,
որ խոստովանեմ,
թե խնջույքներն ու խրախճանքներն իմ,
որոնք քեզ համար ծանր երազ են,
ինձ էլ երբևէ հրճվանք չեն բերել:

Ների՛ր, սիրելի՛ս,
խաբկանքի գինին կորցրել է համը,
երազն իսկության պատրանք է հուշում,
առեղծվածի դեմ կանգնած` ասում եմ.
«Ով այսօր քնեց
ու վաղն արթնացավ,
դեռ երազելու իրավունք ունի…»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։