էջ #, #10 (2929) 28 մարտի 2008 թ., Գրական թերթ
– Ինչպե՞ս ես:
– Լավ եմ: Այսինքն՝ լավը իմ դեպքում հարաբերական է: Հոգով, մարմնով կարո՞ղ է լիովին լավ լինել մեկը, որն ինը ամիս բուժվել է Հայաստանի, Գերմանիայի հատուկ հիվանդանոցներում, լրջորեն վիրահատվել է ու մարմնում օտար մարմին՝ մետաղ է կրում: Կրելու է ընդմիշտ: Ինձ նույնիսկ ինքնաթիռով երթևեկելու հատուկ անցաթուղթ է տրված: Ընդ որում՝ այդ ամենը անհեթեթ դիպվածի՝ ինչ-ինչ սննդարդյունաբերողների անբարեխղճության, ավելի ճիշտ՝ շահամոլության, ինչպես նաև սանիտարական բժիշկների թողտվության պատճառով: Գերմանացի մասնագետները զարմացել էին, որ Հայաստանում դեռևս չի վերացել, առկա է այդ հիվանդության ախտանիշը, վարակը: Ես մի անգամ ևս համոզվեցի, որ մենք գավառական երկրում ենք ապրում, որտեղ հսկայական անջըրպետ կա առաջնակարգ մշակույթի ու հետամնաց կենցաղի միջև: Առաջ էլ, հիմա էլ…
Գրիգոր, լավ է, որ հենց սկզբից երկուսս էլ կարծես թե տրամադիր ենք զրուցելու առանց դիմակների, թեև ամեն ոք, ըստ իս, հաճախ դիմակ է կրում, նույնքան հաճախ էլ՝ փոխում: Մի ճշտում: Մարդը, ինչպես սովորաբար ընդունված է կարծելը, դիմակի է դիմում ոչ այնքան դիմացինի, որքան իր համար: Նա ձգտում է այնպիսին լինել, ինչպիսին ի՛նքն է իրեն պատկերացնում և ոչ այնպիսին, ինչպիսին ուզում է, որ ուրիշներն իրեն տեսնեն: Սա՝ ի միջի այլոց: Թերևս ոչ այնքան իմիջիայլոց…
– Կարելի՞ է ասել, որ նման՝ ինչպես դու ես կոչում՝ անբարեխիղճ, շահութամոլ սննդարդյունաբերողների, սանիտարական բժիշկների թողտվության պատճառով ժամանակակից հայ գրականությունը մի նոր վեպ, թատերախաղ կորցրեց:
– Չգիտեմ, բայց գրելուն շատ եմ կարոտել: Արդեն նոր թատերախաղ եմ մտմըտում, որի թեման «հուշել» է Արմենթելը: Նախնական հղացմամբ «Ձեր հավաքած համարը գոյություն չունի» խորագրով աբսուրդ դրամա է լինելու: Ժանրը թող զարմանալի չթվա՝ աբսուրդ գրականությունն ի վերջո իրական կյանքի խտացումն է, արմատներն իրական կյանքի խորքերում են:
– Այդքան երկարատև բուժման ընթացքում, եթե հնարավորություն ունենայիր, հենց թեկուզ ինքդ քեզ հոգեպնդելու համար ո՞ր գիրքդ կկարդայիր:
– Ինչո՞ւ կեղծ համեստություն անեմ՝ ես իմ բոլոր գրքերն էլ սիրում եմ, բայց հավանում եմ հատկապես «Արշակ 2-րդը», որը մեծ շնչառության, արդիական հիմնախնդիրներով, լավ գրված վեպ եմ համարում: Դրա վկայությունը թերևս այն է, որ երկու անգամ հրատարակվել է Երևանում, թարգմանվել, երկու անգամ տպագրվել է Մոսկվայում, ապա՝ Պրահայում: Անմիջապես, կրկին առանց կեղծ կեցվածքի ավելացնեմ, որ ինքս, որպես գրող, երբեք գոհ չեմ եղել ինձնից ու չեմ: Ինձ միշտ տանջել է ներքին անվստահության կասկածը ու դրան, որքան էլ արտառոց թվա, մեծապես նպաստել է մեր գրական միջավայրը, հատկապես՝ քննադատությունը: Բանը հասել էր այնտեղ, որ ինձ՝ այն ժամանակ երիտասարդ գրողիս, հրապարակայնորեն, Խորհրդային Հայաստանի պաշտոնաթերթում՝ «արևմտաեվրոպական գրականության դեսանտ» էին կոչում: Մինչդեռ «դեսանտությունն» այն էր, ինչը հետագայում Պարույր Սևակը այսպես բանաձևեց՝ «նայել նույն ուղղությամբ, որով ընթանում է համաշխարհային արվեստը», այսինքն՝ հասնել այն բանին, որ ազգայինը ընկալվի համաշխարհային արվեստի համատեքստում: Հակառակ դեպքում առաջանում է լուսանցքում հայտնվելու վտանգը՝ ինչպես մենք հայտնվել ու հայտնվում ենք հաճախ: Բարեբախտաբար նման պիտակներին միշտ էլ հակակշռել է ընթերցողների սերը: Ես միշտ էլ իմ թիկունքին զգացել եմ որոշակի թվով, ընդ որում՝ նվիրված ընթերցողների քաջալերանքը, համակրանքը:
– Ինքս այդ ընթերցողներից մեկն եմ: Գրողական մեր սերունդը դեռևս Երևանի պիոներների պալատի գրական խմբակի սան էր, երբ լույս տեսան քո «Նրա առաջին ընկերը», ապա և «Մեր թաղի ձայները» գրքերը, որոնք, այդպես կոչենք՝ մեր գրական ավանդական, ավանդամետ միջավայրում նոր մտածողություն, ճաշակ ներմուծեցին: Դու առաջին և կարծում եմ միակ գրողն ես եղել, ում ես նամակ եմ գրել: Հիշում եմ՝ կամ քո ճիշտ հասցեն չգիտեի, կամ ճիշտ չէի գրում, նամակն անընդհատ հետ էր գալիս: Վերջը չդիմացա, տանդ տեղն իմացա, ինքս ձեր փոստարկղը նետեցի ու փախա: Դրանից հետո ծանոթացանք, գրչընկերներ, անգամ մտերիմներ դարձանք, բայց ինձ համար գրական հեղինակություն մնացիր: Մինչև հիմա էլ իմ յուրաքանչյուր նախադասության, բառի վրա տքնելիս քո առջև եմ ներքին պատասխանատվություն զգում: Նախ և առաջ գրական ճաշակի առումով:
Դու թերևս միակն էիր, որ պատանի հասակում գրականություն մտար, բայց երբեք երիտասարդ գրող չեղար: Անգամ «Պիոներ» ամսագրում 1952-ին տպագրված քո անդրանիկ պատմվածքում սկսնակի անփորձություն, անվստահություն չի զգացվում: Կարո՞ղ ես բացատրել պատճառը: Ովքե՞ր են եղել, ո՞ւմ ես համարում քո գրական ուսուցիչները:
– Դպրոցական տարիներին ես մեր թաղային գրադարանի բոլոր գրքերն անխտիր, ուզում եմ ասել առանց ընտրության կարդացել եմ, մինչև հայտնաբերել եմ Չեխովին ու Մոպասանին, որոնցից այլևս երբեք չեմ բաժանվել: Ավելի անկեղծանամ ՝ Չեխովի հանճարեղ թատերագիր լինելը ես համեմատաբար ուշ՝ հասուն տարիքում ողջ խորությամբ ընկալեցի: Նա ինձ Շեքսպիրից հետո ամենամեծ թատերագիրն է թվում՝ եթե անգլիացի թատերգուի բախումները բացահայտ են՝ գործողությամբ են արտահայտվում, Չեխովինը՝ ներքին, հոգեբանական են, որ անհամեմատ դըժվար է ընթերցողին կամ հանդիսատեսին հասցնելը: Անմիջապես ավելացնեմ, որ ինձ համար իհարկե բոլորովին այլ մեծություն է Տոլստոյը: Նա այնպիսի հանճար է, որ իր ներգործությամբ մինչև անգամ «ահաբեկում» է ընթերցողին՝ նկատի ունեմ գրող ընթերցողին:
Իմ գրական ուսուցիչներին անդրադառնալիս չեմ կարող չհիշատակել դեռևս դպրոցական տարիներին պատահած մի դեպք, որը վճռորոշ եղավ, թերևս այդ պատճառով մինչև հիմա չեմ մոռանում, հուզումով եմ հիշում: 1952-ից հետո, ճիշտ է, «Պիոներ» ամսագրում պարբերաբար տպագրվում էին իմ պատմվածքները, բայց ես դպրոցականի սովորական առօրյայով էի ապրում: Մի անգամ, իմ սիրելի ուսուցչուհու դասը խանգարելու համար, մեր աղջիկներից մեկին դասամիջոցին հրեցի: Նա հետ-հետ գնաց, ընկավ: Հաջորդ դասին ուսմասվարը դասարան մտավ ու ասաց, որ տնօրենն ինձ է կանչում: Անմիջապես մտածեցի, որ դեպքի մասին նրան հայտնել են, ինձ շատ խիստ պատժելու են: Ահուդողով տնօրենի առանձնասենյակը մտա, բարեհամբույր դիմագծերով անծանոթի տեսա: Պարզվեց Սաղաթել Հարությունյանն է՝ նա այդ տարիներին պետական հրատարակչության մանկապատանեկան գրականության բաժնում էր աշխատում: «Պիոներ» ամսագրում կարդացել էր պատմվածքներս ու այնքան էր ոգևորվել, որ գործը թողել, մեր ծայրամասային դպրոցն էր հասել, որպեսզի հետս ծանոթանա ու առաջարկի առանձին գրքով հանդես գալ:
– Տարօրինակ չէ՞ թաղային գրադարանի խորհրդային հրատարակության գըրքերով մեծանալը, Չեխով, Մոպասան սիրելն ու, օգտագործենք քննադատության բառեզրը, «մոդեռն» գրող դառնալը: Հիշում եմ, երբ դու առաջին անգամ իմ ձեռագիր պատմվածքներին ծանոթացար, ու մենք հանդիպեցինք, հարցրիր՝ «Մոպասան կարդացե՞լ ես»: Ես այն ժամանակ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում նոր-նոր ֆրանսերեն էի սովորում, Կամյուի «Օտարը» բարձիս տակ էի քնում, ու քանի որ Մոպասանն ինձ համար դարն ապրած դասական էր, հիմա ամաչում էլ եմ ասել, թե ինչպիսի վերամբարձությամբ «ո՜չ» ասացի: Դու քեզ հատուկ զսպվածությամբ ու համբերատարությամբ ինձ լսեցիր, ապա խորհուրդ տվեցիր՝ «Կգնաս տուն, «Ճարպագունդը» կընթերցես, հետո կքնես»: Գնացի, կարդացի, չքնեցի:
– Երբ ես գրականություն մտա, քննադատության «մոդեռն» բառեզրը բացասական իմաստ ուներ, գոնե իմ գրքերի մասին հրատարակված գրախոսականներում դատապարտելու համար էին գործածում: Մինչդեռ ինքս ինձ, ընդհուպ մինչև «Կլոդ Ռոբերտ Իզերլին», «մոդեռն» գրող՝ այս բառի թե՛ դրական, թե բացասական իմաստով չեմ համարել: Ուղղակի ես ուրիշ էի, ուրիշ էի իմ ճակատագրով, հետևաբար՝ մտածողությամբ, ճաշակով: 1948-ին, երբ մենք Հայաստան ներգաղթեցինք, արդեն տասը տարեկան էի, Եգիպտոսի մեր հարմարավետ կենցաղից, ազատ իրականությունից ձերբազատվել չէի կարողանում, նոր միջավայրին ոչ մի կերպ չէի մերվում, մանավանդ որ զգում էի՝ իմ հասակակիցներն ինձ օտար ու խորթ տարր են համարում: Պատահել է, մորս խնդրել եմ, որ իմ անդրավարտիքի վրա մի-երկու կարկատան կարի, որպեսզի թաղի մյուս տղաներից շատ չտարբերվեմ: Տարօրինակն այն էր, որ մեր ծնողները փոխանակ մեզ նոր իրականությանը վարժեցնելու, իրենք էին ընդվզում ու չնայած զանգվածային աքսորներին, գիշերները հավաքվում, գաղտնի «Ամերիկայի ձայնն» էին լսում: Իմ ծնողների սերնդին հայրենասիրությունը Հայաստան բերեց, բայց այն նրանց համար «դժվար» հայրենիք եղավ:
– Ընտանեկան նման հավաքները ես էլ եմ հիշում: Հայրս, որ Բուլղարիայում դիմադրության շարժման տարիներին պարտիզաններին օգնել, Գեստապոյի հետապնդումներից դիպվածով էր ճողոպրել, Խորհրդային Հայաստանում ճամպրուկը պատրաստ էր պահում, ամեն ակնթարթ Սիբիր աքսորվելուն էր սպասում: Ու եթե մեր տան՝ քո վկայակոչած գիշերային զրույցները երկարում էին, սաստում էր՝ «Քիչ մը կամաց խոսեցեք, հոս պատերն ալ ականջ ունին»: Հարևանների գնալուց հետո ես երկար տնտղում, շոշափում էի մեր տան պատերը, ականջ չէի գտնում: Ուստիև զարմանում եմ, թե ինչո՞ւ, ինչպե՞ս այդ տարիների՝ մղձավանջը կոչենք, քո, քեզնից ավագ հայրենադարձ գրողների համար գրականության նյութ չդարձավ:
– Երևի սարսափը, սարսափի հետևանքները չհաղթահարվեցին՝ դրա համար: Իմ շատ մտերիմ գրչընկերներ նույնիսկ հետստալինյան ձնհալից հետո չկարողացան խորհրդային իրականությանը մերվել, արտագաղթեցին՝ հանգամանք, որ ինձ չէր կարող չվշտացնել: Այն պատճառով, որ ես, ի տարբերություն իմ ծնողների սերնդի, Հայաստանն իմ միակ հայրենիքն եմ համարում, Հայաստանից հեռու ինձ որպես անհատ, առավել ևս գրող չեմ պատկերացնում: Չնայած այսպես կոչված ձնհալից հետո էլ եմ շատ հալածվել: Իմ «Ոտքի՛, դատարանն է գալիս» թատերախաղը հանրապետության կուսակցական ղեկավարները առանց դիտելու արգելեցին: Ես խորապես վիրավորված էի ոչ այնքան իմ ստեղծագործության ճակատագրի, որքան այն անանձնական վրիժառուի համար, որը ցեղասպանության մոլագարությունը չհաղթահարած մեր ժողովրդին ազգային արժանապատվություն հաղորդեց, ում անգամ գերմանական դատարանն արդարացրեց:
– Խորհրդային Հայաստանում Սողոմոն Թեհլերյանը մեր ընտանիքում էլ է տխուր դեր խաղացել: Իր կամքից անկախ՝ իհարկե: Քեռայրիս ներգաղթելուն պես Սիբիր են աքսորել, որովհետև Բուլղարիայի սիրողական բեմում« «Թալեաթի անկումը» թատերախաղում« Թեհլերյանի դերն էր ստանձնել: Վերնագիրը նույնիսկ վկայում է« թե որքան միամիտ« անմեղ պիտի լիներ այդ բեմադրությունը« որը միայն վերապրող« բայց իրենց փրկությանը չհավատացող հայերը կարող էին հղանալ ու ներկայացնել: Քեռայրիս հանցանքը« սակայն« այն էր եղել« որ ինքնակամ իր դերում հավելում էր կատարել: Երբ նա Բեռլինի Շառլոտենբուրգ փողոցում հասնում է Թալեաթ փաշայի հետևից« ատրճանակը ծոծրակին չի սեղմում ու կրակում: Ձեռքը ասպետաբար դնում է ուսին« մինչև տատիս արտահայտությամբ՝ ճիվաղը հետ է շրջվում« զարմացած հարցնում© «Ի՞նչ եք ուզում« երիտասարդ»: «Մեկ ու կես միլիոն հայերի արյունն եմ ուզում»«- ասում է քեռայրս ու նոր միայն սեղմում ձգանը:
Դե արի ու իմացիր« թե այդ դրվագը ինչպես էր հայտնի դարձել Ստեփանավանի շրջանի պետանվտանգության գործակալներին: «Արյուն ես ուզում« հա՞«- ներգաղթից մի շաբաթ չանցած քեռայրիս դեմքին գոռում է քննիչը«- քեզ այնպիսի տեղ ուղարկեմ« որ մինչև մեռնելդ արյուն փսխես®»:
– Այդ նույն պետանվտանգության գործակալներին ես էլ առնչվեցի: «Ամենատխուր մարդը» թատերախաղի կապակցությամբ: Երբ Դրամատիկական թատրոնը անասելի դժվարությամբ, նախ և առաջ իհարկե Հրաչյա Ղափլանյանի ջանքերով ու հեղինակությամբ ի վերջո բեմադրությունը ներկայացնելու արտոնություն ստացավ, պետանվտանգության տասը գործակալներ եկան վերջին փորձը դիտելու, իրենց վճռորոշ կարծիքը հայտնելու: Ես նստած էի ետևի շարքում և ոչ այնքան բեմում ծավալվող իրադարձություններին, որքան նրանց դեմքերի արտահայտությանն էի հետևում: Այսքան տարի անց էլ չեմ կարող առանց սարսուռի վերհիշել իմ երկու, երկուս ու կես ժամվա ապրումները: Վերջապես ներկայացումն ավարտվեց, ու պետանվտանգության գործակալներից մեկը, հավանաբար ամենաբարձրաստիճանը, հետ շրջվեց, խրախուսական թփթփացրեց ուսս: Հասկացա, որ փրկված եմ: Այս պատմությունը խորհրդանշական շարունակություն էլ ունի: Բոլորովին վերջերս, իմ երեք թատերախաղերի ընթերցողական բեմադրության կապակցությամբ, ինձ Միացյալ Նահանգներ էին հրավիրել: Հանդիսատեսների հետ կայացած հանդիպմանը ես հիշեցի այս դիպվածն ու պատմեցի: Պատկերացնո՞ւմ ես, հրաժեշտի պահին մի երիտասարդ մոտեցավ ու ասաց, որ ինքն այդ բարձրաստիճան պաշտոնյայի որդին է, արտագաղթել է: Հենց այս փաստը վկայում է, թե պետանվտանգության գործակալները ներքուստ որքան էին հավատում այն գաղափարախոսությանը, որի նվիրյալներն ու պաշտպաններն էին ձևանում:
– Դառնանք գրականությանը: Ինչպե՞ս պատահեց, որ «արևմտյան գրականության դեսանտը», «մոդեռնիստը», վերջապես՝ «Կլոդ Ռոբերտ Իզերլի» վեպի հեղինակը, կտրուկ անցում կատարեց ազգային թեմաներին ու նույնիսկ պատմական վեպ գրեց:
– Ես «Արշակ 2-րդը» արդիական վեպ եմ համարում, գաղափարը հղացել եմ Գերմանիայում: Նյուրնբերգում մեզ ցույց տվեցին ուշ միջնադարում անձեռնմխելի համարվող «ազատ տարածքներ», որտեղ ապաստանելու արտոնություն էին ստանում մեծ ու փոքր հանցագործները: Անմիջապես անդրադարձա, որ նույնը պատահել է հայ իրականությունում, դեռևս վաղ միջնադարում՝ Արշակ 2-րդի թագավորության օրոք: Եթե «Արշակ 2-րդը» արդիական հնչեղությամբ վեպ չլիներ, ժամանակակից ռուս ու չեխ ընթերցողին չէր հետաքրքրի, հրատարակելու, առավել ևս վերահրատարակելու պահանջ չէր զգացվի:
– Նկատի ունեմ ոչ միայն «Արշակ 2-րդը», այլ նաև ու հատկապես՝ «Վերջին արևագալը» վեպն ու «Ոտքի՛, դատարանն է գալիս» թատերախաղը, որը ամեն անգամ դիտելիս ցուցանորի խռովքն ու հիացումն եմ ապրում: Չե՞ս կարծում, որ յուրաքանչյուր հայ գրող պարտք, պարտականություն ունի 1915 թվականի՝ մեր ժողովրդի պատմական ամենամեծ ողբերգության հանդեպ, ու դու, եթե անգամ քո առջև նման նպատակ չես էլ դրել, ներքին մղումով հատուցել ես այդ պարտքը, կատարել պարտականությունդ: Չգիտեմ՝ ծանո՞թ ես, վերջերս Փարիզում մահացավ Ժան-Ժակ Վարուժանը, որի բազմաթիվ վեպերում ու թատերախաղերում բառացիորեն հայկական ոչինչ չկա: Սակայն, երբ կտակը ընթերցում են« պարզվում է« որ խնդրել է իր տապանաքարին ծննդյան թիվը գրել ճիշտը՝ 1927-ը« իսկ մահվանը՝ 1915-ը: Այսինքն՝ բոլոր հայերս« երբ էլ ծնված լինենք« մի անգամ արդեն 1915-ին մահացել ենք և մինչև հատուցման օրը նախճիրի մորմոքը մեր հոգիներում պիտի կրենք:
– Հայ գրողներս այդ առումով, անշուշտ, մեր ժողովրդի հանդեպ չհատուցված պարտք ունենք: Գոնե իմ կարծիքով մինչև այժմ Մեծ եղեռնի ողբերգությունն արտացոլող լավագույն վեպերը այլազգիներն են գրել: Նկատի ունեմ հատկապես Ֆրանց Վերֆելի դասական՝ «Մուսա լեռան 40 օրը», համեմատաբար վերջերս լույս տեսած Էդգար Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը»: Մենք չենք կարողանում 1915 թիվը գրականության՝ վեպի թեմա դարձնել, որովհետև մեր վերքը չափազանց խորն է, մոտ մի դար անց էլ չի սպիանում: Ոճրագործությունը, ողբերգությունն է աննախադեպ: Չեխովը իրավացի է՝ գրել կարելի է միայն այն ժամանակ, երբ ուղեղդ լիովին սառն է: Մինչդեռ ես սառնասրտորեն չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպե՞ս կարելի է մի ամբողջ ժողովուրդ բնաջնջելու գաղափարը հղանալ՝ հղանալ ու իրագործել փորձել:
– Լիովին համամիտ եմ, բայց վերապահություն ունեմ: Դու հավատո՞ւմ ես, որ հայ գրականությունն իր «Պատերազմ ու խաղաղությունը» կամ ֆրանսիական «վեպ-գետերի» նման համապարփակ վիպաշարեր կունենա: Գոնե մինչև հիմա չի ունեցել: Սա ես ոչ այնքան մեր գրականության թերությունը, որքան ազգային ճակատագրի առանձնահատկության հետևանքն եմ համարում:
– Իհարկե, անհնար է համեմատել մեր արձակն ու չափածոն: Նարեկացին ինձ համար տիեզերական բանաստեղծ է, Չարենցն ու Վարուժանը միջազգային չափանիշի հանճարներ են, որոնց մեծությանը, ցավոք, մենք այդպես էլ չենք կարողանում համաշխարհային ընթերցողին հասու դարձնել: Հիշատակածս, նաև չհիշատակված շատ հայ բանաստեղծների գրքեր մշտապես իմ սեղանին են, գիշերները մինչև չկարդամ, քնել չեմ կարողանա: Ընդունելով հանդերձ, որ վիպական արձակը տվյալ ժողովրդի պետականության հետ ուղղակի առնչություն ունի, ինձ չի թվում, որ հայերեն լեզվով լավ վեպ չի գրվել: Գրվել ու շատ է գրվել: Հենց խորհրդային գրականության արձակի գորշ հորձանքում առանձնանում են Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչն» ու Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները»: Նույնիսկ մեր պետականության վերականգնման վերջին՝ ոչ այնքան գրական համարվող տարիներին առնվազն երկու լավ վեպ է ստեղծվել: Նկատի ունեմ Ռուբեն Հովսեփյանի «Ծիրանի ծառերի տակն» ու Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետոն»:
– Կուզե՞ս բացատրել, թե անվանի արձակագիր, թատերագիր Պերճ Զեյթունցյանը ինչպես անսպասելի հրապարակագիր դարձավ, այն էլ այնպիսին, որ շատ լավ հիշում եմ, պետականության վերականգնմանը հաջորդած դժվարին տարիներին մարդիկ մոտենում էին կրպակավաճառներին ու ոչ թե իրենց մշտական լրագիրն էին գնում, այլ խնդրում էին՝ «Այն թերթը տվեք, որի մեջ Պերճ Զեյթունցյանը հոդված ունի»:
– Հավատա, մինչև 1988 թվականը ես հրապարակախոսությամբ չեմ զբաղվել, մամուլում հոդվածներով հանդես չեմ եկել:
1988-ի շարժումն ինձ այլափոխեց՝ ես ամբողջ էությամբ տարվեցի մեր ժողովրդի միասնականությամբ, վճռականությամբ, հավատացի, որ պատմական իրադարձությունների էի մասնակցում: Դրանք, առանց չափազանցության, իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին: Ես շարժման մասնակից ամենաանաղմուկ, բայց հավատարիմ գրողն էի, Օպերայի հրապարակում իմ մշտական, մեկուսի տեղն ունեի, ամեն երեկո, առանց բացառության, բոլոր հռետորներին ծայրեծայր լսում էի: Եթե հանրահավաքը շատ ուշ էր վերջանում, ոտքով էի տուն վերադառնում: Որքան մեծ էր իմ ոգևորությունը, այնքան էլ դառն ու խորը եղավ հաջորդած հիասթափությունը, մանավանդ որ նյութականը իսկույն փոխարինեց հոգեկանին, գրական ընթերցանությունը մոռացվեց, մշակույթն ընդհանրապես անտեսվեց: Իմ հրապարակագրությունը ներքին այդ բախումից է ծնվել, քանի որ ինձ համար օրենքը հասարակության, երկրի բարոյականության հիմքն է:
– Ես այդ տարիներին մութ աստիճաններով մինչև իմ բնակած 9-րդ հարկը ջուր եմ բարձրացրել, գիշերները հացի հերթ եմ կանգնել ու առավոտյան ձեռնունայն տուն վերադարձել: Ինչպես հայրս 1946-ին: Սակայն բավական էր Արցախ գնայի, որպեսզի այդ բոլոր դժվարությունները մի ակնթարթում մոռանայի: Տասնհինգ տարի է անցել, բայց մինչև հիմա էլ ամեն անգամ Արցախ այցելելիս նույն զգացումներն ապրում եմ: Ես արևմտահայ ընտանիքում եմ մեծացել, անընդհատ կոտորվելու, բնօրրան կորցնելու, բռնագաղթելու պատմություններ եմ լսել, իսկ Արցախում առաջին անգամ ազատագրված տարածքներով քայլելու, հաղթանակած քայլելու բախտավորությունն ունեցա: Փարիզաբնակ հոգեվերլուծաբան Հելեն Փիրալյանը, որը ցեղասպանության հետևանքներն է ուսումնասիրում վերապրողների տարբեր սերունդների ներաշխարհում, Արցախ այցելելուց հետո գրեց. «Ամենամեծ հաղթանակը, որ նվաճել է հայ ժողովուրդը, զոհի, նահատակի բարդույթի հաղթահարումն է: Հայ ժողովուրդը էլ չի վախենում թշնամուց: Հայ ժողովուրդն իրեն, իր ապագային հավատում է»: Վերջապես չմոռանանք, որ անկախության վերականգնման տարիներին ստեղծվեց, ամրապնդվեց հայկական բանակը: Ու պատերազմը հաղթանակով ավարտեց:
– Այո, հայկական բանակը մեր պատմական նվաճումն է, որով ամեն հայ պիտի հպարտանա: Հպարտանում է: Երբ ես փողոցում կամ հեռուստատեսությամբ հայկական համազգեստով, զինանշաններով զինվորներ եմ տեսնում, ներքին բերկրանքս չեմ կարողանում սքողել ու, երևի տարիքից է, ուրախությունից քիչ է մնում լաց լինեմ: Այդ պատճառով էլ ոչ մի կերպ չեմ համակերպվում՝ չգիտեմ, հիմնավորվա՞ծ, թե՞ չափազանցված այն լուրերի հետ, որ մեր զորամասերում ներքին բախումներ են պատահում: Դա իմ կարծիքով խորհրդային՝ բազմազգ բանակի տխուր ժառանգությունն է: Ամեն հայ նորակոչիկ համազգեստ հագնելու պահից պիտի մեկընդմիշտ հասկանա, որ ինքը ծառայելու է իր հայրենակիցների՝ եղբայրների հետ, իսկ բոլորը միասին ծառայելու են համընդհանուր, համազգային նպատակի:
– Ասում ես, որ անկախության վերականգնումից հետո հայ մարդը հեռացել է գրականությունից ու մշակույթից: Ուզում եմ հարցնել՝ մեծ հաշվով ե՞րբ է մոտ եղել: Սա ոչ միայն հայերին, աշխարհի ցանկացած՝ նույնիսկ ամենաքաղաքակիրթ ժողովուրդներին է վերաբերում: Հարավամերիկյան՝ կենցաղային կոչենք, անվերջանալի ֆիլմաշարերը հո միայն Հայաստանի համար չեն արտադրվում, բոլոր երկրների հեռուստաէկրաններն էլ ողողում, միլիոնավոր դիտողների գրականությունից, մշակույթից հեռացնում են: Ուրեմն մարդն ի ծնե է հեշտ կյանքի, թեթև զվարճանքների ձգտում: Միաժամանակ, ուզում եմ ավելացնել, որ պատերազմը սանձազերծվելուն պես Արցախ փութացին, հայրենի տարածքների ազատագրության համար կռվեցին ու զոհվեցին ոչ այնքան ազգային գրականության գիտակները, սիրահարները, որքան Վազգեն Սարգսյանի բնորոշմամբ՝ մեր պարզ ու հասարակ, խելառ տղերքը:
– Համաձայն եմ՝ ընթերցելը դժվարին աշխատանք է, ընթերցածն իմաստավորելը՝ տքնանք: Խոսքն, իհարկե, իսկական գրականության մասին է: Հակված եմ կարծելու, որ անհատն ավելի հեշտ է ընկալում ներկայացումն ու շարժանկարը, որովհետև առաջին դեպքում նա գործողությունների ուղղակի մասնակիցն է դառնում, երկրորդ դեպքում՝ հետևողը: Ներկայացումը դո՛ւ ես դիտում, շարժանկարը քեզ ցույց են տալիս: Զգո՞ւմ ես տարբերությունը:
– Դրա համա՞ր է Պերճ Զեյթունցյան արձակագիրն զբաղվում նաև թատերագրությամբ:
– Պերճ Զեյթունցյանը արձակագիր է, որն իր՝ թատերագրական հոբին ունի: Արտաքուստ ես շատ միօրինակ, միապաղաղ կյանքով եմ ապրում, այլազան զվարճանքների չեմ տրվում, մոլախաղերով չեմ տարվում: Պարզապես խաղալ չգիտեմ, ժամանակին չեմ սովորել: Իմ թատերագրությունը, եթե կարելի է այդպես արտահայտվել, այդ խաղերին է փոխարինում, քանի որ ի վերջո նույնպես խաղ է: Անվանումն էլ է նույնը վկայում՝ թատերախաղ. այսինքն՝ խաղ, որն ինձ զբաղեցնում է գործողությունների լարվածությամբ, ներքին անակնկալներով, խարդավանքներով, հենց թեկուզ կառուցվածքային յուրահատկությամբ: Ընթերցանության առումով էլ թատերգությունն ինձ համար սիրելի գրական ժանր է: Չեխովին, ում մշտական ընթերցողն եմ, արդեն հիշատակեցի:
– Բայց չէ՞ որ թատերգությունն ի վերջո սոսկ հեղինակային ստեղծագործություն չէ, քո հղացումների բեմական մեկնաբանությունը քեզ գոհացնո՞ւմ է:
– Հիմնականում՝ այո, որովհետև գոնե այդ առումով իմ բախտը բերել է, ես միշտ այնպիսի բեմադրիչների ու դերասանների հետ եմ գործ ունեցել, որոնք իմ համախոհներն են դարձել:
– Ուշադիր ընթերցողը չի կարող չնկատել, որ քո՝ նույնիսկ ամենաաբսուրդ, եթե կարելի է այդպես կոչել, ստեղծագործությունները, անկախ ժանրից, իրական, վավերական հիմք ունեն: Հիշում եմ իմ պատանեկան տարիների շատ սիրելի «Յուրաքանչյուր տասից մեկը» պատմվածքին հեղինակային հղում էլ էիր կցել՝ «Հիմնված է արխիվային փաստերի վրա»: Սա գրական նախասիրությո՞ւն է, օրինաչափությո՞ւն, թե՞ պատահականություն:
– Չեմ կարող քեզ պատասխանել, լրջորեն այդ մասին չեմ մտածել, թերևս կարևորություն էլ չեմ տվել: Զուգահեռներն այս դեպքում իհարկե պատշաճ չեն, բայց Շեքսպիրն իր բազմաթիվ թեմաները, անգամ սյուժեներն է ուրիշ հեղինակներից վերցրել: Այդ պատճառով նա դադարե՞լ կամ դադարո՞ւմ է Շեքսպիր լինելուց:
Մի ուրիշ հանգամանք էլ կա: Իմ որոշ երկեր անսովոր բովանդակություն ունեն՝ հանցագործը բանտում գիտությամբ է զբաղվում, մեծ գյուտարար դառնում: Որպեսզի ընթերցողը հավատ ընծայի գրածիս, ստիպված եմ նրան հիշեցնել, որ իրական փաստերի վրա եմ հիմնվել:
– Ուրեմն դու ընդունում ես ստենդալյան՝ «նորին մեծության փաստի» նախապատվությունը:
– Բնականաբար: Գրողի մեծությունը իրական դիպվածը գեղագիտության միջոցով գաղափարախոսության վերածելն է:
– Քեզ հավանաբար հայտնի է՝ Ֆրանսուա Սագանը մոտավորապես քո տարիքում չէր ծուլացել, վերընթերցել էր իր բոլոր վեպերն ու «Կարդալով Սագանին» հետաքրքիր գիրք էր գրել, որտեղ անկեղծորեն, ավելին՝ անաչառորեն վերլուծել, բառի դրական ու բացասական իմաստով արժևորել էր գրական ժառանգությունը: Դու նման ցանկություն երբևէ չե՞ս ունեցել: Գոնե 70-ամյակիդ նախաշեմին:
– Իմ, դժվար էլ է հավատալը, ավելի քան 50 տարիների գրական գործունեության ընթացքում միշտ համոզված եմ եղել, որ արձակագիրը ներշնչանքին պիտի չսպասի, ամեն օր գրասեղանի առջև նստի ու տքնի, սակայն այդպես էլ բեղուն գրող չեմ դարձել: Դրա փոխարեն՝ չեմ կարծում, թե այնպիսի գործ եմ գրել, որի համար ամաչեմ: Հրատարակել եմ քսան գիրք, թարգմանվել եմ աշխարհի տասնմեկ լեզվով: Տասներկու թատերգության հեղինակ եմ, որոնցից միայն մեկն է՝ «Ապրելն ու մեռնելը», որ չի բեմադրվել: Վերջերս Ֆրանսիայում արժանացա «Արարատ» գրական մրցանակին, որը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը պաշտոնապես հանձնեց, ԱՄՆ-ում, «Ֆաունթեն» թատրոնում իմ երեք թատերախաղերի հիման վրա, անգլերեն, ընթերցողական բեմադրություն ներկայացվեց, Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնն ինձ Գրիգոր Նարեկացու անվան շքանշան շնորհեց: Ահա և իմ ապրած կյանքի համառոտ հանրագումարը:
– Հոգնեցրի չէ՞: Վերջացնենք: Շնորհավոր 70-ամյակդ, Պերճ: Թող Աստված քեզ օրհնի:
– Աստված օրհնի Հայաստանն ու հայ ժողովրդին:
Զրույցը վարեց ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԸ