Եվրամիության հետ բանակցությունների նոր փուլի նախաշեմին Թուրքիան կրկին զբաղված է հայաստանյան թեմաներով արդեն արժեզրկված քաղաքական աճպարարությամբ: Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է, որ հնարավոր է՝ հայերին անակնկալ մատուցվի և բացվի հայ թուրքական սահմանը, ապա, համարյա պարտադրելու պես, թելադրում. «Հայաստանը պետք է հաղթահարի մեր հանդեպ ունեցած անվստահությունը, ինչպես նաև չանտեսի Ադրբեջանի արդար պահանջները»: Սահմանի բացումն էլ Դավութօղլուն պայմանավորում է Ղարաբաղյան հակամարտության լուծմամբ՝ բացահայտորեն կրկնելով ազերիական սցենարի դրույթները: Ըստ ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանի՝ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները միջազգային հանրության առաջ դեմքը փրկելու փորձեր են: «Մենք առիթ չենք տվել Ադրբեջանին և Թուրքիային Ղարաբաղյան հակամարտությունը կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ: Թուրքիան չի կարող չեզոք լինել այս հարցում»,- ընդգծել է նա:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Բուգյուն» կայքը, Թուրքիայի վարչապետ Էրդողանը Ալիևի՝ այդ երկիր այցելության օրերին մեկ անգամ ևս փաստեց իրենց հավատարմությունը կրտսեր եղբորը, հայտարարելով, թե՝ «Լեռնային Ղարաբաղը որքան Ադրբեջանի, այդքան էլ Թուրքիայի հարցն է»: Եթե Թուրքիան մտածում է, որ ղարաբաղյան խնդիրը նույնքան իրենցն է, ապա միանշանակ է, որ իրենցն է նաև ազերիական հայատյացության և ռազմատենչության քաղաքականությունը և, որ առավել հավանական է, հենց իրենք են այդ քաղաքականության հեղինակները: Այս ֆոնի վրա վստահության մասին հիշատակումը ավելի դեմագոգիայի ժանրից է, երբ քայլերն արվում են ոչ թե պատմական ճշմարտության, իրադարձությունների տրամաբանական վերլուծության դիրքերից, այլ ընդամենը հաջողության սլաքն իրենց կողմը թեքելու և միջազգային հանրությանն ապակողմնորոշելու նպատակով: Թուրքիան մոռացել է կամ ձևացնում է, թե չի հիշում, որ քսան տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը, մոռացել է Հայոց ցեղասպանությունը ժխտող իր անարդյունք քաղաքականությունը, անարդյունք, որովհետև մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Թուրքերը գուցեև գիտակցում են, բայց չեն ուզում խոստովանել, թե ինչ ծանր բեռ է հանցագործ անցյալը ազգի ուսերին, և վաղ թե ուշ ստիպված են լինելու ծնկի գալ այդ ծանրության տակ: Հայերի անվստահությունը հաղթահարելու համար նրանք դեռ ճանապարհ ունեն անցնելու… Այդ ճանապարհն արդեն իսկ փորձությունների լաբիրինթոս է, ինչին էլ ավելացել է ազերիական արգելքը, որը քարի պես կախված է թուրքերի պարանոցից, և, հավանաբար, թուրքերին դեռ երկար չի հաջողվի ազատվել դրանից: Թուրքիան ինչքան էլ ճամարտակի, իբր, պայքարում է Կովկասում խաղաղության հաստատման, եղբայրության հասնելու համար, միևնույն է, դատապարտված է պարելու կրտսեր եղբոր նվագի տակ, մի նվագ, որը հագեցած է միայն ռազմատենչության ու այլատյացության նոտաներով: Այնպես որ, վստահության մասին Թուրքիայի յուրաքանչյուր հիշատակում հռետորական փուչիկ է, դրսից՝ փայլուն, ներսում՝ գունաթափ ու դատարկ: