Ինձ համար ամենամեծ հրաշքը աշխարհում մարդու ծնունդն է, իսկ ամենամեծ առեղծվածը` մարդու մահը: Կար, ապրում էր մի մարդ, մեծ տաղանդի տեր, հրաշալի ընկեր, կենցաղային վայելքների մեջ ժուժկալ: Երթուղին՝ տնից թատերական միություն, հետո` թատրոն, թատրոնից` տուն, մի փոքր հանգիստ և էլի թատրոն: Ստեղծեց նոր թատրոն նոր գեղագիտությամբ: Դրամատիկականը, որ այսօր կոչվում է իր անունով: Իմ տեսած ներկայացումների մեջ նրա շեքսպիրյան «Կորիոլանը» մնաց անգերազանց: Իսկ հիմա նա չկա, մեզ հետ չէ, չգիտեմ՝ ում համար ինչպես, բայց ես չեմ հաշտվում, որ սիրելի մարդիկ բացակա են: Համո Սահյանն ասում էր` «Ինձ բացակա չդնեք», բայց արի ու տես, որ մեր ցանկությունից ու կամքից անկախ, բացակաները շատ են: Բայց հիշողությունը, որ ես միշտ համարել եմ բարոյական չափանիշ, ապրեցնում է նրանց, այսինքն՝ իմաստուն բանաստեղծը հազար անգամ ճիշտ էր: Անկեղծ եմ ասում, ամեն նոր պիես գրելիս ես մտածում եմ, թե ինչ կասեր իմ մտերիմ ընկերը, որովհետև լավ էի ճանաչում նրան, շատ եմ շփվել նրա հետ ոչ միայն կյանքում, այլ նաև բեմի վրա: Թատրոնի դռները երկար ժամանակ փակ են եղել իմ առջև, առաջինը Հրաչյա Ղափլանյանն էր, որ դրանք լայնորեն բացեց և ինձ մտցրեց թատրոնի հրաշալի, խորհրդավոր աշխարհը և դարձավ թատերագրի կնքահայրը, որի համար հավերժ երախտապարտ եմ նրան:
Նոր գեղագիտություն բերեց նա թատերական կյանքում: Մինչև Ղափլանյանը ո՞վ գիտեր Արթուր Միլլերի կամ Էդվարդ Օլբիի և ուրիշների, 20-րդ դարի մեծագույն թատերագիրների տեղը: Նա ընդլայնեց թատրոնի հորիզոնները, հղկեց թատրոնի լեզուն, թատրոնը դարձրեց թատերային, «խենթություններ» արեց բեմի վրա, առանց որոնց արվեստի նորացում չի կարող լինել: Նա ուներ այն ալեհավաքը, որ յուրաքանչյուր արվեստագետ պարտադիր պետք է ունենա, բայց, ցավոք, քչերին է դա հասու: Այդ ալեհավաքով նա որսում էր, թե ինչ նոր հովեր, ինչ նոր հոսանքներ կան մշակույթի աշխարհում, այսինքն՝ «նայում էր նույն ուղղությամբ, որով ընթանում է համաշխարհային մշակույթը» (Պարույր Սևակ): Շնորհիվ Ղափլանյանի, հայ թատերարվեստը «ընթերցվեց» համամիութենական թատրոնի համատեքստում, և չափազանցություն չի լինի, եթե ասեմ` նաև համաշխարհային: Ես անձամբ տեսել եմ անգլիացի թատերական գործիչների մի մեծ խումբ, որը «Կորիոլանը» դիտելուց հետո խոստովանեց, որ այսօր Եվրոպայում էլ հաճախ չես տեսնի նման բեմադրություն:
Էլ ի՞նչ ասեմ, արվեստի բարձունքներից իջնեմ ցած և շշնջամ իմ ընթերցողների և հանդիսատեսների ականջին. ես կարոտում եմ Հրաչյա Ղափլանյանին, միշտ զգում եմ նրա պակասը իմ կյանքում: Հպարտանում եմ մեր անկեղծ ընկերությամբ, մեր երկարամյա համագործակցությամբ, մշտապես հիշում եմ, որ նա ինձ բերեց թատրոն և վարակեց թատրոնի անբուժելի «հիվանդությամբ»:
Ճիշտ էր, ճիշտ էր բանաստեղծը` ասելով. «Ինձ բացակա չդնեք»: Հրաչյա Ղափլանյանը միշտ ներկա է: