ՓՇԱԼԱՐԵՐԻՑ ՆԵՐՍ ԵՎ ԴՈՒՐՍ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Սամվել-ԿոսյանՌուսական կողմն սկսել է Ուկրա­ինայի հետ սահմանին փշալա­րեր անցկաց­նել, և շատերի կարծիքով, կա­- տար­վածն ընդամենը սկիզբն է, եթե Ուկրաինան նոյեմբերի 28-ին որոշել է ստորագրել Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիրը: Սա այն դեպքում, երբ Կրեմլը հեռանկարում դեռ խաղի արդյունքը փոխելու հույս ունի: Իրականում ի՞նչ է կատարվում, և թիրախային ի՞նչ հեռահար նպատակներ են շահարկվում: Մինսկում մեկնարկած Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի անդամ պետությունների ղեկավարների մակարդակով նիստն ավելի խճողեց առանց այդ էլ համակողմանի մեկնաբանու­թյունների կարոտ խնդիրը: Երբ Հայաստանում քննարկումներ էին գնում, որոնք մինչև հիմա էլ շարունակվում են, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության նպատակահարմարության շուրջ, պարզվում է, շատ երկրներ «երազել և երազում» են այդ միության մեջ հայտնվել: Փաստորեն, անկանխատեսելի են ՄՄ-ի ընդլայնման հեռանկարները` Թուրքիա, Իսրայել, Սիրիա, Վիետնամ, Հնդկաստան, և սա դեռ վերջը չէ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կարծիքով, սրանով ժխտվում է Արևմուտքի` Խորհրդային Միության և Մաքսային միության նմանության մասին ենթադրությունը, մեկնաբանություն, որն իր մեջ ավելի քողարկման էֆեկտ է պարունակում: Ընդհանրապես, տնտեսական կամ քաղաքական այս գործընթացն ավելի լաբիրինթոս է հիշեցնում, և որ ամենաէականն է, մասնակիցներից և ոչ մեկը վստահ չէ, թե իրենց շահերը կարող են նույն հարթության վրա հայտնվել: Ղազախստանի նախագահն առաջարկում է լուծարել Եվրասիական տնտեսական համագործակցությունը (ЕврАзЭС), որովհետև այն կատարում է նույն գործառույթները, ինչ Մաքսային միությունը (ՄՄ), որին հակադարձում է Ռուսաստանի նախագահը: Առավել հանելուկային տարբերակներով է առաջնորդվում Բելառուսի նախագահը, ով, չգիտես ինչու, Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին պայմանավորում է Ադրբեջանի հետ «տարածքային վեճով», ինչով էլ հավանաբար պայմանավորվել էր ОРТ հեռուստաընկերության եթերում ցուցադրված հեռուստառեպորտաժի բովանդակու­թյունը, որտեղ բառացիորեն ասվում է. «Եվ այդ իսկ պատճառով` Մաքսային միությանը Հայաստանի միանալու ցանկությունը մոտ ապագայի համար կմնա ցանկություն` Ադրբեջանի հետ չկարգավորված տարածքային վեճի պատճառով»: Ստացվում է՝ Հայաստանին ՄՄ ներքաշելու միակ նպատակը նրան ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորա­գրումից ետ պահելն էր, որից հետո, ինչպես նշում է Ստյոպա Սաֆարյանը, «կարելի է փորձել «մեսիջներ» ուղարկել Ադրբեջանին, թե Ռուսաստանը որքան էլ կողմ է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությանը, այնուամենայնիվ, մտածում է Ադրբեջանի շահերի մասին: Այսինքն` սա ոչ միայն շանտաժ է Հայաստանի նկատմամբ, այլ նաև գայթակղություն Ադրբեջանին սիրաշահելու»: Թերևս այս ու այլ հանգամանքներն են ձևավորել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքը. «Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանը չի միանալու Մաքսային միությանը, և նկատի ունեմ շատ ավելի լուրջ պատճառներ, քան ОРТ-ի նշված հաղորդումը: Պատճառները կապված են ինչպես Առևտրի համաշխարհային կազմակերպության, այնպես էլ մինչև 2015թ. Մաքսային միության հեռանկարների անորոշության և շատ այլ զարգացումների հետ: Սրանք են, որ թույլ չեն տա մեզ անդամակցել Մաքսային միությանը, այլ ոչ Մինսկում հնչած հայտարարությունները»: Ակնհայտ է, որ այս դեպքում էլ շրջանառության մեջ են կրկնակի ստանդարտները: Դեռ թարմ են ինչպես Եվրամիության, այնպես էլ ռուս չինովնիկների հայտարարություններն այն մասին, թե միակ ճանապարհը, որով Հայաստանը կարող է ուղղորդվել, դա կամ-կամի սկզբունքն է՝ կտրականապես բացառելով և-և-ի տարբերակը: Մինչդեռ ՄՄ-ի հիմնադիրներին կարծես այնքան էլ չի անհանգստացնում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և հենց այս օրերին բանակցություններ է վարում Եվրամիությանը անդամակցելու համար: Անկասկած, Թուրքիայի ցանկությունը սովորական բլեֆ է, սակայն այն տպավորությունն է, որ նույնիսկ այդ դեպքում «հիմնադիրները» պատրաստ են նրան ծափահարություններով ընդունել: Նույն վիճակն է նաև թեկնածու մյուս երկրների պարագայում: Ինչո՞ւ մի բան, որ կարելի է Թուրքիային, արգելված է Ուկրաինային կամ Հայաստանին: Վերաբերմունքի նման անհամապատասխանությունը արդեն կասկածելի է դարձնում հիշյալ կառույցի արդյունավետությունն ու նվազեցնում է համագործակցելու շահագրգռությունը: Փշալարերով դժվար է հաջողություններ ակնկալելը, որովհետև մարդկության փորձը վաղուց է հաստատել, որ փշալարերի ներսում ամեն ինչ խեղվում ու այլասերվում է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.