ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ (Արձագանք Զորի Բալայանի «Ղարաբաղի խնդիրը Ռուսաստանի խնդիրն է. Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վ. Վ. Պուտինին. Բաց նամակ» հրապարակմանը) / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Նորայր-Ադալյան
Այս վերնագիրը կապ չունի Ակսել Բակունցի նույնանուն հիանալի պատմվածքի հետ, այլ վերաբերում է Զորի Բալայանի «Ղարաբաղի խնդիրը Ռուսաստանի խնդիրն է. Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վ. Վ. Պուտինին. Բաց նամակ» հրապարակմանը: Սա կարևոր ելույթ է, արժանի` համազգային ուշադրության: Ես այն կարդացի Իզմիրլյան բժշկական կենտրոնում` ծնկի վիրահատության ենթարկվելու հաջորդ օրը, բնականաբար, դեռևս ցավ էի զգում, սակայն, հավատացեք, ընթերցելիս ցավը նկատելիորեն մեղմացավ, գրեթե դադարեց, փոխարենը` սրտի ծակոցներ և հոգուս ցավալի նվոցը: Այո՛, Զորիի «Բաց նամակը» հնարավոր չէ կարդալ անտարբեր սրտով և առանց տառապանք ապրելու: Պատկերացնում եմ հեղինակի տառապանքը «Նամակը» շարադրելիս:
Հայերիս ավանդական արտաքին քաղաքականությունը, որին երբեմն մասնակցել են նաև երևելի գրողներ, ոչ առանց հիմնավորվածության համեմատել ենք կաթսայից թղթե շերեփով հարիսա քաշելու փորձի հետ, որ միշտ էլ դարձել է ազգային փորձանք ու ֆիասկո: Խեղճ ենք եղել այս վճռական ասպարեզում, խոնարհ, կրավորական` անհարիր քաղաքականության պոռնիկ խաղի կանոններին: Ազգային գոյապահպանության ընթացքում մեզ հաճախ, եթե ոչ մշտապես, ուղեկցել են սուտը, կեղծիքն ու անարդարությունը, և մեր հայրենիքը փոքրացել, կուչ-մուչ է եկել շագրենի կաշվի նման: Այսօր էլ լսում եմ Հովհաննես Թումանյանի ձայնը.
«Բերանն արնոտ մարդակերը էն անբան/ Հազար դարում հազիվ դառավ մարդասպան: /Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,/ Ու հեռու է մինչև մարդը իր ճամփան»:
Շատ հեռու է իր «հերոսական» կացնահարումով:
Զորի Բալայանի «Բաց նամակը» մեր նորագույն պատմության այն սակավաթիվ փաստաթղթերից է, որտեղ խոսում է «ազգի սերը» (Խ. Աբովյան), հայ ժողովրդի աշխարհագրական, հոգևոր ու բարոյական իրավունքները բարձրացնելու կամքը` համարձակ դիվանագիտությամբ և առանց սեթևեթանքի:
Երկու տող «Բաց նամակի» դիվանագիտության մասին: Այստեղ դիվանագիտությունը գիտակցաբար թե ենթագիտակցորեն ստեղծված հակադիվանագիտական տեքստն է` պարզ, անմիջական, անկեղծ, զրույցային շարադրանք, որի ազդեցու­թյունը լայն ընթերցողի վրա, կարծում եմ, ավելի ծանրակշիռ կարող է լինել, քան կանոնիկ դիվանագիտությունը:
Զորին հսկայական պատմական նյութ է շուռումուռ արել` իմանալով շատ ավելին: «Նամակում» երևում է սառցալեռան դուրսը, ներսում` օվկիանոսի խորքում, մեր ժողովրդի եղերական ճակատագրին առնչվող բազմաթիվ այլ իրողություններ ևս կան, բայց այդ դուրսն էլ բավական է ներկայումս սթափվելու և գործնական հայացքով քննելու ապագան, որը սարերի ետևում չէ, այլ` վաղվա օր: Կարծում եմ, «Բաց նամակի» գլխավոր արժանիքներից մեկն այս սթափեցնող ձայնն է` ուղղված հայ ժողովրդին մայր հայրենիքում և ի սփյուռս աշխարհի:
Ես պատմություն սիրող եմ, ոչ արհեստավարժ պատմաբան, առավել ևս քաղաքագետ չեմ, այս ասպարեզներին վերաբերվում եմ ավելի զգացմունքներով, քան բանականությամբ, և գիտեմ` զգացմունքայնությունն ի վիճակի չէ գիտականորեն բացահայտելու երևույթի խորքը, հետևաբար, չեմ համարձակվում հայտնվել «Բաց նամակի» բարդ խաչմերուկներում, այլ մի քանի դիտարկումով հարաբերելու նրան իբրև մի շարքային ընթերցող, ով անտարբեր չէ իր պատմական-արդիական ճակատագրի հանդեպ:
Արթին պապը նամակ հղեց ռուսաց թագավորին` իր աքսորական որդի Եգորին տուն վերադարձնելու խնդրանքով և պատասխան չստացավ, որը փոքր մարդու անօգնական կյանքից արտածված՝ Բակունցի գրողական փայլուն պատասխանն էր: Զորի Բալայանի՝ այժմյան ռուսաց թագավորին հասցեագրած «Բաց նամակը» ոչ այնքան իր, որքան հայ ժողովրդի անունից է: Նա իրավունք ունի՞ այս պատասխանատու դերակատարությանը: Կարծում եմ, ունի` Ղարաբաղ հայրենիքի նկատմամբ իր հավատացյալ սիրո շնորհիվ: Նաև այն հասարակական մաքառումների, մոսկովյան նշանավոր հացադուլից առաջ և հետո, մինչև այս «Բաց նամակի» վերջին վերջակետը, որը, համոզված եմ, շարունակություն պիտի ունենա, քանզի գործ ունենք աշխարհի քար սրտի, անհոգի հոգու, կույր աչքի առջև Հայոց ցեղասպանությունը, մեր ազգային պահանջատիրությունը, Ղարաբաղի հերոսաբար ձեռք բերված ինքնորոշումը ճանաչելու տևական շարժումների հետ: Զորիի գրվածքը բաց կամ փակ նամակ չէ, այլ ավելին, հեղինակն օրերս կայացած հարցազրույցում այն արդարացիորեն հրապարակախոսական ժանր համարեց: Նախագահ Պուտինին առերես դիմելով՝ նա դիմում է ամբողջ Ռուսաստանին և միջազգային հանրությանը, որի մատն ավանդաբար խառն է հայոց հարցում: Անմիջաբար կպատասխանի՞ նրանցից որևէ մեկը, հազիվ թե, զգուշանալով թուրք-ադրբեջանական թշնամանքից, ինչպես բազմիցս եղել է, չէ՞ որ «Ու հեռու է մինչև մարդը իր ճամփան»: Նույնիսկ անպատասխան մնալով՝ Զորի Բալայանի «Բաց նամակը» թարգմանաբար լայնորեն տարածվելու դեպքում, կարծում եմ, այդպես էլ կլինի, կստանա լայն ու մեծ արձագանք` ի նպաստ հայ դատի, և սա էլ է նրա էական արժանիքներից:
«Բաց նամակի» փաստագրու­թյունն այնքան համոզիչ է, որ այն ի չիք է դարձնում հայերիս ողբերգությունների լինել-չլինելը միջազգային հանձնաժողովներով որոշելու ստորամիտ առաջարկությունները: Զորի Բալայանը թիրախ է ունեցել նման այլ հանգամանքներ ևս: Տարիներ առաջ մի երևելի պատմաբան գրքույկ էր տպագրել Խորենացու ժամանակի մասին և նրան 5-րդ դարից բերել էր 9-րդ դար: Ես նրան ասացի` ախր ինչո՞ւ 9-րդ, երբ ազերիները Նոյ նահապետին համարում են ադրբեջանցի: Նա ժպտաց` ես գիտնական եմ, փաստեր չունեմ Խորենացու 5-րդ դարի վերաբերյալ: Ասացի` ուրիշներն ունեն: Ասաց` նրանք ինձ չեն համոզում: Ստիպված ասացի` կան խնդիրներ, որոնք պետք է լուծել ժողովրդի պատմաբարոյական շահից ելնելով և ոչ թե գիտության քարացած քերականությամբ: Անցան շատ տարիներ և Ալբերտ Մուշեղյանը անգլիացի նշանավոր հայագետ Ֆրեդերիկ Կոնիբերի նման համոզիչ ու փաստացի ապացուցեց Խորենացու պատկանելիությունը 5-րդ դարին: Իհարկե, ամեն ժողովրդի պատմու­թյուն հարթագրություն չէ և երբեմն կարող է այս կամ այլ կերպ բացա­տրվել, այդ թվում նաև մեր անցյալը մեր իսկ կողմից: Զորի Բալայանի սույն հրապարակագրությունը որոշ ձևակերպումների առիթով, ամենայն հավանականությամբ, ընդդիմախոսներ կունենա, մասնավորաբար, ես համամիտ չեմ Հայաստան աշխարհի պատմական որոշ տարածքների «ռուսացման» (իմ բառն է` Ն. Ա.) միտումի հետ: Բայց գուցե սա հեղինակի քաղաքականությունն է այսօր և այս պահին` հենված արժանահիշատակ Անատոլի Սոբչակի «Ղարաբաղը ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է» հրապարակային կարծիքի վրա: Ամեն պարագայում անհրաժեշտ է «Բաց նամակին» համախոհությամբ ու ըմբռնումով մոտենալ:
Ինչո՞ւ «Բաց նամակը» գրվեց ու լույս տեսավ հենց այս օրերին և ոչ երեկ կամ վաղը, երբ դրանում արծարծված հարցերը շրջանառվում են տասնամյակներ շարունակ: Թերևս այժմ մի պայթյունավտանգ իրա­դրություն է առաջացել, որը ես չգիտեմ, և շատերը տեղյակ չեն: Ենթադրում եմ, որ այս հրապարակումը նպատակամղված է այդ իրադրության կանխարգելմանը կամ վնասազերծմանը:

One thought on “ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ (Արձագանք Զորի Բալայանի «Ղարաբաղի խնդիրը Ռուսաստանի խնդիրն է. Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վ. Վ. Պուտինին. Բաց նամակ» հրապարակմանը) / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

  1. Երանի շատերը Նորայր Ադալյանի նման մտածեին ու , Զորիի նամակը լրիվ չկարդացած և չընկալած, չհարձակվեին հեղինակի վրա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։