«Շուշեցու հիշատակարանը» / Հենրի ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

BakurՊատմությունը սոսկական, ինքնանպատակ հետաքրքրություն չէ, այն մարդու ձևավորման, զարգացման ու կայացման պատմությունն է: Եվ, բնականաբար, պատմությանը դիմելիս` մենք մեր վերաբերմունքն ենք դրսևորում այս կամ այն իրադարձության, դեպքի, անհատի նկատմամբ: Առաջադրույթ ունենալով մեր որդեգրած գաղափարախոսությունը` փորձում ենք արժևորել տվյալ ժամանակաշրջանը, դասեր քաղել նրանից, իմաստավորել մեր ընթացքը` լրացնելով հանիրավի, թե անգիտությամբ մոռացված մեր պատմության «սպիտակ էջերը»:
Այս խոհերը պաշարեցին ինձ, երբ վերընթերցեցի Բակուրի (Բակուր Կարապետյան)` նորերս լույս տեսած «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպը (իմա- պատմակենսագրական վեպը):
Պատմավեպում արտացոլված է 1910-60-ական թվականներին Արցախում տիրող սոցիալ-տնտեսական, քաղաքական, հոգեբարոյական մթնոլորտը` զուգորդված հայոց պատմության խորհրդային համակարգի ընդհանրական հանգրվանների հետ:
Գեղարվեստական շաղախի մեջ առնչված հիշատակված ժամանակաշրջանը մեր պատմության բարդ ու հակասական ժամանակահատվածն է` լեցուն հարցականներով, տագնապներով ու կուսակցական վեճերով, բախումներով ու քաղաքական չկողմնորոշվածությամբ, մասնատված հանրությամբ, քարոզչական ու հայրենագիտական խնդիրներով:
Գիրքը Շուշի բերդաքաղաքի, Չափար գյուղի, նրանց ներսում ու շուրջը կատարվող իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղի մասին է` հիմքում Ռուբեն Սարգսյանի և իր տոհմի կենսապատումը` սկսած 1920 թ. Շուշիի հրկիզումից ու կոտորածից:
Կենսագրական ու տոհմաբանական ատաղձ ունեցող պատմավեպի համար Բակուրին նախ ներշնչել են Ռուբեն Սարգսյանի հիշատակարանը, զավակների` Հենզելայի, Ժորայի, Եղիշեի, Ռոմայի, հարազատ-բարեկամների, տարեց չափարցիների բազմաբովանդակ պատմությունները, արխիվային նյութերը, պարբերական մամուլի տվյալները, պաշտոնական գրությունները…
Օգտագործելով հարուստ փաստական նյութերը, Բակուրը կարողացել է ստեղծել դասական ու ժամանակակից պատմավեպերի սկզբունքային հատկանիշների համադրմամբ և կոմպոզիցիոն ամբողջություն կազմող գեղարվեստական, հրապարակախոսական շնչի պատմավեպ:
Պատմավեպում գործող գրական նախատիպերը իրենց բազմաքանակությամբ մի պատկերասրահ են հիշեցնում, բայց յուրաքանչյուրն առանձնանում է իրեն բնորոշ կեցվածքով, խառնվածքով, խոսքով ու գործով` հեռու ու մոտ աղերսներ ունենալով միջավայրի, գլխավոր հերոսի` Ռուբեն Սարգսյանի հետ:
Պատմավեպում առանձնանում են հոր և որդիների՝ Եղիշեի, Արմենակի, Ռուբենի կերպարները:
Եղիշեն ամեն կերպ փորձում է իր փորձի և իմացության շրջանակի մեջ առնել զավակների քայլերը, վերահսկել նրանց գործողությունները, պահվածքը` հոգու խորքում միաժամանակ հրճվանք ապրելով նրանց արդար ու ճիշտ կեցվածքի համար:
Արմենակն ու Ռուբենը իրենց կողմնորոշումներում, անհատականությամբ և՛ նման են իրար, և՛ տարբեր են: Ռուբենի համար պատմաբան-ուսուցչի կոչումով եղբայր Արմենակը անառարկելի հեղինակություն է և ամեն գնով ձգտում է նմանվել նրան` սերտելով եղբոր տված դասերը: Կամավորագրվելով հայրենի լեռնաշխարհի պաշտպանների շարքերում, բոլշևիկյան գաղափարներով խանդավառված, Արմենակը կովում է պառակտիչների, թուրք-ազերիների դեմ և զոհվում է Քիրսի լեռներում:
Ռուբեն Սարգսյանը անցել է Չափարի կոլտնտեսության ղեկավար օղակների բոլոր սանդղակներով և ղեկավարել է տնտեսությունը` բացահայտելով տաղանդավոր կազմակերպչի ու ղեկավարի իր հմտությունները, պայքարել է հարևանաբնակ քրդերի ու ազերիների դեմ, ապահովելով տնտեսության վերելքը, համախմբելով համագյուղացիներին: Անսպառ եռանդով ու ավյունով լեցուն երիտասարդ նախագահը, շնորհիվ իր երկրագործական գիտելիքների ու անմնացորդ նվիրումի, հայրենի տնտեսության հաջողությունները տեսանելի է դարձնում ոչ միայն շրջանում, այլև մարզում:
Բայց քիչ չէին նաև չար ու նախանձ մարդիկ, որոնք ամեն կերպ փորձում էին չտեսնելու տալ Ռուբենի` որպես հայրենասեր ղեկավարի, հայրենիքի երդվյալ զինվորի, սխրանքի արժանի վաստակը: Ավելին` քամահրանքով էին խոսում նրա հասցեին: Մինչդեռ` Ռուբեն Սարգսյանի էության խորքերում, ինչպես դա երևում է պատմավեպի մեջ շարակարգված փաստերից ու նկարագրություններից, ներդաշնակված են հայրենի եզերքի, Չափար գյուղի մարդկանց ճակատագրերի հանդեպ ունեցած պատասխանատվությունը, հայրենի հողին ու ջրին, հարազատներին մարդկայնորեն նվիրվելու և սիրելու զգացմունքները, բարոյական վեհանձնությունը: Ճակատագիրը նրա հանդեպ անողոք գտնվեց, և Ռուբեն Սարգսյանը անցավ կայսրապետության, ստալինյան ռեժիմի ահասարսուռ բոլոր սանդղակներով, հերոսաբար մաքառեց՝ մնալով հայրենիքի երդվյալ զինվորը, Արցախին, Չափարին նվիրված զավակը` անցնելով լեգենդների շարքը:
Բակուրին, իրավամբ, հաջողվել է ստեղծել հայրենազգաց որդու` Ռուբեն Սարգսյանի կերպարը, որի առնչությամբ թերևս պատշաճ է վկայակոչել Գյոթեի այն միտքը, թե «Միայն նա է կյանքին ու ազատությանն արժանի, ով ամեն օր մարտնչում է դրանց համար»:
Այնուհանդերձ, պատմավեպի ենթատեքստը, փիլիսոփայությունը անցյալի արժեքների գնահատման ազգագրական և շրջանառության մեջ դնելու գաղափարն է, որը իմացական ու դաստիարակչական առումով օգտակար կարող է լինել նոր սերնդի համար, իսկ աղբյուրագիտական առումով` «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպը յուրօրինակ փորձ է արժևորելու ժամանակաշրջանի, փաստերի խորհուրդ-խորինը, և այդ իմաստով այն գեղարվեստական վերարտադրության հաջողված մի գործ է:

One thought on “«Շուշեցու հիշատակարանը» / Հենրի ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։