ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գրասեղանիս է ամենատարեց և բազմավաստակ սասունցի բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս և հուշագիր սպահանցի-կանադացի 85-ամյա Գրիգոր Հոթոյանի «Անցյալի հուշերով կապրինք» իրապատում-պատմվածքների ժողովածուն, որը լույս է տեսել Տորոնթոյում 2011թ., իր դստեր` Անի Հոթոյան-Ժոլի և նրա ամուսնու` Մայքլ Ժոլի և նրանց զավակների` Քրիստափորի և Ստեփան-Արմենի մեկենասությամբ և պապիկապաշտության շնորհիվ: Եվ քանի որ փետրվարի 18-ը Հայաստանում հիշում և նշում են բոլոր արվեստասեր ընթերցողներն ու մշեցի-սասունցի-խնուսցի տարեցները, ժանէլոյանապաշտ հարազատները, ընկերներն ու սունդուկյանցիները, ակամայից նորից են թերթում «Անցյալի հուշերով կապրինք» գիրք-հուշամատյանը և գլուխ խոնարհում բոլոր Մեծերի վաստակի, անունների և հիշատակի առջև ու որոշում Քեռի Ժանի (այսպես էի նրան կոչում) ծննդյան 100-ամյակի առթիվ այցելել նրանց տուն և զրուցել նրա դստեր` Թամարայի, նրա ընտանիքի, թոռների և ծոռների հետ: Հիշեցնենք, որ 1965թ. Հայկ. ԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի սիրված դերասան Ժան Էլոյանի միակ որդին` Լևոն Էլոյանը, հանրապետության սիրված ճարտարապետներից էր, և նա կազմել է իր հոր «Մանրապատումները» ժողովածուն, վստահ, որ «…հեղինակի դերասանական փայլուն կատարումներից անկախ էլ այդ մանրապատումները գրավիչ են և հետաքրքիր»: Եվ իրոք, 1986թ. Հայաստանի թատերական ընկերության հրատարակչությամբ, Լևոն Հախվերդյանի խմբագրմամբ ընթերցողն ստացավ «Ժան Էլոյանի մանրապատումները»: Ինչպես Մեծ եղեռնից առաջ ծնված տասնյակ հազարավոր հայորդիք, Ժան Էլոյանը նույնպես բախտ չի ունեցել ապրել և վայելել իր ծննդավայրի` Խնուսի շրջանի Բաշաքոյ գյուղի համն ու հոտը, շրջել Խնուսի Բերդ գյուղում, ուր պապերը դարբին են եղել և, ըստ մեծերի պատմածների, կռել են Մշո Սուրբ Կարապետ եկեղեցու վանքի երկաթե դռները: Դարբին է եղել ոչ միայն Ժանի հայր Սեդրակը, այլև նրա պապը` Էլոն և իր եղբայրները:
Խաչիկ Դաշտենցի, Սողոմոն Տարոնցու, Վաղարշակ Նորենցի և Ժան Էլոյանի հետ մտերմությունս եղել է ոչ միայն տարոնական մեր արյունը, այլև Սասուն-Մուշ-Խնուս աշխարհի բառ ու բանը, նիստն ու կացը, սովորույթներին ու հոգեբանությանը հարազատ մնալը: Էրգրի և հողի կարոտն այնպես էին մեզ մերել, որ գրեթե ամեն օր «Արմենիա» հյուրանոցի 2-րդ հարկի սրճարանում ժամը 1300-1500-ը պետք է մշեցիների հանդիպեինք մեր սեղանի շուրջ, որի հավերժական թամադան Ժան Մինայիչն էր: Եվ ոչ միայն այստեղ, ուր էլ հավաքվեինք, ինչ առիթ էլ լիներ, մեր անփոխարինելի սեղանապետը քեռի Ժանն էր: Մամիկոնյանական տարոնագիտությունը, ազգանվիրումը, հայահողապաշտությունը, տարբեր բարբառներով քաղցր և սրամիտ ժղլել-զրուցելը ոչ միայն տարոնցի ժողարտիստի մարդաճանաչողությունն էր վկայում, այլև դիմացինի հետ նրա անմիջական կիսվելն ու նվաճելը: Այդ մասին ավելի հանգամանալից ընթերցողը կարող է ծանոթանալ Ժ. Էլոյանին նվիրված արվեստագետ Գևորգ Աբաջյանի «Ժան Էլոյան» մենագրությունից, որը լույս է տեսել 1976 թվականին Երևանում:
«Խնուսցի Ժանին դարձրել ենք մեր քայլող, շրջիկ հանրագիտարանը,-այդպես մի անգամ նրան բնորոշեց մեծն Հովհ. Շիրազը` ավելացնելով, – Արևմտյան Հայաստանն ու Գյումրին Ժանը միացրել է, մնում է Ղարաբաղն ու Ախալքալաքն էլ միացնի Հայաստանին, էլ ոչ միայն ժողովրդական արտիստ և հայագետ կկոչենք նրան, այլև հայոց հավերժական թագավոր…»: Շիրազյան այս բնորոշումը հատուկ կենացի և ծափերի արժանացավ: Այնուհետև Վարդան Թերզիբաշյանը, Թադևոս Սարյանը, Կարո Ալվարյանը, կոմպոզիտոր Մարտին Մազմանյանը, Ցոլակ Ամերիկյանը, Վարդան Աճեմյանը հիշեցին, թե 1929 թ. ինչպես են «գրպանով աղքատ», երազներով, հումորով և բանասացությամբ հարուստ 17-ամյա Ժան Էլոյանին երաշխավորել ընդունվելու Գյումրու դրամատիկական թատրոն-ստուդիան. «Էս տղան կատարյալ դերասան է»:
«Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակին նա մասնակցեց հանրապետական մրցույթի, դառնալով ոչ միայն Թալինի շրջանի Աշնակ գյուղի բնակիչ, հին ֆիդայի Քոթո Միրոյի, այլև ողջ սասունցիների պաշտելի դերասանն ու եզակի ասմունքողը: 1931-1933 թթ. Ժան Էլոյանը Կիրովականի թատրոնի սիրված դերասաններից էր, 1933-1958 թթ. նշանակվեց Լենինականի ֆիլհարմոնիայի տնօրեն (դիրեկտոր): Գյումրին, Շիրակ աշխարհը ինչպես Ավ. Իսահակյանին, Հովհ. Շիրազին, այնպես էլ որդիական սիրով և գուրգուրանքով ծաղկեցրեց երիտասարդ խնուսցու դերասանական տաղանդը: Գյումրու թատրոնում Լյուդվիգ Միքայելյանի «Վարազդատում» նա Վարազդատի դերակատարն էր, Մ. Գորկու «Հատակում» պիեսում Ժանը նորից փայլեց, իսկ Վրթ. Փափազյանի «Ժայռում» Ալեքսանդրի նրա դերը մարդկանց ուղղակի ցնցեց: Նա Շիլլերի «Ավազակներում» Ֆրանցի դերակատարն էր, Շիրվանզադեի «Նամուսում» Սեյրանի կերպարը կերտեց, Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենիում» հայոց Գագիկ թագավորի դերակատարն էր, Ն. Զարյանի «Արա Գեղեցիկում» Արա Գեղեցիկ խաղաց: Ոչ միայն Վարդան Աճեմյանը, այլև դերասաններն ու հանդիսատեսը սիրով ընդունեցին երիտասարդ դերասանին: 1958թ. Ժան Էլոյանը տեղափոխվեց Երևանի Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոն: Այստեղ ևս խնուսցի-թբիլիսցի-գյումրեցի Ժան Էլոյանը զարմացրեց և գրավեց հանդիսատեսին իր բազմաթիվ դերակատարումներով. նա մեկ Եզովպոս էր, մեկ Քեռի Միրո… Հապա Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին», Ե. Չարենցի «Խմբապետ Շավարշը», Խ. Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը», Պ. Սևակի «Անլռելի զանգակատունը», Գ. Էմինի «Սասունցիների պարը» նրա բեմական մեկնությունները, դիմախաղը, ասմունքը այնպես էին ոգևորել հանդիսատեսին, որ ամեն մի ազգասեր, արվեստասեր, հայրենասեր հայորդի ուզում էր ոչ միայն Ժ. Էլոյանի խաղը տեսնել, այլև անձամբ ծանոթանալ նրա հետ: Ի՞նչ դերասան, եթե երգել, պարել չիմանա… Ի՞նչ դերասան, եթե չի տիրապետում մայրենի լեզվին կատարյալ, չի կարող օգտագործել բարբառը, չի մարսում հումորը: Պետք է ասել, որ բազմաթիվ մանրապատումների, երգիծական երկխոսությունների հեղինակ էր Ժ. Էլոյանը:
Պատմում են, որ Գյումրիում Վարդանիկի և ընկեր Մարգոյի զրույց-կատակների մեծ մասի հորինողը Ժան Էլոյանն է: Հիշում են, թե ինչպես Գագիկ թագավորի դերը կատարելիս, դահլիճում նստած իր մոր ուրախությունն ու սրամտությունն էլ էր դարձել զվարճախոսություն-հումոր (տե՛ս «Մանրապատումների» 46-48 էջերը):
Ով գեթ մեկ անգամ սեղան է նստել կամ ճամփորդել Ժ. Էլոյանի հետ, նա երբեք չի մոռանա նրա մանրապատումները: «Հանե զտղեն հորեն, քու պապու գանգ»,- սասունցի Քոթո Միրոյի զայրույթը էսօր էլ դեռ հիշում են աշնակցի սասունցիները, երբ խոսք է գնում մեծավաստակ մշեցի-խնուսցի դերասանի «Սասունցի Դավիթ» էպոսի և Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի չքնաղ կատարման մասին:
Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Ժ. Էլոյանի շնորհիվ է, որ Ավ. Իսահակյանը Գյումրիում քար քաշեց Պոլոզ Մուկուչի գերեզմանին: Էլոյանը ոչ միայն ժողովրդական արտիստ էր, այլև ժողովրդական բանասաց, բանահավաք, բանախոս, համարձակ, ուղղամիտ, ճշտախոս և սրախոս զրուցակից:
Ժ. Էլոյանին բարձր էին գնահատում ոչ միայն իր խաղընկերները, դերասաններն ու ռեժիսորները, այլև թատերագիրներն ու գրականագետները: 1957թ. նրա մասին առանձին գրքով հանդես եկավ Գևորգ Աբաջյանը: Նրա մասին հանրագիտարաններում առանձին էջեր են նվիրել Լևոն Հախվերդյանը, Գառնիկ Ստեփանյանը, իսկ «Սփյուռքահայ մամուլը» (հատկապես Սիրիայում և Լիբանանում) նրան բեմական եզակի անհատականություն է անվանել (Սիմոն Սիմոնյանը, Օնիկ Սարգսյանը, Գևորգ Աճեմյանը և այլք): ՀԽՍՀ ժողարտիստ Ժ. Էլոյանը կյանքին հրաժեշտ տվեց 1984 թ. մարտի 3-ին և հավերժական ննջում է քաղաքամայր Երևանում: Մեծավաստակ արտիստի մասին եզակի դիմանկար է ստեղծել մեծատաղանդ Խ. Դաշտենցը: Նրա «Ասմունքողը և բանավոր մանրավեպերի հեղինակը» դիմանկարային հոդվածը լույս է տեսել «Գրական թերթում» 1972 թ. ապրիլի 7-ին: Բոլոր տարոնորդիների անունից այսօր նորից քեզ ենք հիշել և խոնարհվում ենք, Քեռի Ժան, քո մեծ մարդասիրության, մի բուռ ժողովրդի և քո հողի առաջ: Տա՛ Աստված, շուտ գա էն օրը, որ քո երազը կատարվի. էրթանք Էրգիր, հողը կանչում է… կարոտից չմեռնենք…
Խոնարհվում ենք անունիդ, վաստակիդ և հիշատակիդ առջև: Էրգիրը կանչում է: Դու ինձ միշտ փաղաքշանքով, ինչպես Սիլվա Կապուտիկյանը, «Ծուռ» էիր կոչում: Ծուռս այսօր էլ խոնարհվում է քո առջև, դստերդ` Թամարի, թոռներիդ` Վարուժանի, Սաթենիկի ու մյուս թոռներիդ առջև, վստահ` նրանք քո անունը և վաստակը հավերժ սուրբ կպահեն: