ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ
– Ոսկա՛ն, գրատախտակի մոտ, – խոսքաժլատ մաթեմատիկայի ուսուցիչն այս երեք բառի սահմանը երբեք չէր անցնում: Խոսքառատությունը միայն աշակերտի պատասխանից հետո էր տեղի տալիս, այն էլ` գումարած ընդամենը երկու-երեք բառ.
«Գնահատականդ գրի՛ր գրատախտակին ու տե‘ղդ նստիր»: Մեր դպրոցի սաները նրա բերանից դժվար թե երբևէ սրանից երկար նախադասություն լսած լինեն:
Իսկ Ոսկանը դասարանի ամենալռակյաց աշակերտն էր: Ոչ միայն ուսուցիչները, այլև ընկերները մեծագույն դժվարությամբ էին կարողանում երկու բառից ավելի կորզել նրանից: Բայց այդ երկու բառն արտաբերում էր ծանրակշիռ դանդաղկոտությամբ, խորիմաստ հայացքը հեռուներում թափառող անտեսանելի հրեշտակներին սևեռած, կարծես ժողովելով իր բոլոր ուժերը, որպեսզի նրանց օգնությամբ աներևակայելի վագրային թռիչք գործեր մարդկային բանականության և երկնային տրամաբանության միջև գոյություն ունեցող ամեհի վիհի վրայով, որի խորխորատներում բազում տրամաբաններ էին խորտակվել, ում հոգիներն այժմ բարի հրեշտակների թևեր առած` սավառնում էին ամպերից վեր:
Ընկերները նրա ծանրախոհությունը որպես փակ, ինքնամփոփ բնավորություն էին գնահատում, ուսուցիչները` գիտելիքների պակաս և չսովորելու ցանկություն: Բայց երկու հակադիր կողմն էլ սխալվում էր: Նրա սև աչքերի մեջ ամբարված էին փխրուն, բարի սիրտն ու երազկոտ հոգին, կյանքը խորությամբ սերտելու և ամենայն ինչին ինքնուրույն տիրապետելու մոլուցքը: Ընդգծուն ծնոտոսկրերը տոկուն կամքի վկաներն էին, իսկ բարակ, մշտախուփ շուրթերը` գաղտնապահության առհավատչյան:
Ոսկանը ոտքի ելավ, հենվեց ձախակողմյա շարքի ամենավերջին նստարանին, որի միակ տերն ու տնօրենն էր, և չխոսեց: Դասատուն պատուհանից դուրս էր նայում և նույնպես լռում էր: Դասընկերներից մի-երկուսը փորձեցին խրախուսել նրան, որպեսզի տեղից շարժվեր և գրատախտակին մոտենար` իրենք կհուշեին, բայց Ոսկանն աննշան սաստող հայացք նետեց նրանց վրա և նույնպես պատուհանից դուրս նայեց: Երկուսն էլ կարծես հրաշք էին փնտրում դրսում, իբր ուր որ է հայտնվելու էին ճերմակափետուր հրեշտակները…
Տարիներ հետո Ոսկանը մտքում դժվարագույն խնդիրներն էր լուծելու, հաշվարկելու էր ոչ միայն բազմաբարդ թվերն ու գործարքները, այլև մարդկային և անմարդկային այլազան մտքերն ու գործերը, բայց այսօր դասը չէր սովորել և ասելու բան չուներ, այսինքն` ասելիք շատ ուներ, սակայն հասցեատերը ո՛չ ուսուցիչն էր, ո՛չ էլ ընկերները: «Քյոռփեն» էր, որ թե՛ մարմնով էր մանր-մունր, թե՛ մի քանի դասարան ցածր էր սովորում, բայց Ոսկանի աչքին այնքան մեծ ու անհասանելի էր թվում, որ նա հույսը միայն երկնքում սավառնող ճերմակափետուրների վրա էր դրել:
Ի՜նչ միջոցի ասես, որ չէր դիմել: Դասերից հետո կամ շաբաթ-կիրակի, երբ դասերից ազատ էին, գնում-ցցվում էր նրանց փոքր-մոքր տան դիմաց, սպասում էր այնքան, մինչև բան է, «քյոռփեն» կրկին դուրս կգար տնից` խանութ կամ երաժշտական դպրոց գնալու, կամ էլ` բակում խաղալու ընկերների հետ: Եվ հեռվից հետևում էր նրան` մտքում հազար ու մի գունավոր երազներ, մտքում ճերմակազգեստ հրեշտակները, որ գրկելու-բարձրացնելու էին իրենց երկուսին, և իրենք ձեռք ձեռքի սավառնելու էին վերևներում, ապա ցած էին իջնելու, էլի ձեռք ձեռքի, և սահելու էին դաշտերով, հետո քաղաք էին մտնելու, էլի ձեռք ձեռքի, և կինո էին գնալու միասին, և նստելու էին ամենավերջին շարքում…
Բայց ոչինչ էլ չէր լինում: Ոսկանը շարունակում էր նայել ու լռել, իսկ նա կարծես ոչինչ չէր նկատում: Եվ ամեհի մաթեմատիկոսը կրկին խոսեց:
– Շարժվի՛ր, ա՛յ տղա:
– Չգիտեմ: – Ոսկանի մտքերը հեռվում էին, դասարանը լոկ ժամանակավոր բանտ էր նրա համար, որտեղ մտել էր զանգի հետ և դուրս էր գալու զանգի հետ, իսկ զանգը չէր կարող նրան վերադարձնել գիրք ու տետրի այս ձանձրալի աշխարհը, չոր թվերն ու անհասկանալի քիմիական ռեակցիաները, նրա հոգին և ամբողջ էությունը այլ բանով էին լցված, նրա աչքերը միայն մեկ բան էին տեսնում` փոքրիկ ու շատ մեծ աստվածային մի էակ:
Եվ չհասկացավ, թե ինչպես իր տեղը նստեց, բացեց նստարանի փեղկը, գրպանից հանեց դանակը, որ տնօրենի ու նրա հավատարիմ «զինակիցների» հերթական անսպասելի գրպանաստուգման ժամանակ դիմացի նստարանին նստող դասընկերուհու պայուսակի մեջ էր թաքցրել, և սկսեց նկարել: Առաջին անգամ էր փայտի վրա փորագրում, չնայած թղթի ու կտավի վրա հարյուրավոր նկարներ էր արել, և բոլորը ենթադրում էին, թե նա, ի վերջո, նկարիչ էր դառնալու: Փորագրեց մաթեմատիկայի ժամին, փորագրեց հայոցի ժամին, հետո քիմիայի, պատմության ու կենսաբանության, միայն անգլերենի դասին չկարողացավ փորագրել, որովհետև խմբերի էին բաժանվում և մեկ այլ սենյակ էին տեղափոխվելու: Բայց ֆիզիկայի ժամին սկզբից մինչև վերջ փորագրեց, սա դեմքն է, ահա և` աչքերը, սրանք նուրբ, ոսկեթել մազերն են, ապա և փոքրիկ, փամփլիկ մատները… Փորագրում էր ինքնամոռաց` ձեռքն ավելի ու ավելի ամուր սեղմելով, վրձնին ու մատիտին սովոր մատները թոթափել էին դանակի ծանրությունը և փայտի վրա սահում էին վարժ ու թեթևորեն, կարծես ամբողջ կյանքում հենց միայն դուր ու դանակ էին բռնել:
– Էս ի՞նչ ես անում, խուլիգա՛ն:
Ֆիզիկայի դասատուն, որ նաև դասղեկն էր, ամեհի սև անգղի պես թևատարած կռթնել էր նստարանին, տղամարդու սանրվածքով հինայակարմիր գլուխը խոնարհել էր փեղկին և մանրիկ աչքերը լայն բացած` որոտում էր գարնան առաջին անձրևն ազդարարող ամպազարկի պես:
Շքեղատեսք տնօրենը, որ դեռ ջահել օրերից «սիրուն» մականունն էր կրում և քաղաքում հայտնի էր որպես ամենաճաշակով հագնվող տղամարդ, դասարան մտավ շռնդալից` հավերժահոս շքախմբի ուղեկցությամբ` ուսմասվար, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ, ֆիզկուլտուրայի և աշխատանքի ուսուցման դասատուներ, վերջին երկուսը, կարծեմ, ներդպրոցական պատժիչ ջոկատն էր, որի մռայլադեմ անդամներն աշակերտների հետ առանձին զրուցելիս չքմեղանում և իրենց արդարացնելու համար հազար ու երկու միջոց էին գտնում: Դե, դասղեկն էլ կար ու կար: Պոչ պոչի մոտեցան նստարանին, ակնոցով ու առանց ակնոցի զննեցին-դատեցին-զատեցին, ներքուստ զմայլվեցին ու արտաքուստ պախարակեցին, ապա խոնարհ ետ քաշվեցին: Խոսակցությունը երկար չտևեց: Աշնանային արձակուրդների նախօրյակն էր: Դասարանը պարտավորվեց արձակուրդի ընթացքում վերանորոգել դասասենյակն ու բոլոր նստարանները, տնօրինությունն ապահովելու էր շինարարական նյութերով ու գործիքներով:
Հաջորդ օրը ժողով գումարվեց անխտիր բոլոր բարձր դասարաններում: Արձակուրդի օրերին աշակերտների ուժերով դպրոցում համատարած վերանորոգում էր կատարվելու:
Աշխատանքային առաջին օրը դասընկերներն ուրախ աղմուկ-աղաղակով դասարան մտան և Ոսկանին գտան իր նստարանի վրա տխուր կուչ եկած: Փեղկը չկար: Այսինքն` կար, բայց ուրիշ փեղկ էր` առանց փորագրության, գրեթե նոփ-նոր, նույնիսկ թարմ ներկի հոտ էր բուրում: Ո՞վ էր արել, ինչո՞ւ էր ոչնչացրել գեղեցկությունը, իրենք ուզում էին պահպանել փեղկը, հանել ու պահել:
Գործիքների ետևից փայտամշակման արհեստանոցն իջան: Դպրոցի աշակերտների լավագույն աշխատանքների ցուցահանդեսի ամենավերևում, ուղիղ պատի կենտրոնում ոսկեգույն շրջանակի միջից իրենց էր ժպտում դպրոցական սովորական նստարանի հասարակ փեղկի վրա փորագրված փայտե հրաշագեղ վարդը: