ՀԳՄ նախագահի թեկնածուների ծրագրային դրույթներ / Հովիկ ՀՈՎԵՅԱՆ

հովիկ-Հովեյան1. ՀԳՄ-ն բոլոր գրողների միությունն է:
Միության վարչակազմը բոլոր գրողների շահերի պաշտպանն է:
2. Հայ գրողը ճանաչվելու գերխնդիրն ունի միջազգային ասպարեզում:
ժամանակակից հայ գրականությունը չի հասնում օտարազգի ընթերցողին: Գրողների միությանն առընթեր ստեղծել գեղարվեստական թարգմանության բաժին՝ վճարովի հիմունքներով:
3. Գրողների միությանն առընթեր ստեղծել գրաքննադատության բաժանմունք՝ ժամանակակից գրողների նոր հրատարակած գրքերը գիտա-տեսական վերլուծությամբ ընթերցողին ներկայացնելու նպատակով:
4. Ավելացնել ՀԳՄ մարզային բաժանմունքների ֆինանսական, ինչպես նաև ինքնուրույն որոշումներ կայացնելու, մրցանակների շնորհման, պետական պատվերով գրքերի հրատարակման, արտասահման մեկնող պատվիրակությունների կազմում ընդգրկվելու հնարավորությունները:
ՀԳՄ-ին առընթեր հիմնել հրատարակչատուն սահմանամերձ մարզերից մեկում՝ ֆինանսական միջոցներ գտնելով սեփական և համախոհներիս ուժերով:
5. Ավելացնել ՀԳՄ ժանրային սեկցիաների արտոնությունները ՀԳՄ անդամության թեկնածուների ընտրության, մրցանակների շնորհման, պետպատվերով գրքերի հրատարակման հարցերում: Սեկցիաներին տալ ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն:
6. ՀԳՄ նոր անդամ ընդունող հանձնաժողովին հանձնարարել ամեն տարի 3-5 ստեղծագործող ընդունել ՀԳՄ շարքերը: ՀԳՄ անդամության թեկնածու կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության 18-ից բարձր տարիք ունեցող այն քաղաքացիներն, ովքեր կներկայացնեն պետական պատվերով հրատարակած որևէ ստեղծագործություն:
7. ՀԳՄ շարքերից ինքնաբերաբար դուրս կմնան այն ստեղծագործողներն, ովքեր 5 տարվա ժամանակահատվածում ոչ մի գործ չեն հրատարակել, հանդես չեն եկել ԶԼՄ-ներով: (Բացառություն կկազմեն առողջական խնդիրներ ունեցողները, դատապարտվածները, օբյեկտիվ պատճառներով Երկրից երկարատև բացակայողները…):
8. ՀԳՄ ղեկավար մարմիններում երիտասարդների աշխուժությունը կարող է և դրականորեն անդրադառնալ մեր գրական գործունեության աշխուժացմանը: Նպաստել երիտասարդներին գրական մամուլում, պատվիրակություններ ընդունելու, այցելությունների օրերին նրանց ուղեկցելու և ճանապարհելու, ստեղծագործական այլ միությունների երիտասարդ ստեղծագործողների հետ համագործակցելու և այլ ասպարեզներում ներառելու գործընթացին:
9. Բարելավել ՀԳՄ հրատարակչատան սարք-սարքավորումների տեխնիկական վիճակը: Գրողների տան մեծ դահլիճը համալրել տեսալսողական, ձայնային ու լուսային սարքավորումներով:
10. Գրական մամուլը թոթափել մանրաթեմայնությունից, ուշա­դրությունը սևեռելով ժամանակակից գրողին ու նրա գրականու­թյան միջուկը լիարժեքորեն ներկայացնող խնդիրների:
11. Գրող-պետություն-հասարակություն-ընթերցող կապը չդիտարկել զուտ որպես «անտագոնիստական» կամ էլ խիստ ծառայամտական գործընթաց: Առավել սերտացնել և, եթե հնարավոր է, ստեղծել նոր կապեր գրական միջազգային միավորումների, ակումբների ու ասոցիացիաների հետ՝ ակնկալելով իրատեսական արդյունքներ:
12. ՀԳՄ կառույցի ներսում ստեղծել սեփական հեռուստալրա­տվական կենտրոն՝ վճարովի հիմունքներով աշխատող երկու՝ հեռուստաօպերատորի և խմբագիր-մեկնաբանի հաստիքով, լուսաբանել միության օրընթացն ու գրական-մշակութային գործունեությունը և նկարահանած հեռուստասյուժեները տրամադրել լրատվական աղբյուրներին ու ցանցերին: Բանակցելով շահագրգիռ հեռուստաընկերությունների հետ, ստեղծել Գրական-մշակութային հեռուստահաղորդաշարեր՝ «Գրական կյանք», «Պոեզիայի ժամ», «Դիմանկար՝ առանց էսքիզի», «Գրողը և ժամանակը» խորագրերով:
13. ՀԳՄ ստեղծագործական տներում հանգստացող, 10-ը տարուց ավելի ՀԳՄ անդամության փորձառություն (ստաժ) ունեցող գրողների «օրերի» քանակն ավելացնել չորս օրով, ՀԳՄ անդամների ընտանիքներին արտոնել լիարժեքորեն օգտվելու ստեղծագործական տների հնարավորություններից:
14. ՀԳՄ գրական մամուլի պատասխանատուներին հանձնարարել տարվա աշխատանքային ամփոփ հաշվետվությամբ հանդես գալ ՀԳՄ նախագահության առջև:
15. Վերականգնել գրողների հեռագնա հանդիպումները հանրապետության տարբեր մարզերի ընթերցողների ու մտավորականու­թյան հետ:
16. «Գրական հիմնադրամի» գործունեությունը (կանոնադրորեն չխախտելով մայր գումարի չափաբաժինը) նպատակամղել գրողների խիստ անհրաժեշտ սոցիալական հիմնախնդիրների լուծմանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։