ՆԱ ՄԻՇՏ ՀԻՇԵԼ Է ԻՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ (Հրաչյա Աշուղյան – 75) / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Հրաչյա-ԱշուղյանՀրաչյա Աշուղյանը մեզանում հայտնի անուն է. հիմքը արվեստագետի հիացմունքի արժանի երկարամյա վաստակն է, նրա անձնական հմայքն ու վարքագիծը:
Ծնվել է Հայաստանի ժողովրդական արտիստ Գևորգ Աշուղյանի ընտանիքում, ուր, անշուշտ, իշխում էր արվեստի մթնոլորտը: Մորաքույրը` Վան քաղաքում մինչև 10 տարեկանը ապրած արձակագիր Լյուսի Թարգյուլն էր, որն իր հոգում պահում էր Վանի կախարդանքը, շատ կապված էր քրոջ որդիների հետ ու յուրովի մասնակցում էր նրանց դաստիարակությանը: «Երկնքում դրախտը, իսկ երկրի վրա Վանը» ասացվածքը մշտապես ուղեկցում է վանեցիներին ու նրանց ժառանգներին. ահա կորած երկրի այդ կարոտն էլ Հրաչյա Աշուղյանին մի քանի տարի առաջ տարավ Արևմտահայաստան ու Կիլիկիա: Հրաչյայի մայրը նույնպես արվեստասեր էր և հիանալի նկարում էր, ու գուցե նրա հորդորներով էլ որդին Երևանի Սպանդարյանի անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանի նախապատրաստական բաժինը` աշակերտելով նկարիչ Հենրիկ Մամյանին: Սակայն, մանկուց կապված լինելով Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի հետ, ուր առաջատար դերասան էր իր հայրը, շփվելով ու տեսնելով հայ բեմի մեծերին` Վահրամ Փափազյանին ու Հրաչյա Ներսիսյանին, պատանին ընտրում է թատրոնի ասպարեզը, բայց ոչ դերասանի, այլ ռեժիսորի մասնագիտությամբ, քանի որ իր ավարտած տարին Երևանի թատերական ինստիտուտը չուներ ռեժիսորական բաժին, ապա ընդունվում է Հայֆիլմ կինոստուդիա` այստեղ էլ աշակերտելով գրիմյոր-նկարիչ Պ. Աշչյանին: Այդ 2 տարիները Հայֆիլմի ծաղկուն տարիներն էին: Նկարահանվում էին «Կամո», «Հյուսիսային ծիածան» և վերջապես առ այսօր չհնացող «Առաջին սիրո երգը» կինոնկարները:
Հրաչյա Աշուղյանը Թատերական ինստիտուտ է ընդունվում թատրոնի և կինոյի հեքիաթի առաջին գիտելիքները սերտած: 1958-ին նա արդեն ռեժիսորական բաժնի ուսանող էր և Վարդան Աճեմյանի սանը: Հետո դառնալու էր այդ նշանավոր բեմադրիչի սիրելի հոգեզավակը` մշտապես պահպանելով ներքին կապվածու­թյուն և երախտագիտության անանց զգացում մեծ արվեստագետի նկատմամբ: Նա երբեք չի մոռանում, որ իր դիպլոմային աշխատանքը բեմադրվեց Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի բեմում, և այն վիճակահանությամբ իրեն բաժին հասած Պրոսպեր Մերիմեի 3 նովելներից «Աֆրիկական սերն» էր, որում սիրո եռանկյունու մեջ արաբ Զեյնը շատ էր հիշեցնում Շեքսպիրի Օթելլոյին: Ներկայացումը դիտողների թվում էր նաև Վահրամ Փափազյանը, և Հրաչյան սրտատրոփ սպասում էր նրա գնահատականին: Մեծ դերասանը դիտելու ընթացքում քահ-քահ ծիծաղում էր, իսկ ավարտին մոտենում է Հրաչյային և ասում. «Մա՛նչս, ամեն սև բան Օթելլո չէ», ու համբուրում է նորընծա ռեժիսորին` այդ կերպ ցուցադրելով իր գոհունակությունը:
Վ. Աճեմյանը նրան ընդունում է Սունդուկյանի անվան թատրոն` որպես ռեժիսոր և իրականացնում մի շարք բեմադրություններ: Դրանցից «Հիշիր վաղվա օրդ» բեմադրվել է 200 անգամ` մշտապես ունենալով լեցուն դահլիճներ: Դերակատարներն էին Արուս Ասրյանը, Գեղամ Հարությունյանը, Մուրադ Կոստանյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Արմեն Խոստիկյանը: Այդ պիեսի առաջին բեմա­դրությունը 1971-ի փետրվարի 20-ին էր, և այն շարունակվեց բեմադրվել 15 տարի, մինչև Արուս Ասրյանի մահը:
Զգալով երիտասարդ արվեստագետի էության մեջ հայրենասիրական խոր զգացմունքը` երկար տարիներ նրան հանձնարարվում է ազգային մեծ հանդիսությունների ու տոնախմբությունների գլխավոր բեմադրիչի դերը: Դրանք բոլորն էլ նշանակալի իրադարձություններ էին` ազգային ոգին բարձրացնող ու հայրենասիրությամբ տոգորող. «Էրեբունի-Երևան», «Նոյան տապան», «Ավարայրի ճակատամարտ», «Համահայկական խաղեր», «Գլաձորի 750-ամյակը», «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Գրիգոր և Տրդատ» և այլն:
«Էրեբունի-Երևան» տոնակատարության բեմադրման համար Հրաչյա Աշուղյանը անվանի ռեժիսորներ Երվանդ Ղազանչյանի ու Մարատ Վարժապետյանի հետ արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի: 2001-ին ստացել է Խորենացու մեդալ, իսկ 2006-ին՝ Հայաստանի ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բեմում Հր. Աշուղյանի գեղարվեստական բեմադրությամբ նշվել են հայ մեծանուն արվեստագետների, գրողների, պետական գործիչների թատերականացված հոբելյանները` Արամ Խաչատրյան, Հովհաննես Չեքիջյան, Հովհաննես Շիրազ, Կարեն Դեմիրճյան:
Մոսկվայի Համագումարների պալատում կազմակերպել է «Թումանյանական օրերը», «ԽՍՀՄ կազմավորման» առիթով` երեկո նվիրված Հայաստանին:
Հր. Աշուղյանը մի առանձին խանդաղատանքով է հիշում, թե ինչպես Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի առաջին քարտուղար Ստեփան Պողոսյանն իրեն հանձնարարեց հանրապետական մարզադաշտում բեմադրել «Ծաղկի՛ր, իմ հանրապետություն» հանդիսությունը:
Երկար տարիներ Հրաչյա Աշուղյանի կյանքը կապվում է Հայաստանի հեռուստաթատրոնի հետ, ուր իրականացնում է անմոռանալի բեմադրություններ` «Տրոյական պատերազմը», հակաֆաշիստական «Հրաման» ներկայացումը: Դրանք թվով 26-ն են, և դրանց շարքում խիստ հաջողված են սունդուկյանական չորս վոդևիլները` «Գիշերվա սաբրը խեր է», «Բաղնիսի բոխչան», «Շողոքորթը», «Օսկան Պետրովիչը էն կինքումը»: Վերջիններում փայլուն դերակատարումներով հանդես են գալիս Սոս Սարգսյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Գևորգ Չեփչյանը: Հայ թատերասերները սիրով են հիշում Հր. Աշուղյանի բեմադրած Երվանդ Օտյանի «Թաղականին կինը» պիեսը, որում հանդես են գալիս Մելինե Համամջյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Խաչիկ Նազարեթյանը, Իշխան Ղարիբյանը: Ներկայացման երաժշտական ձևավորումը կատարել է Ալեքսանդր Աճեմյանը, նկարչական ձևավորումը Շահեն Հակոբջանյանինն է, իսկ պարերը բեմադրել է Ռուդոլֆ Խառատյանը:
Հր. Աշուղյանը 1968-ին որպես բեմադրիչ իրականացրել է Հայաստանի օրերը Կանադայում, ունեցել է բեմադրություններ Սիրիայում և Լիբանանում:
Նա երկար տարիներ աշխատում է Երևանի թատերական ինստիտուտում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում` վերջինում որպես հիմնական աշխատող պրոֆեսոր է ու շատ սիրված է ուսանողության կողմից:

Որպես ինքն իր նկատմամբ պահանջկոտ անհատականություն` դեռ որոնումների մեջ է և համոզված է, թե ասելիք ու անելիք ունի: Հր. Աշուղյանը այն մարդկանցից է, ովքեր ունեն պարտքի և պատասխանատվության զգացում: Նա հիանալի ընկեր է, ընտանիքի հայր և ամուսին: Նրա հաջողությունների մեջ անմասն չէ կինը` կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիոլետա Պողոսյանը, որը հանրագիտակ ու արվեստասեր անհատականություն լինելուց բացի, նաև հրաշալի մայր է և տանտիկին` իր մեջ կրելով հայ կնոջ բոլոր լավագույն գծերը, որոնցից ամենակարևորը` անմնացորդ նվիրումն է իր ամուսնուն և դուստրերին:
Հրաշալի դուստրեր են մեծացրել Հրաչյան ու Վիոլետան. նրա աղջիկները` Գոհարն ու Լուսինեն, ավարտել են Մանկավարժական համալսարանը, ուսումը շարունակել են արտասահմանում և այժմ էլ արժանապատիվ ձևով ապրում են Տորոնտոյում` իրենց ընտանիքներով: Հատկապես մեծ հաջողությունների է հասել Գոհար Աշուղյանը. նա ղեկավարում է Տորոնտոյի համալսարաններից մեկի գրադարանը և որպես եզակի մասնագետ ստացել է ցմահ աշխատելու իրավունք:
Հրաչյա Աշուղյանը հիշում է, որ իր մորա­քրոջ` Լյուսիի համար ամենանվիրական անունը Կոմիտասն էր, որին վերջինս նվիրեց իր լավագույն երկը «Կոմիտաս» ծավալուն վեպը: Այդ նվիրական անունը թանկ է նաև Հր. Աշուղյանի համար, որը, անսահման սիրելով եվրոպական ու ռուսական դասական երաժշտությունը, խոստովանում է, թե Կոմիտասի ու Արամ Խաչատրյանի երաժշտությունը զգում էր հոգու ամենանուրբ թելերով:
Երբ Հր. Աշուղյանը հիշում է իր անցած կյանքի ուղին, աշխատում է ջերմ խոսք ասել բոլոր նրանց մասին, ում հետ շփվել է, ով փոքր-ինչ դերով հանդես է եկել իր բեմադրություններում: Նրա ռադիոբեմադրությունները այսօր էլ հնչում են մեր տներում, հատկապես ամեն Ամանորի բոլորս արդեն որերորդ անգամ կլանված լսում ենք «Մեծ անտառի զավակները» և հեքիաթի հերոսների նման Նոր տարուն սպասում լեցուն հրաշքով ու բարու հաղթանակով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։