ՏՈՂԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ / Ռոբերտ ԵՍԱՅԱՆ

Ռոբերտ ԵսայանՏՈՂԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ

Առաջին տողը` կողմնացո՜ւյց հույսի,
երբ վարդի դողը հայացքն է կույսի:
Ոգու հրավեր, ներշնչանքի ծես.-
մնում է երկնես բոլորանվե՜ր:
Ամեն տող ունի ազատության օր,
երբ որ ճեղքում է պատյանն ապահով,
մղվում դեպի գիծն անիմանալի՜,
դառնում օազիս, կարոտի անիվ,
տարածքի կողպեք բացող բանալի՜:
Տող կա` կտրվում է
պորտալարի՜ պես:
Անհայտի ծնունդ:
Հույսերի երիզ:
Տող կա` առասպելի
դարպասն է անգո,
և կա տող մի վերին` ասուպի՜ վարքով,
որ բացում է թևերի
հրայրքնե՜րը հերթով…
Տող կա`
շրջանցում է զսպանակները:
Տող կա`
հսկո՜ւմ է տարածությունները…
Տող կա`
կտրո՜ւմ է օդով ու սուսերով:
Լռո՛ւմ է` ասելո՜վ:
Եվ կա տող-խորան,
ուր հիշողության մոմեր են վառում`
սերնդեսերո՜ւնդ:
Ամեն ոտնահետք աչքն է անցյալի,
որով տեսնո՜ւմ է Անհունի ոգին:
Եվ ամեն կանգառ` խթա՜ն ընթացքի
բանականության զսպանակից դուրս…
Եվ վերջին տողը`
համա՜ռ, անզիջո՛ւմ,
ճանապարհի լույս
թունելի վերջո՜ւմ…

ԾՆՈՒՆԴ
Անապատի հիշողության դողից
բուսել է մի ծաղիկ:
Ձեռքերս մոտեցնում եմ ճիչերին
հույսի
և տաքանո՜ւմ: Աներևույթ մի
հաղորդության
կափարիչը բացում, տեսնո՜ւմ եմ
ծնունդը օրվա:
Հորս ձայնը`
տաքո՜ւկ
ապաստարան:
Հորիզոնի քայլերն
ամրապնդվո՜ւմ են
հավատո՜վ Լեռան:
Վազվզում է մեկը`
մանկության լույսից հանելո՜վ
խաղալիքներ…
¥Այդ ե՞ս եմ արդյոք¤:
Մայրս հայացքն իր
տեղաշարժում է
լամպի՜ պես.
ահա և դրեց գոգին
պատուհանի`
ընդլայնելո՜վ սահմանները
երջանկության:
Ինչ-որ փնտրում էի,
գտնո՜ւմ եմ հիմա¤:
Ներշնչանքի սահմանները
հատում է ճանապարհը,
ուր տողերն են թևում,
երբեմն էլ իջնում,
հանգստանո՜ւմ են
զոհասեղանների՛ն:
Անապատի հիշողության դողից
բուսե՜լ է մի ծաղիկ:

ԹԱՆԳԱՐԱՆ
Պատմության ե՛զր`
մեկուսարան փառքի,
ուր պատանդվե՜լ են
դրոշները Քաոսի:

ՑԱՎԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Հասնելով ափին ճակատագրի`
նետում եմ դեմքս,
որպես խարի՜սխ:
Տարածության մատին
հագցնում եմ մատանի.
աչքս`
մատանո՜ւ ակ:

ԱՌՕՐՅԱՅԻ ՀԱՄԱՊԱՏԿԵՐ
Փողոց: Անցորդներ: Մայթի
եզրին` շերտեր
լռության: Դիպվածի
կտրված ձեռք,
որից բողբոջո՜ւմ է ճյուղն
հիշողության:
Մի հայացքաչափ
հավիտենություն փաթաթվել
է անվարժ ու պաղ դիրքին
մանեկենի:
(Անհաղո՛րդ երազ ու
մենակություն
անբեկանելի՜):
Ծառն իր ստվերի պարկը
լցնում է
ճիչ ու աղմուկո՜վ երեխաների:
Հողը
ծաղկանոց-աչքն է թարթում
քարե պատյանից հրապարակի:
Տերևները` որպես
մնացորդ երազների,
ե՛տ է ստանում
ոգին բնության:
Ներշնչանքի սահմանը
հատում է
ավտոմեքենան
և մտնում մայրուղին Անհայտի:
Կորուսյալ բախտի
խաչմերուկից
սկի՜զբ է առնում
ելքը
Հիշատակի:
Այնուհետև մի եղանա՜կ է
տիրում
ափում ճակատագրի –
սահմանագծերի՜ ձմեռ:

ՆԵՐՍԸ ԵՎ ԴՈՒՐՍԸ
Հիշողության սահմանին
կանգնած է մենակությունս,
որպես սահմանապա՜հ:

Պատմության ճյուղերին
կայանու՜մ են աչքերս`
բողբոջներով Ոգու:

Պապիս ճակատը
կնի՜քն է Աստծո,
որ մե՛րթ լուսանում,
մե՛րթ մայր է մտնում…
(Տեսողության երկնակամարում
երևա՜ց մի հրեշտակ):

Կնճռապատ տանիքը
Ավետարանի կազմ է,
որ Անհունի թելից կախված
լամպերից
սփռում է լույսեր,
և օրհնության մա՜ս են
ներսը և դուրսը …

Հավերժության սահմանին
կանգնած է հիշողությունը,
որպես դրախտավա՜յր:

ԱՊՍՊՐԱՆՔ
Ճանապարհի հայացքում
զնգո՜ւմ է մեղուն,
որպես Գանձասարի
զանգից արձակված
ղողանջ:
Դաշտախոտերի վրա սփռվում է
դեղին մի պատարա՜գ:
Օրը,
որպես փողկապ,
հանում ու նետում եմ
ջրերի մեջ գետի:
Որպես Կարմրախայտ,
ալիքավորվո՜ւմ է հիշողության
քամին
և անհետանում խորքում
Անհունի:
Ճանապարհի հայացքում
զնգում է տողը,
որպես Գանձասարի
խաչքարից հղված
մի ապսպրա՜նք:

ՀՈՐԻԶՈՆԸ ՓՌՈՒՄ ԵՄ
ԼԱՎԱՇԻ ՊԵՍ
Ներշնչանքի աչքերից
ցայտում են հասցեները…
Հասունանում է խմորը հիշողության,
որպես պտո՜ւղ:
Թոնրապատերից ծհանով հանում եմ
հորիզոնը կարմիր
և լավաշի՜ պես փռում
քարերի երակների վրա…
Ժամանակի վրձնից թևո՜ւմ են
կտավները Հարության:

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՏԱՎԸ
Ավտոմեքենաները կանգնած են լռության մեջ
ապագա՜ ընթացքի:
Հաղորդակցության տիեզերախո՜ւյզ
խաչմերուկ: Մի մարդ
սայլակով տանում է
հորիզոնը հույսի: Ես…
մենակ չեմ:
Իմ մեջ ակունքվո՜ւմ է
տապանը Հիշողության:
Ուր որ է կգա Արթուր
Մնացականյանը`
մարտական ընկերս,
որպես Սալվադոր Դալիի
կտավին պակասող
վրձնահարված:
Կխմենք
թթի օղի` վայելելո՜վ երազը
հողի:
Եվ հիշողության ոտնահետքերում
կբուսե՜ն
ծաղիկներ:
Խաղաղությունը`
սահմանագծով ընթացող
ոգի նժդեհյան…
Մասիսի ձյունից հառնո՜ւմ է
դրոշը…
Մի մարդ սայլակով տանում է
հորիզոնը հույսի:
Ճակատագրերը կանգնած են
լռության մեջ
ապագա Ելքի…
Սալվադոր Դալիի
երևանյան կտա՜վը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։