Այստեղ ես մենակ եմ: Մինչ այդ էլ ես ճաշակել էի մենակության դառնությունը, բայց այստեղ մենակությունը հոտ ու համ ունի: Իհարկե` տհաճ: Ձմեռվա վերջին, երբ դեռ հայրենիքում էի, հիշում եմ, ինչ-որ տոն էր: Այծի տոն: Նշում էինք ազգովի: Իսկ հիմա ես օտարության մեջ եմ և ստիպված չեմ լինի ներկա գտնվել ավանդական դարձած այծի տոնին: Վերադառնալ մի տեղ, քայլել մի քաղաքի փողոցներով, ուր միայն պետք է երևակայել, որ այն քոնն է, ու երկիրն էլ է քոնը, ես արդեն չեմ ուզում: Հայրենիքը ինձ մոտ այլևս ոչ մի զգացմունք չի արթնացնում, ո՛չ տխրություն, ո՛չ ատելություն, ո՛չ զայրույթ ու ո՛չ էլ ափսոսանք: Ես չեմ ուզում վերադառնալ` նայելու համար ավերակներին, որոնց տակ թաղված է իմ մանկությունը: Հասկանալ, թե ինչ կատարվեց ինձ հետ հեռանալուց առաջ, նույնպես չեմ ուզում…
…Ինչ-որ անհասկանալի բան է կատարվում ինձ հետ: Տեսեք, այսքան տարի է անցել, և ես, որ երբեք թույլ չէի տալիս ինձ տրվել ունայնությանը, հիմա դարձել եմ այդքան փխրուն ու զգայուն: Հիմարություն եմ դուրս տալիս, այնպես չէ՞: Ես հեռացա, որպեսզի թույլ չտամ որևէ մեկին ծիծաղել ինձ վրա, բայց այստեղ ես ինձ ծաղրանքի առարկա եմ զգում ամեն օր ու ոչինչ չեմ կարող ու չեմ էլ փորձում անել…
…Հայրենիքում ապրած վերջին օրերի հիշողությունները, երբեմն մղձավանջի տեսքով, այցի են գալիս ինձ, ու երբ հաջողվում է արթնանալ, մղձավանջը մնում է ինձ հետ, դառնում է արթմնի, ու ես կորցնում եմ իրականության զգացողությունը, երազի ու երևակայության սահմանագիծը: Հետո ես այլ երազ եմ տեսնում: Իբր արդեն վերադարձել եմ, սակայն պետք է նորից ետ դառնալ, բայց անկարող եմ, ոտքերս ու ձեռքերս քարացել են, ես դադարել եմ կառավարել իմ մարմինը, այն արդեն հլու չէ ինձ, ինչպես առաջ էր: Իսկ պատուհանների տակ աղմուկ է, մարդիկ հավանաբար նորից այծի տոնն են նշում, բայց դրսում արդեն ձմեռ չէ, այլ ամառ: Երևի հիմա արդեն նշանակություն չունի, թե տարվա որ եղանակին նշել այծի տոնը: Ամեն ինչ կախված է երկրի տիրոջ կամքից: Դատելով ձայներից` դրսում հոծ բազմություն է հավաքվել, ինչն առնվազն տարօրինակ է, քանի որ սովորաբար ամբոխը հազվադեպ է դուրս գալիս փողոց, ու ամեն ոք գերադասում է տոնը նշել իր տանը: Գուցե կանչո՞ւմ են ինձ` միանալու իրենց: Ես լարում եմ լսողությունս, բայց բազմահազար ձայների մեջ որոշակի բան լսելն անհնարին է…
…Բայց ոչ, ահա լացի ձայն է լսվում, հարազատ ու սրտակեղեք: Այդ դո՞ւ ես, տղա՛ս, մեր բաժանման պա՞հն ես հիշել, թե՞ քո մանկական սրտում կարոտի զգացում է արթնացել ու այն անծանոթ է քեզ, ու փորձում ես լացով խեղդել այն: Մի՛ արտասվիր, մեզ սովորեցրել են, որ կարոտը հաց ու ջրով էլ է հնարավոր բուժել, խնայիր արցունքներդ…
…Արևն այրում է ծառերի կատարները, քաղաքը փոշոտ է ու կեղտոտ: Մայթերին, նույնիսկ աղբը հեռացնելուց հետո դեռ մնում են մնացորդներն ու նոր աղբը հնի հետ խառնված` դառնում է անցնող ու անցած օրերի վկան, անխոս վկան, ինչպես մենք բոլորս: Տարօրինակ համեմատություն է, այդպես չէ՞: Մեզ բաժին է ընկել մի հայրենիք, որ շրջապատված է թշնամիներով, այն պահպանելու համար մենք տվել ենք լավագույնը, ինչ ունեինք, ու հիմա, շնորհիվ երկրի տիրոջ, այն ծաղկում է, օրեցօր փոխվում ու զարգանում: Նույնիսկ տոներն են փոխել իրենց պարբերականությունը: Օրինակ, տարիներ առաջ մենք այծի տոնը նշում էինք հինգ տարին մեկ, իսկ հիմա` ամեն տարի: Առաջ կային մարդիկ, որոնք դեմ էին այդ, թվում է` անհասկանալի, տոնը նշելուն, բայց հիմա բոլորը միակամ են ու միակարծիք: Գրողը տանի, այս ի՞նչ ենք մենք դարձել, ինչպե՞ս էր հնարավոր այդ աստիճան նվաստանալ, ինչպե՞ս է հնարավոր խոնարհվել առանց մեջքը շտկելու մտադրության…
…Ես վերջապես արթնանում եմ գալիք աղետի սուր զգացումը սրտումս: Անշարժ պառկած` թարթում եմ աչքերս, ինձ պատկերացնում սարդոստայնի մեջ ու սպասում, թե երբ բազմաչք, փրչոտ հրեշը կհոշոտի ինձ: Բայց ահա հնչում է զարթուցիչի ձայնը, ու ես, երկարելով ձեռքս, արագ անջատում եմ, զարմանալով, որ նորից վերագտել եմ վերջույթներս կառավարելու հնարավորությունը: Ես այլևս չեմ կարող այսպես շարունակել, ու առաջին միտքը, որ ծագում է գլխումս, որպես անելանելիությունից ելք` այծին սպանելն է: Պետք է գոնե մեկ անգամ ուժ գտնել` խախտելու աստվածաշնչյան գլխավոր պատվիրանը` «մի՛ սպանաներ»: Միևնույն է, օտարության մեջ ապրել քրիստոնավայել չի ստացվում: Առաջ գոնե հույս ունեի, որ մի օր ֆիզիկապես և հոգեպես այլևս չեմ կարողանա դիմանալ ու վերադառնալու որոշում կընդունեմ, բայց հիմա սկսել եմ ատել ինքս ինձ, որ հարմարվեցի ու ստիպում եմ ինձ չմտածել վերադառնալու մասին: Հիմա ես զբաղված եմ ինքնախաբեությամբ, ու իրական կյանքում էլ մղձավանջ-երազը շարունակվում է…
…Նույնիսկ վախենում եմ քնել: Հիմա ես տառապում եմ անքնությամբ: Վախենում եմ անընդհատ նույն երազները տեսնել, վախենում եմ, որ մի օր կարող եմ նույնիսկ չարթնանալ: Մեռնել օտարության մեջ երևի ամենասարսափելի պատիժը կլինի` ուղարկված Աստծո կողմից իմ գործած մեղքերին որպես հատուցում: Անհրաժեշտ էր մնալ, հասկացնել մարդկանց այծի տոնի ողջ էությունը, բացատրել, թե ով է երկրի իրական տերը: Իսկ ես հեռացա, չմտածելով, որ այստեղ ևս այծի տոնը շարունակվելու է, ավելի խառնիճաղանջ, անկազմակերպ ու անդադար…
…Դու չես ապրի այն հայրենիքում, որտեղ ես եմ ապրել, որդի՛ս, որովհետև դու ավելիին ես արժանի: Քեզ չեն սովորեցնի խոնարհվել, լռել ու չտեսնել: Դու չես մասնակցի այծի տոնին, որովհետև այն ծաղրում է մարդկային ինքնասիրությունն ու ստորացնում: Ասել, որ ես հեռացա, որպեսզի օտարության մեջ գիտակցեմ դա` սխալ կլինի: Պարզապես հիմա եմ հասկանում, որ նպատակս իրականություն դարձնելու համար պետք էր ևս մեկ փորձություն, պետք էր հայրենիքից հեռու գտնվելով հասկանալ, թե ինչու է շարունակվում այծի տոնը…
…Ես հեռացա, որպեսզի ավելի ուժեղ սկսեմ ատել, որպեսզի հասկանամ, որ հենց ես պիտի սպանեմ այծին: Ինձ հիմա հարկավոր է ամրապնդել իմ ատելությունը, այնքան, որ այն դառնա ավիշ, դառնա արյուն և հոսի իմ երակներով: Միայն այդ ժամանակ ես կկարողանամ հեռու պահել որդուս օտարության մեջ ապրելու ու մեծանալու, նույն մղձավանջային երազները տեսնելու հեռանկարից…
…Հոգեբուժարանի պատերը սպիտակ էին անաղարտության աստիճան: Ինչ-որ մեկը հավանաբար սրտացավորեն հոգ էր տարել այդ մասին: Հիշեցի Լոմբրոզոյի խոսքերը. «Յուրաքանչյուրիս մեջ գենետիկորեն նստած է խելագարը, պարզապես փոքրամասնության մոտ այն արտահայտվում է նրա արտաքինի և քայլերի մեջ, իսկ մեծամասնության մոտ մնում է թաքնված»: Ինչո՞ւ են ինձ ուղարկել այստեղ, անընդհատ մտածում էի ես ու փորձում համեմատության եզրեր գտնել իմ և հոգեբուժարանի բնակիչների միջև: Տեսնես նրանք երբևիցե մասնակցե՞լ են այծի տոնին կամ եղե՞լ են օտարության մեջ, երբ հոգեպես առողջ էին: Դժվար թե: Հավանաբար երկրի տերը փորձում էր այդ կերպ հասկացնել, որ չհնազանդվելու դեպքում հնարավոր է ինձ նաև հոգեպես անառողջ հայտարարեն ու այդ կերպ ազատվեն ևս մեկից, ով համառորեն չի ուզում մասնակցել իր տոնին: Հիշում եմ, օտարության մեկնելու առաջին միտքը իմ գլխում ծագեց, երբ հայտնվեցի հոգեբուժարանի միջանցքում: Հիմա ես գիտակցում եմ, որ դա դիմադրության թույլ ճանապարհն էր, բայց ուրիշ ինչպե՞ս ազատվեի արյունից, որ հոսում էր իմ երակներով, երբ ես հայրենիքում էի, ինչպե՞ս փոխարինեի այն ատելությամբ, ինչպե՞ս որոշում ընդունեի սպանել այծին…