ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԵՐ

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

(Լևոն Խեչոյան, «Փուշը, հա՛յր, փուշը», Երևան, «Նահապետ», 2011, 352էջ)

Մոռացության խավարի մեջ հիշողու­թյունը լույսեր է վառում: Այդ լույսերով ուրվագծվում է կյանքի անցած ճանապարհը: Լ.Խեչոյանի պատմվածքների այս ժողովածուն մտաբերումներով կյանքը կյանք դարձնող ինքնաճանաչման ճանապարհ է, որի ընթացքն ու կեռմանները առկայծում են հիշողության լույսերով: Հիշողությունը լուսավորում է անձնական, ընտանեկան, ընկերական, համայնքային կյանքի որևէ դրվագ: Մարդը միայն միայնակ գայլ չէ, նա նաև իր շրջապատի մեջ է, և նրան ճանաչո՛ղ կա:
Որոշակի արտաքինով, ձայնով, պահվածքով, բնավորությամբ, նկարագրով առջևդ են կանգնում իրական մարդիկ, ովքեր ունեն իրենց անունն ու մականունը, դիրքն ու հեղինակությունը միջավայրում: Եվ եթե մանրամասնի ճշգրտությամբ (գերճշգրտությամբ) չմտաբերվեն այդ մարդիկ իրենց անունով ու գործով, հիշողության լույսերը պարզապես չեն վառվի, կառաջանա անճանաչելի սև խոռոչ, կկորչի մա՛րդն էլ, հիշատա՛կն էլ, անո՛ւնն էլ…
Այս դեպքում շատ մեծ կարևորություն է վերապահված հենց անվանը: Մարդը դառնում է գրականության հերոս. փորձես անունը փոխել` ինքն էլ կփոխվի, կդառնա ուրիշ մարդ: Որպես նախատիպ` անունով մտնում է գրականություն, բայց այնտեղ մահակներով զինված համագյուղացիներն են, ովքեր միայն իրենց լավն են ուզում լսել, կարդալ, հակառակ դեպքում ընդհարումը պատրաստ է: Գյուղից գրականություն մտնող հերոսների և այդ ընթացքում նրանց նախատիպերին չկորցնելու ճանապարհին գրողը նաև կանգնում է հերոսների դեմ` փորձելով չհեռանալ նախատիպի հավաստիությունից:
Ոչ թե գեղեցիկ խոսք, այլ` ճիշտ խոսք, ոչ թե նրբագեղ լեզու, այլ` կոշտ բարբառ, ոչ թե չափազանցված վեհություն, այլ` կենցաղից բխող լուծումներ: Կենսական վիճակների լավն ու վատը իրականության մեջ այնքան ցայտուն չի երևում, որքան գրականության մեջ: Այդ իսկ պատճառով անվան հասցեատերը իր գոհությամբ, առավելապես դժգոհությամբ կբախի դուռդ:
Այդպես եղել է Հակոբ Օշականի հետ: Դպրոցի ուսուցիչներից մեկին ակնարկող «Առաջին արցունքը» առաջին պատմվածքից հետո նրան հեռացրեցին աշխատանքից: Այդպես եղել է Եղիշե Չարենցի հետ, երբ «Երկիր Նաիրի» վեպի առաջաբանում անդրադառնում է արգո նաիրցիների` իրեն ուղղված կշտամբանքներին: Այդպես գյուղովի եկել են նաև Լևոն Խեչոյանի վրա… Գրի մեջ իրենց անունն է, իրենց գործն է, իրենց պատիվն է, իրենց անմահությունն է…
Ինչի՞ մասին է գրում հեղինակը. դիպաշարերը բազմազան են` պատանեկան տարիներ գյուղում, գյուղ և գյուղացիներ, գյուղ և շրջկենտրոն, գյուղ և մայրաքաղաք, երիտասարդության տարիներ Ռուսաստանի խոպաններում, Երևանի փողոցներում, կյանքի խաչմերուկներում: Ծագումնաբանորեն` բնակության տեղով, բարբառով տեսանելի է ոչ միայն պատմվածքների գլխավոր հերոսը, ով գրեթե մշտապես նույն անձն է, այլև թափանցիկորեն տեսանելի են միջավայրը լրացնող կերպարները: Աշխարհին ուղղված իրատեսական հայացք, բնաշխարհիկ իրապաշտություն` նախակերպարի ու գրական կերպարի լիարժեք հարազատությամբ:
Պատմվածքների հիմքում ընկած առանձին պատմությունները շղթա են կազմում և դառնում իրական մարդու իրական կյանքի որոշակի ժամանակաշրջանի պատմու­թյուն: Տոհմաբանություն, որ ավելի ցայտուն է արտահայտված «Խնկի ծառեր» վիպակում: Այդ պատմություն-դիպաշարերը վերարտադրելու անհրաժեշտություն չկա: Եթե գրողի համար դա էական է, որովհետև առանց կենսական նյութի պատմվածք չի գրվի, ապա գրքի վերլուծության համար դա պարտադիր պայման չէ, քանի որ էականն այն է, թե այդպես դրվագ-դրվագ ամբողջացնելով շարա­դրանքը, ինչ է ուզում ասել հեղինակը:
Իսկ հեղինակն ուզում է ասել, որ այս բոլոր պատմությունների հիմքում մարդու դատապարտվածությունն է իր բախտին ու ճակատագրին, ինքը իրեն` լինելու ա՛յն, ինչ է, և ոչ թե դույզն-ինչ հեռանալու ինքն իրենից: Դատապարտվածություն տեսակին, դատապարտվածություն ճակատագրին: Դա հիմնավորվում է մարդու շրջապատով` ծնողներ, ազգականներ, համագյուղացիներ, ծանոթներ` մի ամբողջ տոհմամատյան: Այսինքն` ինքն իրենից փախչող միայնակ մարդու վիճակը (ողբերգությունը, ինքնահեգնանքը) բացառվում է: Մարդը ոչ թե մարդու խորհրդանիշ է, այլ` իրական անձնավորություն իրական միջավայրում:
Այստեղ կան լռությանը պահ տված գաղտնիքներ` անակնկալ մահվան դեպքեր, հոգեբանական ծալքեր, ծիծաղելի վիճակներ, որոնք չպետք է բացահայտվեին ու գյուղի բերանն ընկնեին («Երրորդ որդին», «Սպասում»), որովհետև գյուղի ներքին օրենքը կոչնչացներ նրանց: Այստեղ և՛ պարետային ժամին զուգադիպած թաղումն է, երբ փողոցները փակ են («Դատախազի թաղումը»), և՛ երկրաշարժն է («Նարինջը»), երբ հայրը դրսից, որդին փլատակների տակից երկխոսում են, և մեռնող մարդու ապրելու ցանկությունն անգամ վախ է ներշնչում փրկվածներին: Այստեղ ջրհեղեղին զոհ դարձած քաղաքից գյուղ եկած ռուսաց լեզվի ուսուցչուհու մահն է («Զանգը»), ինչը և՛ զավեշտալի է, քանի որ բարձրացել էր դպրոցի զուգարանի կտուրը, և՛ ողբերգական, քանի որ դիակը գտնում են հեռու մարգագետիններում:
Այս և համանման այլ պատմվածքներում ստեղծվում են գաղտնիքը ձևակերպող նախադասություններ, որոնք, աստիճանաբար բացվելով, դառնում են պատմվածք` ստեղծելով և՛ հերոսներ, և՛ գործողություններ: Ահա դրանցից մեկը. «Երբ այդ գիշեր հայրս քնեց պատերազմի հերոս Մամբրեի կնոջ հետ, ամբողջ գյուղով մտածում էին, որ լուրն առած Մամբրեն կգա ու կգնդակահարի հորս» («Երկու կրակոց»): Ահա և կենցաղային պատմությունը պատմվածք դարձնող դիտանկյունը միևնույն տեղում. «Մի քանի անգամ նրան (հորս) քաշքշելով ուզում էին դուրս գցել, իսկ նա ամաչում էր, որ ես այդ ամենը տեսնում եմ: Աջից, ձախից պաշտպանվելով` գոռում էր` տղայի մոտ մի՛ արեք»: Մարդն է, իր գաղտնիքն է, իր ամոթն է և այդ գաղտնիքն ու ամոթը տեսնող աչքը, ինչը նախ առկայծում է հիշողության լույսերի մեջ, հետո բռնկվում ոգեղեն կրակով, այնուհետև հրդեհվում մտքի մեջ, բոցավառվում ու դառնում բառերի կրակամրրիկ:
Գեղարվեստական այս կառույցն ընդհանուր է, միայն պետք է գտնել խոսքի հոգեբանական այդ հանգույցը: Ահա համա­նման մեկ այլ օրինակ. «Ջհուդ Մուկուչը տեղափոխվում էր քաղաքում ապրելու, իսկ շանը չէր ցանկանում որևէ մեկին թողնել» («Ամբոխը»): Կերպարն արդեն իսկ ուրվագծված է, մնում է միայն բացահայ­տել:
Սեր ասածը վաղուց չկա գրականության մեջ. ի՜նչ սեր, երբ կանանց ցանկահարույց ջայլերը երթի ու շքերթի են ելել նույն այն քաղաքներում ու գյուղերում, որոնց մասին նախկին շարժանկարներից մեկում ասում էին` այս քաղաքում վագր որսալն ավելի հեշտ է, քան աղջիկ: Մինչդեռ քաղաքում ոչ մի վագր չկար, իսկ կենդանաբանական այգին այս դեպքում հաշվի մեջ չէ:
Սեր ասածը չկա նաև այս գրքում, բայց կա կինը. կինը որպես քաղաքից գյուղ եկած ուսուցչուհի, ում փեշերից կախվում-կառչում են կնոջ մասին լսած, բայց դեռևս կին չտեսած բարձրդասարանցիները («Թիթեղյա տուփով կոնֆետներ»), կինը որպես օտարության մեջ ստրուկի պես աշխատող հայ տղայի կողքին կանգնած պատրաստակամ էգ («Կորեացին»), պատերազմից աղավաղված զինվորի կողքին հայտնված ռազմագերի («Հողի դողը»): Կան սիրային խարդավանքներ, որոնք ամենևին էլ սիրային չեն, այլ` տղամարդ-կին հարաբերության տեղաշարժեր («Լրագրողը»): Գյուղից քաղաք կարտոֆիլ ծախելու եկած մեկի բախտն էլ 70 կիլոգրամանոց պարկը ուսին բնակարանի հարկերով բարձրանալիս և տանտիրուհու կամքը կատարելիս է բերում («Հեծանիվը»): Մյուսի այգին մրջյունները քանդում են, քանի որ տանտերը հեռացել է («Այգին»):
Համանման հանգույցներն անպակաս են պատմվածքներից: Առանձնացնենք ևս մի քանիսը` «Աղջիկը, բանաստեղծը», «Հանգստյան շաբաթ», «Երկուսը մի դեմքով», «Տոթ օր»…
Սեռը ևս գաղտնիք է, քանի որ ենթարկվում է մութ անտառի օրենքներին: Սեռը որպես սեռական առողջ բնազդ գործա­դրեցին «Երեքի» դեկլարացիան ստորա­գրողները: Սեռը որպես հերոսների արարքների բացահայտման հոգեվերլուծական անհրաժեշտ նախադրյալ հաստատեց Հակոբ Օշականը: Սեռը որպես ազատու­թյան հնարավորություն` ընդդեմ գաղափարական ու հոգեբանական կաշկանդումների 1935-1937 թթ. պատկերեց Չարենցը: Սեռը որպես գռեհկաբանություն դարձավ ժամանակակից գրողներից մի քանիսի զբաղմունքը: Ահա սեռը որպես կյանքի բնական արտահայտություն թանձրացավ Լևոն Խեչոյանի ստեղծագործու­թյան մեջ:
Գրողի կենսագրության փաստ է նաև հայոց վերջին պատերազմը, ինչը ևս «Ստվերների տեսիլքը» խորագրով դարձել է պատմվածքների շարք: Մեր նոր ժամանակների կյանքը դժվար է դառնում գեղարվեստ, դժվար է ստեղծում իր գեղագիտությունը, որովհետև ժամանակը այն չդարձրեց անհրաժեշտությամբ թելա­դրված քննարկման նյութ: Ամեն ինչ մի տեսակ ենթարկվեց անհատական ճեղքումի հնարավորությանը: Դա թե՛ որպես նոր կյանքի պահանջներից անցյալին ուղղված հայացք, թե՛ հայացք հենց նոր կյանքին: Լևոն Խեչոյանը ինքն իր մեջ ճշտեց դիրքորոշումը` դարձավ և՛ պատերազմի զինվոր, և՛ գրի զինվոր` իր մարտական ուղին և ստեղծագործական ճանապարհը իմաստավորելով տարաբնույթ երկերով, այդ թվում` նաև հիշյալ շարքի պատմվածքներով: Պահի լարված ճակատագրականու­թյունը, կյանքի ու մահվան մերձավոր շնչառությունը տեղ չեն թողնում ավելորդ ինքնության ու զեղումների համար: Մարդու դողը դառնում է հողի դող, երկրի դող, և դա ոչ թե վախից է, այլ` նպատակի մերձավորությունից, ինչը պիտի իրականություն դարձնել:
Եվ այսպես` տոհմամատյան` կենսա­գրության հենակետերով:
Գրքի ամենակարևոր արժանիքը բնականության պահպանումն է` առկա բոլոր նրբերանգների մեջ` նյութը, հերոսները, նրանց գործունեության միջավայրը, նրանց փոխհարաբերության ձևը և, իհարկե, լեզուն` նկատի ունենալով և՛ հեղինակային խոսքը, և՛ հերոսների: Շատ լավ է օգտագործված բարբառը: Հեղինակային խոսքի մեջ, սակայն, ցանկալի չէ հանդիպել այնպիսի բարբառային, սխալ, լեզվին խորթ բառաձևերի, ինչպիսիք են «լպոկ­տված» (էջ 30, 43…), «երկարացրին» (էջ 24), «ցելոֆան» (էջ 24, 37…):
Հեղինակի նպատակը ոչ թե գեղեցիկ լեզուն է, այլ` լեզվի բնականության գեղեցկությունը: Այստեղ լեզվի տարերքն է, այս դեպքում` շատ վիպական, խիտ, շարժուն, արագընթաց: Այս դեպքում լեզուն որպես ջրվեժ, որ ենթակա չէ ո՛չ մակընթացության, ո՛չ տեղատվության:
Լևոն Խեչոյանը կյանքի առանձին դրվագների գեղարվեստական լուսանկարիչ է: Պահպանվում են համամասնություններն ու չափերը, ստեղծվում է միջավայր, հեղինակային խոսքն ու կենդանի բարբառը լրացնում են իրար: Առանձնանում է պատումի բնույթը. հեղինակը ոչ թե նկարա­գրում է, վերապատմում կամ վերլուծում, այլ արտացոլում է պահը: Շարադրանքը շատ շարժուն է, արագ: Այդ արագ հաճախականությունը խոսքի կենդանի մարմինն օժտում է իր առանձնահատուկ շնչառու­թյամբ, ինչը կշռույթն է:
Արձակի կշռույթն ավելի խորքային է, քան բանաստեղծությանը: Խեչոյանի դեպքում դեր ունի այդ արագ ու շարժուն պատումի ալեբախությունը: Ուշադիր լինելու դեպքում կարելի է զգալ հեղինակի ստեղծագործական հևքը:
Մեկ այլ առանձնահատկություն. պատումը, դիպաշարն ու գործողություններն ասես գործնականացնում են հեղինակի խոսքը, մինչդեռ պատմվածքներից յուրաքանչյուրի հիմքում հոգեբանական դրամա է: Այս հոգեբանական դրաման նա բացահայտում է ոչ թե վերլուծական դատողու­թյուններով, այլ` գործողություններով, շարժումի մեջ:
Այս տեսակետից պատմվածքների հետ մեկտեղ առանձնանում է նաև «Եվրոպայի երկաթե ճանապարհներին» նոթագրու­թյունը: Տարբեր երկրների 103 գրող` 55 օր շարունակ Եվրոպայի քաղաքների ու գյուղերի ճանապարհներին, գրական հանդիպումների ու զրույցների մեջ: Սա հենց այն նյութն է, ինչը մարդու հոգեբանական համատեղելիության, անհատականության ընդգծված արտահայտության, ազգային յուրահատկությունների և համաշխարհայնացման գործընթացների բախման ու ժամանակակից արվեստի գեղագիտության արծարծման հսկայական ներուժ է պարունակում: Այդպես գրվեց Հրանտ Մաթևոսյանի «Խումհար»-ը («Կենդանին ու մեռյալը») վիպակը: Խեչոյանի այս նոթագրու­թյունը կարող է բացվել, ծավալվել և դառնալ արդիական հարցադրումներով հագեցած ժամանակակից վեպի հիմք:
Գրողը իր հերոսների աշխարհում է, հերոս դարձած այդ մարդիկ մեր կողքին ապրող ժամանակակից հայ մարդիկ են: Գեղագիտությունը գեղարվեստի նոր չափումներ է պահանջում` ավելի բնական, ավելի առօրեական, և գրողը ստեղծում է սովորականի` հա՛ր սովորականի իր գեղագիտու­թյունը. ոչ թե վեհի, գեղեցիկի, ողբերգականի կամ կատակերգականի, այլ` հատկապես սովորականի, որի մեջ են և՛ վեհը, և՛ գեղեցիկը, և՛ ողբերգականը, և կատակեր­գա­կանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։