ՔԱՆԻ ՇՆՉՈՒՄ ԵՄ, ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ / Դորա ՍԱՔԱՆՅԱՆ

Դորա-ՍԱՔԱՆՅԱՆԳԹ-ի հարցերին պատասխանում է Կանադայի ՄակԳիլ համալսարանի բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դորա ՍԱՔԱՆՅԱՆԸ

ԳԹ – Վերջերս ԵՊՀ գիտական խորհրդի միաձայն որոշմամբ Ձեզ շնորհվեց Երևանի պետհամալսարանի պատվավոր դոկտորի կոչում և հրավիրյալ պրոֆեսորի կարգավիճակ, որի համար շնորհավորում ենք:
Դորա Սաքանյան – Շնորհակալ եմ:

ԳԹ – Դուք գործունեություն եք ծավալում թե՛ արտասահմանում, թե՛ հայրենիքում: Ինչպե՞ս եք հասցնում:
Դ. Ս. – Ֆիզիկապես հեշտ չէ, անշուշտ, բայց արած-թողածով պայմանավորված ներքին գոհունակությունը, հատկապես երբ խոր գիտակցումն ունես դրա կարևորության, ուժ է տալիս ոչ միայն դիմանալու, այլև քեզ հետ գործի լծելու կարող մարդկանց: Թեև վերջին տարիներին արտասահմանում եմ լինում, բայց եկեք սկսենք հայրենիքից: Ասեմ` ինչու: Կյանքիս լավագույն և բեղուն հատվածն անց եմ կացրել այստեղ: Իբրև մասնագետ գնահատվել եմ, մայր բուհում երկար տարիներ օտար լեզուների համահամալսարանական ամբիոնն եմ ղեկավարել, եղել եմ գերմանախոս եր­կրների հետ բարեկամության ընկերության փոխնախագահ (նախագահը երջանկահիշատակ Ջոն Կիրակոսյանն էր): Շնորհիվ ընկերության գործունեության` հայ-գերմանական հետաքրքիր հարաբերություններ էին ձևավորվել: Պատահում էր այնպես, որ նախորդ տարիներին տարբեր երկրներից եկած հյուրերն ուզում էին, որ Հայաստանի և հայերի հետ շփումն անպայման իմ միջոցով լիներ: Մի անգամ նույնիսկ անհարմար դրության մեջ հայտնվեցի: Շվեյցարիայից եկած հյուրերն օդանավից իջնելուն պես պահանջել էին, որ անմիջապես ինձ մոտ հասցնեն իրենց:

ԳԹ – Ինչո՞վ եք դա բացատրում:
Դ. Ս. – Սովորական մարդկային հարաբերությամբ: Նախորդ անգամ որ եկել էին, մասնակցել էին իմ դասերին, ուսանողներին գերմաներեն երգեր էի սովորեցնում, հյուրերն էլ մեզ հետ միասին կատարում էին, իսկ ընդմիջումներին` մեզ հետ կատակում: Մտերմացել էինք շատ: Տեսարժան վայրեր մեկնելիս ուսանողներս էլ էին գալիս: Այդպես ճանաչում էին մեր երիտասարդներին, որոնք երևի դրական տարբերություններ ունեին այլոց համեմատ… Ինչևէ, իմ սիրելի համալսարանի պատվավոր դոկտորի տիտղոսին արժանանալը հատուկ իմաստ ունի ինձ համար: Ես վերստին հանգրվանեցի իմ հարազատ բուհում, թեև Կանադայի աշխարհահամբավ համալսարանի ցկյանս պրոֆեսորի դիրքն եմ գրավել քսանհինգ տարի աշխատելուց հետո: Ուրախ եմ, որ իմ գործունեության ասպարեզի վաստակած ամփոփումն էլ այստեղ է կայանում:

ԳԹ – Համալսարանում պատվավոր կոչում շնորհելիս Ձեզ բնութագրեցին որպես ներկայիս առաջավոր հայագետներից մեկի, եթե ոչ առաջնագույնի: Ի՞նչն առիթ դարձավ գերմանագիտությունից հայագիտության բնագավառ անցնելուն: Առհասարակ, որո՞նք են Ձեր գործունեության հիմնական ուղղություններն ու նախասիրությունները:
Դ. Ս. – Ելակետային կրթությամբս գերմանագետ եմ և կիրառական լեզվաբանության մասնագետ: Լեզու սովորեցնելն ինքնին մարդասիրական նվիրում է ենթադրում: Երևի այդ մարդասիրական հիմքով էլ անցա նաև այլ լեզուների ուսումնասիրությանն ու ուսուցմանը արտասահմանում, բնականաբար, դրանց մեջ` նաև հայերենի ուսուցմանը: Մոնրեալի ՄակԳիլ համալսարանի ղեկավարությունը ոչ միայն չառարկեց, այլև քաջալերեց գործունեությունս այն աստիճանի, որ երբ 1995-ին այդ նույն համալսարանում կազմակերպեցի հայերենագիտական 5-րդ միջազգային գիտաժողովը, իր ուշագրավ խոսքով բացումը կատարեց համալսարանի ռեկտոր Բեռնար Շապիրոն (հայագետներ էին եկել 26 երկրներից): Իսկ նախկին ռեկտոր Դավիթ Ջոնսոնի դրական վերաբերմունքի շոշափելի արդյունքը եղավ դեռ 1981-ից ՄակԳիլ համալսարանում հայոց լեզվի դասընթացի ստեղծումը, որի համար ուսանողները պաշտոնական միավորներ (կրեդիտ) էին ստանում: Հայրենիքից հեռու լինելը, կարոտի սաստկացումը, մարդասիրությունը տեղայնացրին նաև բուռն ազգասիրության մեջ, օգնեցին ավելի խորքից հասկանալու մեր ցավերը, և կամաց-կամաց հայերենի գործնական ուսուցումից անցա նրա գիտական ուսումնասիրությանը: Գիտականորեն իմաստավորեցի մեր լեզվի գանձերը, և դրանք օտարախոսներին ներկայացնելու մղումով ստեղծեցի «Armenian Studies for the English-speaking World» (Հայագիտական գործեր անգլիախոս աշխարհի համար) մատենաշարը: Այդ շարքում 90-ական թվականներին լույս ընծայեցի երկու առածագիտական ուսումնասիրություն հայկական ժողովրդական 2500 առածների (հայ-անգլերեն) ծաղկաքաղով: Իսկ 2001-ին հաջորդեց նմանօրինակ գործ գերմանախոսների համար:

ԳԹ – Հայտնի է, որ զբաղվում եք նաև Հայոց ցեղասպանության հարցերով:
Դ. Ս. – Այո, հետաքրքրություններիս մյուս ոլորտը Հայոց ցեղասպանության հարցն է, որով սկսեցի զբաղվել այն օրվանից, երբ ձեռքս անցավ մեծ հորս` բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը` 1922-ի Զմյուռնիայի աղետի օրերից: Հայերեն բնագիրը հրապարակելուց հետո, օրագիրն աշխարհին ներկայացրի 8 լեզուներով, որոնցից երեքը իմ թարգմանություններն են: Այդ հրատարակու­թյուններից մի քանիսը լույս տեսան բոլորիս ծանոթ ցեղասպանագետ Թեսսա Հոֆմանի ընդարձակ նախաբանով: Այնուհետև է՛լ ավելի ընդգրկվեցի ցեղասպանագիտական աշխատանքների մեջ: Աշխատակցելով հայտնի թուրք հրատարակիչ Ռագիպ Զարաքոլուի հետ, 2 տարի առաջ խմբագրեցի Թեոդիկի «Հուշարձան Ապրիլի 11-ի» գրքի, այս անգամ երկլեզու` հայերեն-թուրքերեն տարբերակը: Եվ քանի որ նման գրքի հրատա­րակումը հանգուցյալ Հրանդ Դինքի երազանքն էր, առաջին 50 էջը նրան նվիրեցինք:
Խոսելով նախասիրություններիս մասին, ասեմ, որ դրանցից մեկը թարգմանությունն է, որը մեծ չափով ծառայեցնում եմ ցեղասպանագիտությանը: Այդ հարցում իմ նախկին ուսանողուհի, ներկայումս նույնպես հայտնի թարգմանչուհի, երևանաբնակ Էվելինա Մակարյանի հետ համագործակցությունս կարևոր է: Վերջին տարիներին ԵՊՀ-ի հրատարակչությունը ամեն տարի լույս է ընծայում ցեղասպանական թեմաներով գերմաներենից հայերենի մեր համատեղ թարգմանած մեկ գիրքը: Ի դեպ` թարգ­մանական նախասիրություններս բազ­մաբնույթ են, ընդհուպ մինչև բա­- նաստեղծություն: Բազմաթիվ հայ բանաստեղծների եմ թարգմանել անգլերեն, որոնց ստեղծագործություններից զգալի մի հատված զետեղել եմ իմ «Արևմտահայերենն անգլիախոս աշխարհի համար» և «Արևելահայերենն անգլիախոս աշխարհի համար» ծավալուն դասագրքերում, որոնք իմ գլուխգործոցներն եմ համարում: Արտերկրի բազմաթիվ հայագիտական ու հայերենագիտական ամբիոններ հիմնականում այդ գրքերով են հայերեն սովորեցնում: Ինչպես հասկացաք, հետաքրքրությանս մյուս ոլորտն էլ մեթոդական գործունեությունն է, մեթոդական ուղեցույցների և դասագրքերի ստեղծումը: Հասկանալի է, որ նախ և առաջ ուրախ եմ, որ այդ գրքերով մեր շատ հայրենակիցներ դարձի են գալիս: Կամ հայերեն են սովորում նաև մեր լեզվով հետաքրքրվող օտարախոսները: Թե՛ Հայաստանում, թե՛ Կանադայում բազմաթիվ դասագրքեր եմ ստեղծել և խմբագրել նաև գերմաներենի վերաբերյալ, որոնք արժանավորապես են գնահատվել բուն Գերմանիայում նույնպես:

ԳԹ – Գերմանիայի կառավարությունը Ձեզ շնորհել է Գերմանիայի քաղաքացիական բարձրագույն` «Արժանյաց կարգի խաչ» շքանշանը: Ի՞նչ գործունեության համար:
Դ. Ս.- Իմ գերմանագիտական 50-ամյա գիտամանկավարժական գործունեության համար համալսարանական մակարդակի վրա: Նաև գերմաներենի դասատուների պատրաստման և վերապատրաստման համար: Ի դեպ, իմ տեսական գլխավոր աշխատությունը, որ գրված է գերմաներեն և նվիրված է հայոց լեզվի տեքստի կառուցվածքին ու կապակցական ձևերի օրինաչափությունների վերհանմանը, նույնպես Գերմանիայում է լույս տեսել և բարձր գնահատականի արժանացել ոչ միայն մեր լեզվաբանների` Էդուարդ Աթայանի և Գևորգ Ջահուկյանի, այլև թե՛ գերմանացի, թե՛ բազմաթիվ այլ օտար մասնագետների կողմից: Որքան խրախուսական է, երբ դրույքով Կանադայի համալսարանի գերմանագիտական ամբիոնում ես և որպես հաշվետու աշխատանք ներկայացնում ես հայերենին վերաբերող ուսումնասիրություններ, որոնք քաջալերում են համալսարանի ղեկավարները: Ահա հայերենին նվիրված իմ հիշյալ մենագրության շնորհիվ ՄակԳիլ համալսարանն ինձ շնորհեց դոկտորի գիտական աստիճան և նույն համալսարանի մշտամնա պրոֆեսորի կոչում: Դե, եթե օտար համալսարանը հայերենի համար ինձ պատվում է, կարծում եմ, արժանի եմ նաև հարազատ համալսարանի պարտավորեցնող տիտղոսներին… Ի՞նչ ասեմ, քանի դեռ շնչում եմ, ծառայելու եմ իմ սիրելի ժողովրդին, որին, ինչպես և երկրիս, կարոտում եմ մեկնելուս պահին ոտքս օդանավից ներս դնելուն պես…
Բարեմաղթություններ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։