ԹՈՒՄԱՍ ԹՐԱՆՍԹՐՅՈՄԵՐ

Այս տարվա Նո­բելյան մրցանակակիր շվեդ գրող, բանաստեղծ և թարգմանիչ Թումաս Թրանսթրյոմերը ծնվել է 1931 թվականին: Նա ճանաչվել է որպես Սկանդինավյան կարևորագույն գրողներից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, որի բանաստեղծությունները թարգմանվել են ավելի քան 60 լեզուներով: Քննադատները նրա բանաստեղծությունները դրվատել են իրենց մատչելիության համար, անգամ թարգմանություններում, գտնելով, որ նրա պոեզիան ընդգրկել է երկարատև շվեդական ձմեռները, տարվա եղանակների ռիթմը, բնության շոշափելի, հատուկ մթնոլորտ ունեցող գեղեցկությունը: Թրանսթրյոմերի ստեղծագործությանը բնութագրական է նաև առօրյա կյանքի հիմքում ընկած խորհրդավորության և հրաշքի զգացումը, մի հատկանիշ, որ նրա բանաստեղծությանը հաղորդում է կրոնական տարածականություն: Իսկապես, նա համարվել է քրիստոնյա բանաստեղծ: Հայերեն առաջին անգամ թարգմանվել է մեր կողմից, 2000 թվականին, «Գարուն» ամսագրում:

Առաջաբանը և թարգմանությունը  շվեդերենից՝ ԱՇԽԵՆ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ

 

ՕՐՎԱ ՀՈՒՆՁՔԸ

Առավոտյան օդը հանձնեց իր նամակները դրոշմաթղթերով, որոնք բոցկլտում էին:
Փայլում էր ձյունը, ու բոլոր բեռները թեթևացել էին – մի կիլոն 700 գրամ էր, ոչ ավելի:
Արևը բարձրացել էր սառույցից՝ ծածանվելով և՛ տաք, և՛ սառը վայրերով:
Քամին առաջ էր գնում հանդարտ, կարծես մանկասայլակ էր քշում իր առջևից:
Ընտանիքները դրսում էին, վաղուց ի վեր այդպիսի պարզ երկինք չէին տեսել:
Մենք հայտնվեցինք մի չափազանց հուզիչ պատմության առաջին գլխում:
Արևի լույսը կպչում էր բոլոր մորթե գլխարկներից, ինչպես ծաղկափոշին կրետից, արևի լույսը կպչում էր ՁՄԵՌ անվանը ու մնաց կպած` մինչև ձմեռը վերջացավ:
Ձյան վրա ընկած գերանների նատյուրմորտը մտքերի մեջ գցեց ինձ:
Ես հարցրի նրանց. «Կգա՞ք ինձ հետ իմ մանկություն»:
Նրանք «այո» ասացին:
Թփերի մեջ, տերևի ներսում մի նոր լեզվով բառերի շշնջոց էր լսվում. ձայնավորները կապույտ երկինք էին, բաղաձայնները՝ սև ճյուղեր, և նրանք հանդարտ խոսում էին ձյան վրա:
Իսկ ռեակտիվ ինքնաթիռը, խոնարհելով իր հռնդյունի փեշերը, ավելացնում էր Երկրի լռության ուժը:

ՓՈԹՈՐԻԿ

Հանկարծակի հանդիպում է թափառականն այստեղ ծեր հսկա կաղնուն, որն ասես մղոնանոց լայնության պսակով քարացած իշայծյամ լինի սեպտեմբերյան ծովի սևականաչ ամրոցի առջև:
Հյուսիսային փոթորիկ: Այդ ժամանակ են հասունանում: Մթության մեջ արթուն մարդը կլսի համաստեղությունների դոփյունն իրենց մսուրքներում, ծառերից շատ վեր:
(«17 բանաստեղծություն» 1954)

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱՅՈՒՄ ԵՆ ԻՆՁ

Հունիսյան մի առավոտ, երբ դեռ շատ վաղ է արթնանալու,
բայց ուշ է նորից քնելու համար:
Ես պետք է դուրս գամ կանաչների մեջ, որը լի է հիշողություններով, և որոնք հայացքով հետևում են ինձ:
Նրանք չեն երևում, նրանք ամբողջությամբ ձուլվում են ֆոնին. կատարյալ քամելեոններ:
Նրանք այնքան մոտիկ են, որ ես լսում եմ նրանց
շնչառությունը` չնայած թռչունների աղմկոտ երգին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.