Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի,
արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված,
բայց սուրբ է և հին:
Վահան Տերյան
Երբ քսաներորդ դարը ապրում էր իր հոգեվարքը, աշխարհում գլոբալացումը անտես հաստատում էր իր ձևն ու բովանդակությունը:
Մենք՝ հայերս, միտք մտքի, ձեռք ձեռքի տված, մեր հավաքական ուժի շնորհիվ, անխառը մտածողությամբ հասանք բաղձալի անկախության մեր բզկտված, աստվածատուր հողին, միաժամանակ ետ վերցրինք մեր հավերժական հողի մաս կազմող Ղարաբաղը՝ մեր արդար արյամբ ու քրտինքով: Հիմա ի՞նչ մտածենք, արդեն Ղարաբաղը մերն է, մեր պապենական հողի շարունակությունը…
Երբ աշխարհի որևէ երկրում ընտրություններ են լինում, մեծ երկրների ղեկավարները իրենց մարդն են ուղարկում տվյալ երկիր և կաշառում, որ իրենց մարդը դառնա այդ երկրի ղեկավարը և ենթարկվի իրենց իշխանությանը՝ կաշառում են… Կաշառքը երկրագնդի կործանման չարիքն է՝ ատոմային ռումբից հզոր:
Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան Ազգային ժողովի պատգամավորների, ՀՀ նախագահի և Երևան քաղաքի ավագանու ընտրություններ: Նախագահական ընտրություններում հաղթեց մեր ներկա նախագահը՝ իր թիմի հետ միասին: Նախագահի թիմը Հայաստանի Հանրապետության կուսակցությունն է, առանց այլևայլության կարելի է ասել, որ այդ կուսակցությունը մատների արանքով է նայում մեր ազգաշեն ժողովրդին:
Հայաստանից արտագաղթը չի դադարում…
Ընդմիջման կարգով ասենք. 1946-ին Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը դիմել է Ի. Ստալինին ներգաղթի խնդրով, Ստալինը տվել է իր համաձայնությունը. «Լավ միտք է, կատարեք…»: Հայրենական մեծ պատերազմը տեսած, ծանր վիճակում ապրող մեր ժողովուրդը ընդունեց ներգաղթողներին, պետությունը յուրաքանչյուր ընտանիքին 20 տարով, չնչին տոկոսով վարկ տրամադրեց սեփական տներ կառուցելու համար:
Հիմա ո՞ւմ խնդրենք և ո՞ւմ դիմենք, որ արտագաղթ չլինի Հայաստանից…
Անվերջ խոսում են ժողովրդավարություն ստեղծելու մասին, սակայն նրա նշույլն անգամ չի երևում: Ժողովրդավարության հասնելու համար պետք է ստեղծել անկաշառ, ուժեղ իշխանություն, օրենքի ճիշտ կառավարման համակարգ, այլապես կառավարությունը երկար ճանապարհ չի անցնի, կենթարկվի փլուզման՝ սուտը ներկայացնելու պատճառով:
Ժողովուրդը իշխանություններից ավելի սթափ է մտածում, որ իր հավաքական ուժը չկորցնի, պահի և պահպանի անկախությունը, իշխանությունը խոստումներ է տալիս, առայժմ` միայն խոստումներ:
Հիշենք մեծ զորավար Անդրանիկի խոսքը. «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է». մարգարեություն… Մեղքաքավությամբ չզբաղվելու համար ասենք, որ բազմաթիվ կուսակցությունները պառակտում են մեր ժողովրդի անժխտելի հավաքական ուժն ու կյանքի կեցվածքը:
Ընդմիջման առաջարկ.
Մեր երկրում պետք է փոխել ամբողջ վարչահամակարգը՝ առաջ քաշել գիտական, բանիմաց, խելացի երիտասարդ կադրերին:
Փակագծից առաջ և փակագծից դուրս ասենք.
Տարիներ առաջ Պակիստանի վարչապետ Բենազիր Բհուտոն ասել է. «Կովկասում մի ազգ կա, որ ոսկորի նման խրված է մեր կոկորդում՝ պետք է այդ ազգից ազատվել…»: Հիմա թուրքերն ու ազերիներն սպասում են, որ Հայաստանը հայաթափվի, որ իրենք առանց պատերազմի գրավեն Հայաստանը:
Մեր Հոգևոր Հովիվը գուցե մի օր գավազանը խփի մայր հողին և իր ազգապաշտպան խոսքն ասի: Հավատը անտես մեռնում է ժողովրդի մեջ…
Մեր երկրում իշխանավորները չհասկացան ժողովրդին՝ ժողովուրդն էլ իշխանավորներին:
Տարիներ առաջ Երևանում վաճառեցին «Սևան», «Երիտասարդական պալատ», «Դվին» հյուրանոցները: «Երիտասարդականի» տեղը անապատ է դարձել, իսկ «Դվին» հյուրանոցը ավերակ է. նրա լուսամուտները կույր աչքերի նման նայում են մեզ, ո՛վ է մտածում, ինչո՞ւ է այդպես, գուցե անտերությունը…
Պանթեոնից գողացան հայ գրականության դասական Դերենիկ Դեմիրճյանի պղնձաձույլ մահարձանը, մեր երկիրը կառավարողներին չհետաքրքրեց` ովքե՞ր են գողացել, հետևապես, Երևանն էլ է անտեր: Մեր ժողովուրդն ապրում է քաղաքական մշուշի մեջ: Հայաստանում ընտրություններ լինեն թե չլինեն, քաղաքացին չի հավատում կառավարողներին՝ հատկապես Հանրապետական կուսակցությանը, որն իշխանությունը նվաճելուց հետո չնչին դրական քայլեր է կատարել մեր ժողովրդի անելանելի վիճակը բարելավելու համար, ուստի և շարունակվում է արտագաղթը:
Ազգային ժողովի պատգամավորների, Հանրապետության նախագահի և Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու փոթորիկ էր, 10 հազար դրամ ստացողները ոչ միայն իրենց գլխին, այլև մեր ազգի գլխին հող լցրեցին:
Հետևություն. – Հայաստանում պետք է լինի մեկ կուսակցություն, մնացած կուսակցությունները լավ կլինի իրենց մանդատները վայր դնեն, որովհետև Ազգային ժողովում նրանց առաջարկություններին և դիտողություններին դույզն-ինչ ուշադրություն չի դարձնում Հանրապետական կուսակցությունը:
Ընդմիջման կարգով շարունակենք…
Պատմահայր Մովսես Խորենացին գրել է, որ Արտաշես առաջին թագավորի օրոք Հայաստանում մի թիզ հող անմշակ չի մնացել…
Իսկ հիմա՞…
Գյուղացիներին բաժանած հողի 60 տոկոսը մնացել է անմշակ: Անուշադրության և անհոգության պատճառով տունը տուն չի դառնա, երկիրը՝ երկիր: Երկիրը հարստանում է այն ժամանակ, երբ մշակում է իր հողատարածքները, ապահովում ոչ միայն գյուղացուն, այլ նաև՝ քաղաքաբնակներին: Հակառակ դեպքում, երկիրը չի ապրում:
Հայաստանը վերջերս դարձել է մարդու սպանդանոց, հաճախակի են տեղի ունենում սպանություններ, մի՞թե մարդասպանների դեմը չի կարելի առնել, մենք մի բուռ ժողովուրդ ենք՝ չնեղանաք և չնեղսրտեք, երևի անտեր երկիր ենք…
Հիշենք Վիլյամ Սարոյանի պայծառ խոսքը. «Ես ոչ ոքի չեմ դիմում, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»:
Մեր երկրում կյանքը անտանելի վիճակի մեջ է, ուստի և յուրաքանչյուր հայ իր անհաշտության հետ պետք է հաշտություն կնքի և պահանջի, որ հանքային հարստությունը ազգայնացվի, ոչ թե օտարին տրվի` շահագործելու. օտարը իր մասին է մտածում…
Իսկ վերջերս անգլուխ Հայաստանում գռփողների և կողոպտողների առաջարկությամբ թանկացրին գազի և էլեկտրականության գինը, որպեսզի երկրից վտարեն թոշակառուներին և աղքատ ընտանիքներին:
Իրոք որ, «…ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»: