ԱՐՄԵՆ ՓԱՇԱՅԱՆԻ «ԱՌԱՆՑ ՔԵԶ» ԳԻՐՔԸ / Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ

Բանաստեղծ Արմեն Փաշայանն ընթերցողի դատին է ներկայացնում իր չորրորդ գիրքը, որը նվիրել է վաղամեռիկ կնոջ՝ Անժելի հիշատակին:
Ուշադիր ընթերցողը գրքի առաջին տողից մինչև վերջին տողը զգում է Անժելի շունչն ու ներկայությունը, որովհետև հեղինակի բոլոր բանաստեղծությունները կառուցված են նրա հետ հարաբերությունների, նրա հանդեպ տածած սիրո, նրան ժամանակին չտված խոստումների, կարոտի և նրա կորստի ցավի, ինչպես նաև կյանքի անցողիկության մասին մտորումների շաղախով: Արմեն Փաշայանի նախորդ գրքերն են՝ «Մեր աչքերը» (2006), «Հեռվից» (2010), «Ես կգամ» (2016), որոնցում զգացվում է հեղինակի անշփոթելի ոճն ու գրելաձևը: Նոր ժողովածուում ևս իր առանձնահատուկ փիլիսոփայությունն ունի, յուրահատուկ գրական դարձվածքներն ու կաղապարները, արտահայտություններն ու կապակցությունները, որոնք կազմում են նրա բառապաշարի կորիզը կամ ողնաշարը, և որպես այդպիսիք՝ ներկա են նրա բանաստեղծական մտածողության մեջ և շունչ ու մարմին են տալիս այս կամ այն ստեղծագործությանը:
Հայտնի է, որ այսօր համակարգչային տեխնոլոգիաներով հնարավոր է ստեղծագործության բառապաշարով բացահայտել հեղինակին: Արմեն Փաշայանին իր բանաստեղծություններից ճանաչելու կողմնորոշիչները շատ-շատ են, որոնցից ես կթվարկեմ մի քանիսը միայն՝ ծառերի վրա ճոճվող կարոտ, կարոտի լաց, տխրության մեջ չտեղավորվող տխրություն, վարժվում եմ վարժվելուն, ձանձրացել եմ ձանձրանալուց, աչքս աչքիդ վրա, ծունկս ծնկիդ վրա, աչքերս աչքերդ շոյեցին, կոտրված սիրո փշրանքներ և այլն:
Այս գրքի բովանդակությանն անդրադառնալուց առաջ ուզում եմ շնորհակալությամբ ընդգծել գիրքը կազմող ու բանաստեղծությունները դասդասող խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բանասիրության ամբիոնի վարիչ, Արմեն Փաշայանի զարմուհի Անի Փաշայանի ջանադիր և գրական բարձր ճաշակով կատարած աշխատանքը: Նա է կատարել բանաստեղծությունների բովանդակային խմբավորումներն ու ըստ էության՝ որոշարկել յուրաքանչյուր բաժնի մեխը, որի շուրջ հավաքված են մյուս բանաստեղծությունները: Գիրքը բաղկացած է «Երբ քեզ տարան հրեշտակները» (23–110 էջեր), «Փախուստ ցավից» (113–131 էջեր), «Ելևէջներ» (135–150 էջեր), «Կյանքիս տողերի վրայով» (153–183 էջեր), «Հայր իմ» (187–195 էջեր), «Կաթիլներ» (199–223 էջեր), «Վարժվում եմ» (227–270 էջեր) բաժիններից:
Շատ բնական ու հասկանալի է, որ Անի Փաշայանը առաջին՝ ամենամեծ բաժնի համար ընտել է «Երբ քեզ տարան հրեշտակները» խորագիրը, որի ամեն տողում Անժելի կորստի ցավն է, հեղինակի տառապանքներն ու երկնքին ուղղած հայացքը, որտեղ հանգրվանել է կնոջ հոգին:
Այստեղ գերակշռողը, բնականաբար, «Երբ քեզ տարան հրեշտակները» բանաստեղծությունն է, նրա ուղն ու ծուծը, ոգին ու շունչը: Ես այս բաժնից, սակայն, ուզում եմ առանձնացնել նաև «Փողոցի անկյունի սրճարանում» բանաստեղծությունը.
Փողոցի անկյունի սրճարանում//հուշերս տաք են սուրճի պես,//ի՜նչ անուշ էր զրույցը հին,//վեճն էլ տաք էր սուրճի պես://Փողոցի անկյունի սրճարանում//ժպիտդ տաք էր սուրճի պես,//ես այրվում էի քո սիրուց,//սիրտս էլ տաք էր սուրճի պես://Փողոցի անկյունի սրճարանում//հուշերս տաք են սուրճի պես, //հիմա դու չկաս, հեռու ես//արցունքս էլ տաք է սուրճի պես (էջ 77):
Այս բանաստեղծությունը, իմ կարծիքով, կորստի խոր ցավը կենդանի հուշերով փոքր-ինչ մեղմելու գտնված արտահայտություն է:
Ավելին՝ ես այս բաժնում կզետեղեի նաև հեղինակի ցասումի գագաթնակետը թվացող «Ես քո հերն եմ անիծել, կյանք» բանաստեղծությունը.
Ես քո հերն եմ անիծել, կյանք,//այս ինչ խաղեր ես խաղում, այս ինչ դավեր ես հյուսում իմ դեմ (էջ 242), և այն մեկը, որն ավարտվում է «ամեն ինչ անցողիկ է, արցունքն է մնում» եզրահանգումով:
«Փախուստ ցավից» բաժնի խորագիրը հասկանալիորեն պայմանական է, որովհետև ցավից փախչել դեռ ոչ մեկին չի հաջողվել: Ուստի բացառություն չէ նաև Արմեն Փաշայանը, բայց մեղմել ցավը, իհարկե, կարելի է աղոթքի պես հնչող հետևյալ տողերով.
Ջերմացրու դու ինձ,//մրսում է հոգիս,//հոգուս մարմնին//հագուստ դու դարձիր,//փաթաթվիր դու ինձ.//հոգիս կարոտ է գրկախառնության (էջ 118):
«Ելևէջներ» բաժնից առանձնացրել եմ.
Բառերի վազք է, բառերի հևք,//բառերի երգ է, բառերի երթ,//բառերի խռովք է, բառերի նզովք,//բառերի վիշտ է, բառերի ճիչ….//բառերի բողոք է, բառերի մորմոք (էջ 136):
Այս տեսակ բանաստեղծություններ էլի կան, և առաջին հայացքից կարող է թվալ, թե սրանք բովանդակություն չունեն, բառերի զուտ շարան են, ընդամենը գեղեցիկ պատկերներ են, բայց դրանց խորքում ահռելի ուժ կա, պրկված զսպանակ, որոնք հատուկ են քաոսին, անհասկացողությանը, անհամաձայնությանը, անհանգստությանը, որոնք, դժբախտաբար, մեր մշտական ուղեկիցներն են և չեն վրիպել բանաստեղծի աչքից:
Հաջորդ խորագիրը՝ «Հայր իմ», շատ պարտավորեցնող է նաև ինձ համար, որովհետև ես նույնպես առնչվել եմ Արմեն Փաշայանի լուսահոգի հոր՝ արժանահիշատակ մտավորական, լեզվաբան Ալեքսանդր Փաշայանի հետ: Դրանք 1960-ական թվականներն էին, որոնք այսօր կոչվում են ձնհալի կամ ազգային զարթոնքի տարիներ: 1965-ին հայ ժողովուրդն առաջին անգամ ոտքի էր ելել Հայոց ցեղասպանության տարելիցը նշելու: Մենք էլ Արմենի հետ՝ 18 տարեկան երիտասարդներ, խառնվել էինք մեր ժողովրդի այդ աննախադեպ ցասումին ու բազմահազար հայությանը խառնված՝ հայոց հողերն էինք պահանջում: Դա հայրենասիրության մեծ դպրոց էր մեզ համար:
Այդ պայքարում առանձնահատուկ դեր խաղաց Ալեքսանդր Փաշայանը: 1964-ին Երևանում առաջին անգամ լույս տեսած Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը դարձել էր գիտական ու քաղաքական շրջանակների ակտիվ քննարկման նյութ: Մուսալեռցի Ալեքսանդրը, որ Մուսա լեռան հերոսամարտի օրերին յոթ տարեկան էր, ոտքի էր հանել հերոսամարտի մասնակից մուսալեռցիների մի հոծ խմբի, որոնք պատմում էին այն օրերի մասին, իսկ նրանց խոսքը գրական հայերեն թարգմանում էր ինքը՝ Ալեքսանդր Փաշայանը, որն այդ օրերին դարձել էր զարթոնքը մարմնավորող հերոսներից: Նրանց հանդիպումների էին հրավիրում ինստիտուտներում, համալսարանում, գրողների միությունում: Եվ ամենուրեք առաջնորդը Ալեքսանդր Փաշայանն էր: Այդ շրջանը Փաշայանների, գուցե նաև շատերի ու ինձ համար շատ կարևոր մի ժամանակ էր. մենք լրջորեն կոփվեցինք այդ օրերին և մեզ զգում էինք ցեղասպանության դեմ պայքարի մարտիկներ: Հերոսամարտին Արմեն Փաշայանն անդրադարձել է իր այս գրքի «Ձախորդ օրեր» բանաստեղծությունում.
Երբ գոյամարտ էր Մուսա լեռան վրա,//փոքր է եղել հայրս՝//հազիվ վեց-յոթ տարեկան,//նա ծնվել է Մուսա լեռան//Հաջի Հաբիբլի գյուղում… (էջ 195):
Այստեղ չեմ կարող չանդրադառնալ Փաշայանի նախորդ գրքի՝ «Հեռվից»-ի «Մուսալեռցիները» բանաստեղծությանը, որը, իմ կարծիքով, նրա լավագույն գործերից է և ամբողջացնում է մեր խոսքի այս դրվագը.
Իմ տոհմը հեռու-հեռվից է գալիս//Սուեդիայի ջերմ հովերի պես,//Հաջի Հաբիբլի գյուղից է գալիս՝//Մուսա լեռան վեց գյուղերի պես://Իմ տոհմը հեռու-հեռվից է գալիս՝//Մուրճերի զարկի, գութանների պես,//Խրոխտ զուռնայի կանչից է գալիս՝//Ժիր մանուկների ժպիտների պես://Իմ տոհմի կանչը հեռվից է գալիս՝//Եղեռնի բոթի սարսափների պես,//Պայքարի ելած երդումն է գալիս՝//Փրկարար Լեռան՝ Մուսա լեռան պես (էջ 42–43):
Հաջորդ՝ «Կաթիլներ» խորագրի բանաստեղծություններից մեկում Փաշայանն անդրադարձել է իր գրական-ստեղծագործական ճանապարհին.
…գրել եմ անկեղծ, գրել եմ շիտակ//ու ոչ մի բառի համար ես չեմ զղջացել://Ու չե՛մ սողացել ու չե՛մ կռացել//այս կյանք կոչված հարվածների տակ (214 էջ):
Փաշայանին ճանաչողները չեն կարող չհավատալ նրա այս անկեղծությանը:
Այս բաժնում անտարբեր չես կարող անցնել նաև բանաստեղծի սյուրռեալիստական պատկերների կողքով.
Տամ քեզ աչքերս, որ աչքերիդ կայծերը տեսնես,//Տամ քեզ շուրթերս, որ շուրթերիդ ջերմությունը զգաս…. (220 էջ):
Ոչ շատերի մոտ կհանդիպես այսօրինակ մտքերի:
«Վարժվում եմ» խորագրի տակ հավաքված են բանաստեղծի այն գործերը, որոնք կոչված են իրեն մխիթարելու և նոր կյանքի կոչելու.
Թռչում են կայծեր անտես, //դեղին փոշի է քամին ծամում,//նժույգը ծառս է լինում//աչքերիդ անհատակ մշուշում (233 էջ):
Որովհետև՝
Մի քիչ, մի քիչ վշտերս մոռանալ եմ ուզում,//մի քիչ, մի քիչ ապրել եմ ուզում (էջ 234):
Որովհետև՝
Առուն կախվել է պռնկից ձորի,//օգնություն է կանչում,//իսկ կրքոտ ձորը հրճվում է հաճույքից,//որ կույս առուն փշրվում է իր գրկում (էջ 246):
Այստեղ, հասկանալիորեն, ես խոսեցի ընդամենը մի քանի բանաստեղծության մասին, որոնցով փորձեցի ներկայացնել այս հուշարձան գրքի շունչն ու ոգին, տրամադրությունն ու բանաստեղծական աշխարհի այսօրվա ռիթմն ու շարժումը: Բայց այդպիսիք շատ-շատ են, և ընթերցողը յուրաքանչյուր գործ կարդալիս անպայման կհայտնագործի բանաստեղծության նոր ու հետաքրքիր էջեր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։