ԲԱՆԱՍՏԵՂԾԸ – ԱՐՄԱՏՆԵՐ ԵՎ ՇԱՌԱՎԻՂՆԵՐ / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

 

1924 թ. գարնանը, երբ հայոց հանճարով երբեմնի խայտացող Պոլիսը շաբաթներ առաջ էր հրաժեշտ տվել արևմտահայ վերջին մեծ բանաստեղծ Մատթէոս Զարիֆեանին, հայ մնացորդաց Նշանթաշ թաղում մայիսի 10-ին ծնվեց Զարեհ Եալտըզճեան հայորդին, որ մանուկ տարիքից բառ ու լույս էր խմորում, և քսան տարին չբոլորած՝ իր առաջին հրապարակումով նոր մկրտություն ստացավ Զահրատ անունով։
Հորական Սարգիս պապը «եալտըզճիպաշը» էր՝ նկարիչ, և այստեղից է նրա ազգանվան արմատը, բայց Զահրատը պապից նաև նկարելու տաղանդն էր ժառանգել, իսկ Մովսէս հայրը իրավագետ էր, Պոլսո Բարձր Դրան խորհրդականն ու մի քանի լեզուների գլխավոր թարգմանը, միայն թե՝ Զահրատի հանդիպումը հոր հետ այսպիսին եղավ՝
«Ես//Վաղամեռ Մովսէսի որդի–//Հայրըդ ըսին//Հողակոյտ մը ցոյց տուին//Հայր – իմ հայրս – հող//Ես//Հողի զաւակ» «Կանանչ հող», էջ 26 – Ա հատ., էջ 312 / «Հող»։
Միանգամայն ինքնատիպ, կարճառոտ ու խիտ, ասելիքի հանգույցը միշտ անակնկալին վերապահած Զահրատը իր կենսագրության առաջին դրվագների ուրվագիծը այսպես է տալիս.
«…Շաբաթ օր մը աշխարհ եկայ//առաւօտ էր –//Հաւանաբար գիտցայ թէ ինչ //կեանք կը սպասէ//ինծի -//Մերժեցի ապրիլ – շունչ չառի –//Վերգինա մեծ մօրաքոյրս հոն էր – զիս//Հեղ մը տաք հեղ մը պաղ ջուրի մէջ խոթեց//- (Ծնայ չծնայ//Տաքը պաղը ճանչցայ) –//Երկու երեք տարի վերջ հայրս մեռաւ//թոքախտէ» «Մէկ քարով երկու գարուն», էջ 105 – Ա հատ., էջ 417 / «Եսագրութիւն Ա.»։
Հոր վաղաժամ կորուստը և նրա հիվանդությունը պարտադիր ժառանգելու՝ այդ ժամանակներին հատուկ վախը, ասես դուրյանական «Լճակի» առերեսումներով, դեռ երկար հետապնդում են պատանի Զահրատին այնպես, որ կյանքի վերջին հարցազրույցում նա այս առթիվ խոստովանում է. «…հակազդեցութիւնը ժամանակի ընթացքին իբրեւ լաւատեսութիւն յայտնուեցաւ եւ իմ բանաստեղծութեանս ամենակարեւոր յատկանիշը դարձաւ»։* Իսկ Եսագրության հաջորդ դրվագում հոր մասին, ասես իր փոքր եղբոր մասին գորովանքով խոսելուց հետո, գրում է.
«Ինծի ժառանգ//Նիհար կազմ մը թողուց//Վախ//Օր մը չէ օր մը թոքախտէ մեռնելու//Չմեռայ – բայց ուշ» «Մէկ քարով երկու գարուն», էջ 107 – Ա հատ., էջ 419 / «Եսագրութիւն Գ.»
Զահրատի այսքան հեգնահումոր «չմեռայ – բայց ուշը» կյանքի հանդեպ միանգամայն ուրիշ տեսողություն ձևավորող հայացք է։ Թերևս այդպես են անձնական ճակատագրին ընդդիմանալով հաղթահարվել նաև ազգային ճակատագրի գիտակցված տագնապներն ու նոր պարտադրանքները, որոնք կարող էին առնվազն մայրենի լեզվով ինքնադրսևորման արգելակներ լինել կամ ինչ-որ պահի Պոլսից վանել նրան։ Այդպես կարող էր պատահել Պոլսի նոսրացած հայկականությունը իրենցով պահպանող մյուսների հետ, և մենք վերջնականապես խզված կտեսնեինք այնտեղ հայկական հետքը, որն այնքան կարևոր է, որքան էլ որ ջնջոցը ձեռքն առած՝ ժամանակի ստվերը ծանակի մեր ինքնությունը։ Այդուհանդերձ, կար Զահրատը, կային մեր մյուս երախտավորները, որ 30-ականների՝ «թուրքերեն խոսիր, քաղաքացի» կարգախոսի պայմաններում ո՛չ միայն խոսեցին, այլև գրեցի՛ն հայերեն…
«Բանը որ արդէն կար սկիզբէն//որ աստուած էր մինչեւ իսկ//կը սպասէ – որբացած – մէկու մը որ զինք//ստեղծէ նորէն//եւ որ հաւանաբար բանաստեղծ մըն է»: «Միավանկ տասնաբեանեայ», «Բան»՝ նախնական տարբերակ, ինքնագիր, ԳԱԹ, Զ/Ֆ։
Այսպիսին էր Զահրատի վերաբերմունքը ժառանգված խոսքին՝ «որբացած» աստվածային բանը որդեգրելու, վերստեղծելու ներքին պահանջով։
«Սեւն է որ ագահօրէն կը քալէ մեր վրայ//Ու այն որ երբեմն աւելի կը կշռէ//Սեւն է//Սեւը որ ժիր հասկերու արմատը կը կրծէ//Որպէսզի լոյսը պակսի մեր ամենօրեայ հացէն//Բայց կան որ բանաստեղծն են անքուն գիշերներու//Կը կանգնին սեւին դէմ//Ճաճանչագեղ//Սպիտակ//Փուռէն նոր ելած տաք հացի պէս: «Կանանչ հող», էջ 20 – Ա հատ., էջ 306 / «Ճաճանչ»։
Իսկ ինչով խնամվեց ու սնունդ առավ Զահրատի «հակազդեցութիւնը», որը ժամանակի ընթացքին որպես լավատեսություն գործեց, ու նա «ճաճանչագեղ» կանգնեց մի աշխարհում, ուր մեծ բացակաները՝ իրենց թողած ժառանգությամբ ներշնչանք ու լույս փոխանցող հայ բանաստեղծության տաճարի կամարները, միաժամանակ անդարմանելի ցավ պատճառեցին իրենց եղերական ճակատագրերով. Դուրեան, Մեծարենց… Վարուժան, Ռուբէն Սեւակ… Սիամանթօ, Զարիֆեան…
«…Արիւնած ափերով//Կը մագլցինք կեանքն ի վեր//Միշտ տխուր հրաժեշտ մը գլանիկի պէս կախուած մեր շրթներէն//Մնաս բարով մը՝ տակաւին չապրած սէրերուն//Ու հարց կու տանք – ինչու լացիր, ինչու կու լանք» «Մեծ քաղաքը», էջ 58 – Ա հատ., էջ 62 / «Բանաստեղծութիւն Պետրոս Դուրեանի ու կեանքի մասին»։
Մորական պապի՝ բարի խանութպան Հաճի Լեւոնի ծնողական հենարանը հորից որբացած Զահրատի համար իր Անգինէ մոր գորովանքի հետ միասին՝ նրա ընտանիքում նաև Մեծ Մօր ու մորաքրոջ ջերմություն վայելելու առիթ եղավ, և այդ ընդհանուր սերը Զահրատի սիրտը լցրեց երախտագիտությամբ։
Իր այս սիրելիներն են ասես շարժանկարով ի մի բերված նրա «Սամաթիոյ կայարանը» քերթվածում, որտեղ առանցքային կերպարը Հաճի Լեւոնն է։ Պատահական չէ, որ այս բանաստեղծությամբ է եզրափակում Զահրատն իր ողջության օրոք տպագրված վերջին՝ «Ջուրը պատէն վեր» ժողովածուն։ Եվ, իհարկե, պատահական չէ, որ հենց Հաճի Լեւոնի կերպարով է մի ուրիշ քերթվածով Զահրատը բացահայտում «տեւելու գաղտնիքը»՝ «զինք տապալել սպառնացող հովուն դէմ».
«… Լայնանիստ բունն իմաստուն//Որուն մորթը կոշտ է կապեր տարիներու հովուն դէմ//Ներողամիտ կը նայի այդ հանդէսին//Որուն տարրերն իր լանջքէն են ծներ –//Ու կը կանգնի հաստատուն//Հովուն դէմ …»: «Մեծ քաղաքը», էջ 140 – Ա հատ., էջ 144 / «Հովուն դէմ»։
Հաճի Լեւոնի տունը Բանկալթիում անմիջապես «Վիեննական Մխիթարեան վարժարանի» դիմաց էր, որի սանը լինելու բարեբախտությունը Զահրատի համար ամուր հող դարձավ ինքնադրսևորման։ Հետագայում ո՛չ դեղագործի մասնագիտությունը, ո՛չ էլ բժշկական համալսարանի կիսատ թողած ուսումը որոշիչ չեղան նրա համար, այլ հենց «Սանուց Միութեան» շուրջ հավաքված հայ երիտասարդների գործակցության միջավայրում Զահրատը դարձավ առաջատարը՝ Արթօ Ճիւմպիւշեան (Զարեհ Խրախունի), Անդան Էօզէր, Իգնա Սարըասլան բանաստեղծական աստղաբույլի և նորարար բանաստեղծության։
Ֆրանսերենի իմացության շնորհիվ Զահրատն արդեն ուսումնառության տարիներին ծանոթ էր Էլյուարի, Ապոլիների, Պրևերի՝ պայմանականություններից ազատագրված բանաստեղծությանը։ 1943-ին տպագրված Կարպիս Ճանճիկեանի և Հայկազուն Գալուստեանի մանիֆեստային «Պալքըս» գրքույկի հրապարակումից հետո, կեղծ բանաստեղծականությունից ազատ քերթության նորաբաց նախաշեմով հատկապես Զահրա՛տը նոր ուղի պարգևեց հայ բանաստեղծությանը։ Իսկ դրա իրագործման համար, նաև գրական մթնոլորտի զորակցության իմաստով, անփոխարինելի եղան այդ շրջանի հայ օրաթերթերը, որոնք լայն հնարավորություն ընձեռեցին թե՛ գրականությանը էջեր տրամադրելով, թե՛ բանավեճի տարածք դառնալով այդ գրականության նորարար դրսևորումները պաշտպանելու համար։
Դա երկուստեք՝ հայ գրի, հայ մամուլի հողն ամրացնող ընթացք էր։ Առաջատարներն էին «Ժամանակը» – խմբագիր Ծովակի (Վահրամ Սարգիսեանի) գլխավորությամբ, որտեղ 1943-ին «Աստղ մը» բանաստեղծությամբ կայացավ Զահրատի առաջին հրապարակումը, և «Մարմարան»՝ հիմնադիր Սուրէն Շամլեանի և գրող, խմբագիր Ռոպէր Հատտէճեանի գլխավորությամբ, որտեղ գրական էջերի պատասխանատուն երկար տարիներ եղավ Զահրատը։ Այս երկուսին զուգահեռ Զահրատի համար նպաստավոր եղան նաև «Նոր օր»-ը, «Ճառագայթ»-ը, «Շողակաթ»-ը, որի գրական պատասխանատուներից էր, հայ սփյուռքի ու Հայաստանի տասնյակ պարբերականներ և, իհարկե, «Մխիթարեան Սանուց Միութեան» «Սան» պարբերաթերթը, որի հիմնադիրներից էր Զահրատը և որի երկար տարիների խմբագիրը եղավ։
Ահա այս միջավայրի գոյության շնորհիվ էր նաև, որ հարուստ մշակույթով ազգի զավակը լինելով հանդերձ՝ ազգային փոքրամասնություն լինելու աննպաստ գործոնները կաշկանդող չեղան, այլ՝ հակազեցության առիթ, և Զահրատը մոտ քսան տարի գրականություն դասավանդեց «Սան»-ի սերունդներին։
«… Չէք գիտեր ինչ խոր հաճոյք է – կը զգաք//Հեղ մը որ համը առիք – այրեցա՜ք –//Չէք կրնար դիւրաւ պրծիլ ազատիլ//Ձեզի ո՞վ ըսաւ ուսուցիչ ըլլաք//Ձեր ու սան կոչուած//Այդ փայլուն աչքով դէմքերուն միջեւ//Սիրոյ կամուրջ մը կը շինուի տակաւ …»: «Մաղ մը ջուր», էջ 60 – Բ հատ., էջ 70 / «Ուսուցիչ ըլլալ»։
«Մեծասքանչ» վերնագիրն ունի Զահրատի քերթվածը, որն առանց «հայոց լեզու» բառերն արտասանելու միաժամանակ բանաստեղծի խոնարհումն է իր լեզվին և անուղղակի քաջալերանքը՝ իր ազգի շառավիղներին՝ միշտ խոսել մայրենի լեզվով.-
«Այս այն լեզուն է որով զաւակներս կը խօսին//Թէպէտ ես հայր չեմ» «Կանանչ հող», էջ 11 – Ա հատ., էջ 297 / «Մեծասքանչ»։
Պոլսո բարբառի և հենց առաջին քայլերից հայկական թաղի շուրջ բոլորվեցին Զահրատի բանաստեղծության բավիղները, ու թեև թաղի Նշանթաշ (թուրքերեն՝ նշանաքար) անունը օսմանյան շրջանից հայերին թիրախավորելու համար այնտեղ նշանառության քարեր տեղադրելու դժնի պատմությունն ուներ, Զահրատն այս մասին չէ, որ գրեց. նա հարազատ գույներով ստեղծեց այդ միջավայրի թշվառության պատկերը և հատկապես փոխանցեց դրա անորսալի ոգին, որ կյանքի դրվագներով պատմվեց ու հաճախ դիմագիծ ստացավ Կիկոյի կերպարով։
«Ամէն թաղ իր երազը ունի//Ամէն մարդ իր երազը ունի…»,- գրում է Զահրատը.
«Ես աղքատ լեզուովս կրնամ երգել Որփէոսի նման//Որովհետեւ պատկերներս ունին թաղեցիներուս երազները//Գոյն գոյն երազները//Լոյս լոյս երազները…»: «Մեծ Քաղաքը», էջ 11 – Ա հատ., էջ 15։
Թաղի քերթողն էր նա, ուրիշ ո՛վ պիտի ստանձներ բոլորը խոսել, եթե թաղեցիները «համր» էին «իրենց ապագային մասին խօսիլ չկարենալու չափ», իսկ ինքը իրեն տրված աստվածային շնորհով նաև փայփայողն էր այդ երազների…
Որպես բարի երազող՝ Զահրատը ո՛չ թե անփորձ միամտությունից, այլ՝ բնատուր բարությունից է բխեցնում «Հաւատքը գալիք աղուոր օրերու», որն իբրև հանգանակ՝ նաև կաղանդի ծառից էր կախել։ Այն իր մատնանշած «հակազդեցութիւնն» էր գուցե, կամ «բարի պատրանքը», որ անպայման ինչ-որ մեկի համար բարեբեր էր լինելու…
«Երազէ՛, աղուո՛ր.- լուսնկան քեզի կը նայի։//Լուսնին շողերը ամէնունն են ու մանաւանդ անոնցը՝//որոնց տանիքը ծակեր ունի։//Լոյսը հոնկէ ներս կը մտնէ՝ ընտանի կատուի մը պէս, մտերմիկ։//…երազէ գեղեցիկ վաղ մը,//Որովհետեւ գեղեցիկ վաղ մը բոլոր բարի մարդոց իրաւունքն է։» «Մշուշէն անդին», էջ 22։
Ինչ փույթ, թե հենց երազների պահապան քերթողի տանիքն էլ ծակեր ուներ, և անձրևի կաթոցի տակ նրա սեփական երազներն էին կոպտորեն ընդհատվում, կաթիլների հետ պայման կապող բանաստեղծն այնքան մեղմ է թախանձում՝ «քուն ունիմ, գոնե բարձիս վրայ մի կաթիք»՝ նախապես արդարացնելով – «հէք անձրեւի կաթիլներ», «պատերազմի հարուստի տուն» չեն կարող մտնել, չէ՞ որ «փարթամ տան տանիքը չի վազեր», ուրեմն և՝ անձրևն էլ աղքատի բաժինն է. մխիթարություն, որ առատություն կլինի և՝
«Հացին քիլոն կ՛աժաննա» «Մեծ Քաղաքը», էջ 10 – Ա հատ., էջ 14/«Անձրեւ»։
Ահա թե որքան մարդկային ու համամարդկային են Զահրատի ապրումն ու մտահոգությունները, նրա բանաստեղծության ուղերձները ընթերցողին։ Ընդհանրապես նա բարության ու խղճմտանքի նուրբ անցումներով է բանաստեղծում, և այս երկու հատկանիշները այդպես էլ չեն զեղչվում միշտ զարմանք ու հիացում պարգևող նրա քերթվածներում, որոնք, կետադրված լինեն թե առանց կետադրության, վաղ շրջանի թե ավելի ուշ, երգիծանքով թե խոկումով, միշտ հասնում են մարդկային սրտերին…
«Քեզի համար պիտի գրեմ» – իր վաղ շրջանի բանաստեղծություններից մեկում գրում է Զահրատը.
«Ու ես ու դուն, եթէ չենք կրնար մտածել ամէնուն պէս, պիտի // ուրախանանք մտածելով ամէնուն համար։» «Մշուշէն անդին», էջ 20։
Բայց իր պաշտելի Մեծարենցի անանձնությանը հարազատ մի քերթված էլ ունի Զահրատը, միայն թե «անանձնական ուրախությանը» հակադիր՝ ուրիշների համար լալու կարողությամբ.
«Ուրիշներէ վեր – անոնցմէ տարբեր //Չըլլալու համար//Ուրիշներու հետ – ճիշդ անոնց նման//Ուզեցի ըլլալ//Ուրիշներուն պէս – անոնց հաւասար //Չկրցայ ըլլալ//Ուրիշներէն վար – միշտ անոնց շուքին//Լալ կրցայ միայն//Լաց որ ես կու լամ – ինծի համար չէ//Ուրիշին համար»: «Բարի երկինք», էջ 26 – Ա հատ., էջ 202։
Եվ ինչպես որ իրական մեծերն են ամենքի և ամեն ինչի հետ նույնանալով եզակի, Զահրատն էլ բացառություն չէր՝ ամենքի պես կյանքի իր մարտը մղելով.
«Մենք ալ մեր//Հերոսամարտը մղեցինք մեր անցեալին մէջ մենք ալ – //Վերապրեցանք վիրաւոր»։ «Բարի երկինք» էջ 59- Ա հատ. էջ 237/«Հերոսամարտ»։
1960 թ. «Մեծ քաղաքը» ժողովածուով գրական ասպարեզ եկած Զահրատը կյանքի ընթացքում հրատարակվեց ութ առանձին բանաստեղծական ժողովածուներով, ունեցավ նույն ժողովածուի կրկնակի հրատարակություններ Լիբանանում, Հայաստանում, իսկ բոլոր ժողովածուները 2006 թ. ամբողջացան «Արաս» հրատարակչության երկհատորյակում, եղան մի շարք հոբելյանական հրատարակություններ և ընտրանիներ՝ Հայաստանում և սփյուռքում տպագրված, ինչպես նաև մի քանի լեզուներով թարգմանված տեսավ իր ժողովածուները, թեև այդ ամենով նրա անտիպ ժառանգությունը չէր ամփոփվում։ Իսկ նրան նվիրված մեր այս խոսքն ամփոփելու համար՝ նախ արժանին հատուցենք Զահրատի սիրելի կողակցին՝ Անայիս Եալտըզճեանին, որի շնորհիվ 2009 թ. լույս տեսավ Զահրատի վերջին՝ «Դդումի համ» ժողովածուն և էլի մի քանի կարևոր հրատարակություններ…
Անայիս Եալտըզճեանն ինքն էլ բանաստեղծի մի շառավիղն է, որի հետ Զահրատն իր երկրային կյանքի կեսից ավելին ապրեց, և որը դեռ հիմա էլ գուրգուրանքով ու սրբազան հավատարմությամբ փայփայում է նրա գիրը՝ գիրք առ գիրք վեր հանելով բանաստեղծի վաղ անտիպներն ու թերթերում սփռված նրա մասին նյութերը։
Առաջացած տարիքով այդ գեղեցիկ կինը ինքն էլ կարող էր մեր առանձին անդրադարձի առիթը դառնալ, և անպայմանորեն դա կուղղորդվեր Զահրատի սիրո երգերի քննաբանությամբ, իսկ այսօր մեր խոսքը եզրափակենք բանաստեղծի մեծ սպասումի այն տողերով, որոնք մեր նախորդ հոդվածի** բնաբանն էին՝ դառնալով նրա հարյուրամյակի տարվա խորհրդանիշը, և որի հասցեատերը հենց Անայիսն է.-
«Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ // Գիտնամ միայն որ դուն գիտես թէ կը սպասեմ սիրելիս»: Մեծ քաղաքը», էջ 79 – Ա հատ., էջ 83։

Ծանոթ.
* «Զահրատ – Բանաստեղծը պէտք է գրէ իր աղօթած լեզուով» – Թալին Սուճեանի հարցազրույցը, «Ազգ» մշակութային հավելված», 10.03.2007թ։
**«Զահրատ – Հարյուր Կաղանդ՝ լույսի, հացի ու բարության խմորով» – Գ.Գ., «Գրական թերթ», 15.12.2023թ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։