Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Սկսել եմ չհասկանալ Ամանորի խորհուրդը… Շատ-շա՜տ տարիներ առաջ, թվում է, հասկանում էի և օրեր
շարունակ պատրաստվում էի նրան դիմավորելու արարողությանը` տեղը-տեղին, բնական մեծ տոնածառով,
պեծին-պեծին տվող խաղալիքներով, նույնիսկ բանաստեղծություն էի գրում։ Միամի՞տ էի, աշխարհից բան չէի՞
հասկանում, ինքս ի՞նձ էի խաբում։ Չգիտեմ։ Մի տեսակ ծիծաղելի էլ է։
Առաջին տոնածառն էլ Շուշիում էր։ Ես ու եղբայրս դեկտեմբերի վերջին օրերին այն բերում էինք Շուշիի
Հոնուտի կիրճից, և մեր տունը մի քանի օր ապրում էր հեքիաթային տրամադրությամբ՝ չնկատելով անգամ
պատուհաններին նկարվող սառնամանիքը։ Իհարկե, դեկտեմբերի 31-ից հետո ոչինչ չէր փոխվում մեր քաղաքում,
մենք էլի դպրոց էինք գնում, դպրոց տանող ճանապարհին էլ հերոսաբար ետ մղում մեր «հարևանների» նորանոր
գրոհները, լսում հորս ռազմակոչ հիշեցնող խոսքը.
– Էս ըշխարքումս շանտղեք շատ կան, բայց սահանք էն ամենափիս շանտղոցանըն։

Բայց մենք շարունակում էինք սպասել նոր Ամանորի, նոր հեքիաթի ու հրաշքի, նույնիսկ 92-ին, 93-ին, 94-ին,
երբ ԵՐԿԻՐԸ պատերազմի մեջ էր… նկուղային հարկերում, առանց տոնածառի… Ձմեռ պապն էլ խրամատից մի
քանի ժամով տուն իջած զինվորն էր, որ բաժակ բարձրացնելիս հառաչում էր.
– Խաղաղության կենացը…
…Եվ ցուրտ էր, միշտ ցուրտ էր, անգամ պատերազմից հետո… Իսկ փոքրիկներին ամենաշատն սկսեց զարմացնել
դատարկ ուսապարկերով, տարբեր գույնի ու հասակի Ձմեռ պապիկների ներկայությունը քաղաքի փողոցներում։
Եվ հայրիկներն ու մայրիկները չէին կարողանում նրանց համոզել, որ այդ կարմրակապույտ ձմեռպապիկները
իրական են, իսկական և եկել են հեռուներից, ձմեռպապիկների երկրից։
Շատ բան է փոխվել աշխարհի երեսին։ Մեկը շարունակում է զարդարված տոնածառով ու տոնական սեղանով
դիմավորել Ամանորը, մյուսը դա համարում է ո՛չ հարիր այսօրվա մեր տրամադրությանն ու ցանկություններին։
Մեկ ուրիշն էլ ուղղակի խորհուրդ է տալիս՝ ապրել։
Իսկ ե՞ս։ Փորձելու եմ գտնել ապրելու նոր բանաձևը։ Եվ մտածում եմ, որ ինձ ու նկարիչ եղբորս կրկին
տեսնելու են Հոնուտի կիրճից Շուշի տանող ճանապարհին, ուսիս՝ հսկայական եղևնի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։