Մի քանի ժամից Նոր տարին կգա, իմ 88-րդը։ Հավատանք Ֆրոյդի և նրա դպրոցի մարդաբաններին առ այն, որ
մեր կյանքը ծննդյան օրից չի սկսվում, վաղուց կա, երբ սիրո հողում ցանվում են գոյության սերմերը և արևի
շողերով անսահման ծաղկանոց դառնում։ Հետևաբար, բոլորս էլ ավելի շատ Ամանոր ենք ապրել, քան մի էջանոց
ծննդական թղթի վրա, ուրախացել ենք, տխրել, ոգևորվել ու հուսահատվել, երջանկացել ու դժբախտացել,
հավատացել ու կասկածել, չհաշտվելով հաշտվել, անվերջ տառապել ենք հոգևոր և մարմնական
ալեկոծումներից։ Այդպես կլինի նաև վաղն ու հետագայում։ Որովհետև մեր ժողովուրդը, ինչպես նաև շատ
ազգեր լուսավոր ու բանական մարդկություն են և ոչ մութ ու բարբարոս ցեղ կամ ցեխ։
Դժվար ժամանակներ տեսանք ու զգացինք հին տարում և այժմ գնում ենք դեպի նորը։ Հազարավոր երիտասարդ,
հերոսական, սրբանուն նահատակներ, ցավոտ կորուստներ հայրենի բնությունից, երազներիս եկավ ծովից ծով
Նաիրին և արթնացանք մի բուռ Հայաստանում, բղավեցինք՝ Արարա՜տ, Արարա՜տ… Նրա ձա՞յնն է, արդյոք, թե՞
ուղեղային մորմոք, Արարատն ասաց՝ ով աստվածային ժողովուրդ, ով երկիր հայրենի, պիտի ապրենք ու դեռ
շատանանք, որովհետև, ասաց, մի ժողովուրդ կարող է մեռնել ու աշխարհի երեսից անհետանալ միայն
ինքնասպանությամբ, որը մեր բնույթին հակացուցված է, վկա մեր գոյապահպանության հազարամյակների
պատմությունը։
Հայոց զինանշանին երեք հզոր խորհրդանիշեր կան՝ Արծիվ, Առյուծ և Արարատ։ «Գերված ենք մենք – ոչ
ստրուկ – գերված մի արծիվ»։ Առյուծը մեզ ազատագրում է «վայրի, արջի ցեղերի» գերությունից, Արարատը
մեզ տիեզերական հավերժություն տալիս,– այս աննման վիպասքն այսպես եմ կարդում։ Հայ գրականության
հրաշքներից է Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» բանաստեղծությունների ոսկե շղթան, որ ամեն կին ու
տղամարդ պիտի կրի իր կրծքին` որպես խաչ ու սրբապատկեր։ Ահա երկու տող աղոթք. «Բարբարոսներ շատ
կըգան ու կանցնեն անհետ,//Արքայական խոսքը մեր կըմնա հավետ»։ Խոսք, մայրենի լեզու։ Հայոց լեզուն
հայրենիք է, որը հնարավոր չէ ոչնչացնել, բարբարոսներ, հազար անգամ փորձեցիք, բայց դուք ոչնչացաք։ Այժմ
ևս «չար մշուշի նման» անվերադարձ հեռանալու եք պատմության քառուղիներից։ «Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ
հավատով տոկուն,// կանգնի՛ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն»։
Այս խոսքիս վերնագիրը Հովհաննես Թումանյանի բառն է՝ «Հույսի հայրենիք»։ «Հույս»՝ շատ մեծ ու անհատակ
բառ։ Ասում են` հույսը վերջինն է մեռնում։ Իսկ ես կարծում եմ հույսը չի մեռնում երբեք ու երբեք։ Իմ «Կինը և
տղամարդը» դրամայում մի զգացմունքային, մտազննական, տարօրինակ տող կա՝ «Արևը ծագում է արևմուտքից
և մայր է մտնում արևելքում»։ Քաղաքագետ չլինելով` այժմ ու այստեղ ուզում եմ այս նախադասությանը մի
թեթև քաղաքական աստառ հագցնել։ Անցած մեկ-երկու տարում շատերս տեսնում ենք, նկատելի է ժողովրդավար
Արևմուտքի լուսավոր արևի շողարձակումը Հայաստան աշխարհի վրա՝ ի հեճուկս շուրջ երկու հարյուր տարի
առաջ սկսված ու այժմ էլ շարունակվող Հյուսիսային մթամած արևի ազդեցության։ Հույս փայփայենք, որ
Արևմուտքն այս անգամ չի նահանջի իր մարդասիրական արժեքներից, իսկ Հյուսիսը վերջնականապես կխավարի
ու կմոխրանա։
Թող սա լինի ոչ թե Ամանորյա, այլ ամենօրյա ազգային գիտակցություն։