ԵՐԿԱԹՅԱ ՎԱՐԱԳՈՒՅՐ… / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

 

 

«Երբ ծառը ծուռ ես տնկում, նա ուղիղ չի կարող աճել»,- Աստվածաշնչից է վերցված…. Մեր մեծերը նորատունկ ծառի կողքին հաճախ ուղիղ ձողեր էին ամրացնում, որ ծառը վերձիգ բարձրանար՝ մինչև արմատը սովորեր հողի լեզուն: 21-րդ դարում ապրող գրողներս արդյոք կարողացա՞նք նոր սերնդի համար գաղափարական հենարան դառնալ: Մեր հոգևոր հենարանները` Նարեկացուց մինչև Թումանյան, Չարենցից մինչև Սևակ ու Համո Սահյան… երկրի արյան պատմությունը խառնեցին մեր արյան հետ, և ժամանակը ծնեց ուղիղ աճած ու հաղթանակ տարած սերնդի գրական, հայրենասիրական բերքը` հանձինս Վազգեն Սարգսյանի, Վանո Սիրադեղյանի, Լևոն Խեչոյանի, Սամվել Շահմուրադյանի և այլոց: Ինչո՞ւ նոր ժամանակների սերունդը նոր գենոցիդ ապրեց… Եվ այսօր մենք ամեն ինչի մասին խոսում ենք, բացի ծառն աճեցնողների մեղքերից: Որտեղի՞ց այսքան դավաճաններ, դասալիքներ, սեփական էգոիզմի մեջ պարփակված մեծամիտ ու անբան ապազգայիններ… Ի՞նչ եղավ, ո՞ւր մնաց խոսքի հեղինակությունը, իսկ նախկինում եղե՞լ է Հայրենիքը` որպես միակ բարձրագույն արժեքի անբեկանելի անհրաժեշտություն: Թվում է՝ «երկաթյա վարագույրի» ետևում կանգնած ինչ-որ մեկն ասել է. որքան՝ վատ, այնքան` լավ, այնքան աննկատելի է կողոպուտն ու թալանը, դժգոհիր, հոխորտա, որ մեղավորն անմեղը լինի, ոչ թե դու…

44-օրյա պատերազմի օրերին աշխարհն ինչո՞ւ էր պապանձվել, աշխարհի ո՞ր երկրում դեսպանատուն չունեինք, այդ ի՛նչ անտարբերությամբ են «դեսպան» խաղացել և քամել հարկատուներիս գումարները: Դեսպաններն իրենց համար, գեներալներն՝ իրենց, պաշտոնյաներն ու ընդդիմությունը՝ իրենց շահերի համար… Ծառն ուղիղ աճեցնող մայրերն ո՞ւր են, ուսուցիչն ու գրողն ու՞ր են: Ես նկարիչների ու մյուսների անունները չեմ տալիս, քանզի 44-օրյա պատերազմի ամոթալի պարտությունից հետո ժողովուրդը վերջին պարսավանքներով էր խոսում միայն գրողների մասին, որի դեմ փորձ եմ արել ընդվզել՝ հաճախ հիշատակելով Վազգենին… Այո՛, ինչ որ ցանենք, այն կհնձենք, և, ցավոք սրտի, այս անկարող որոմը դանդաղ խժռեց բարոյական արժեքները մեր կողքին, մեր թիկունքում, և հոգևոր անապատը ծնեց անտարբերության ու հուսահատության այն բուրգը, որի շաղախը նյութն է` բուրգի ներսում, երկաթյա վարագույրի ետևում՝ որպես «պանդորայի արկղ»: Մեկ տարի առաջ որևէ մեկի մտքով կանցնե՞ր, որ համառ ու անկոտրում արցախցին այդքան դժվարին պայքարներից հետո լքելու է իր դրախտային բնակավայրը` ընկնելով հայաթափված Նախիջևանի օրը: Երբե՛ք: Երկու տարի առաջ ո՞վ կմտածեր Ջերմուկի սարերի վրա բույն դրած թշնամու, Հայաստանի սահմանային բարձունքներից շատերի վրա թառած զավթիչների մասին: Ոչ ոք: Այսօր ձեզանից որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչ է կատարվելու երկու տարի կամ մեկ ամիս հետո: Մինչդեռ անվերջ փորձությունների մեջ տապակվելով՝ մեր «երրորդ աչքը» վաղուց բաց պետք է լիներ` կանխելու ազգին սպառնացող վտանգները: Մենք պետք է կարողանանք ասել, որովհետև երբ դեռ նոր ձևավորվում է չծնված հայ մանկան բջիջը, այն արդեն կրում է իր ժողովրդին սպառնացող անկանխատեսելի վտանգների ինֆորմացիան: Մեղավոր է նա, ով գիտակցելով սեփական ազգին սպասվող արհավիրքները՝ ապրում է ոչ թե հաղթանակի համար պայքարողի, այլ՝ երկաթյա վարագույրի ետևում շղթայված ստրուկի հոգեբանությամբ: Որքան էլ Իսրայելը երկաթյա սրեր թափի Պաղեստինի գլխին, նրանք չեն լքում իրենց հողը… Ցավոք սրտի, հայոց ազգը սովորեց հող կորցնելուն, Արևմտյան Հայաստանը, էթնիկ զտման ենթարկվելով, մեկ դար չկարողացավ պատմական ճշմարտությունը հաստատել և կորստի հետ հաշտվելով՝ թշնամուն առիթ տվեց նոր տարածքներ գրավելու… Արցախի պարտությունը միայն Արցախի ժողովրդինը չէր, միայն 18-21 տարեկան զոհված տղաներինը չէր, քաղաքականության մեջ խրված գեներալներինը չէր, նաև թիկունքինն էր, որին թիկունք չեղանք մենք` մտավորականներս…

Երբեք ուշ չէ, դուռդ մի փակիր ճշմարտության առաջ, մի օր նա թակելու է նաև քո դուռը՝ քեզ ցույց տալու անդառնալին, այն մեծ կորուստը, որը կարող էր չլինել, եթե դու քո տեղում լինեիր:

Խաղաղությունը տրվում է հզորներին, մնացածը պարտություն է: Ճիշտ է, Նաիրի Զարյանը Չարենցին ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ակրոստիքոսի համար «փուռը տվեց», բայց Չարենցը ասել էր վերջին ճշմարտությունը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։