Արևշատ ԱՎԱԳՅԱՆ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Շատ կարևոր եմ համարում այն համերաշխ ու օգտակար ստեղծագործական համագործակցությունը, որ կա Հայաստանի գրողների միության և Մշակույթի հայկական ֆոնդի միջև։ Ավանդական դարձած պոեզիայի ցերեկույթներն ու երեկոները, գրական-մշակութային միջոցառումներն Արագածոտնի մարզում, Օշականում, Պերճ Պռոշյանի թանգարանում, մարզային գրադարանում, Յոթ մուսաների այգում ստեղծում են գրականության, արվեստի միջոցով ընթերցողներին, արվեստասերներին համախմբելու համար անհրաժեշտ մթնոլորտն ու միջավայրը։
Արագածոտնի մարզի գրողները, գեղանկարիչները սիրով են մասնակցում Հայաստանի ստեղծագործական միությունների հետ կազմակերպվող մշակութային հանդիպումներին, քննարկումներին, գրքերի շնորհանդեսներին։ Յուրաքանչյուր տարվա ընթացքում Յոթ մուսաների այգում կազմակերպվող Ծիրանատոնին և մյուս պտղատոներին մասնակցող ՀԳՄ անդամներից շատերը հանդես են գալիս իրենց ստեղծագործությունների ասմունքով, երգով, խոսքով՝ ստեղծելով փոխադարձվող սիրո և համերաշխության այն առողջ մթնոլորտը, որ շատ է անհրաժեշտ մերօրյա ստեղծագործողներին՝ գրողներին, նկարիչներին, երաժիշտներին, արվեստասերներին և ընթերցողներին։
Գրող-ընթերցող, արվեստագետ-արվեստասեր կապերի ընդլայնման տեսակետից և՛ Հայաստանի գրողների միությունը, և՛ Մշակույթի հայկական ֆոնդը, նախորդ դարից մինչև օրս ձգվող ստեղծագործական համագործակցությամբ, կատարել ու կատարում են արդյունավետ, շնորհակալ աշխատանք, որ նկատելի է մեր մշակութային առողջ միջավայրում։
Իրար հարգելու, սիրելու, գնահատելու ճանապարհը մաքուր պահելու կարիք ունենք բոլորս։
Կարծում եմ, որ մեր բոլոր գրողները, արվեստագետները, ընթերցողներն ու արվեստասերներն արժանի են, որ ապրեն ավելի խաղաղ ու բարեշրջվող աշխարհում։
Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ
ԳՐԵԼ, ԲԱՅՑ ԼԱՎ ԳՐԵԼ
Երջանկահիշատակ Վարդգես Պետրոսյանը գրողների միությունում աշխատելու տարիներին ասում էր. «Ոչ մի գրողների միություն գրողի փոխարեն գիրք չի գրում»:
Այո՛, չի գրում, բայց այս դժնդակ, ցավոք, արդեն ողբերգական ժամանակներում Հայաստանի գրողների միությունը հնարավորը, անգամ անհնարինն անում է, որ գրողները շարունակեն գրել: Դրա վկայությունն են բազում մրցանակաբաշխությունները, պարբերաբար հրատարակվող ու հրատարակվելիք տարեգրքերը, հատընտիրները, ժողովածուները, որոնք միտում ունեն սատարելու ամեն տարիքի, և սա էական է՝ հատկապես երիտասարդ գրողներին:
Ես` որպես միության համեստագույն անդամ, հպարտ եմ այն հայրենանվեր, արդարացի ու ճշմարտացի դիրքորոշմամբ, որ Հայաստանի գրողների միությունը որդեգրեց Արցախի ճգնաժամին, և այն ջերմությամբ ու սրտացավությամբ, որով այս օրերին հյուրընկալում է Արցախի մեր գրչեղբայրներին:
Վարդգես Պետրոսյանն ասում էր նաև. «Ոչ մի գրող ապահովված չէ վատ գիրք գրելուց»:
Կրկնեմ ինքս ինձ՝ եթե այս դժնդակ, ցավոք, արդեն ողբերգական ժամանակներում Հայաստանի գրողների միությունը հնարավորը, անգամ անհնարինն անում է, որ գրողները շարունակեն գրել, ուրեմն՝ գրենք:
Գրենք, բայց լավ գրենք:
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Արցախի ԳՄ նախագահ
ՄԻ ՔԱՆԻ ՏՈՂ
Միշտ էլ մեծ դժվարությամբ եմ բաժանվել Արցախից: Ծանր էր անգամ մի քանի ժամը: Թվում էր՝ ինչ-որ պատմական իրադարձություն է տեղի ունենալու առանց իմ մասնակցության, ինչ-որ բան ինձ խանգարելու է վերադառնալ, թվում էր՝ դիմում եմ փախուստի: Այդպես էր միշտ, հատկապես՝ 88-ից հետո: Իսկ 44-օրյա պատերազմից հետո ընդամենը մեկ անգամ եմ եղել Մայրաքաղաքում, թեպետ, խոստովանեմ, շատ էի կարոտում: Այսօր Երևանում եմ: Բնականաբար, ո՛չ իմ ցանկությամբ, ուզում եմ ասել՝ ինձ ստիպել են, պարտադրել են հեռանալ, հրաժարվել ամենաունեցածից, մանկությունից, ԵՐԿՐԻՑ, որտեղ իմ պապի պապի, պապի պապի, պապի պապի… հոտն է, իմ տատի գունավոր շալի բույրը, նաև՝ սեպտեմբերի 19-ին զարկվածները:
Իսկ այսօր ես Երևանում եմ, որտեղ իմ հարազատներն են, ընկերները, մտերիմ մարդիկ, նրանք, ովքեր Արցախի պաշարման օրերին մեզ հետ էին, մեր կողքին՝ մեր ցավն ու չարչարանքն ուսած: Եվ իմ բացած առաջին դուռը ՀԳՄ դուռն էր, հանդիպածս առաջին մտավորականը՝ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, անդրանիկ գրական միջոցառումը՝ Ծաղկաձորի ստեղծագործական տանը կազմակերպված երիտասարդ ստեղծագործողների եռօրյա հավաք-համաժողովը: Եվ ավելորդ է ասել, որ ես իմ երկրում եմ, իմ տանը, հարազատ մարդկանց շրջապատում, ինչու չէ, նաև ուշադրության կենտրոնում, թեպետ ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան մտածում եմ վերադարձիս մասին և փորձում եմ գտնել պատասխանը ընդամենը մի քանի բառից կազմված հարցի՝ ի՞նչ է նշանակում ապրել… գուցե՝ ԵՐԿՐԻ մեջ ու ԵՐԿՐԻՑ դուրս…
Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ
Ինչպես նախորդ, այնպես էլ հաշվետու 5 տարիների ընթացքում ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքը կատարել է գրահրատարակչական և գրական-կազմակերպական ծավալուն աշխատանք, որն իրականացվել է ՀԳՄ-ի գործուն աջակցությամբ։ Գրական բազմաթիվ ցերեկույթներ, շնորհանդեսներ, գրքերի քննարկումներ, հեղինակների հետ հանդիպումներ անցկացվել են Շիրակի մարզի մշակութային և ուսումնական տարբեր հաստատություններում։ Մենք համագործակցել և համագործակցում ենք Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնի, Շիրակի մարզային գրադարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, Գյումրու Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի, Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարանի, «Բեռլին» հյուրերի տան, Շիրվանյան կենտրոնի, Գյումրու «Մենենջմենթի» համալսարանի, Ախուրյանի համայնքային գրադարանի, ՇՊՀ-ի քոլեջի, Գյումրու մանկապատանեկան «Ընտանիք» կենտրոնի, Գյումրու բժշկական քոլեջի, Գյումրու կայազորի և այլ կառույցների հետ։
2019-2023 թվականներին Գյումրիում է անցկացվել «Արարատ Մկրտումյան» հանրապետական երիտասարդական գրական մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը, որին մշտապես մասնակցել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը (ի դեպ, նրա առաջարկությամբ այս մրցանակաբաշխությունը դարձավ հանրապետական)։ Պետական աջակցության դադարեցումից հետո ՀԳՄ նախագահի գործուն աջակցությամբ տպագրվում են նաև շիրակցի գրողների գրքերը, նրանցից շատերի գործերն ընդգրկվել են հրատարակված անթոլոգիաներում և թարգմանական ծրագրերում։
Անշուշտ, ոգևորիչ է գրական նոր սերնդի մասնակցությունը Ծաղկաձորի Գրողների տանը կազմակերպվող երիտասարդ գրողների եռօրյա հավաքներին, որոնք ամփոփվում են մրցանակաբաշխությամբ։ Շիրակցի երիտասարդ մասնակիցները մշտապես արժանացել են մրցանակների։ Ծաղկաձորյան ստեղծագործական տան բացառիկ հնարավորություններից պարբերաբար օգտվում են նաև Շիրակի մարզի ՀԳՄ անդամները։ Մեր բաժանմունքի պաշտոնաթերթ «Եղեգան փողը» այս տարիների ընթացքում կարողացել է պահել իր ինքնատիպ ձեռագիրն ու պարբերականությունը։ Բոլորովին վերջերս ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքը հանդիսությամբ նշեց պարբերաթերթի 200-րդ համարի լույսընծայումը, որին մասնակցեց ՀԳՄ պատվիրակությունը։ ՀԳՄ նախագահի կողմից Շնորհակալագրերի արժանացան խմբագրակազմի անդամները։
Տարիների ընթացքում բաժանմունքը պարբերաբար խնդիրներ է ունեցել գրասենյակի հետ կապված։ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի աշխատանքային հանդիպումները Շիրակի տարբեր մարզպետների և քաղաքապետների հետ կարգավորել են և՛ այս, և՛ այլ հրատապ լուծում պահանջող խնդիրները։
Ամփոփելով՝ ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել բոլոր այն կառույցներին ու անհատներին, որոնք մշտապես եղել են մեր կողքին՝ զորակցելով մեզ՝ ի հաստատումն այն գաղափարի, որ գրականությունն ու մշակույթը մարդկանց կարող են միավորել, որի անհրաժեշտությունն այսօր ավելի քան հրամայական է։
Մանվել ՄԻԿՈՅԱՆ
ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ
Անցած ժամանակահատվածում ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը շարունակել է արդեն արմատավորված ավանդույթները, հանդես եկել նոր նախաձեռնություններով։
Ամեն տարի Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը՝ փետրվարի 12-ին, բաժանմունքը միջոցառում է կազմակերպել Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգում՝ գրողի արձանի մոտ։ Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ամեն տարի գիրք նվիրելու ավանդույթի համաձայն` լոռեցի գրողները հանդիպումներ են ունեցել Վանաձորի և մարզի կրթօջախներում, մշակութային հաստատություններում՝ գրքեր նվիրելով, որոնք պարբերաբար հատկացրել է ՀԳՄ-ն։ Ավանդական են նաև ամեն տարվա աշնանը Հովհ. Թումանյանի՝ Դսեղում գտնվող տուն-թանգարանի բակում կազմակերպվող գրական միջոցառումները, որոնց լոռեցի գրողներից բացի, մասնակցում է նաև ՀԳՄ պատվիրակությունը։ Մեզ հետ միասին ՀԳՄ պատվիրակությունը մասնակցում է նաև ամեն տարվա սեպտեմբերի 15-ին՝ Ստեփան Զորյանի ծննդյան օրը, գրողի տուն-թանգարանում կազմակերպվող միջոցառումներին։ Արդեն ավանդական է դարձել մինչև 31 տարեկան լոռեցի և շիրակցի բանաստեղծների համար «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխությունը՝ ՀԳՄ-ի հետ համատեղ, Ա. Մկրտումյանի եղբոր՝ Արթուր Մկրտումյանի հովանավորությամբ։ Հաղթողների գրքերը տպագրվում են, նրանք արժանանում են նաև մրցանակի և դրամական պարգևի։ Նրանց մի մասն արդեն ՀԳՄ անդամ է։ Մյուս մասնակիցների գործերը տպագրվում են անթոլոգիաների տեսքով։ Այս տարի մրցանակաբաշխություն կկայանա նաև երիտասարդ արձակագիրների համար։
Այս կարևոր միջոցառումներին, ինչպես նաև Վանաձորում և Լոռու մարզում կազմակերպվող գրողների հոբելյանական երեկոներին, գրքերի շնորհանդեսների մի մասին մասնակցում և իր աջակցությունն է ցուցաբերում Էդվարդ Միլիտոնյանը։ Հոբելյարները պարգևատրվում են ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով, արժանանում գնահատանքի։ Լոռեցի գրողների ստեղծագործությունները մշտապես ընդգրկված են նաև ՀԳՄ նախաձեռնությամբ հրատարակվող անթոլոգիաներում, որոնց քանակը վերջին տարիներին աննախադեպ շատացել է։ Արդեն ավանդույթ է դարձել նաև երիտասարդ գրողների համաժողովը ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանը, որին մշտապես մասնակցում են նաև մեր բաժանմունքի երիտասարդ գրողները, նրանց մի մասն արժանացել է մրցանակների։ ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանի մասնակցությամբ կազմակերպվող այս համաժողովը հետագայում մեծ խթան է հանդիսանում երիտասարդ գրողների ստեղծագործական կյանքում։ Համաժողովների աշխատանքներին մշտապես մասնակցում են ՀԳՄ Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզային բաժանմունքների նախագահները։ Անցած ժամանակահատվածում ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը շուրջ 70 գրական միջոցառում է կազմակերպել բաժանմունքի դահլիճում, Լոռու մարզային գրադարանում, Ստ. Զորյանի տուն-թանգարանում և Վանաձորի պետական համալսարանում։ Կարևոր են նաև հանդիպումները ՀՀ ՊՆ երրորդ բանակային կորպուսի զորամասերում և կրթօջախներում։ Լոռեցի երիտասարդ գրողների կայացման գործում արդեն ավելի քան 26 տարի մեծ դեր է խաղում բաժանմունքի «Երկունք» գրական պարբերականը, որում տպագրվելուց հետո նրանցից շատերի գործերը տպագրվում են նաև հանրապետական գրական մամուլում։ Անցած հինգ տարիներին նրանցից վեցը դարձել է ՀԳՄ անդամ։ Նշանակալի է նաև լոռեցիների դերը թարգմանական արվեստում։ Անգլերենից և ռուսերենից թարգմանական գրքեր է հրատարակել Խորեն Գասպարյանը, անգլերենից՝ Նինա Ջաղինյանը և Էլֆիք Զոհրաբյանը, ռուսերենից՝ Ռուզան Հովասափյանը։ Հայաստանի գրողների միությունը նաև պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում առողջական և այլ խնդիրներ ունեցող լոռեցի գրողներին։ Մենք միշտ զգացել ենք միասնական գրական ընտանիքում լինելու իրողությունը։
Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքի նախագահ
ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքը ստեղծվել է 2008 թվականին` երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ, և արդեն 15 տարի ակտիվ մասնակցություն ունի Կոտայքի գրական-մշակութային կյանքում: 2022 թ. Հրազդանի համայնքապետարանը ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքի գրասենյակի համար հատկացրեց անվարձահատույց տարածք, որն ամբողջովին նորոգվեց հովանավորների ու Հայաստանի գրողների միության և Էդվարդ Միլիտոնյանի աջակցությամբ: Բաժանմունքը հրատարակում է «Ոգու կանչ» գրական-մշակութային ամսաթերթը. հոկտեմբերի 28-ին գրասենյակում նշվեց թերթի գործունեության 15 տարին՝ ընթերցասերների կողմից արժանանալով բարձր գնահատանքի: Թերթի միջոցով բաժանմունքը գրական սերտ կապեր ունի «Երկունք», «Եղեգան փող», «Ծիրանավոր» գրական-մշակութային թերթերի հետ: «Ոգու կանչ»-ը եզակի հնարավորություն է մարզի երիտասարդ ստեղծագործողների համար՝ առաջին անգամ տպագրվելու մամուլում: ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքը շաբաթական հաճախականությամբ կազմակերպում է գրական ընթերցումներ, գրքի քննարկումներ, շնորհանդեսներ, գեղանկարների ցուցադրություն, հանդիպում մշակութային գործիչների հետ և այլն… Բաժանմունքն անմիջական կապեր է հաստատել մարզի դպրոցների հետ և հաճախակի մասնակցում է դպրոցներում անցկացվող գրական միջոցառումներին: 2023 թ. սեպտեմբերից բաժանմունքին կից գործում է «Կարկաչներ» մանկապատանեկան գրական խմբակը, որի աշխատանքները համակարգում են Հակոբ Հարությունը և Վարդ Արծափէն: Հրատարակվել է փոքրիկ ստեղծագործողների անդրանիկ՝ «Կարկաչներ» ժողովածուն:
Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
ՀԳՄ Գեղարքունիքի մարզային բաժանմունքի նախագահ
ՀԳՄ Գեղարքունիքի մարզային բսժանմունքի աշխատանքները կազմակերպել ենք ըստ ՀԳՄ նախագահության նիստում հավանության արժանացած և հաստատված աշխատակարգի` հիմքում ունենալով հայ գրականության առավել հանրահռչակումը, ժամանակակից հայ գրողների հետ հանդիպումների կազմակերպումը, գրքերի հրատարակումը, այցերը մարզի տարբեր դպրոցներ: Վերջին երեք տարիներին անընդմեջ ՀԳՄ-ի հետ համատեղ մանկապատանեկան գրքի և գրականության հանրապետական շաբաթի բացումը կազմակերպվել է Գեղարքունիքի մարզում` Դդմաշենում, Լճաշենում և մարզկենտրոն Գավառի թատրոնի շենքում` մարզի նախկին և ներկա ղեկավարներ Գ. Սանոսյանի, Կ. Սարգսյանի և ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մասնակցությամբ, անխտիր մարզի բոլոր տարածաշրջանների դպրոցների ներկայացուցիչների ներկայությամբ: Մարզկենտրոնի թատրոնի դահլիճում մարզային գրադարանի հետ համատեղ նշվել է արձակագիր, ծնունդով Մարտունիից Բաղիշ Հովսեփյանի ծննդյան 100-ամյակը: Մարզի տարբեր համայնքներում կազմակերպել ենք հանդիպումներ մեր գրչընկերների հետ. Արևշատ Ավագյանը և Հարություն Հովնաթանը հյուրընկալվել են Սարուխանում, Գրիգոր Ջանիկյանը, Հովիկ Վարդումյանը, Դավիթ Սարգսյանը և Անուշ Վարդանյանը` Սևանում և Ծաղկունքում, Խաչիկ Մանուկյանը` Ծովագյուղում, Վահան Սաղաթելյանը, Արտաշես Արամը` Կարմիրգյուղում, Բաբկեն Սիմոնյանը` Ծովինարում: Մարտունու ավագ դպրոցում և Գավառի մանկատանը հյուրընկալել ենք Ներսես Խառատյանին, Հացառատի Մ. Բունիաթյանի անվան դպրոցում՝ Ռուբիկ Ստեփանյանին: Ես նույնպես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Մարտունու N 1 և ավագ, Գավառի երկու, Նորատուսի երեք, Կարմիրգյուղի երկու, Սարուխանի երեք, Գավառի N 4, Հացառատի N 8 դպրոցներում, մարզային և քաղաքային գրադարաններում, ընթացքում է և գիրք նվիրելու օրը կբացվի գրադարան «Գավառ» բ/կ-ում, գրադարակներ կտեղադրվեն նաև առանձին հիվանդասենյակներում: Զինվորների հետ գրական դաս-հանդիպում է կազմակերպվել մարզի տարածքում տեղակայված բանակային կորպուսում` կորպուսի հրամանատար, ՀՀ ազգային հերոս, գեներալ Գարեգին Պողոսյանի և մարզպետ Կարեն Սարգսյանի հրավերով և աջակցությամբ: Բոլոր հանդիպումներից հետո դպրոցներին տրամադրվել են գրքեր` հիմնականում հեղինակների ընծայագրերով: Նախատեսված է երկու հանդիպում Գավառի ավագ դպրոցում` Ներսես Աթաբեկյանի, Հացառատի թիվ 2-ում՝ Նորայր Գրիգորյանի հետ: Կազմակերպել և հրատարակել ենք երիտասարդ բանաստեղծ Արտուշ Բոշյանի առաջին գիրքը, շնորհանդեսը կայացել է «Դովլաթյան» կենտրոնում: Աջակցել ենք 18-ամյա խոստումնալից բանաստեղծուհի Լուսինե Առաքելյանի ներգրավմանը երիտասարդ գրողների ծաղկաձորյան հավաքին: Մեր կազմակերպմամբ, արդեն 7 տարի, հանգուցյալ արձակագիր Իլյա Արցախեցու անվան կրթաթոշակ է սահմանվել Երևանի N 104 դպրոցում:
Թելման ՄԱՅԻԼՅԱՆ
ք. Իջևան
Հայաստանի գրողների միությունը տարեցտարի նոր հաջողություններ է ունեցել իր աշխատանքային գործունեությամբ, որի նախագահությամբ իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ, տպագրվել, ընթերցողի սեղանին են դրվել արժեքավոր գրքեր։
Այդ տարիներին է, որ արժևորվել են հեղինակները թե՛ մամուլով («Գրական թերթ»), թե՛ մրցանակներով, թե՛ «Վաստակի համար» մեդալով։
Որպես այդ հանրության անդամ` բազմաթիվ միջոցառումներ եմ կազմակերպել գրողների և ընթերցողների հետ համատեղ։ Ընդ որում, կազմակերպվել, անցկացվել են գրական հանդիպումներ ոչ միայն գրողների, այլև Խնկո-Ապոր անվան գրադարանի աշխատակիցների, մարզային գրադարանի ու համայնքի դպրոցների կոլեկտիվների և աշակերտության մասնակցությամբ (Իջևանի կենտրոնական գրադարանում, Աչաջրի, սահմանային Բերքաբերի և այլ համայնքների դպրոցներում), սերտ կապ ստեղծել ընթերցողի և հեղինակի միջև:
Հանդիպումներ են անցկացվել նաև հանրապետության անվանի գրողների ու մանկագիրների հետ։ Հերթական համագումարի առթիվ շնորհավորում եմ իմ ավագ և կրտսեր գրչընկերներին, ցանկանում նրանց նորանոր հաջողություններ աշխատանքում և գրական գործունեության մեջ։
Զավեն Պետրոսյան
ՀԳՄ Տավուշի մարզային
բաժանմունքի նախագահի փոխարինող
ՀԳՄ Տավուշի մասնաճյուղը անցած հինգ տարիներին ևս աշխույժ է պահել գրական կյանքը մարզում՝ չնայած երկրի ճգնաժամային իրավիճակներին։ Սամվել Բեգլարյանի ղեկավարությամբ ու նախաձեռնությամբ կազմակերպվել են բազմաթիվ գրական-գեղարվեստական միջոցառումներ, քննարկումներ, շնորհանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, հանդիպումներ գրադարաններում և դպրոցներում։ Մշտապես նշվել են գիրք նվիրելու, գրողների, պոեզիայի օրերը։ Հիշարժան, հոբելյանական տարեթվերը ևս չեն մոռացվել։ Մանկական գրականության շաբաթներին հանդիպումներ, ընթերցումներ են կայացել դպրոցներում։ Արդյունավետ համագործակցություն է ծավալվել Նոյեմբերյանի մշակույթի քաղաքային կենտրոնի հետ, բեմականացվել են Ս. Բեգլարյանի, Ռ. Մալինյանի գործերը։ Մասնաճյուղի անդամները մասնակցել են գրական մրցանակաբաշխությունների, արժանացել մրցանակների։ Մեր գրողների ստեղծագործություններից տպագրվել են գրական մամուլում, ինչպես նաեւ ՀԳՄ-ի հրատարակած անթոլոգիաներում՝ «Սրտագիր», «Օդապարիկ արևը», «Ես եմ հիմա», «Արձակ դաշտեր»։
Մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպվել է զոհված ազատամարտիկ, բանաստեղծ Հարություն Մաշինյանի անվամբ նրա ծննդավայր Լճկաձոր գյուղում փողոցի անվանակոչության արարողություն։ Որոշակի աշխատանք է տարվել երիտասարդ գրողների հետ, տպագրվել է Կարինե Ալեքսանյանի «Ժպտա» բանաստեղծությունների ժողովածուն (խմբագիր՝ Շանթ Մկրտչյան)։ Խոր ցավով պիտի նշենք, որ մասնաճյուղի ղեկավար, ճանաչված արձակագիր ու բանաստեղծ, թատերական գործիչ Ս. Բեգլարյանը ծանր հիվանդության հետևանքով հեռացավ կյանքից՝ բազմաթիվ ծրագրեր թողնելով չիրականացած։ Այս ընթացքում կյանքին հրաժեշտ տվեց նաև մասնաճյուղի վաստակաշատ անդամ Աշխեն Աբազյանը։ Սակայն գրական մեր ընտանիքը շարունակում է սիրով ու նվիրվածությամբ գործել հայ մշակույթի անդաստանում։
Լևոն ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԳՄ Սյունիքի մարզային բաժանմունքի նախագահ
ՀԳՄ Սյունիքի մարզային բաժանմունքը իմ նախագահությամբ գործում է 2017 թվականի դեկտեմբերի 3-ից: Գորիսի մշակույթի տանը տեղակայված «Գրօջախ» գրասենյակը վերաբացվել է 2017 թվականին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ջանքերով: Բաժանմունքը մշտապես գտնվում է նրա ուշադրության կենտրոնում: Գրասենյակում, մշակույթի տան դահլիճում, դպրոցներում, ինչպես նաև Կապանում կազմակերպել ենք հինգ տասնյակից ավելի միջոցառումներ՝ գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, հանդիպումներ ստեղծագործողների, ընթերցողների հետ, խորհրդատվություններ սկսնակներին: Բաժանմունքի անդամների և նվիրատուների ջանքերով կահավորել ենք գրասենյակը, արդեն փոքրիկ գրադարան ունենք: Համագործակցում ենք «Գրական թերթ»-ի և «Սյունյաց երկիր»-ի հետ՝ բաժանմունքի անդամների ստեղծագործությունները պարբերաբար տպագրվում են այդ թերթերում: Կարծում եմ, որ երկրի քաղաքական լարված իրավիճակի թուլացմանը զուգահեռ ավելի է աշխուժանալու մեր գործունեությունը:
Ալբերտ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի խմբագիր
Հաշվետու ժամանակաշրջանում «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսը պահպանել է իր պարբերականությունը (տարեկան չորս համար)։ Նույնն են ﬓացել ձևավորուﬓ ու ծավալը, օգտագործվում են գունավոր ներդիրներ։ Անցած տարիների ընթացքում հայերենից ռուսերեն են թարգմանվել և տպագրվել հայ գրողների բազմաթիվ արձակ և չափածո գործեր, հրապարակախոսական և գրականագիտական հոդվածներ և այլն։ Հանդեսը ռուսերենի ﬕջոցով նպաստում է նաև հայ գրողների ﬔծ թվով ստեղծագործություններ այլ լեզուներով թարգմանելուն։ Մասնավորապես, Գերմանիայում լույս է տեսել ժամանակակից հայ պոեզիայի ծավալուն անթոլոգիան, որում զետեղված գործերի ﬔծ մասը նախապես թարգմանվել ու տպագրվել են «ԼԱ» հանդեսում։ Ներկա պահին, նույնպես ՀԳՄ-ի հետ համատեղ, հրատարակման ենք պատրաստում երկրորդ անթոլոգիան, որը ներառում է հայ բանաստեղծների ﬕջին և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների գործերը։ Ղազախստանում լույս է տեսել ﬔր և ՀԳՄ-ի կողﬕց կազմված «Մաշտոցից ﬕնչև Սևակ» հայ դասական պոեզիայի անթոլոգիա։ Հարցերի հարց է ﬓում հանդեսի տպաքանակի տարածումը ﬔր երկրի սահմաններից դուրս։ Այս առումով խմբագրության հնարավորությունները առայժմ խիստ սահմանափակ են, ուստի պարտավոր ենք առավելագույնս արդյունավետ մոտեցում ցուցաբերել։ Լուրջ բարեփոխման ենք ենթարկում ամսագրի կայքէջը։
Լիլիթ ՀՈՎՍԵՓՅԱՆ
«Նորք» հանդեսի խմբագիր
Այս տարի լրանում է «Նորք» հանդեսի 90-ամյակը։ Ինչ ասես, թե չի կատարվել այս պատկառելի տարիքին հասնելու նրա ճանապարհին՝ հաճախակի փոփոխելով ամսագրի տրամադրությունը, սակայն երբեք խմբագրական քաղաքականության հիմնական սկզբունքները՝ հաղորդակից լինել արդի մշակութային, սոցիալական և քաղաքական գործընթացներին և արձագանքել դրանց ամսագրի էջերում։
Անցած հինգ տարիներին աշխարհում արագ զարգացող, հաճախ անսպասելի իրադարձությունները աշխուժացրել են «Նորք»-ը՝ խմբագրություն բերելով ավելի շատ երիտասարդ ստեղծագործողների, որոնք փորձում են գրչով և խոսքով հաստատել իրենց ներկայությունը համաշխարհային գործընթացներում, և հուշելով ներկայացման նոր եղանակներ, այդ թվում՝ վերջին երկու համարի ձևավորման մեջ կիրառվող արհեստական բանականության հնարքներ։
«Նորք»-ը, լինելով ամենածավալուն ամսագիրը և պահպանելով մշտական, ընթերցողին հարազատ՝ «Արձակ», «Պոեզիա», «Գրականագիտություն», «Հրապարակախոսություն», «Գրախոսություն» բաժիններն իրենց անտիպ գործերով, վերջին տարիներին ավելացրել է ևս մի քանի բաժին՝ «Ռետրո», որտեղ ներկայացվում են ամսագրի տարբեր տարիներին հրապարակված նյութեր, և «Շարունակելի» խմբագրական խոսքը։
«Նորք»-ը պահանջված է նաև Սփյուռքում՝ թե՛ ընթերցողի և թե՛ հեղինակների կողմից, և վերջին հինգ տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում տպագրել է տարբեր երկրներից ուղարկված ստեղծագործություններ, այդ թվում՝ մեր հայրենակիցների կատարած թարգմանությունները։ «Նորք»-ն ունի մշտական և սիրված արցախցի հեղինակներ և ակնկալում է, որ նրանց թիվը մոտ ժամանակներս կավելանա։
44-օրյա պատերազմի ժամանակ «Նորք»-ի խմբագրությունը մասնակցել է բանակին աջակցելու տարբեր ծրագրերին, իսկ պատերազմին նվիրված հատուկ համարն արժանացել է ԿԳՄՍ նախարարության հավանությանը։
«Նորք»-ի խմբագրությունը պարբերաբար հրավիրվում է դպրոցներում, ինչպես նաև մարզային գրադարաններում անցկացվող գրական միջոցառումներին և մշտական համագործակցության մեջ է գիտական և պատմամշակութային հիմնադրամների հետ։ ԿԳՄՍ նախարարության աջակցության շնորհիվ «Նորք»-ը հնարավորություն ունի անխափան գործունեություն ծավալելու, սակայն դեռևս չի կարողանում պատշաճ չափի հոնորարներ և աշխատավարձ հատկացնել, իսկ դա երբեմն որոշակի խոչընդոտներ է ստեղծում ցանկալի հեղինակների գործերը տպագրելու համար։ Դրա հետ մեկտեղ «Նորք»-ը բարձր է գնահատում այն հանգամանքը, որ ո՛չ նախարարությունը, ո՛չ ՀԳՄ նախագահությունը երբեք չեն փորձել ուղղորդել կամ գրաքննության առնել հանդեսի խմբագրական քաղաքականությունն ու առանձին նյութերը՝ ակնկալելով միայն բարձր որակի բովանդակություն։
ՀԳՄ համագումարին ընդառաջ՝ «Նորք» հանդեսի խմբագրությունը ողջունում է բոլոր պատվիրակներին և բազմաբնույթ համագործակցության հույս հայտնում։
Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՀԳՄ» հրատարակչության տնօրեն
Վերանայել նախկին ձևաչափը
Հաշվետու ժամանակահատվածում «ՀԳՄ» հրատարակչությունը ջանացել է հնարավորինս նպաստել մեր հեղինակների գրքերի տպագրությանը, ասում եմ՝ հնարավորինս, որովհետև պետական պատվերը հանիրավի իսպառ վերացվեց և ոչնչով օգտակար չեղավ ընթացիկ գրականության և ՀԳՄ անդամ գրողների համար: Այդուամենայնիվ, տպագրվեցին արձակի, պոեզիայի, մանկական ուշագրավ մի շարք ժողովածուներ և անթոլոգիաներ, գրականագիտական, փաստագրական և թարգմանական ստեղծագործություններ: Մոտ քառասուն գիրք: Դրանք շնորհանդեսների և քննարկումների միջոցով ներկայացվել են ընթերցողին և լավ արձագանքի արժանացել:
Կարծում եմ՝ հրատարակչական գործին խթանելու համար անհրաժեշտ է վերանայել պետական աջակցության նախկին՝ մինչև վարչապետ Կարեն Կարապետյանը գործող ձևաչափը, չէ՞ որ այն արդարացրել էր իրեն, գոհունակությամբ ընդունվել ՀԳՄ անդամների կողմից, բացառությամբ մի քանիսի, որոնք իրենց աջ ու ձախ թեքումներով առհասարակ վնասեցին պետական պատվերի շրջանակում գրքերի տպագրման գաղափարին: Հուսանք և սպասենք:
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
«Գրեթերթի» տնօրեն
Հակառակ թերահավատ կանխատեսումների` գեղարվեստական գրականությունը չի գնում նվազման, մարման, այլ` շարունակում է իր անկանգառ, լիարյուն ընթացքը, և դրա ակնառու ցուցիչը երիտասարդների ակտիվությունն է գրականության ասպարեզում. գրում են ջահելները, ընթերցում են ջահելները, ուստի` գրականությունը ապրում է, ապրելու է: Այս առումով նշանակալի է «Գրեթերթ» գրական երիտասարդական պարբերականի դերը, որն իր էջերը սիրով տրամադրել է երիտասարդական գրականությանը ահա արդեն տասնյոթ տարի, տասնյոթ տարի մեր թերթը խրախուսում է մինչև երեսուն տարեկան հեղինակների մուտքը կամ մուտքի փորձը գրականություն: Այս տարիների ընթացքում «Գրեթերթը» ներկայացրել է ավելի քան երկու հարյուր ջահելների գրական ստեղծումները: Նրանցից «հներն» այսօր արդեն մեր գրականության ճանաչված հեղինակներ են: Թերթն այս ամբողջ ընթացքում հրատարակվել է անկանգառ, նույնիսկ համաճարակի շրջանում չի խախտել իր պարբերականությունը: Սրան իր նպաստն է բերել ԿԳՄՍ նախարարության, Գրողների միության և «Անտարես» հրատարակչության աջակցությունը: Թերթն ունի նաև իր կայքը, որն աշխուժացնում է շփումները:
Շնորհակալությունս հայտնեմ «Գրեթերթի» խմբագրակազմին` էջադրող, ձևավորող և խմբագիր Նառա Վարդանյանին, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանին:
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
«Գրական թերթի» խմբագիր
Հաշվետու շրջանի՝ հինգ տարիների հետահայաց, թեկուզ հպանցիկ վերլուծությունը վկայում է ոչ միայն «Գրական թերթի», այլև մեր գրական մամուլի առջև ծառացած բարդ, դժվարին հիմնախնդիրների մասին. քովիդ, 44-օրյա պատերազմ, որը նոյեմբերի 9-ից հետո էլ շարունակվում է առ այսօր՝ պրոքսի պատերազմի օրակարգով, Արցախի բռնի տեղահանություն… Բոլոր իրավիճակներում «ԳԹ»-ի արձագանքը եղել է հայ գրողի մտահոգ խոսքով, իրադարձությունների սթափ ու համարժեք վերլուծություններով, հրապարակախոսական հոդվածներով, էսսեներով:
Քովիդային կարանտինը չխաթարեց թերթի աշխատանքային ընթացքը. ամեն ուրբաթ ընթերցողը շարունակում էր ստանալ հերթական համարը, միայն թե՝ grakantert.am կայքում, PDF տարբերակով: Պատերազմի 44 օրերը ամրագրվել են թերթի էջերում հոդվածներով, վավերական քրոնիկոնով, «սևը ներս արած, սպիտակը՝ դուրս» սկզբունքով գրված խոսքերով, իսկ առավել դժվարը՝ նոյեմբերի 9-ից հետո հերթական համարների լույսընծայումն էր… Չշարունակեմ՝ այդ տարիների մեջ ապրել ու նրանց միջով անցել ենք բոլորս: Պարտության պատճառների որոնումից մինչև մեր երկրում ռուսական դպրոցների բացում, Ամուլսարից մինչև վեթինգ ու լյուստրացիա, ներքին քաղաքական խմորումներից մինչև Զանգեզուրյան միջանցք. թերթե՛ք «Գրական թերթը» և այս դժվարին ու հակասական ժամանակաշրջանի արտացոլումը կգտնեք նրա էջերում:
Բայց այս ամենին զուգահեռ ու մշտապես ուշադրության կիզակետում է գտնվել մեր գրական համայնքը, նրա խնդիրները, ստեղծագործական ընթացքն ու զարգացման միտումները: «Գրական թերթը» ՀԳՄ-ի պաշտոնաթերթն է, իմա՝ հնարավորինս (տարեկան 44 համար, 8 էջ) անդրադառնալ գրական անցուդարձին, ըստ արժանվույն ներկայացնել դասական և արդի գրողների հոբելյանները, ամեն համարում ներկայացնել գրական նոր գործեր և գրականագիտական ու գրախոսական անդրադարձներ, հիշատակի էջեր… Ընդամենը նշեմ Հովհաննես Թումանյան – 150, Ե. Չարենց – 125, Վահագն Դավթյան – 100, Դերենիկ Դեմիրճյան – 145 հոբելյաններին նվիրված շարունակական ու խոր մասնագիտական հրապարակումները: Յուրաքանչյուր համարի 4-րդ ու 5-րդ էջերը արձակի ու չափածոյի տիրույթն են, 6-րդ ու 7-րդները՝ գրականագիտությանն ու գրաքննադատությանը: Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտությունը հայտնեմ մեր հեղինակներին՝ իրենց ստեղծագործությունների առաջին տպագրությունը (առանց հոնորարի) «Գրական թերթին» վստահելու համար:
Իհարկե, ակնկալել, որ շաբաթաթերթն իր հնարավորություններով լիովին ներկայացնում է մեր գրական համայնքի համապատկերը, անիրատեսական է, եթե հավելենք հոնորարի բացակայությունը, իսկ պատկերն ամբողջական դարձնելու համար գուցե պետք է նշել, որ թերթն ունի 3 հաստիք՝ խմբագրի, էջադրողի-կայքի պատասխանատուի և հաշվապահի, սրբագրիչը՝ պայմանագրային: Վիճակը հատկապես ծանրացավ քովիդի ընթացքում, երբ կորցրինք գնորդ-ընթերցողների մեծ մասին, ԿԳՄՍ-ն էլ, իր հերթին, երկրորդ տարին է, որ տարիներ շարունակ հատկացվող 4 միլիոն դրամ աջակցությունը նվազեցրել է մինչև 3 միլիոն, որից, հարկերը հանած, մնում է 2,5 միլիոն դրամ՝ տպագրական ծախսերի համար: Միակ լուծումը մնաց սենյակները վարձակալության տալը, քանի որ մեր սկզբունքն է՝ ոչ մի հովանավոր քաղաքական կամ այլ կողմերից: Վարձակալության գումարը հնարավորություն է տալիս նվազագույն աշխատավարձ հայթայթել: Մինուսը՝ աշխատում ենք հեռավար: Դժվարին պահերին օգնության է եկել մեր միությունը՝ հաշվետու ժամանակամիջոցում աջակցելով 800.000 դրամով: Ասվածը բողոք կամ գանգատ չէ, ընդամենը իրականության ամրագրում՝ ՀԳՄ պաշտոնաթերթի անխափան «կյանքը»՝ որպես մեր օրերի անկողմնակալ վկայություն, իսկ 500 տպաքանակը՝ ընդդեմ տարեկան, միջին հաշվով, կայքի 150 000 դիտումների և 73 000-ից ավելի օգտատերերի:
Հ.Գ. Համագումարի օրակարգում ներառված է նաև «Գրական թերթի» խմբագրի հաշվետվությունը: Շարունակությունը՝ նոյեմբերի 25-ին…