ՏԻԳՐԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԳԻՐՔԸ՝ ՍԵՐԲԵՐԵՆ

 

Սերբական Սրեմսկա Միտրովիցա քաղաքի «AM graphic» հրատարակչությունը «Sirm» մատենաշարով լույս է ընծայել արձակագիր, լրագրող Տիգրան Նիկողոսյանի «Ինձ տուր քո ցավը» գիրքը, որը պատմում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի և մեզ օգնության եկած սերբ օդաչուների մասին, իսկ համանուն վերնագրով ծավալուն գիրքը հայերենով լույս է տեսել 1998 թվականին: Սերբական հրատարակությունը ծաղկաքաղ է հիշյալ գրքից և բաղկացած է երկու գլխից: Առաջին գլուխը Սպիտակի երկրաշարժի մասին է. նամակներով ու երկխոսություններով ներկայացված են մարդկային խեղված ճակատագրերը: Դպրոցականներ, ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ, հարազատներին կորցրած անօգնական մարդիկ… Նաև հառնում են մեզ օգնության ձեռք մեկնած, բայց, ավա՜ղ, ողբերգաբար զոհված սերբ օդաչուների կերպարները:

Երկրորդ գլխում հեղինակը ներկայացնում է վերջին երեք տասնամյակների հայ-սերբական բարեկամական կապերը, Հայաստան այցելած սերբերին, նրանց հետ հանդիպումներն ու զրույցները: Հանդիպումներ ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչի, հրապարակախոս և հրատարակիչ Վեսնա Պեշիչի (2021 թ. նա սերբերենով հրատարակել է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատությունը), «Սմեդերևոյի բանաստեղծական աշուն» պոեզիայի փառատոնի տնօրեն Միլյան Գուբերինիչի, բանաստեղծ Նեդելկո Թերզիչի հետ: Անշուշտ, հեղինակի ուշադրությունից չեն վրիպել հանդիպումները դպրոցականների հետ, որոնց ժամանակ հայ-սերբական թեմաներով հետաքրքիր զրույցներ են անցկացվել: Իսկ Վեսնա Պեշիչի «Կոչիր ինձ Գարուն» հրապարակախոսական գիրքը բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանի հրաշալի թարգմանությամբ («Վան Արյան» հրատարակչություն)  քննարկվել է Երևանի Ա. Սախարովի անվան թիվ 69 դպրոցում: Բոլոր հանդիպումներում կարմիր թելով անցնում է հայ-սերբական բարեկամական դարավոր կապերի թեման:

Տիգրան Նիկողոսյանի գրքում ներկայացված հանդիպումները և սերբական հրատարակությունը նախաձեռնել է գրքի գրախոսող Բաբկեն Սիմոնյանը, որը սերտորեն համագործակցում է սերբ հրատարակիչների հետ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.