ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ-90
․․․Երբ թերթում էի Զորայր Խալափյանի անձնական գրադարանի գրքերը, նրանցից մի քանիսի էջերում չորացած թփեր ու տերևներ էին՝ երբեմնի ջահել ու կենսունակ։ Այստեղ պատմությունը նույնն է՝ այս անգամ բժշկի ձեռամբ․ ասես դեմ դիմաց կանգնած՝ խոսում է ինքը՝ արձակագիրը․ «․․․ջահել ժամանակ եմ դրել։ Ինչո՞ւ եմ դրել, ո՞ր թվին՝ չեմ հիշում։-Հոտ քաշեց։ Հոտ չկար․․․ -Այսքան տարի հոտ կմնա՞․․․»։ Գուցե հենց այստեղ է, որ պետք է ասել բանաձևի նման․ «Որտե՞ղ ես, մարդ աստծո»։
Ժամանակներ, ժամանակներ, և անիվը, որ գլորվել ու հայտնվել է ակամա մեր օրերում։ Վիպական հյուսքը, բնականաբար՝ մեր օրերի ներդաշնակությամբ ու մեր օրերի արդիականության պատուհանից, թեպետ գրողի պատմելու ինքնատիպ ոճը ընթերցող-գրող կապն ապահովում է անգամ ոչ մեր օրերի տեսանկյունից։ Հեռավոր՝ 1964-1966 թվականներից ընթերցողի սեղանին դրված վեպը այսօր ինչ հատկանիշներով էլ ներկայացվի ու բացահայտվի, մշտամնա է՝ անկախ ժամանակից ու իրականությունից։ Իսկ առաջին հերթին դա գործի համամարդկային ասելիքն է՝ ասելիքը Մարդու մասին։ Հեղինակի առաջին վեպն է, թարգմանվել է միութենական ու արտերկրի բազմաթիվ լեզուներով, իսկ 1992 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան ստեղծագործության հիման վրա նկարահանեց համանուն՝ հայ առաջին բազմասերիանոց կինոնկարը՝ գործում ընդգրկելով ժամանակի լավագույն դերասաններին։
«Հեռավոր լամպը սկսեց աղոտանալ: Աղոտանալով հեռացավ և մարեց մշուշի մեջ: Առավոտ է, մայրը հայելու դեմ մազերն էր սանրում: Երկու սև ալիք, մանկական հուշեր: Մի փոքրիկ ծաղիկ կար, կապույտ: Հոր հետ գնում էին գերեզմանաքարերի միջով: Մարդիկ էին, ապրել էին, մեռել: Քարերի վրա գրված էին ծննդյան թիվն ու մահվան թիվը: Շատ փոքր կապույտ ծաղիկներ էին: Ինքը այդ ծաղիկների մեջ մի ամբողջ աշխարհ էր տեսնում՝ կապույտ, իհարկե: Ինքն ասես մտնում էր ծաղկի մեջ: Վերևում՝ կապույտ երկինք: Ցած էր նետում, մեկ ուրիշն էր պոկում: Նույնը, նորից մտնում էր կապույտ դռներից, կապույտ ապարանք, կապույտ աշխարհ: Իսկ հայրը քաշում էր ձեռքից․․․»,-կյանքի փիլիսոփայությունն է՝ ըստ արձակագրի։ Մարդու մի կյանք՝ իրենից կախված իրադարձություններով, ու անկախ, ցանկալի և ոչ այնքան։ Եվ ո՞վ է քո ապրածի համար պատասխանատու՝ դու․․․ և ոչ դու․․․
Վեպը առավել ապրում է, զգացողություն, քան բառ։ «Նրանց կողքին փոքրիկ ծաղկանոց էր։ Ցերեկով բացված ծաղիկներ կային, Նորան հիշում էր։ Հիմա ոչինչ չէր երևում։ Փակվել էին ու երազ էին տեսնում։ Կապույտ ծաղիկը կապույտ երազ էր տեսնում, կարմիր ծաղիկը կարմիր երազ էր տեսնում, դեղին ծաղիկը՝ դեղին։ Չէր քնել միայն սպիտակ ծաղիկը։ Ու ողջ գիշերվա միջով միայնակ անցնում էր անքուն ծաղկի լույսը»։
Հոգեբանական համեմատություններով, զուգահեռներով՝ հեռացողի, անծանոթ միջավայր ընկնողի տարտամ ապրումների ճշգրիտ ուղեծիրն է գծում գրողը՝ ասես ավելի մենախոսության, քան երկխոսության, առավել ներքին խոսքի, քան արտաքինի ցայտուն դրսևորումներով։ Իսկ արդյունքում թանձր վրձնահարվածներով նստում-մնում է հետզհետե ծանրացող մի տխրություն, որ էլի մարդու մասին է, մի ցավ, որ ծիծաղի է նման, կարոտի, կորցրած-որոնածի ու այլևս չգտածի նման, ինչպես գինին, որ «զուսպ հեկեկաց բաժակի վրա», կամ ինչպես «կոկորդում կկծկվի հեղձուկը»։
«Ու լաց էր լինում, ինքն էլ չիմանալով՝ ինչո՜ւ այդպես թեթև է հոգին, ինչո՜ւ այսպես դաժան ու գեղեցիկ է այս մեղավոր աշխարհը»։ Հետո իհարկե նրա սերը անարատ, համատարած ցավի ու անգիտության մեջ՝ մի լույս, որ իրականում մի մեծ ու ծավի զգացմունք է, սերը՝ հին, կորցրած, նոր ու գտած, և կրկին բարքեր, իրողություններ, ճակատագրեր։ «Զոռով չես կարող անզգամ լինել»,-ամփոփում է հեղինակը։ Մասնագիտության ընտրության հարցում՝ զղջում միշտ, մի՞շտ, չէ՛, երբ խղճի խայթ է ունենում, ամեն չբուժվող հիվանդի հետ ամուր կառչելով կյանքի թելերից, երբ «բոլորն արդեն հաշտվել էին, բայց երբեմն-երբեմն, սարսափելի անհեթեթությունից ապշած, նայում էին զարմացած, ողբում»։ Եվ իհարկե ամեն ինչ՝ ըստ ճակատագրի․ մեկը պետք է լինի՞, ինքն է, ի՞նչ կա որ, և պետք է որ հենց ինքը տանի այդ մեծ ու ցավոտ բեռը՝ բեռը Խղճի։ Ուրեմն՝ վերուստ ընտրված է նաև ուսը՝ ուժեղ, ճակատագրորեն վստահելի․ սա չէ՞ արդյոք բոլոր ժամանակների համար արդիական խոսքը՝ վեպում ընդգծված։ Բժշկի ճակատագիր-ճանապարհն է՝ աշխարհից կտրված մի գյուղում, որտեղ դեռևս հին բարքերն են իշխում, և ամենից ավելի է այստեղ մարդը զգում բժշկի գրեթե հրաշագործ ձեռքի կարիքը, նրա, ով սովորական միս ու արյունից մարդ է և մեծագույն դժվարությամբ է հաղթահարում այլ վարքուբարքին անցումը՝ ներքին պայքարի, բազում ինքնահաղթանակների գնով։ «Որովհետև չգիտեմ ինչ մարդ պետք է լինի, որ թողնի իրեն օգնության կարիքն զգացողին ու գնա անձնական գործով»։ «Ինձ այնպիսի տեղ է հարկավոր, որ մարդիկ զգան իմ կարիքը»,-վիրաբույժն է։ Եվ առաջին հերթին այն, որ մարդն ինքը իրեն զգա կարևոր ու անհրաժեշտ, թեկուզ և մի կյանք ապրի միայն ուրիշների համար, հանուն ուրիշների բարեկեցության։ Սա մեծ հաշվով մարդու ճանապարհն է, հիասթափությունների, դժվարությունների, անհնարինության և ամեն բացվող օրվա հետ՝ ամեն ինչ թողնելու և հարազատ քաղաք վերադառնալու ներքին պահանջ-ներհակ ծանր մի պայքար, որտեղ հաղթում է Մարդը, հաղթում է նվիրումը Մարդուն, ի սկզբանե կոչումով՝ սերը առ Մարդը։ Այս ամենից ելնելով էլ՝ ապրողի հոգեբանությունը՝ թե՛ տեղացու, թե՛ նորեկի կամ ժամանակավո՛ր նորեկի, ժամանակավոր, որ կարող է ձգվել ապրած ու չապրած մի խելահեղ կյանք։ «Կարոտի, ափսոսանքի ու խանդաղատանքի բոլոր մաքուր զգացումները խեղդում էին։ Նա լաց էր լինում երեխայի նման ու ժպտում»։
Եվ բոլոր ժամանակների մեծագույն հարցը, ասես հենց այնպես՝ իմիջայլոց, թե «դու գո՞հ ես քո կյանքից, դու առհասարակ հասկանո՞ւմ ես ապրելուդ իմաստը․․․»։ «Իսկ թիթեղյա հին ժամացույցը անդադար չրխկում էր, մանր կտրատում ժամանակը․ վայրկյան-վայրկյան-վայրկյան․․․ Կյանքը վայրկյանների մեջ հնանում է՝ ավելի նորանալով»։
Հետո մեծ հաշվով՝ մի ամբողջ սերնդի ստացված-չստացված կյանքի գլխավոր հարցն է գալիս՝ ո՞վ է մեղավոր։
«․․․Ինձնից հետո էլի արև է լինելու, լույս է լինելու այսպես, ու այս ծառը պիտի շվաք գցի ներքև»։ Կարելի է անգամ համրել, թե այս միտքը քանի՛ անգամ, քանի՛ կաղապարով և քանի՛ ստեղծագործության մեջ է կրկնել գրողը․ սա նրա համոզմունքն է, սա նաև նրա ապրելու և մեռնելու բանաձևն է՝ վստահ, որ իրենից հետո չի ավարտվում ոչինչ, և առանց իրեն էլ ամեն ինչ նույնն է լինելու՝ «երբ մենք չկայինք, իսկ աշխարհը կար»՝ հեղինակային սկզբունքով։ Իսկ մինչ այդ՝ «նա մարդ էր, ապրում էր, ուզում էր գոնե քիչ հեշտ ապրեր»։ Կյանքը նրան կռացրել էր հոգսերի, անանձնական ապրումների, երջանկության ու դժբախտությունների խառնարանում․ «Զգաց սենյակի ողջ դատարկությունը, ողջ դատարկությունը իր կյանքի։ Եվ գլուխը ծանրացավ կրծքին, ու լաց եղավ հեռանալուց առաջ․․․»։ Ապա արդեն ասես անգիր արած՝ վերջին պարբերությունը վեպի․ «Սպիտակ քարը, որ բերել էին ոմն Սարգսի համար, մնացել էր անտաշ, եղինջների մեջ, նույն քարը, որի վրա տարիներ առաջ իր ջահել գլուխն էր դրել Ստեփան Եսայանը, տաշեցին և կանգնեցրին նրա շիրմի վրա: Դա նրա միակ ցանկությունը կլիներ, եթե հնարավոր լիներ հարցնել: Գրել էին անունը, ազգանունը, ծննդյան ու մահվան թվականը: Իսկ ի՜նչ էր եղել այդ երկու թվերի միջև: Մի փոքր գիծ էին դրել: Իբր ոչինչ չի եղել…»։
ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ