Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ / ԶԱՀՐԱՏ – ՀԱՐՅՈՒՐ ԿԱՂԱՆԴ՝ ԼՈՒՅՍԻ, ՀԱՑԻ ՈՒ ԲԱՐՈՒԹՅԱՆ ԽՄՈՐՈՎ

«Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ

Գիտնամ միայն որ դուն գիտես թէ կը սպասեմ սիրելիս»

Զահրատ

Տարեմուտի այս օրերին, երբ բարության ու սիրո լույսն է թևածում մեր մանկության հիշողությունների վրա, երբ հույսն ու անհուսությունը մեր միաժամանակյա այցելուներն են թարմ կորուստների ու դժվար ձեռքբերումների հետ ձեռք ձեռքի, ամփոփելով տարին և նորամուտը ողջունելով մանուկ տարվա, մեր հետագա ընթացքի ու մանավանդ այդ ընթացքի հավատն ունենալու փայփայանքով՝ ավելի ու ավելի է կարևորվում վերարժևորումն ունեցածի, և այս կամ այն չափով մեզ վստահված տիրույթներում անհրաժեշտություն է դառնում արժեքի վկայումը՝ այն ավելի ընդարձակ ծիրով կրկին մեզ վերադարձնելու ներքին պահանջով։ 

Տարեմուտը իրականության ու երազանքի, զգայականության ու զգացողությունների, լույսի՛ ու լույսի՛ միատեղման, հավատի նորոգման, հրաշքների ու պատրանքի շրջան է, և ուրիշ ո՞վ, եթե ո՛չ բանաստեղծը, այն էլ՝ ինքն իրեն շատ տեղին «զգայապաշտ» համարող Զահրատը, պիտի ունենար այդ օրվա խորհրդաբանության ու ապրումի խտացումներ – ամբողջական շարքերով՝ «Կաղանդ», «Տօնական», բանաստեղծություներ «Աղուոր բաներ» շարքում, «Տոպրակներ»՝ «Դդումի համը», «Կաղանդի գիշեր»՝ վաղ անտիպների «Մշուշէն անդին» ժողովածուներում, մինչդեռ դրանցից մեր լայն ընթերցողին հայտնի՝ քչերը.- թերևս՝ «Կաղանդի ծառ մը», որ նաև երգի է վերածվել, կամ՝ «Կաղանդ Պապային մօրուքը», որն ամիսներ շարունակ, որպես հաց խմորելու խենթի հնար՝ միանգամայն ուրիշ համատեքստում ինձ բառացիորեն հետապնդում էր Արցախի շրջափակման օրերին…

Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է//ԱԼԻւՐԻ նման..- Ըսէ – Կաղանդ Պապա//Մօրուքէդ ՀԱՑ կը շինուի՞:  («Մեծ քաղաքը», էջ 75 – Ա հատ., Էջ 79, «Կաղանդ պապայի մօրուքը»):

Պոլսահայ բանաստեղծ Զահրատի (ծնունդով՝ Զարեհ Եալտըզճեանի) անունը, որ վաղուց հնչում է մեր ամենամեծերի անունների կողքին, Հայաստանյան ընթերցողին հիմնականում ծանոթ է խորհրդային և նորանկախ տարիների մի քանի հրատարակության ընտրովի բանաստեղծություններից և, այդուհանդերձ, իր բուն ժառանգությամբ համեմատաբար չընթերցված է մնում։ Ինչ խոսք, սա իր արդարացի ու անարդար պատճառն էլ ունի, որը բացառելու համար՝ Պոլսում հրատարակված Զահրատի առնվազն երկհատորյակի վերահրատարակությունը Հայաստանում միանգամայն անհրաժեշտ եմ համարում, և որպես Հայաստանի գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) նրա հարուստ արխիվի գիտական մշակողը` նախանձախնդիր եմ, որ նրա հարյուրերորդ Կաղանդի տարում մեր հրատարակիչները դա, և գուցե ավելին, իրականություն դարձնեն։

Զահրատն աշխարհի բանաստեղծ է` շուրջ քսաներկու լեզվով թարգմանված, միջազգային ամենահեղինակավոր շրջանակներում ներկայացված ու գնահատված հեղինակություն, ու թեև աշխարհին պաշտոնապես ներկայացվել է այլ դրոշի տակ, միշտ հավատարիմ է մնացել իր լեզվին՝ իր «Մեծասքանչ»-ին, որի երախտավորն է՝ բառը զգալու, բառի հետ թեթևորեն աշխատելու իր տաղանդով ու գյուտերով։ Զահրատի գրականության շնորհիվ ժամանակին մտածողության նոր որակներ են դրսևորվել հայալեզու ամենատարբեր գրական միջավայրերում, ինչը մեզանում ևս իր դերն ունեցել է 70-ականներին, և այսօր էլ նա փնտրված է՝ շնորհիվ իր բանաստեղծության մեծ ներուժի, վառ անհատականության, գերիրապաշտ մտածողության, պատկերը զգայականությամբ շնչավորելու իր բացառիկ տաղանդի։ Ու թեև իր վաղ շրջանում որոշ արհամարhանքի ու ձաղկումի թիրախ եղավ որպես նորարար, Զահրատը, միևնույն է, գիտեր, որ իր բանաստեղծությունը կենաց հացի պես է…

«Ես փռապան – ձեր ալիւրէն հաց կ’եփեմ//եթէ հացը չ’ուռիր – խոնաւ – խմոր կը մնայ//ըսել է թէ հուր չունիք//Խուցի մը մէջ բանտարկեր էք դուք ձեզ –//պատուհա՞ն –//պատուհան չունիք//դուռ չունիք//Ես ձեզի//նորաստեղծման դուռն եմ բացեր//լուր չունիք:  («Ծայրը ծայրին», էջ 12 – Բ հատոր, էջ 172 «Հաց կենաց»):

Իր առաջին երևումներից, Զահրատը հացից էլ առաջ, լույս էր խմորում, և փոքր բաներով ուրախացող՝ «լապտեր մը տեսնող ու երջանկացող» քերթողի ներքին լույսը չէր կարող չդյութել, հմայանքի պես չպարուրել ընթերցողին… Իսկ մեկ անգամ Զահրատ ճանաչողի հոգում, ինչպես որ առաջին անգամը ճաշակած՝ այլևս Կաղանդի հրաշքին սպասումով կարոտող երեխայի սրտում, գոյավորվում է մեղմ լույսով ամփոփված թափանցիկ մի տիրույթ, ուր հայտնվում ես միանգամից, երբ էլ որ միտքդ բերես նրա մեն մի տողը … 

Մի լար լոյս մի լար//Երկինքէն ինկողը չի լար //Մի լար թէ աղքատի տուն ինկար//Գլխու վրայ է տեղդ//Մի լար լոյս մի լար//Գետնահարկ չինկող լոյսերը թող լան: («Մեծ Քաղաքը», էջ 14 – Ա հատ., էջ 18):

Զահրատի բանաստեղծության ու մարդկային էության հմայքն անտրոհելի է։ Որպես «երկինքէն ինկած» լույսի շող` նա հենց սկզբից Պոլսո երբեմնի շենշող հայկականության մնացորդաց՝ իր հայ թաղի խեղճացած ու երկչոտ թաղեցիների հոգսերի և ուրախությունների երգիչն էր, նրանց մեջ էր տեսել ու մարմնավորել իր Կիկոյին, և քաղաքի շենքերի մեծանալուն զուգընթաց` ինքն իրապես իբրև բանաստեղծ մեծանալով՝ երբևէ չանտեսեց փոքր մարդուն՝ հաճախ լինելով նրա ներքին հոգեբանը, նուրբ ու անչար հումորով թախծության միջից ժպիտ պարգևելով, ստեղծեց փնտրված գրականություն մարդո՛ւ մասին՝ մարդո՛ւ համար… Համամարդկային եղավ՝ միշտ հավատարիմ մնալով ինքն իրեն…

Այս գիշեր//տանս տանիքը կ’ընդլայնի//կ’ընդարձակի//կը տարածուի կատարներու վրայ ձիւնոտ//ուր հին քամին կը փչէ անկաշկանդ –//բլուրներու վրայ //ուր խոտեր ծաղիկներ//նոր գարուն մը կ’ողջունեն//Տանս տանիքը կ’ընդլայնի//աշխարհով մէկ//ու կը տեսնեմ տանս մէջ//չորս ծագերէն //բարեկամներ անհամար//տարի մը եւս մանկացած//կ’ողջագուրուին կեանքին//եւ իրարու հետ//Տանս տանիքը կ’ընդլայնի//ծովեր անդին//լեռներ անդին//ինքնամատոյց//գունագեղ//ծիածանի մը նման:     («Ծայրը ծայրին», էջ 27 – Բ հատոր 188 էջ, «Տօնական»):

Կաղանդի այս օրերին մեր սեղանների հացը շաղախելով Զահրատի բարության լույսով, քննության առնելով նրա հատկապես այս թեմայով գրված բանաստեղծությունները` նկատենք, որ Զահրատի բանաստեղծության մեջ տոնի փայլը հաճախ արտացոլում է նաև կյանքի իրական ցավն ու հիասթափությունները, թշվառությունները՝ զեխության կողքին… Եվ այդ ամենը ճանաչող խորագետի հանդարտությամբ Զահրատն ամեն բան կեսկատակ հաղթահարելու, ինքնահեգնելու բացառիկ տաղանդով, մեզ հետ խոսում է աշխարհի՝ ամեն բան ուռճացնող, տոնի խորհուրդն անգամ այլափոխող համամարդկային ձանձրույթի-ունայնության մեծ խաղի մասին՝ ասելով. «Ծառէն ժանեակ ծառէն մանեակ ծառէն սոխակ կախեցէք…», միաժամանակ՝ «Ծառէն խաբկանք ծառէն պատրանք ու երազանք կախեցէք…», և անակնկալ՝ 

-Կից մը տուէք – թող փլի // Նոր ծառ մ’առէք – ծառէն ձանձրոյթ ծառէն ձանձրոյթ ծառէն ձանձրոյթ կախեցէք»… «- Այդչափ առատ արդեն ուրիշ ի՞նչ ունիք –»:  («Մեծ Քաղաքը», էջ 77 – Ա հատ., էջ 81, «Կաղանդի ծառ»)։  

Զահրատն ընդհանրապես գյուտերի ու անակնկալի վարպետ է, մեծ հեգնաբան ու երգիծող, այսուհանդերձ՝ մեծ երազանքի ու պատրանքի մոգ, բանաստեղծորեն տոն ստեղծելու ընդունակ դրամատիկ զավեշտաբան՝ իր խաղին սիրահար… 

Պարտէզը թզենի մը ունէի //Ամառէ ամառ թուզ կուտէի//Կաղանդ է – ծառ շտկելու է ըսին –//Կտրեցի թզենին//Սենեակիս անկիւնը զետեղեցի//Գոյնզգոյն ժապաւէն կախեցի ճիւղերէն//Դուռ դրացի եկան – ծառս ցոյց տուի – խնդացին//Ինչո՞ւ կը խնդաք ըսի – չպատասխանեցին –//Հոգ չէ թէ այլեւս թուզ պիտի չուտեմ ամառը –//Ես կաղանդի ծառս շատ սիրեցի:   («Ծայրը ծայրին», էջ 32 – Բ հատոր 193/ «Կաղանդի ծառ մը»):

Մեր վերապրածի ներկան ու անցյալը հազարավոր զուգահեռներով իրար համադրելու բացառիկ հատկությամբ, անկախ գրության իրական շարժառիթից ու ժամանակից՝ ինչպես որ պատշաճում է դասականին, այս բանաստեղծությունը մեր այսօրվա մասին է.

Որպէսզի Կաղանդ տօնենք տեւական//ուր որ գացինք//ուր որ գացինք//մեզի հետ//մեր ծառն ալ տարինք//Թէ մարեցա մոմերէն մին//տեղը չորս մոմ վառեցինք//Թէ խաղալիկ մը կոտրեցաւ//կամ ժապաւէն մը փրթաւ// տեղը միշտ նորը դրինք//Բայց չգիտցանք –// արմատները ե՞րբ չորցան//Ոստերուն մէջ ԱւԻՇԸ ե՞րբ ցամքեցաւ.//Եւ հիմա – ԾԱՌԸ աւելի շքեղ//թէպէտ շողշողուն//սակայն ՄԵՐԸ չէ:  («Ծայրը ծայրին», էջ 30 – Բ հատոր, էջ 191 /«Կաղանդի ծառ»):

 

Արդեն երրորդ տարին՝ արյունող սրտով, իսկ Արցախը թողնելուց հետո՝ կորստի նոր ցավի հետ նաև ամոթի կեղեքումով, մեր տոները տոն չեն, ժողովրդի լեզվով ասած՝ տոնի սի՛րտ չունենք, բայց այսօր որքա՛ն է մեզ անհրաժեշտ ցավի ճեղքումով ցավը հաղթահարել ու Զահրատի պես ասել.

Այդքան պերճանք – այդքան պչրանք – այդքան լոյս//Չեն բաւեր//Ծածկել արիւնը որ շիթ շիթ կը կաթի //Ճիւղերէդ//Այդքան աւիշ – այդքան տերեւ – այդքան ցօղ//Չեն բաւեր//Որ հաւատանք թէ արեւներ պիտի քաղենք //Ճիւղերէդ//Այսքան արիւն – այսքան արցունք – այսքան վիշտ//Չեն բաւեր//Որ մենք դարձեալ սիրտ չկախենք //Ճիւղերէդ:     («Մեծ Քաղաքը», էջ 80 – Ա հատ., էջ84 /«Ծառ»):

 «Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ//Գիտնամ միայն որ դուն գիտես թէ կը սպասեմ սիրելիս»: (Մեծ քաղաքը», էջ 79 – Ա հատ., էջ 83) Զահրատի «Կաղանդչէք» քերթվածի այս տողերը մեր խոսքի բնաբան դարձնելով` նրա հարյուրերորդ Կաղանդի հիշատակությամբ այսօր պիտի ազդարարենք, որ 2024 թվականը մեծ հոբելյանի տարի է, և Զահրատի անշփոթելի բանաստեղծությունն ավելի հաճախ է լինելու մեր դիտակետում՝ մեզ ավելի ու ավելի մտերմացնելով ինքներս մեզ հետ։

Իսկ դրանից առաջ՝ կենսասերի ինքնանորոգ էությամբ հենց Զահրատն է այսպես հորդորում՝ շտկվել, ի՛նչ էլ որ լինի.

Ամրանալ եւ ամրանցնել եղեւինները բոլոր//Որպէսզի//Չըլլայ որ//Անցեալի գորշ կաղանդներէն տարբեր չըլլայ այս տարի//……………..//Չըլլայ որ//Շատը յուսանք չգոհանանք մեզի տրուած քիչերով//……………….//Չըլլայ որ//Նոր հոգերով նոր սուգերով անցնինք յաջորդ Կաղանդին//………………..//Չըլլայ որ//Կաղանդն անցնի առանց արեւ մը տալու:       («Ծայրը ծայրին», էջ 28 – Բ հատոր, էջ 189 /«Առանց արեւ մը տալու»):

«Կաղանդի ծառ եմ//Ճիւղերս լեցուն կանանչով շողով//Ու արմատներս //ձեր մեջ// Եկէք ձեզ գրկեմ թեւերովս պիրկ»,-  ասում է Զահարտը… «Առէք արմատներս տարէք ձեզի հետ// Պահեցէք ձեր մէջ//Անոնք պատրանքը թող պատմեն ձեզի//Դուք անոնց շարժումը սորվեցուցէք…..»: («Ջուրը պատէն վեր», էջ 50 – Բ հատոր, էջ 308/ «Կաղանդի ծառ»)։

Զահրատը խոր արմատներ ունեցող ծառ է, և իր բարի պտուղների բերքը հայ ընթերողին լիությամբ հասցնելու բոլոր նախաձեռնությունները թող որ այս նոր տարվա ընթացքում արդեն հաստատեն, որ մեր աշխարհում նաև «Աղուոր բաներ կը պատահին»… 

«Աղուոր բաներ երբ պատահին

Ջութակ մը հին 

Կը թօթափէ իր խուլ փոշին

Կը նվագէ

Մեր մանկութեան երգերէն մին

………….

Աղուոր բաներ երբ պատահին

Վտակ մը հին

Որուն հունն է ցամքեր չորցեր

Դարերն ի վեր –

Կ’արթննայ իր չոր թմբիրէն

Ու կը հոսի գլգլալէն

…………….

Աղուոր բաներ երբ պատահին

Մենք միատեղ

 

Կը նայինք լոյս հորիզոնին

Ու պատրաստ ենք

Վերապրելու մեր կեանքը հին

……………………………………………….»

(Ջուրը պատէն վեր» էջ 41 – Բ հատ., էջ 299 /«Աղուոր բաներ»):

 

          դեկտեմբեր, 2023թ., Երևան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։