ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ ԵՐԿՈՒ ՆՈՐ ԳՐՔԵՐԸ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

 

 

Կարինե Ռաֆայելյանը ընթերցողի սեղանին է դրել երկու շատ արժեքավոր գրքեր: Առաջինը՝ «Մենիկ» վերնագրով պատմվածքների ժողովածուն, իսկ երկրորդը՝ «Փոխատեղումները», ինձ հիշեցրին հայ միջնադարի այն հարուստ բազմաժանր ժողովածուները, որոնցում ճաշակավոր գրիչները կամ նրանց պատվիրատուները մեկտեղել են կարևոր ասելիք ունեցող նյութեր:

«Մենիկ» պատմվածքների ժողովածուն բացվում է Նորայր Ադալյանի՝ ամեն ինչ ասող «Ազատ մուտք» առաջաբանով, որտեղ նա շեշտում է, որ Ռաֆայելյանը «նվագում է ոչ թե մեկ-երկու, այլ շատ ու տարբեր լարերով նվագարանի վրա, լսում և մեզ լսելի դարձնում յուրաքանչյուր լարի հնչեղ արձագանքը» (էջ 4):

«Մենիկը, հրեշտակն ու Բեթհովենը» պատմվածքում այն ճշմարիտ միտքն է, թե հանճարեղ կոմպոզիտորների սիմֆոնիաներում խտացված ձևով երևում են մարդկային հոգու զգացումների ամենատարբեր շեշտերը՝ անձնականից մինչև քաղաքական, հանգստացնող քնքշանքից մինչև տագնապ: Պատմվածքում Հայաստանի իրականությունը կապվում է Խորհրդային Միության ծերացած առաջին ղեկավար դեմքերի թաղման արարողության ժամանակ հնչող երաժշտության հետ: Շատ իմաստուն ենթատեքստ ունի պատմվածքի հետևյալ հատվածը. «Չեռնենկոյից հետո Մենիկը հասկացավ, որ անիմաստ է սպասել հերթական թագավորի մեռնելուն: Մանավանդ, որ հերթականը ջահել էր, ու գլխին նեռի նշան էր, դժվար թե նրան թաղեին էդ աստվածային երաժշտության տակ» (էջ 14):

«Որ ուղեղս չարտագաղթի» իրապատում հեքիաթի համար Ռաֆայելյանը բնաբան է ընտրել Հովիկ Վարդումյանի «Թռչունը» պատմվածքի մի հուզիչ հատված: Պատմվածքում մարդկային հնագույն կենսաընկալումները և «Skype»-ի հրաշք նորարարությունը նույն ասելիքի շրջանակում են:

Կարինե Ռաֆայելյանը սրամիտ ձևով այսօրվա մեր կյանքում ընտանի որոշ դարձվածքների օգտագործմամբ ներկայացնում է մեր օրերի կյանքի դիպուկ բնութագրերը: “Чай, кофе, потанцуем” լայն տարածում ունեցող և մարդուն թեթևացնող արտահայտությունը սարսափելի ու անտանելի է դառնում 44-օրյա պատերազմի մղձավանջով, հույսի ու հուսախաբության փաստերով: Այդ մասին է «Արուսի տատն ու մադամ Դընյովը» պատմվածքը:

Գրքում զետեղված պատմվածքների մեջ առանձնացնում եմ «Հռիփսիկ ծյոծյան», որը շատ տաղանդավոր ու կյանքի մեծ ճանաչողությամբ գրված գործ է: Այն մի քանի տարի առաջ կարդացել էի «Գրական թերթում» ու խիստ տպավորվել: Պատմվածքի հերոսուհին Հռիփսիկ ծյոծյան է, որը դպրոցի կողքի շուկայում առևտրականների համար սուրճ է եփում ու վաճառում: Կիրթ ուսուցչուհին դառնում է նրա հաճախորդը՝ դրդված խղճահարությունից: «Նաիրիտի»՝ այդ հզոր գործարանի գանձապահը՝ Հռիփսիկ ծյոծյան, Խորհրդային Միության փլուզումից հետո կորցրել է աշխատանքը: Հայաստանը անկախությունից հետո փակեց հզոր արդյունաբերական գործարանները, և մարդիկ ապրելու համար փորձեցին դառնալ գործարարներ: Հոգեբանական ներքին բացահայտումներով Ռաֆայելյանը փաստում է, որ շատերը չհարմարվեցին տնտեսական ու քաղաքական նոր կացութաձևին ու շարունակ հիշում էին հինը: Իսկ կյանքն առաջ էր շարժվում: Հռիփսիկ ծյոծյան այդպես էլ մնում է հնում՝ չնայած իր կարծիքով դարձել էր եռանդուն գործարար: Այս պատմվածքը այլ լեզուներով թարգմանվելու դեպքում բարձր գնահատականի կարժանանա:

«Փոխատեղումներ» ժողովածուն ընդգրկում է Ռաֆայելյանի գրախոսությունները, թարգմանությունները, հարցազրույցները, որոնք տպագրվել և ընթերցվել են տարբեր տարիների բազմաթիվ տեղական, նաև արտասահմանյան պարբերականներում: Այս գրքում ծանոթանում ենք Ռաֆայելյան գրականագետի, լրագրողի, թարգմանչի հետ:

Ռաֆայելյանը հայ դասական Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի նվիրյալ տնօրենն է, ու նրա գիտելիքների և ճաշակի վրա առկա է մեծ դասականի ներգործուն ուժը: Կարինեն հրաշալի դեմիրճյանագետ է, նաև մանկավարժ-դեմիրճյանագետ: Այդ են վկայում թանգարանում նրա կազմակերպած բազմաքանակ դպրոցական միջոցառումները: Նա ոչ միայն յուրացրել է հայ դասական գրականությունը, այլև խիստ ուշադիր է իր գործընկեր ժամանակակից գրողների գրվածքների նկատմամբ:

Խիստ ինքնատիպ են Արմեն Մարտիրոսյանի ու Հրաչյա Թամրազյանի բանաստեղծությունների մեկնաբանությունները:

«Անկախության շրջանի վիպագրություն» ընդհանուր խորագրի տակ կան գրականագիտական վերլուծություններ՝ նվիրված մերօրյա արձակագիրներին: Հատկապես ուշագրավ է Վահագն Գրիգորյանի ստեղծագործությանը նվիրված վերլուծությունը: Իրավացիորեն Ռաֆայելյանը գրում է. «Գրիգորյանը իր հայացքից բաց չի թողնում ոչ միայն իր ազգի և հայրենիքի խութաշատ ներկան, այլև պրպտում-զննում է հեռավոր անցյալն ու կանխագուշակում ապագան» (էջ 128):

Հրաշալի վերլուծական է գրել Վահագն Գրիգորյանի մարգարեական խորիմաստություն ունեցող «Ժամանակի գետը» վեպի մասին: Բոլորս գիտենք, և աշխարհն էլ գիտի, որ Թուրքիան ցեղասպան երկիր է: Սակայն այդ երկիրն աշխարհին ներկայանում է մարդասիրական դիմակով, և միջազգային համաժողովների ու գիտաժողովների ժամանակ թուրք գիտնականները խոսում են իրենց վաղեմի քաղաքակրթության մասին: Այդ նույնը կրկնում են Թուրքիայի առաջին դեմքերը՝ նախագահն ու վարչապետը: Ահա ինչ ենք կարդում Վահագն Գրիգորյանի գրվածքից՝ ըստ Ռաֆայելյանի. «Վահագն Գրիգորյանը մեջբերում է թերթում տպագրված այդ հայտարարություններից մի քանիսը: Մասնավորապես՝ երկրի վարչապետն ասում է. «Պատմությունը թուրքից ավելի պարզերես ազգ չգիտի»: «Անհնար է, որ մեր պապերը հանցագործ եղած լինեն… մեր պատմությունը երբեք մեր գլուխն ամոթով խոնարհելու առիթ չի տվել» (էջ 136): Շատ կարևոր է նաև Ռաֆայելյանի հետևյալ դիտարկումը. «Հայի սերնդափոխության ընթացքը միայն ժամանակագրական փաստ չէ, Վահագն Գրիգորյանը քայլ առ քայլ պատկերում է նաև «Սերունդների բովանդակային փոփոխությունը» (էջ 139):

Կ. Ռաֆայելյանը ռուսերենից կատարել է ուշագրավ թարգմանություններ: Դրանք վերաբերում են համաշխարհային հռչակի տեր դեմքերի՝ Խուան Միրո, Երվանդ Քոչար, Ֆրեդերիկո Գարսիա Լորկա, Կազիմիր Մալևիչ և այլք:

Այդ ճանաչողական արժեքի թարգմանություններում հատկապես տպավորիչ են Ռուբեն Անգալադյանի՝ Երվանդ Քոչարին նվիրված խոհագրությունները, որոնք հիմնավորված ներկայացնում են, թե ինչու Երվանդ Քոչարը հայ հանճարներից մեկն է: Այդ խոհագրությունների մեջ կա մի տխուր փաստ. «Կեղծ մատնությամբ 1941 թվականի հունիսի 23-ին ՆԳԺԿ-ն նրան ձերբակալեց և բանտ նստեցրեց: Քոչարին ազատեցին 1943 թվականի օգոստոսի 23-ին՝ Ներսիսյան դպրոցի ընկերների՝ ճարտարապետ Կարո Հալաբյանի և այն ժամանակվա կառավարության անդամ Անաստաս Միկոյանի օգնությամբ» (էջ 205):

Գրքի մեծ բաժին են կազմում «Հարցազրույցները», որոնք ունեն ճանաչողական բացառիկ արժեք: Հետաքրքիր խորագիր ունի Համո Սահյանի հետ հարցազրույցը՝ «Ձախորդ օրերը կգան ու կերթան, և մի օր կգան երջանիկ օրեր»:

Ահա թե ինչ է ասել Սահյանը 60-ական թվականների նոր բարձրացող գրական սերնդի մասին. «60-ական թվականներին հետևում էի երիտասարդ գրողներին և շատ արագ կարողացա նկատել Հրանտ Մաթևոսյանին, Ռազմիկ Դավոյանին, Մանուկ Մնացականյանին, Ռուբեն Հովսեփյանին, Աղասի Այվազյանին (վերջինս այնքան էլ երիտասարդ չէր)» (էջ 273): Գրողներից հարցազրույցներ են տվել Մկրտիչ Սարգսյանը, Դայանա Տեր-Հովհաննիսյանը, Աղասի Այվազյանը:

Դայանա Տեր-Հովհաննիսյանը խոստովանել է, որ հայ գրողներից առավել հարգում է Վարուժանին, իսկ Նարեկացու ուժից սոսկում և պատկառում է: Իրեն թվացել է, թե չի կարող Նարեկացու տեքստը թարգմանել, բայց, ի վերջո, թարգմանել է (էջ 281): Կարինեն հարցազրույցներ է ունեցել նշանավոր մտավորականների հետ: Դրանցից մեկն է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, որը երկար տարիներ գլխավորում էր Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Էդվարդ Միրզոյանի անունը հատուկ հոդվածով զետեղված է «Աշխարհի կոմպոզիտորներ» անգլերեն գրքում՝ Կոմիտասի ու Արամ Խաչատրյանի կողքին: Էդվարդ Միրզոյանը ամեն ինչից լիցքեր է ստանում. «Օրը բացվեց, տեսա լույսը, արդեն լիցքեր եմ ստանում: Քայլեցի օրվա բացած ճանապարհներով, տեսա բարի ու չար մարդկանց, լիցքեր եմ ստանում» (էջ 301): Հարցազրույցներ կան Հենրիկ Իգիթյանի, Տիգրան Հեքեքյանի, շատ-շատերի հետ:

Կարինե Ռաֆայելյանի երկու գրքերն էլ աչքի են ընկնում ինքնատիպությամբ, գեղագիտական ընկալումներով և ունեն ճանաչողական մեծ արժեք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.