ՆԱՆԵ / ՍՅՈՒՆՅԱՑ ԼԵՌՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ, ԱՌԱՅԺՄ… ՄՏՈՎԻ

 

Դեպի Սյունիք ճանապարհը դժվարանում եմ ասել՝ երկա՞ր տևեց, թե՞ կարճ. խառնիխուռն մտքերի մեջ կորցրել էի ժամանակի զգացողությունը: Մի 4-5 օր առաջ Արցախը դատարկվել էր, թուրք-ազերին նորից իր վայրագության խրախճանքի մեջ էր: Տանը պատեպատ վիճակից փրկվելու ելք էր Արցախին գոնե մոտ լինելու միտքը, ու… ճանապարհին եմ:

Սյունյաց լեռների վեհ, թիկունք թիկունքի տեսքի մեջ այս անգամ ասես կշտամբանք կա՝ դուք լավ պահապաններ չեք անգամ անպարտելի լեռնաստա՛ն Հայրենիին, բայց հիշելով հազարամյակներով իր հողի հետ մեկ հոգի ու մարմին դարձած արցախցու ոգու ամրությունը, աչքս՝ լեռների պես կշտամբանքով, հառում եմ այլ կողմ՝ դեպի մեզ միշտ պատուհաս դարձող իշխանական աթոռները…

Սյունյաց լեռնե՜րը… Ժայռեղեն գագաթները երկնքում մխրճած ու արևի հետ սիրախաղից շիկնած, հալեհալ ու դրանից արևագույն դարձած, մի երանելի կյանքի հրավեր են ասես, վայելքի մի ջերմ գիրկ, մտովի գարնանային ծաղկոտ լեռնափեշերում եմ՝ կակաչների, երիցուկների, խռնդատների (արքայական գայիսոն), վայրի մեխակների, տերեփուկների բույրերից ու գույներից արբած, այս ու այն ժամանակներում ցրված օրերի տեսիլներում, ժամանակներ եմ կտրում, անցնում Սյունյաց լեռներից էլ այն կողմ… Արցախում եմ՝ ծաղկանց յասամանագույն «մշուշով» պարուր ված լեռներն են, Շուշին՝ իր զուսպ հմայքով, Գանձասարի խցերում աղոթքներով օծուն գիշերները, հրաշքը՝ գիշերով վանքի գմբեթին անտես թռչունների երգեցողությամբ, աշնանասկզբին փաթիլների պարը նրանց շուրջ՝ գմբեթի լույսերի մեջ շողշողացող. խորհուրդ, որ մինչ հիմա դեռ դժվարանում եմ հասկանալ…

Այն ժամանակ գրածս նյութը վերջացրեցի ոչ թե՝ անցում Արցախից Հայաստան, այլ՝ անցում Հայաստանից Հայաստան-ով… Հայրենիս մեկ էր ամենուր ու իմը, մերը…

Ո՞ւմ մտքով կանցներ, որ հետո գալու են և Շուշին «դժբախտ ու դժգույն» անվանեն, մեր հազարամյակների տուն ու բույն Արցախը՝ քոչվորի զավթած հողերի անբաժան մասը, Հայրենին՝ ստորագրություններն ու պատերազմներն իրար խառնած, ձեռուոտ ընկած, ոգևորված մաս առ մաս հանձնեն անհագուրդ թշնամուն, առանց ամոթի ու խղճի խայթի մեզ թափառական ու տնազուրկ անեն…

Անցնում ենք Համո Սահյանի ծննդավայրով՝ Լոր գյուղով, հաջորդը Շենաթաղն է, դեպի ուր էլ գնում ենք, և որտեղ համակուրսեցի ընկերուհուս՝ Տաթևի հայրական տունն է:

Տաթևի հայրը՝ քիմիայի վաստակավոր ուսուցիչ Գրիգոր Շահյանը, վստահ եմ, երազկոտ էության թելադրանքով, լեռնամիջյան հարթ տարածքները թողած, հենց ինքն է ընտրել լեռնալանջին ի ձույլ իր տնամերձ բաժինը, ժայռի կուրծքը ճեղքել, մի փոքր տեղ հարթել փոքրիկ տուն կառուցելու համար, իսկ այգին՝ լեռն ի վեր մագլցած օազիս է ասես: Հիմա էլ նրա դուստրը, որ մաքրամաքուր հայ հոր գենի լիուլի ժառանգորդն է, ինքն է՝ ամուսնու՝ Արտակի հետ, ժայռից ի՛ր տարածքը նվաճում՝ սիրով, համառությամբ, գումարի սղության ու վերցրած վարկերի առատության պայմաններում՝ նպատակասլաց, գոյատևության բնազդին գերված:

Այս ու այնտեղ արևագույն ժայռափշուրներ են սփռված:

– Այստեղ պահեստասենյակներն են լինելու,- ցույց է տալիս տան ետևում ժայռի մեջ հսկա փորվածքը,- վերևում՝ երկրորդ հարկում, հյուրատունն է կառուցվելու: Չրեղենի, մրգա-բանջարեղենային փոշիների արտադրությունն առաջին հարկում է, և շենաթաղցի կանայք մրգերն են մաքրում, կտրատում, տեղավորում չորացնող սարքերի մեջ: Ընդմիջումներին անհնար է խուսափել յուրաքանչյուրի հոգին տակնուվրա անող իրականությունից, կցկտուր նախադասություններ են, որոնց ետևում ահռելի ցավ կա. «Գյուղում արցախցիների են տեղավորելու, գյուղացիների մեծ մասը հոժարակամ տրամադրում է իր ազատ տունը», «Որոշ արցախցիներ Սյունիքում չեն ուզում մնալ, վախենում են…»:

Էհ, լուրեր, լուրեր, ճիշտ ու սխալ խառնվել իրար ու տնից տուն են գլորվում, սրտից սիրտ ու տագնապով լցնում մարդկանց հոգիները: Անվախ, տոկուն արցախցին ե՞րբ է վախեցել: Բայց արի ու տես… Իսկ ի՞նչ անեն. «Երբ թագավորը մանուկ է և իշխանները…»։ Երանի չէ՞ր մանուկ լիներ, այլ ոչ թե Հայկաշեն, հազարամյակների ճանապարհ անցած ազգ ու երկրի պատմությունը «դզած-փչած» անվաներ ու…

Տաթևի հարևանուհին էլ մոռացել է ապուպապերի իրեն փոխանցած ոգու ուժը, վախով է քնում ու արթնանում: Բայց, փառք Աստծո, հատուկենտներն են տագնապների գերությանը տրված:

Եկել ու շենաթաղցիներից, լեռնալանջի տիրուհի ընկերուհուցս ուժ եմ առնում. հուսահատության մշուշները՝ ասես արևից պարտված, միջիցս փերթ առ փերթ ցրվում են:

Ամեն դեպքում, այս խառնաշփոթում, երբ սարերից այն կողմ թշնամին զորք է կուտակում, խենթություն է այսքան մեծ երազին մարմին տալու անցուդարձը, բայց Տաթևն ասես կարդում է մտքերս

– Ես աշխատանք եմ տվել այսքան մարդու, և հետո, եթե կանգնեցնեմ գործն այս պահին՝ գյուղացիները կվախենան, կմտածեն, որ լուրջ վտանգ կա:

Եվ աշխատանքը եռում է: Ու ես հայացքս նորից հառում եմ լեռներից այն կողմ. Հայի այս տեսակը քանի կա, դու երկար չես մնա մեզնից կարոտ, Արցա՜խս:

Հայի այս տեսա՜կը… «գլուխը բարձին դնելուց առաջ» ազգի մասին մտածող, իր ազգակցին «ինչպես իր անձը սիրող», Հայրենի հողի սրտի զարկերն իրենի հետ համատեղած Հայի տեսակը:

– Գնանք, քեզ ուզում եմ ցույց տալ իմ մանկության այն ժայռը, որին ժամերով նստում ու վերանում էի աշխարհից:

Մագլցում ենք փոքրիկ արահետներով, որոնք անտառ հիշեցնող այգին ասես հարկեհարկ վեր են հանում բարձունքով: Հսկա ընկուզենիները, տանձենիներն ու խնձորենիները տարածել են իրենց բերքառատ ճյուղերը. այս ծառից մի տանձ, այն մեկից խնձոր համտեսելով առաջանում ենք: Վերևում արդեն սկսում եմ չորացած խոտերից, թփերից կառչել՝ ցած չգլորվելու համար: Նստում եմ «մանկության քարին», որ մի մեղրագույն ժայռաբեկոր է, ու հայացքս սահեցնում շուրջբոլորս: Սյունիքի լեռնաշխարհը հեռու-մոտիկ պատկերներով, թույլ ու ցայտուն գծերով, գույների խայտանքով հմայում է, մոլորեցնում, հետո տանում-տանո՜ւմ լեռներից այն կողմ… Արցա՜խ…

Մենք ինչպե՞ս ենք հանդուրժում, թույլ տալիս, որ մեր նախնյաց ու մե՛ր ոտնահետքերին վայրագների ոտնահետքերը խառնվեն:

Մե՜նք… այսքան փոքր մի բառ, բայց ինչ ասես, ով ասես չկա իր մեջ՝ Նժդեհներ կան, Անդրանիկներ, Սարդարապատի, Արցախյան հերոսամարտի, քառօրյայի, 44-օրյայի և այս ու այն գոյամարտերի քաջորդիներ ու… հայի տականք հայեր կան (հայե՞ր արդյոք), որ թշնամուց էլ առավել գետնում են մեզ, կան ամերիկաներում, եվրոպաներում փափկակենցաղ օրերի անուշության մեջ մեզ համար կորսված հայեր, մեր թիկունքից, մեր բանակից, մեր թվաքանակից պոկված, մեր ուժը թուլացրած ու թշնամունը ավելացրած հայեր… Մեեե՜նք… քանի՞ գույն ունի այս բառը, քանի՞ դեմք…

Բայց չկա ազգ, որ լավն ու վատը չունի իր մեջ, միայն թե, նրանք վատին պատժել գիտեն, խաղից դուրս դնել գիտեն, առաջնորդի լավ ու վատ տարբերել գիտեն, լավին ճանապարհ տալ գիտեն:

Մեր պատուհասներն սկսվեցին այն ժամանակ, երբ շատ, անչափ հեշտությամբ սկսեցինք կուլ տալ դրսից՝ գլոբալիստական կառույցների ուղեղարդուկման ինստիտուտների կողմից մշակված ու մեզ հրամցված խայծերը. աշխարհի քաղաքացի դառնալը ոմանց ականջներին քաղցրալուր մեղեդու պես հնչեց (գուցե իրենց գրպաններ հոսող դրամների՞ ձայնով) և շտապեցին ուրանալ իրենց արյան մեջ տրոփող նախնյաց հրահանգը՝ հայ մնալ մինչև ուղնուծուծը: Տարբեր շաբլոններով փորձեցին փոխել մեր գիտակցությունը, մինչ այդ փայփայվածը, մեզ ուղղորդել ու տանել իրենց կամեցած ուղղությամբ, ազգայինի տեղ օտարը ներմուծել: Երբ ոմանք, տուրք տալով այդ նոր մտքերին, սկսեցին մեր իրականության ամենակարևոր իմաստները հեգնել ու ջնջել, դուրս մղել կյանքից, դասագրքերից անգամ՝ հայրենիք, պատմություն, մտավորական… Երբ ազգասիրությունը «նացիոնալիզմ» անվանվեց, մտավորականի տեղ հեգեմոն դարձան «հանրային մարդիկ»՝ երգիչներ, հաղորդավարներ, դերասաններ, որոնք, ամեն դեպքում, մտքի մարդիկ չեն, շատ են հեռու այդ մեծ պատասխանատվությունը կրելու կարողությունից և հարգելի ու ընդունելի են միայն իրե՛նց տարածքում: Եվ սկսվեց ազգի անգլուխ երթը…

Մեր պատուհասներն սկսվեցին այն ժամանակ, երբ դադարեցինք ապրել մեկ ազգ-մեկ ընտանիք գաղափարով, երբ մեր ներսում՝ մեր հզորացման, մեր բանակի, երկրի բարգավաճման հաշվին, դարձյալ դրսի թելադրանքով՝ «Երկրի հարուստները պետք է շաաա՜տ հարուստ լինեն, որ ժողովուրդը լավ ապրի», ձևավորվեց և ճոխացավ անհագ ախորժակ բացած, ամեն սահման մոռացած և «էլիտա» բառի իրական իմաստը նենգափոխած հարուստների, իշխանականների այն խավը, որն արդեն ամենաթողության մի դաշտ է դարձել, որոնք արդեն ողջ ժողովրդին են իրենց անսահման հեռուներից «աղքատներ» ու «բոմժեր» պիտակավորել, այդպես պառակտելով ազգն ու ջարդելով մեր ողնաշարը:

Պատուհասներն սկսվեցին այն օրերից, երբ սևից ազատվել փորձելու փոխարեն՝ վագր, առյուծ ու վիթ, հոտ սարքած ու քաղաք բերած միամիտ Դավթի պես սև ու սպիտակ խառնեցինք իրար, ու մեր իրականությունն էլ սև ու խավար դարձավ, երբ հանցագործները, մատնիչները, մեր լավագույններին մահվան ուղղորդածները, մեր՝ տարիների գնով, որքան հայորդիների արյան գնով ձեռք բերված հաղթանակը դիվանագիտական անցուդարձերում գրոշի արժեքով մսխածները անպատիժ մնացին՝ տեղ բացելով արդեն Հայրենին գրչի մի հարվածով թշնամուն հանձնողների համար:

Պատուհասներն սկսվեցին օրերից այն մեկում… Էհ, ո՞րը թվեմ…

Ու քանի մենք մեր անիրավներին պատժելու փոխարեն դեռ թռիչքի ենք հանում մեր ճակատագրի երկինքներում, քանի դեռ առաջ գնալու փոխարեն գնդակի պես ետուառաջ ենք գլորվում՝ վատից, իբրև թե ավելի քիչ վատին նորից վերադառնալով, քանի դեռ հանցագործների ետևից ենք գնում՝ ինքներս էլ հանցակից դառնալով, նրանց սև արյունը սերունդներով էլ կվերադառնա ու կպատուհասի դարձյալ, ու Բարձրյալը մեր կողքին չի կանգնի:

Մե՛նք… Քանի դեռ այս կարճ բառի մեջ այսքան հակասություն կա, մենք միաքայլ չենք կարող առաջ ընթանալ:

Մտքերս շեղում է այգու ամենավերում՝ հասուն պտուղների վարդագույնով ասես հրավեր դարձած, մենավոր սալորենին, որ այնպես է սազում այս ժայռեղեն շքեղությանը: Ամենավերում եմ…

Տանը դեռ երկար վայելում եմ լեռնաշխարհի բարիքները՝ թարմ, տնական ռեժան, կարագ, պանիր, մրգա-բանջարեղենա-հատապտղային չիպսերի՝ չորա-թիթեղիկների անուշաբույր տեսականին, բայց ամենակարևորը, որ ինձ հետ մնալու է անվերջ՝ Հայոց Լեռների Ոգին է…

Ես այնտեղ գնացի հուսահատության խավարից շնչահեղձ, իսկ վերադարձա ամրացած, ժայռեղեն լեռնաստանի ուժը ներծծած իմ մեջ ու վստահ, որ այս փորձությունն էլ կանցնի, անպայման կանցնի: Միայն թե՝ տարված անմիտ թե խելացի խոսքերի անվերջանալի հոսքով, աչքաթող չանենք գործը, փնտրենք մեր ազգի իմաստուններին ու նրանց սիրո, նվիրումի ու խորագիտության մեջ գտնենք մեր առաջնորդներին, միայն թե չկորցնենք մեր հոգու պարտքը, երազները՝ դեպի աչքները ջուր կտրած մեր ճամփան պահող Արևմտյան Հայոց հողեր, Նախիջևան, այժմ նաև՝ Արցախ վերադարձի: Իսկ երազն ու ձգտումը մեծ պետք է լինեն՝ իրականություն դառնալու համար: Անչափ մեծ…

Գնանք մեր երազի ետևից աննահանջ, համառորեն, դեն նետած տագնապներն ամեն, քրիստոնյային վայել վարքով Բարձրյալի հովանին զգեցած, հսկա Հայոց լեռնաշխարհի տիրոջ վեհությամբ ու վստահությամբ և… անպայման տեղ կհասնենք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։