Այդ երբվանից, ինչո՞ւ և ինչպե՞ս սկսեց գլորվել մարդկության պատմության անիվը, մինչև ո՞ւր հասավ այն, և ո՞վ էր մարդն՝ իր իսկ պատմության ընթացքում։
Ավելի համառոտ՝ մարդը եդեմական այգուց մինչև նորօրյա մեր ժամանակներ։ Եվ այն էլ՝ այնքան շռնդալից ու գունագեղ, աստվածային արարմամբ իրեն կյանք հաղորդող և իրենով կյանք առնող գույների խաղերի մեջ։ Եվ այդ, գունագեղ խաղերի մեջ վեհացող մարդ արարածին ադամաստեղծ օրերի միջից հանել, նրան՝ իր սեփական բնույթի ու պատմության մեջ գեղանկարելով, մեր առջև է բերել աստվածատուր շնորհներով օժտված գեղանկարիչ Մայիս Մխիթարյանը։
Մարդը՝ իբրև Տիեզերքի բացառիկ մասնիկ, այստեղ մեզ է ներկայացել իրար ագուցվող տարբեր ժամանակների ֆոնին, արվեստի, մասնավորապես` գեղանկարչության հնարների վարպետ օգտագործումով, պահպանելով նրան ներկայացնելու արժանի ժամանակային մի ընդհանուր ֆոն, որը մեզ հայտնի է Վերածննդյան ժամանակաշրջան անվանումով։
Այլ խոսքով, այստեղ մարդն է՝ ժամանակային տարբեր հարթությունների ու չափումների մեջ, որոնք են՝ աշխարհարարում, աստվածաշնչյան դրախտ, վեհագործում Վերածնությամբ (որի խնդիրը մարդուն վեր բարձրացնելը, տեսանելի դարձնելն էր), ու նորագույն ժամանակներ, մինչև մեր օրեր… Սրանք ժամանակային այս բոլոր չափումները դիտողի համար խորհելու դաշտ են ստեղծում` յուրաքանչյուրն իրեն հատուկ խորհուրդների մեջ, որոնք կարող են արտահայտվել անգամ պատկերված հագուստի մի ծալքով, ոլորագեղ բույսի պատկեր մազափնջով, գույներն իրար խառնող քամու աներևույթ ներկայությամբ, և հոգեշարժ այլ հնարներով։ Մայիսի կտավներում բացակայում են աշխարհարարման վեց ու հանգստյան յոթերորդ օրերի մասին պատմությունները, բայց հենց այդ օրերի մեջ Աստծո արարած բուսական ու կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են այստեղ, որ ծառայում են մարդուն, ինչպես պատվիրել էր Աստված։
Գալարագեղ բույսերն ու վառման ծաղիկները զարդարում են մարդու մտավոր ունակություններն ամփոփող գլուխը կամ գլխանոցը, իրենց տեսակների խորհուրդները ներկայացնող կենդանիները՝ երկնքի, ջրերի ու ցամաքի բնակիչները, անգամ՝ հեզագեղ կերպարների մեջ մտած գիշատիչները, մարդու հույզերն են ներկայացնում, ուղեկցում կամ առաջնորդում նրան՝ յուրահատուկ ծառայություն մատուցելով մարդ արարածին, որն այդ ամենի մեջ արարչագործության գլուխգործոցն է։
Ինչ եղել-եղել է՝ Կենաց ծառին փաթաթված օձն առաջարկել է ուտել խնձորը, կինն ու տղամարդը համտեսել են այն։ Մայիսի նկարներում բացակայում է Կենաց ծառի պատկերը, բացակայում է աստվածաշնչյան այդ պատմությունը, բայց ամեն բան պտտվում է հենց նրա շուրջը։ Նկարչի հմուտ վրձնահարվածներով, Կենաց ծառից այստեղ հանվել է մեղքի առարկան՝ խնձորը, ու տարբեր իրադրություններով ներկայացվել՝ ասելու համար, որ խնձորը անվնաս համտեսել կարող են միայն շատ մաքուրները։ Սխալված չենք լինի, եթե Ավետման շարք անվանենք նկարչի այն աշխատանքները, որտեղ գործողության գլխավոր իմաստը խնձորի մեջ է։
Աշխարհի Փրկչի, Աստվածորդի Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետումը Գաբրիել հրեշտակապետի կողմից, համաշխարհային կերպարվեստի մեջ, հիմնականում, պատկերվել է նույն մտայնությամբ, այնպես, երբ հրեշտակը Ընտրյալ Կույսին է ներկայացել, ձեռքին բռնած ունենալով մաքրության ու անմեղության խորհրդանիշ շուշանատեսք ծաղիկը։ Բայց, նույն այդ թեմայով, ավետման նորովի ու յուրովի բացատրության մի հրաշալի օրինակ է տվել Մայիս Մխիթարյանը։ Ժամանակների չափումների վրայով թռիչքաձև անցումներ կատարող նրա միտքը հրաշքի նման ուղղորդել է սրտին, ու վերջինս էլ՝ վրձնին, ու հրեշտակները ծաղկի փոխարեն խնձորով են հայտնվել իրենց ավետմանն սպասող աղջիկներին։ Ոչինչ, որ նրանք Աստվածամայրեր չեն, բայց նրանք պտուղների սպասողներ, երազողներ, քայլելու, իրենց կյանքն ապրելու պատրաստ առաջ գնացող կանայք ու աղջիկներ են։
Ահա կնոջը փորձող հայացքով նայող հրեշտակը և նրա ձեռքով իրեն մեկնված խնձորին ափսոսանքով նայող կինը։ Իսկ խնձորը, մինչ այս կնոջը հասնելը, արդեն կիսված է ու դրված մարդկային անցած ճանապարհի խորհուրդն ունեցող կոշիկների մեջ, հենց հրեշտակի գլխին (Ավետում, 1999 թ.)։ Պատկերը շատ խոսուն ու հուզիչ է։ Մի՞թե, իսկապես, ամեն ինչ ավարտված է, դրախտի խնձորը կիսված է, ու ետդարձի ճանապարհ չկա։ Գուցե հրեշտակը հույս ունի, որ, թեպետ կիսված խնձորը փաստ է, բայց կա ետդարձ, կա անմեղություն, կա մաքրություն, ու նրա փորձող հայացքին հետևելով՝ մենք աշխարհի մեջ փնտրում ենք վերջինիս այդ սպասումները։
Ահա ավետման մի ուրիշ պատկեր, ուր Սուրբ Հոգու հովանու տակ եղած կինը վստահորեն դեպի խնձորն է մեկնել իր ձեռքը, և հրեշտակն էլ, ինչպես ասում են՝ «դեռ ամպոտ են ոտքերը» (Ավետում, 2011 թ.)։ Բայց նույն այս նկարի գործող անձանց տեղերի փոփոխություն ունեցող մի ուրիշ պատկերում հրեշտակը մութով է պարուրված, նա ինքն արդեն իր ոլորտի մեջ շատ ճանապարհ է անցել, գլխաբաց չէ, ինչպես առաջին նկարում, այլ մտքերը, հույզերը, զգացումներն են գլխարկի փոխարեն իջել վրան, և նրա ու կնոջ ձեռքերի միջև օդում կախված է մնացել խնձորը (Ավետում, 2017 թ.)։
Եվ այսպես, հրեշտակներին անգամ զարմացնող մարդն է Մայիս Մխիթարյանի կտավներում։ Խնձորը ավետման նկարներում, խնձորը ներաշխարհային ապրումներում, խնձորը պոեզիա կերտող մուսայի ձեռքում, խնձորը կանացի նազելի հպարտության ենթատեքստում (Կարմիր խնձոր, 2017 թ.)… Նույն խնձորի թեմայի արծարծումով մաքրության մի ուրիշ աստիճանի, երկնքի ու երկրի, արդարի ու անարդարի, և էլի շատ ու շատ հարցերի խորություններն են տանում «Կոմիտաս, 2015 թ.» և «Կոմիտաս, 2021 թ.» կտավները։
Այնքան շատ է նկարչի ասելիքը, շատ են հարցերը, շատ ու բազմազան են պատասխանները…
Մայիս Մխիթարյանն ավետման կամ խնձորախորհուրդ իր խոհերն է կտավին հանձնում, և դիտողների առջև բացվում է մի աշխարհ այն մասին, թե մարդու վզին փաթաթված կամ աշխարհ ընկած մեղքը ինչպես է շփոթեցրել ոչ միայն մարդուն, այլև՝ հրեշտակներին։ Բայց, իբրև հավատավոր քրիստոնյա, նկարիչն այդ ամենն ամփոփում է քրիստոնեական հավատքին հատուկ դիրքորոշումով, որի փայլուն օրինակը մեզ է մատուցվում «Հիսուսի երկրորդ գալուստը» (2012 թ.) կտավով։
Ինչպես ժամանակային չափումների իր ընկալումներն են, ըստ որի, ներկա օրերի մեջ գտնվող մարդն անբաժան է աշխարհստեղծման պահի մեջ իրեն տրված առանձնաշնորհումներից, նաև՝ մեղքով որոշակիացված զգացումներից, այսինքն՝ մարդը իր մեջ կրում է արարման առաջնային կոդը, ճիշտ այդպես էլ, մինչ ալբոմը մեզ հետ կզրուցի իր պատկերապատումներով, նրա առաջին իսկ էջում, նույն այդ կտավապատկերով, մարդկային գոյության համար Աստծո տված կոդն է ներկայացված։
Ի՞նչ արեց մարդը, ի՞նչ վերաբերմունք ունեցավ մեղքի նկատմամբ, ի՞նչ կշռաչափով կշռեց իր մեղքը, ինչպե՞ս աշխատեցին նրա հետ հրեշտակներն այդ ուղղությամբ… ահա պոկվել, քանդվել, գետնին են հավասարվել թե՛ համտեսված խնձորները, թե՛ համտեսման չափը կշռող՝ կշռաչափի ամանները։
Բայց դա ամենը չէ։ Հիսուսի առջևից կրկին գալու է մաքրության խորհուրդ շուշանածաղկով հրեշտակը և ավետիս է տալու անմեղության ծաղկին արժանի մարդկանց այն մասին, որ Տերը գալիս է։ Այս բովանդակությունը ներկայացնող գործողությունը դեռևս երկնային տարածքներում է, երկիր չի իջել, այլ կատարվածն ու կատարվելիքն ամփոփող իր անշարժ-շարժման մեջ է, լուսային գուներանգի մեջ։
Պատկերը գործողության վերածելու մի հուսառատ ներշնչանք կա այստեղ՝ աղավնակերպ Սուրբ Հոգու ներկայությունը, որն, ինչպես սովորաբար, վերում է երևում, բայց այստեղ նկարի ներքնամասում է։ Այն այստեղ ժամանակային խաբկանքը վերծանող խորհուրդն ունի։ Երկրայիններիս աչքին հազիվ նշմարվող Սուրբ Հոգին դեռևս բաժանարար գիծ է, որ զատում է ներքևում գտնվողներիս՝ արևային վերում գտնվողներից, որ սույն նկարի մեջ երեքն են՝ Հիսուս Քրիստոսը, երկրային իմաստությունների խորհուրդն ունեցող, կանաչ հագնված հրեշտակն ու երկնային մաքրությունների կապույտ գույներ հագած մյուս հրեշտակը։ Ահա և նկարիչն ինքն է այս կտավով ավետում, որ կա նման բան՝ Երկրորդ գալուստ, հորդորում միավորվել մաքրության հետ, հիշեցնում է արարչական կոդը վերածնելու մասին։
Եվ այսպես՝ Մայիսյան վերածնունդ… Ահա, թե ինչի ենք ականատես դառնում «Մայիս Մխիթարյան» նորահրատ ալբոմը ըմբոշխնելիս։
Ու այդ ամենը այնպես է կլանում, քաշում իր ծալքերի մեջ, մղում քեզ փնտրելու կյանքի վառվռուն բանալիները, որովհետև նկարչի պատկերներն իրենք էլ շատ հմայիչ են իրենց վառվռունությամբ…
Թերթում ես մարդ անհատին իր վառվռուն, կյանքային ճշմարտությունների մեջ ներկայացնող պատկերագրքի թերթերն ու կարծես լսում ես պատկերներից դեպի քեզ եկող նկարչի ձայնը, որ կանչում է՝ «…վերածնվիր, սև գծերի պոչը բաց թող, դուրս արի, մա՛րդ՝ թմբիրներից, զոմբիների բազմությունից ու խուռներամ, հազար տեսակ արհեստական գրգիռներից… դուրս արի, տես՝ սա ես, որ կաս, վերածնվիր, վերածնվիր Տիեզերքի արարչաստեղծ գույների ու պատմության մեջ…»:
Լսում ես ու հավատում նկարչին, որ, իսկապես, Արարիչը մարդուն շքեղագույն գույների մեջ է արարել, գույն հագցրել, ապա հետո է պարտեզում տեղավորել։
«Որտե՞ղ էր սևը, երբ մարդն էր արարվում, մոռացե՞լ եք կարմիրը դուք»,- հարցնում է Մայիսն իր նկարները դիտողներին, ու մենք դառնում ենք Գրիգոր Նարեկացուն, ով առանց վրձնի, առանց գույները ուսուցանողի, բայց հիշեցնում էր՝ «պատմուճաններն գեղեցկատես, որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի գույներով էր ոսկեշողում…» (Գրիգոր Նարեկացի, «Տաղ ծննդյան»)։
Ու հնչում է մերօրյա արվեստագետի ձայնը, ու գարունը ձև ու գույն է ստանում, յուրօրինակ պատմություններ են ներկայացնում «Գարնան ավետիսը», «Ծաղիկների մեղեդին», «Սիրո թռիչքը»…
Մայիս Մխիթարյանի կտավները դիտելուց հետո, եթե վերհիշենք Վերածննդի արվեստը բնութագրող չափորոշիչը, ըստ որի՝ մարդը չափանիշն է բոլոր իրերի, կամ, եթե ընդունենք, որ, իսկապես, Վերածննդի արվեստի գլխավոր հեոսը մարդն է, և Վերածննդի գաղափարական հիմքը մարդասիրությունն է, ապա միանգամից կասենք, որ Մայիս Մխիթարյանի հերոսը ևս մարդն է՝ արարչագործված մարդը… Ահա և նոր վերածնունդ՝ հայ գեղանկարչության մեջ, որի մասին խիստ մասնագիտական նկատառումներ չունեմ, բայց թեմատիկայի շարքում այն չափազանց նկատելի է, որն էլ հենց մարդն է և մարդասիրությունը։
Առաջին հայացքից կերպարները անշարժ են թվում, ասես բեմականացված ներկայացումից պոկված ակնթարթների մեջ, սակայն զգացումները հոսում են այստեղ։ Զգայական երևույթների հոսունության ու շարժի համար նկարիչը մարդու հետ զուգահեռ, նրա ձեռքին, գլխին, հագուստի ծալքերի մեջ օգտագործում է բուսական ու կենդանական աշխարհի ներկայացուցիչներին հատուկ խորհուրդները։ Մեր առջև արարչաստեղծ մարդկային պատմություն է՝ փիլիսոփայական խորքերով, արվեստ է՝ աստվածային շնորհներով, հոգեվերլուծական ոլորտ է՝ պատկերագրական բացատրություններով, գեղեցիկ արվեստ է՝ հոգեզմայլ ճոխություններով, չափագրական միտումներն այստեղ անչափելի տարածքների մեջ են խորանում…
Հրեշտակների հանգստության, խաղաղության, լռության ֆոնի վրա անգամ այստեղ Համբարձում է ու Վարդավառ։ Դե, եթե Վարդավառ է, ուրեմն, ճիշտ այնպիսի մթնոլորտ է, որը հռչակվում է մեր Տիեզերական Սրբի խոսքերով՝
Գոհար վարդն էր շղարշ առել
Արփիական վեհ վարսերից.
Ծավալվում էր հուսկ վերևում,
վարսերից վեր,
Ծաղկածիծաղ ծովն երկնային։
Եվ այդ ծովից համատարած
Պղպջում էր գույնն այն ծաղկի
երկնափողփող.
Իսկ ճյուղերին հուրհրատում էին հասած
Պտուղները քրքումնաթույր։
Հուրհրատում էին նրանք սիրասնունդ
Հովանու տակ խուռն ու առատ տերևների.
Որ սոսավում էին ինչպես հրաշալի
Դավթի տավիղն աստվածատուր…
(Գրիգոր Նարեկացի,
«Տաղ վարդավառի»)
Ահա բարեհրավեր մի դուռ՝ բացված մեր առջև, որ Մայիս Մխիթարյանի պատկերապատումների շարքն է ներկայացնում։ Առավել, քան խոսուն է նկարչի ինքնանկարը՝ ալբոմի շապիկին։ Ահա նա՝ կանգնած հավատավոր երկրի մութի մեջ, ում երկնային կապույտի հետ կապողը այնտեղից ցած իջնող կարմրասավան ծածկոցն է, իսկ կապույտը դեռ պահում է կողքից բոցկլտացող կրակածաղկով Եվային։ Դեռ լավ է, որ երկրային մարդը չի կորցրել կրակածաղկի մասին հիշողությունը, որը նա իր մտքի սահմաններում պահում է շքեղորեն բացված վարդի տեսքով։
Դե ինչ, թող լինի վարդ, թող սերը վարդով միաբանվի ու նարեկյան «հարսնահանդեսը գումարվի», որտեղ հրաշալի է «բարեհարդար տերև լինել»՝ «դալարագեղ թփի» համար.
Եկեք մենք էլ զվարճանանք,
Վառվռելով ու խայտալով՝
Բարեհարդար տերև լինենք
Դալարագեղ թփի համար։
(Գրիգոր Նարեկացի, «Ծննդյան»)
Ահա նարեկյան այս ֆոնի վրա է, որ Մայիս Մխիթարյանի «Ինքնանկար, 2017 թ.» կտավը, նկարչի ձայնով, բայց իմ մտքերով այսպես է չափագրվում.
Եկեք մենք էլ կյանքը ապրենք
Աստծո առաջ խոնարհվելով,
Բարեզարդենք օրերը մեր՝
Կինը ծաղիկ դարձնելով։