Իմ՝ ետանկախացման շրջանի սովետիկուս տեսակի անկախությունը բացառիկ է: Միամիտ, լվացած ուղեղով այն անտեղյակ սովետիկուսի, որ մինչև 20-րդ դարի վերջին տասնամյակը չի իմացել, թե ինչ է անկախությունը, թեև իմաստուն ազգի բնազդական թելադրանքով հասկանում էր, որ դա արարելու, իր ստեղծածը առանց ամենօրյա վախերի, տագնապների, հալածանքների, սպառնալիքների, հարձակումների վայելելու երջանկությունն է, և որը դժվար, հաճախ անհնար է լինելու: Իսկ հույսը այսօր էլ թելադրում է, որ լինելու է: Քանի որ «…մենք անհատնում// էն անլույս մթնում, Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր //Հայոց լեռներում, դժար լեռներում»:
Մինչև 20 թվականի պատերազմը՝ անկախության թևերի վրա էլ, երանի չէի տալիս ինձ: Պատերազմի ավարտից հետո երանի էի տալիս բոլոր իմ այն սիրելիներին, որ չհասան այդ օրերին: Եթե երկնքում ավելի շատ բան են տեսնում, հասկանում, քան մենք ու գուցե ավելի անկախ են, երևի կարողանում են ավելի անվրդով նայել աշխարհի բաներին:
«Իմ անկախություն» ասելով՝ երբեք չեմ կարող դա ըմբռնել որպես մի անձի անկախություն, քանի որ՝ «Զուր եմ փախչում, ինձ խաբում,//Հազար կապ է ինձ կապում.// Ամենքի հետ ապրում եմ,// Ամենքի չափ տառապում»:
Այնպես որ, «իմ անկախություն» ասելով, հասկանում եմ Հայրենիքիս, ժողովրդիս, մերձավորիս անկախությունը: Ու իմ անկախությունն էլ չափվում է դրանով: Բայց անկախություն ասածդ մոլագարի, ցինիկի, հոգեկան այլ ծանր շեղումներ ունեցողի ձեռքը չընկնի: Սա նրա խելքի բանը չէ:
Սովետիկուսը, որ ճակատագրով հայտնվել է ու ապրում է 21-րդ դարում, մի առավելոություն ունի՝ իր մաշկի վրա է զգացել համընդհանուր վախերը, սարսափները, կեղծիքը, սուտը, մատնությունները: Այն սովետիկուսը, որ կարողացել է քիչ կամ շատ զերծ պահել իրեն այս ամենից, հնարավորինս կառչել է ԱՍՏԾՈ տասը պատվիրաններից, կարողացել է փրկել իր հոգու ամենաէական մասը, ավելի լավ է հասկանում անկախության արժեքը, եթե նույնիսկ զուրկ է դրանից:
Եվ մտորում եմ, թե ինչո՞ւ է ԱՍՏՎԱԾ այնուամենայնիվ բոլորին, բո-լո-րին ազատ կամք պարգևել: Նաև նրանց, ում աչքը ծակում է հարևանի անկախությունը, նրա ուրախությունը, խաղաղ ապրուստը և այն ամենը, ինչ գեղեցիկ է, բարի է, ինչը լույս է խոստանում աշխարհին: